top of page

Գրական մրցույթ

Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ  հետևյալ անվանակարգերում․

 

  • Արձակ

  • Դրամատուրգիա

  • Մանկապատանեկան գրականություն

  • Պոեզիա

900x600 (2).png

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:

 

Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 500․000-ական դրամ (ներառյալ հարկերը):

 

Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրատարակված և հրապարակված չլինեն (էլեկտրոնային մամուլում, սոցիալական հարթակներում, միջոցառումների ժամանակ կազմակերպված ընթերցումներում): Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

 

Մրցույթին պետք է ներկայացնել՝

 

«Արձակ» անվանակարգում

  • կամ 2 պատմվածք

  • կամ 2 էսսե

  • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որտեղ անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը):

 

«Դրամատուրգիա» անվանակարգում

1 պիես

 

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում

  • կամ 2 հեքիաթ

  • կամ 2 պատմվածք

  • կամ 2 պատկերազարդ պատմություն

  • կամ 10 բանաստեղծություն

  • կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որտեղ անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը):

 

«Պոեզիա» անվանակարգում

10 բանաստեղծություն

 

Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու ԱՆԱՆՈՒՆ։

 

Այն հայտերը, որոնք կպարունակեն հեղինակի վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի տեղեկություն (անուն, նույնականացման որևէ տվյալ) չեն դիտարկվի: Եթե տեքստը գնահատման ներկայացվի ժյուրիի անդամներին, և ընթերցման փուլում վերջինները նկատեն նույնականացման փորձ, ապա հայտը կչեղարկվի:

 

Մասնագիտական ժյուրիի կազմում են.

 

«Արձակ» անվանակարգ

  • Ալվարդ Սեմիրջյան

  • Անի Հովնանյան

  • Արքմենիկ Նիկողոսյան

  • Վանուհի Բաղրամյան

 

«Դրամատուրգիա» անվանակարգ

  • Անահիտ Արամունի Քեշիշյան

  • Նարինե Գիժլարյան

  • Սաթէ Խաչատրյան

  • Տաթև Հովակիմյան

 

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ

  • Լիլիթ Ալթունյան

  • Ռուզան Տոնոյան

  • Սաբեթ Հովհաննիսյան

  • Վարդուհի Բալոյան

 

«Պոեզիա» անվանակարգ

  • Անահիտ Հայրապետյան

  • Արփի Ոսկանյան

  • Հասմիկ Սիմոնյան

  • Ներսես Աթաբեկյան

 

Հայտերի գնահատման չափանիշները.

 

▪️ «Արձակ» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, դիպաշարի կառուցումը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

 

▪️ «Դրամատուրգիա» անվանակարգ՝ ձևն ու բովանդակությունը, կառուցումը, լեզուն և ոճը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

 

▪️ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ գրավիչ և հագեցած սյուժեն, տեքստի համապատասխանությունը թիրախային խմբի հետաքրքրություններին, բովանդակության ուսանելիությունը, կառուցվածքը, շարադրանքի դյուրըմբռնելիությունը, ոճը:

 

▪️ «Պոեզիա» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, ազդեցության աստիճանը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

 

Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել info@evnbookfest.com հասցեին «word» ձևաչափով (բոլոր գործերը մեկ ֆայլում): Ֆայլում ՉՊԵՏՔ է նշել անուն-ազգանուն կամ կեղծանուն: «Թեմա» տողում պետք է նշել անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ), նամակին կցել լուսանկար (դիմանկար) և գրել հեռախոսահամար։

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թ. հուլիսի 15-ն է (ներառյալ)։

 

Հայտարարության պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։

 

Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 7-ին՝ Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողության ժամանակ։

 

Փառատոնն իրականացվում է 2017 թվականից։ Այն Հայաստանում գրականության ոլորտի ամենամեծ իրադարձությունն է:

 

Այն տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։

 

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

bottom of page