top of page
  • Writer's pictureBook Fest

Անուշ Քոչարյան


Բանաստեղծ, լրագրող։ 2018 թվականին արժանացել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնի երրորդ մրցանակին։

Հայաստանում և Հայաստանից դուրս ներկայացնում է անհատ արտիստների եւ արվեստագետների, նրանցից մի քանիսի հայաստանյան ներկայացուցիչ-գործակալն է։ «ԱՐԻ» գրական գործակալության գրողներից է:

«Եվրոդրամ» («Eurodram») թարգմանված դրամաների 2014 թվականի հաղթողն է (Ֆրանսիա), Նյուրնբերգի պետական թատրոնի գրական մրցույթի 2015 թվականի երկրորդ տեղն զբաղեցրած դրամատուրգը։

Ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, լեհերեն:



***


մեջս վթար է․ զոհեր կան մեջս

գազօջախին դրված թավա,

մի տղա՝ մուգ, մուգ սեւ աչքերով,

ուսերը՝ նեղ։

լողավազանի պռնկին պարող մի կին՝

կարմիր շապիկով։

սիրում եմ քեզ, մամա,

սիրում եմ քեզ, մամա։

հալվող իրիկուն է․ ամպերը դասավորվում են այնպես կամաց,

իսկական ժամանակ,

երբ ոտքերդ հիշողություն են դառնում։

երեկվանից, դրա երեկվանից,

եւ էլի առաջ

ինչ-որ մի տեղ հանդիպել եմ ինձ՝ կծկված,

ձեռքիս ինքնաթիռներ։ հետո դանդաղ, շատ դանդաղ ամպերը դասավորվել են այնպես,

ինչպես էս իրիկուն է։

բայց էսօր զոհեր կան մեջս, մամա՛,

մեջս վթար է։


ինքնահայրենիք


ես աշխատում եմ կանանց հետ, ովքեր չեն շտապում,

եւ տեսնում եմ նրանց հիասթափությունը, երբ կոտրվում է ափսեն։

ապրում եմ քաղաքում, որտեղ ամուսնալուծությունը անհնարին է,

որտեղ լուծումները կապ ունեն մահվան հետ,

եւ մահը հիասթափություն է՝ սեփական եղունգներից։

այստեղ հավատում են, որ սեփական տարածքի դրսեւորումը կարեւոր է,

իսկ այդ փոփոխությունը լարերից կախված հավերժական ձյունե լվացքներն են,

եւ լեռը` նույն ձյունով ծածկված, որ մերը չէ։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

մոտ կես տարի առաջ պատահեց տեղափոխությունս,

սկսեցի լսել աղմուկը կոտրված ափսեի,

հավաքվելու ձայնը,

արդուկված տաբատները,

բացակայությունը քաղաքում եւ ներկայությունը քաղաքի,

մոտ հարեւանի անհետացումն ու հեռացումը,

եւ փոշեկուլի ձայնը, որ խլացնում է խոսակցությունը։

աղբամանի մեջ նետվելու անկարողության ձայնը,

միասին ջարդվելու ձայնը,

ու կիսատ մնացած հոգեվարքի,

որ զուգահեռ է թեյնիկի բլթբլթոցին։


այստեղ կիսատ մեռնելն էլ հնարավոր բան է,

հնարավոր է նաեւ ապրել ու մոռանալ, որ մեռնելու ձեւ կա։

այստեղ գիշերը լույսը վառվում է խոհանոցում,

եւ հիշողությունը կապված է առավոտվա ու քամու հետ,

որքան էլ տարօրինակ հնչի։

30 views

Recent Posts

See All
bottom of page