top of page
Writer's pictureBook Fest

Արփի Ոսկանյան


Արձակագիր, բանաստեղծ, քննադատ։ 2018 թվականին արժանացել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնի երրորդ մրցանակին՝ «Արձակ» անվանակարգում, իսկ 2019 թվականին Գրքի երևանյան փառատոնին ստացել է առաջին մրցանակ՝ «պոեզիա»՛ անվանակարգում։

2001 թվականին լույս տեսած առաջին՝ «Ծիկ» գիրքը, որ արձակ բանաստեղծությունների եւ փորձարարական գրությունների ժողովածու է, էպատաժային ձեւով եւ բովանդակությամբ բուռն արձագանքի է արժանացել գրական եւ քաղաքական մամուլում։ Հաջորդ՝ «Անտերուդուս» գիրքը լույս է տեսել 2010 թվականին։ Այն բանաստեղծությունների ժողովածու է։ 2011-ին լույս է տեսել «Ռոնալդինյոն եւ Մարադոնան» ֆոտբոլային հեքիաթը՝ նախատեսված պատանիների համար։

2011 թվականին արձակագիր Համբարձում Համբարձումյանի հետ ստեղծել է «Գրողոցավ» գրական կայքը, որի նպատակն էր ուրվագծել եւ ձեւակերպել ժամանակակից հայ գրականության նորագույն միտումը՝ քաղաքական ու սոցիալական գրականությունը։

Ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, ռոսերեն, վրացերեն, պարսկերեն, հոլանդերեն, իսպաներեն եւ այլ լեզուներով։ Մեղրամիս

/հատված բլոգասերիալ_վեպից/


Մեր ոչ չաղ, ոչ էլ հայկական հարսանիքը

- Դա կարող էր լինել միայն Հայաստանում,- ասում ենք մենք։ - Դա կարող էր լինել միայն ձեզ հետ,- ասում են մեր ընկերները՝ համարելով, որ երկու գրողի համատեղ կյանքը պիտի որ առնվազն կինո լինի։

Պոմպեոսի վերջին օրը

Հայաստանում աղջիկներն ուզում են ամուսնանալ, իսկ տղաներն ազատ սեքս են ուզում, եւ հաճախ իրենց ցանկությունների իրականացման ճանապարհին նրանք շահարկում են սերը։ Բայց աղջիկների համար սիրո միակ անառարկելի ապացույցը ամուսնության վկայականն է մնում, իսկ տղաների համար՝ ազատ սեքսի պատրաստակամությունը։ Արդյունքում սերը մնում է անապացույց, ցանկությունները՝ չբավարարված։ Մեր դեպքում ամեն ինչ այլ էր, մենք սիրո մասին ընդհանրապես չէինք խոսում, սիրո ապացույցներ չէինք փնտրում, չորս տարի իրար հետ էինք, մեզ լավ էր իրար հետ, ու երեւի հենց դա է սերը։ Բայց հարաբերությունները հասունանում են, եւ գալիս է մի պահ, երբ դրանք փոփոխվելու անհրաժեշտություն են զգում։ Եթե մենք ամուսնացած լինեինք, կբաժանվեինք, բայց մենք ամուսնացած չէինք, բաժանվել չէինք կարողանում, եւ մեզ մնում էր ամուսնանալ։

Զագսի ճանապարհին աղոտ զգացում ունեինք, որ հնաոճ մի բան ենք անում, եւ մեր այդ զգացումն առավել սրվեց զագսում, որը վերջին անգամ սովետական տարիներին էր վերանորոգվել։ Պատերը զարդարված էին մի շարք խունացած վերատպություններով, որ Սովետական Հայաստանի քաղաքացու բնակարանների ներքին հարդարման պարտադիր ատրիբուտ էին՝ «Անծանոթուհին», «Վերնատունը», «Իվան Գրոզնին», «Իններորդ ալիքը» եւ այլն։ Զագսն ասես խորհրդային «ռեմոնտի» թանգարան լիներ։

Սեղանի վերեւում, որի վրա մենք հուզմունքից դողացող ձեռքերով լրացնելու էինք դիմումները, կախված էր «Պոմպեոսի վերջին օրը», եւ իմ մտքով անցավ, որ երեւի դա այն է, ինչ տեղի է ունենում զագսավորումից հետո։ Բայց անմիջապես էլ աչքս ընկավ քիչ հեռու կախված «Վերնատանը», եւ սփոփեցի ինձ, թե մեր ընտանեկան կյանքն ավելի շուտ դրան նման կլինի։ Դիմումները գրված էին, ամուսնության օրը՝ որոշված, բայց սպասման մեկ ամիսը կատարյալ ավելորդություն թվաց. մենք մեր որոշմանը հանգել էինք ուղիղ չորս տարվա ընթացքում, իսկ մեկ ամիսը շատ երկար ժամանակ է մի մտքի մնալու համար… Բայց ամիսն արագ ու աննկատ անցավ, չհասցրինք ոչ միայն մտքափոխվել, այլեւ շոր, կոշիկ, մատանի առնել ու մնացած կազմակերպչական հարցերը կարգավորել՝ բոլորը թողնելով վերջին օրվան։ Այդ օրն էլ զանգեցինք մեր ընկերներին ու ծնողներին՝ տեղեկացնելու, որ ամուսնանում ենք։ Ինչ-որ մեկն ասաց, որ վաղը մեռելոց է, ու թեպետ մենք գիտեինք, որ մեր «բարեպաշտ» իշխանությունները մեռելոցները ոչ աշխատանքային են հայտարարել, զագսին վերաբերել դա չէր կարող։ Զագսն էր նշանակել օրը, եւ եթե սխալմունք եղած լիներ, մեզ կզգուշացնեին։ Մեռելոց օրով ամուսնանալը, իհարկե, այնքան էլ հաճելի չէ, ու դրանից վատ նախանշանի հոտ է գալիս, բայց մենք սնահավատ չենք։ Կազմակերպչական քաշքշուկից ու անհայտի սպասումից այդ օրը մեր նյարդերը տեղի տվեցին, եւ չորսամյա պատմության մեջ առաջին անգամ կռվեցինք՝ առանց պատճառի ու առիթի։ Աչքիս առաջ իսկույն հառնեց «Պոմպեոսի վերջին օրվա» խունացած վերատպությունը։ Բայց դա ընդամենը մեր ոչ լեգիտիմ համակեցության վերջին օրն էր։ Վկաներ

Մենք ուզում էինք ոչ հայկական հարսանիք անել։ Զագսից հետո որոշել էինք արշավել բնության գիրկ ու արշավային պաշարով խոտերի վրա տոնական սեղան գցել։ Մեր տոնը լինելու էր ոչ միայն առանց բարեկամ-հարեւանների, այլեւ առանց ծնողների։ Դա ընկերական միջոցառում էր լինելու, որին հրավիրված էին միայն մի քանի ընկեր։ Իմ ու Համբոյի կապի մեջ միակ օրիգինալ բանն այն է, որ ես մեծ եմ նրանից վեց տարով։ Եթե Համբոն մեծ լիներ ինձնից քսանվեց տարով, դա մեր հասարակության համար նվազ օրիգինալ կլիներ։ Ընկերներն էլ մեր հասարակության մի մասն են, ու եթե մենք վերջին պահին հրաժարվեինք մեր որոշումից, դա նրանց զարմանալի չէր թվա։ Ավելին, նրանք մինչեւ վերջին պահը սպասում էին նման բանի։ Բայց մենք հայ ենք, իսկ հայը չի անի մի բան, որ կարող է արդարացնել մերձավորի ակնկալիքները։ Եվ առավոտյան, Պոմպեոսի վերջին օրը մոռացած, գեղեցկացած ու տոնական պճնված, ուրախ ու երջանիկ, սպասում էինք Վարդուկին, որ խոստացել էր լինել մեր երկու վկաներից մեկը եւ իր մեքենայով տանել մեզ զագս։ Բայց նրա ճնշումն անակնկալ կերպով բարձրացավ, ու վերջին պահին sms-ով տեղեկացրեց, որ չի գալու։ Մյուս վկան Ավոն էր, ով պիտի սպասեր մեզ զագսից հարյուր մետր այն կողմ, ու քանի որ նշանակված ժամից ուշանում էինք, տեղեկացրինք, որ իր հետեւից չենք գա՝ հանգամանորեն բացատրելով զագսի տեղը, որն առանց այդ էլ բարդ չէր գտնել։ Ամուսնական առագաստին ընդառաջ Երբ տաքսին կանգնեց զագսի դռան մոտ, Ավոն չկար, իսկ սովետական, ալյումինե դռներով, մեծ ապակիներով ու առանց վանդակաճաղերի այդ հաստատությունը, որտեղ գողանալու ոչինչ ըստ ամենայնի չկար, փակ էր։ Ես թակում էի դուռը՝ հույսով, որ այն ընդմիջման նպատակով է փակ։ - Փակ ա,- ասում էին անցորդները,- էսօր մեռելոց ա։ - Աշխատանքային օր չի,- ասում էին շենքի բնակիչները պատշգամբներից։ Ավոն չէր երեւում, փոխարենը եկավ եղբայրս, ով այդ օրերին Հայաստանում էր ու նախորդ օրն իմանալով միջոցառման մասին, եկել էր հավաստիանալու։ Նա եկել էր կնոջ ու երեխաների հետ՝ զինված ահռելի չափերի մի ծաղկեփնջով եւ տեսախցիկով, որն իսկույն միացրեց ու սկսեց նկարահանել՝ կադրից դուրս մեկնաբանություններ անելով.

- Ահա մենք եկել ենք զագս, բայց այսօր, պարզվում է, մեռելոց է։ Մեռելոցները Հայաստանում աշխատանքային չեն, եւ զագսն այսօր փակ է։


Ավոն մեկ-երկու անգամ զանգեց Համբոյին ու հարցրեց՝ հիմա ես ի՞նչ անեմ։ Համբոն ասում էր. «Արի կամ գնա, կամ սպասի, մենք կանգնած ենք ու դեռ չենք որոշել ինչ ենք անում»։ Ես շարունակում էի թակել զագսի դուռը եւ վրդովմունքս էի հայտնում եղբորս տեսախցիկի առաջ. - Ի՞նչ իրավունքով, նրանք պարտավոր էին մեզ զգուշացնել… Այդ պահին ես բողոքող ընդդիմադիր քաղաքացու եւ չորրորդ իշխանության ներկայացուցչի խառնուրդ էի, որ կարգուկանոն է պահանջում եւ միաժամանակ հրճվանք ապրում դրա բացակայությունից՝ նյութ հայթայթած լինելու կապակցությամբ։ - Ինչպե՞ս կարելի է այսքան անպատասխանատու լինել, չէ, որ սա պետական հիմնարկ է,-գոռգոռում էի ու քացով խփում զագսի դռներին՝ մտքումս կառուցելով հոդվածը։ - Կատաղած հարսը ջարդում է զագսի դռները,- կադրից դուրս մեկնաբանում էր եղբայրս,- նա այնքան երկար է երազել ամուսնության մասին… Ու հանկարծ այդ պահին անհավատալի բան տեղի ունեցավ. զագսի դուռը բացվեց՝ հաստատելով ավետարանչական ճշմարտությունը։ - Հիրավի, թակեք, եւ կբացվի,- մեկնաբանեց եղբայրս…



Հեռու

Որպեսզի դու ապրես, ես պիտի մեռնեմ։

Եվ էլի խրվեց սերը կոկորդում…

Ինչ ահավոր ծանոթ է ամեն բան։

Կյանքս՝ հին հունական ողբերգություն՝

վաղուց գրված ու խաղացված,

և հեղինակն է մեռած, և հերոսները։

Ես՝ անհաղորդ հանդիսատես,

կդիտեմ իմ մահը առանց կարեկցանքի.

այնքան հին են կրքերն այդ։

Այն ամենից, ինչ կատարվում է այստեղ ու հիմա,

այն ամենից, ինչ կատարվում է ինձ հետ,

հեռու եմ միլիարդավոր լուսային տարիներ…

Ես զարմանում եմ, որ դեռ խոսում եմ այս լեզվով,

որ խոսում եմ ընդհանրապես,

որ ասում եմ՝ ես և նկատի ունենում ինձ։

81 views

Recent Posts

See All

Comments


bottom of page