Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ։ 2019 թվականին արժանացել է Գրքի երևանյան փառատոնի առաջին մրցանակին «Դրամատուրգիա» անավանակարգում։ Հեղինակ է 11 գրքերի, որոնցից 2-ը հրատարակվել են Ճապոնիայում (ճապոներեն): Թարգմանվել և տպագրվել է 26 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, չինարեն, լեհերեն, ալբաներեն, Ճապոներեն, էստոներեն, մակեդոներեն, արաբերեն, պորտուգալերեն, հոլանդերեն, հունարեն, ֆիլիպիներեն, իռլանդերեն, իսլանդերեն, հինդի, բուլղարերեն, սերբերեն, սիցիլերեն, մալայերեն, հինդի:
2013-ին մասնակցել է վիեննական միջազգային գրական մրցութային ծրագրին, շահել դրամաշնորհ և 2 ամսով հրավիրվել Վիեննա:
2013-ին հունիսին մասնակցել է Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնին:
2014-ին հրավիրվել է Շվեյցարիա և ունեցել տարբեր ընթերցումներ Ժնևում և Լավինյիում:
2018թ-ին հրավիրվել է Ճապոնիա` Կիոտո, մասնակցելու իր ճապոներեն 2 գրքերի շնորհանդեսին, ինչպես նաև մասնակցելու գրական փառատոնին:
Հայաստանյան և միջազգային գրական տարբեր մրցանակների դաձնեկիր է:
2019թ-ին նրա «Ագռավն ասաց» պիեսը բեմադրվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. պետական հայկական դրամատիկական թատրոնում և հաջողությամբ ներկայացվել Հայաստանի տարբեր թատրոններում: 2021թ-ին այն կրկին բեմադրվել է մեկ այլ թատրոնի ռեժիսորի կողմից՝ Արմմոնո միջազգային փառատոնի շրջանակներում:
Հայաստանի գրողների միության, ինչպես նաև միջազգային մի քանի գրողների ասոցիացիաների անդամ է(Բելգիա, Լիբանան, Ճապոնիա, Կոլումբիա):
Չանգուայի համալսարանի (Թայվան) «Կրթություն, գրականություն» ամսագրի միջազգային խորհրդատվական կազմի անդամ:
Կատարել է թարգմանություններ անգլոամերիկյան, ինչպես նաև ժամանակակից չինական, ճապոնական և եվրոպացի հեղիակների պոեզիայից:
Դասավանդում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում: Հեղինակ և համահեղինակ է մի քանի ուսումնական ձեռնարկների:
Հատված «Ագռավն ասաց» պիեսից
Վերևները քեզ համար չեն, քե՞զ ինչ՝ ինչ կա այնտեղ: Քո տեղն այստեղ է, լսո՞ւմ ես, հողին կպած: Մի՛ փորձիր լինել ավելին, քան կաս: Իմացի՛ր չափդ, մա՛րդ: Թռչելը ձեզ ա՛ր-գե՛լ- վա՛ծ է՛: Քիչ է պետք երազել. երազելն է ձեր տունը քանդում: Քանի՜-քանիսներին եմ տեսել այդպես ջարդուխուրդ, իրենց երազի տան փլատակների տակ… Թե՞ կարծում եք՝ ես չեմ կարող բարձր թռչել: Բայց ես հաշվարկ անել գիտեմ, գիտեմ՝ ինչն է փետուրներիս ձեռք տալիս, ինչը՝ ոչ: Թե ի՜նչ կա էդ կապույտների մեջ, հազար փորձանք՝ սիրել-միրել, կորել-մոլորվել… Ինձ ագռավ կասեն, թե չէ՝ ծիծեռնա՜կ, սոխա՝կ, ներեցեք արտահայտությանս համար՝ աղավնի՜: Չէ մի չէ՝ մեղեդի՜, սիմֆո՜նիա, հլը դրանց անունները… Մի՛ ծիծաղեցրեք: Դրանք փետուրի տեղ՝ բմբուլով են մտածում: Մեկը ամբողջ ժամանակ բույն է սարքում («համ շինում է, համ երգում»), մյուսը երգերի շոու է անում, վարդ-մարդ է խոսեցնում, մյուսը՝ խաղաղություն-ախմաղություն անում… Կյանքը ոչ ծղոտ է, ոչ սիլի-բիլի, ոչ նամակ, ոչ էլ երգ ու պար: Ծաղի՜կ են սիրում… Գործ արեք, գո՛րծ. զոհ գտեք, աչք հանեք, մանր-մունր ծտեր գտեք, կտուցներդ խրեք մեջը, կեր արեք ձեզ… Էդպես եք անում, որ լուրջ վայրերում, օրինակ՝ դժոխքի դարպասների մոտերքում, ինձ են վստահում, ոչ թե աղավնի-մաղավնիների: Փնտրում են, ճանապարհներ են կտրում, սիրում-միրում են, տառապում-կառռապում են, կորցնում-գտնում են, իրենց երկինքներով են տալիս, հետո սպառվում-հանգչում: Ո՞վ իրեն այդքան այրի ու հետո երկար ապրի: Կռռալս գալիս է էդ պոչը մկրատաձևի վրա. Լավ էլ գիտի կավ ու ծեփի տեղերը, մարդկանց մոտիկ էլ տուն-տեղ է դնում՝ տանիքների վրա, պատերի մեջ: Մարդասերի՜ս տեսեք, հումանիստ-ծիծեռնակի’ստ: Լավ էլ կարողացել է մարդկանց աչքը մտնել: Ուրեմն ի՞նչ է կորցրել վերևներում, մինչև 800 մ բարձրանում է էդ դանակ-մկրատը, խելքի՜դ կռռամ:
Կամ ձեր սիրելի խաղավնին, է՛հ, էն խաղաղը էլի՝ աղավնին. Մինչև 500 կմ հեռանա՜լ… Ա՛յ, չարդ տանեմ, ինչի՞ համար, եթե նորից պիտի հետ գաս նույն ճանապարհով: Մեծ տատս դրանց ցեղի էգերին ասում էր «տարած-հետ բերածներ»: Գեշ խասյաթ ունեին՝ գնալուց հետո հետ էին գալիս: Դա եղավ խաղաղությո՞ւն: Մի ժամանակ էլ փոստատար էին, նամակի գործ էին անում: Այդքան պետքական լինեին դրանց արածները, իմ կեսի կեսի չափ գոնե կապրեին: Հա՛, խղճում եմ թռչնանման մարդկանց, ինչպես և մարդանման թռչուններին. նույն բանն են՝ նույն դժբախտները՝ երկնքի ու երկրի միջև: Ո՛չ այնտեղ են երջանիկ, ո՛չ այստեղ: Հազար եմ կռռացել՝ մի՛ փնտրեք: Չկա՛ ձեր փնտրածը: Փնտրել պետք է միայն կեր, որ իմաստավորեք ձեր կյանքը, տանիք, որ չթրջվեք, մեկ էլ՝ սեռակից, որ ձեր տեսակը չկտրվի, շարունակվեք, թեև տեսակ կա, որ արժի՛ կտրվի: Ճշմարտությու՜ն եք փնտրում: Ձեզնից ո՞վ գտավ դրանից: Իսկ դա կտցում, նոր են ուտու՞մ, թե՞ կլինի միանգամից կուլ տալ: Ը՜մմ, արյան համ ունի ձեր ճշմարտությունը, ասեմ, արյան հա՜մ… Թա՜նկ պիտի վճարեք դրա համար, դժվար ճանապարհներով պիտի անցնեք… Բայց մեկ է, կը՜ռռ, չի կշտացնելու ձեզ. ճշմարտությունը ոչ ոքի դեռ չի հագեցրել, ընդհակառակը, ավելի է սրում քաղցը: Չեղա՞վ, որ իզուր եք փնտրում, սովա՛ծ եք մնալու, սովա՛ծ, էլ չեմ ասում՝ ծարա՛վ: Տեսել եմ, տեսել ճշմարտության ծարավներին: Էլ ո՞նց կռռամ, որ պարզ լինի: Է՛հ, տայիք ինձ ձեր կյանքերը, ո՜նց կկառռավարեի, կա՜ռռ, կա՜ռռ, կառռա-վառռեի… Թեև մարդկանց մեջ երբեմն լինում են ագռավանմաններ. սևի հարազատություն է, մոգության սեր, գուցե և ագռավազգի հետ ընդհանրություն: Ինչպես Կառռա տատս կասեր՝ կռռապաշտ են… Է՛հ, թող փորձեն, ազնիվ է նրանց ընտրությունը, թեև՝ հավակնոտ: Բայց դա ուրիշ պատմություն է, ավելի լուրջ տարածքների…
コメント