top of page
Writer's pictureBook Fest

Արամ Ավետիս


Արժանացել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի «Արձակ» անվանակարգի «Հատուկ մրցանակ»-ի:

 

Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Կինոգիտություն» ֆակուլտետը։ 2016 թվականին «Անդին» ամսագրի մրցանակաբաշխության ժամանակ «Գրականությունից հրաժարվելու մանիֆեստ №0-ի» համար ստացել է Սլավիկ Չիլոյանի անվան «Տարվա հայտնություն» մրցանակը։ Հրատարակել է «Կույր կետադրություն», «Ճարտարապետական մուտացիա», «Երբ առնետները կարդալ գիտեին», «Ամպուտացված ամպեր» գրքերը: 2018 թվականին «Կույր կետադրություն»-ը հայտնվել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի վարկանշային աղյուսակում, եղել 2018 թվականին «Անտարեսի» «XXI» մատենաշարի տարվա ամենավաճառված գիրքը։ Գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանն անդրադարձել է գրքին իր «Նախապատրաստում թռիչքից առաջ կամ գրական խուլիգանությունը որպես նորի հաստատման անհրաժեշտ միջոց» հոդվածում։ Գրողի «Երբ առնետները կարդալ գիտեին» գիրքը 2021 թվականին նոմինացվել է Եվրոպական միության գրական մրցանակին։

 

Նամակներ նմանաԿին

 

Նամակ 1

 

Ես լիցքավորում եմ նամակս փամփուշտ-տառերով ու կրակելու եմ ուղիղ կրծքիդ ու ես գիտեմ որ կուրծքդ իր միակ ատամ-ստինքով կծամի իմ մտքերը ու փամփուշտից ծնված վերքից ծիածան կհոսի։

 

Հիշում ես «Եվգենի Օնեգինում» ոնց է սկսվում Տատյանայի նամակը։ Այն սկսվում է այսպես.

«Ես գրում եմ Ձեզ։ Էլ ինչ սրանից ավել»։

 

Կա ավելի մեծ սիրո խոստովանանք քան մարդը որը նամակ է գրում։

 

Ես դուրս եմ եկել դուելի սպիտակ թղթի հետ ու գիտեմ որ նա ինձ հաղթելու է որովհետև չգրվածությունը շատ ավելին է քան գրված նամակները քանի որ գիտեմ որ մաքուր թուղթ ավելի շատ կա քան բառեր ու մտքեր որովհետև գիտեմ որ սպիտակ թուղթը սպիտակ ու անքուն գիշերն է ու քանի որ գիտեմ որ լուսինը չգրված թուղթ է ու ճերմակած կուրծք չգրված տառերի սպասումից քայքայված։

 

Քայլ առ քայլ քայքայվել ու գրել նամակներ այս ծերացած Նամակաստեղության տակ։

 

Դու կռացար ու ես տեսա թե ինչպես երակներդ մտցրեցիր վարդակի մեջ ու քո մեջ վառվեցին իմ բառերը ու բառվեցին իմ վառերը։

 

Քո նամակի մեջ որ այսօր ուղարկել էիր ինձ ես կարդացի այս տողերը որը դու կարդացել էիր ինչ որ մի գրքից

«Չինական իմաստությունն ասում է. «Եթե մարդը համբույրի ժամանակ բացում է իր աչքերը, դա համարվում է դավաճանություն»»։

 

Իսկ ինձ համար իսկական դավաճանությունը գիտես ինչն է երբ իմ նամակները կարդում են բաց աչքերով։ Ես չեմ կարող ներել այդ ամենը։

Ու առհասարակ բաց աչքերով կարդալը դա վերին աստիճանի գռեհկություն է։

 

Ու ես քեզ նամակում գրում եմ որ հիմա կարդում եմ հիասքանչ գրող ու ինքնասպան Օսամու Դաձայի «Թերի մարդու խոստովանանքը» գիրքը որի մեջ այսպիսի երկխոսություն կա տղամարդու և կնոջ միջև

«Տղամարդ. Ասում են՝ երբեմն տղամարդիկ տաքացնում են իրենց բաղնիքը կանանց սիրային հաղորդագրությունների շնորհիվ։

Կին. Զզվանք ես։ Երևի դու էլ ես տենց անում։

Տղամարդ. Չէ, ինչ ես խոսում, ես միայն մեկ-մեկ նրանցով կաթ եմ եռացնում»։

 

Ես քո նամակներով սիրելիս տառերս ու սերմս եմ եռացնում ու մեկ էլ պատասխան նամակ եմ գրում քեզ իսկ նամակ գրելը ինքնասպանություն է բաց երկինք-թղթի տակ։ Լեզուս ինքնասպանության թանգարան է վերքոտ քիմքիս տակ։

 

Կթիր նամակս ու լիցքավորելով նամակդ փամփուշտ-տառերով կրակիր ուղիղ կրծքիս ու ես գիտեմ որ կուրծքս իր միակ ատամ-ստինքով կծամի քո մտքերը ու փամփուշտիցդ ծնված վերքից ծիածան կհոսի։

 

Ինձ համար իսկական դավաճանությունը գիտես ինչն է ԵՐԲ ԻՄ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ԲԱՑ ԱՉՔԵՐՈՎ։

....

 

Նամակ 2

 

Սա թուղթ է որ նամակ չդարձավ որովհետև սևագրությունը անքուն գիշեր կարող է միայն դառնալ։

 

Սա բառեր են որոնք նամակի մեջ չտեղավորվեցին որովհետև մեծ Բառը ավելի շքեղ է քան քո մեծ կուրծքը որ հեշտությամբ նամակվում է ափերիս ծրարների մեջ։

 

Սա մի հայելի է որի մեջ դու չես տեսնի քո արտացոլանքը որովհետև նա դուրս չի մղում չի արտադրում քո պատկերը այլ հակառակը նա քո ներսի պատկերն է խմում այսինքն հայելի որ ցույց է տալիս քո Ներցոլանքը։

 

Սա ուղղակի նստած տղամարդու նկար չէ։ Սա մի տղամարդ է որ սպանված նամակի մորթու վրայով է քայլում իսկ հետո նստում փողոցում աշխատող կոշիկ մաքրողի դիմաց ու նա մաքրում է նրա թանկարժեք կոշիկի վրա նստած տառերի փոշին ու կոշիկների տակ լխճված տառերի մսով է սնվում անբարբառ փողոցը։

 

Սա ուղղակի կին չէ որ նայում է հայելու մեջ։ Երբ դու երկար ես նայում հայելուն հայելին նույնպես նայում է քեզ ու քո մեջ անդունդն է արտացոլում։

 

Սա ուղղակի կուրծք չէ կախված ծերության քավթար երախի վրա։ Սա մի կուրծք է որում սպիտակ նամակները գտնում են իրենց դրախտը։

 

ՔավՏառ բառերով է լցված ժամանակակիցներիս բերանները։

 

Ես ուղղակի քաղաքացի չեմ։ Ես մեռնող աշխարհի պատվավոր քաղաքացին եմ։

 

Երբ անձրևները ավարտվեցին Նոյը որպեսզի հասկանա հասել է ցամաքին թե ոչ առաջինը Սևագրություն-նամակ ուղարկեց աստծուն։ Բայց նամակը չունեցավ պատասխան կամ էլ Նոյը չհասկացավ որ ամեն գիշերը պատասխան նամակ է։

Հետո նա ուղարկեց դատարկ սպիտակ նամակ։ Եվ մի քանի օրից ստացավ պատասխան։ Նա բացեց ծրարը և իր «գրած» սպիտակ նամակի կողքին տեսավ մի գրիչ-փետուր ու հասկացավ որ ցամաքը այնտեղ է որտեղ գրում են ցամաքի մասին։

 

Ու որտեղ կա նամակ բաց այնտեղ կաց։

 

Սա ուղղակի Վերջակետ չէ։ Սա երկու ստինք են որ կերակրում են մահացած նամակս։

 

Ես մի խզբզած հիվանդ թուղթ եմ որ այդպես էլ նամակ չդարձավ որովհետև իմ անմահ հոգու սևագրությունը անքուն ու անավարտ գիշեր կարող է միայն դառնալ։

 

Նամակ 3

 

Ու մենք իրար ենք միանում ու ես իհարկե դրանից մահանում եմ ու միազմներ են դուրս գալիս իմ նամակաստեղծ բերանից ու ես իմ մահով Միազմիզմի սկիզբն եմ դնում։

 

-Դու կարդացիր այն ինչ ես գրել էի քեզ։

-Ես չեմ կարդում քո նամակները։

-Իսկ ինչ ես անում նրանց հետ։

-Ես նրանց կախում եմ իմ վենետիկյան դիմակների կողքին որովհետև քո նամակները քո դիմակներն են։

 

Իսկ դուք գիտեք որ կտավները նկարիչի դիմակներն են իսկ պատուհանները կույր աչքեր են որտեղից բիբն է ինքնասպան լինում իսկ դու գիտես որ իմ սենյակի դուռը ուզում է իր բռնակը մտցնել քո մեջ երբ հիմա դու հանվում ես իր վրա հենված։

 

Ու ես ներգաղթում եմ դեպի իմ նամակները ու նկարիչը ՆԵՐԿգաղթում է դեպի իր կտավները։

 

Ես դաջվում եմ քո վարդին ու առնանդամս ջարդում քո մեջ ու վարդդ ինձ է ծամում ու հանգում ու հագնվում ենք ու մահանում եմ ու մահանվում ու նամակներս իմ երեսն են ու նամակՆերս ու նամակ դուրս ու երեսս ներսիս դուրսն է իսկ դուրսս մրսում է ու ներսս վառվում է այդ ցուրտ դրսից ու մութս եմ թքում ու թուքը լուսավորում է մի պահ իմ ճանապարհը ու գրկում եմ քեզ ու քո վրայից եկող թարմ հոտից սիրտս խառնում է ու մեր սիրուց հետո ես վերցնում եմ անձեռոցիկը ու ծածկում առնանդամս որը այդ պահին նման է մի մեքենայի տակ ընկած մարդու որի վրա սպիտակ սավան են գցում որպեսզի ոչ մեկ չտեսնի նրա այլանդակված մարմինը բայց դավաճան արյունը լղոզվում կողքից անցնող մեքենաների անիվներին ու այդ անիվները նրա արյունը ամբողջ քաղաքով տարածելով մահ են քարոզում։

 

Առնիս մահացել է բայց բԱռնիս դեռ կանգնած է ու իմ ոտքերը իմ սերմը ամբողջ քաղաքով տարածելով նամադիմակներս են քարոզում։

 

Հագնելով հեշտոց-դիմակը նկարիչը իր կտավներով է լռում ու ծածկում իր չբեր երեսը։

Հագնելով հեշտոց-դիմակը գրողը իր նամակներով է լռում ու ծածկում իր չբեր երեսը։

 

Բացում ես նամակս ու հանկարծ նկար ու վկա է քո դեմքի վատ կտավը ես իմ հյութեղ բառերի ՉԲԵՐքն եմ հավաքում։

 

Ես բացում եմ դուռը ես հանում եմ դեմքիս դի-դիմանամակը ես մտնում եմ քո մեջ։ Քո մեջ քո մեջ քո վերջի մեջ։

 

Քո վերջի մեջ իմ «իզմն» է կամ ԻՄԻԶՄԸ։

 

Ու ամուլ լուսինը որբ աստղերի հետ նաև իմ դիանամկն է հավերժ որդեգրում է։

 

Նամակս դաջվում է քո վարդին ու բառերս կրկին ջարդվում են քո մեջ։

....

 

Նամակ 4

 

Գրողը երբ ավարտում է իր միտքը ու թեթև փչում թղթի վրա դա նրա համար չէ որ չորացնի թանաքը այլ նրա համար որ մի քիչ սառի այն վառող միտքը ու այրող տառերը որ լավայի պես թափվեցին թղթի վրա։

Սիրելիս ամեն ինչ իր հունով կսառչի։

 

Հողի վրա աճում է կապույտ Ծաղիկը ու դու շտապում ես զգալ իր բույրը քանզի գիտես որ ամեն ինչ անցողիկ է ու ցողունի վրա նուրբ թերթիկների արանքում տաք ու կապույտ երկինքն է կուտակվել ու դու սպասում ես որ Ծաղիկը կանձրևի բայց մի քիչ համբերիր սիրելիս ու կտեսնես որ ամեն ինչ իր հունով կսառչի։

 

Իմ սերմը քո մեջ պիտի երեխա դառնա դու հավատում ես դրան բայց օրեր են անցնում անզավակ օրեր ու երեխա չկա համենայն դեպս ես չեմ տեսնում իսկ դու ես էլ չեմ տեսնում իսկ դու ես էլ չեմ տեսնում իսկ դու ես էլ չեմ տեսնում... ու մի քիչ էլ համբերիր սիրելիս ու կհամոզվես որ ամեն մի սերմ իր հունով կսառչի։

 

Գիշեր է ու աստղերը վառվում ու վատնում են իրենց գեղեցկությունը մեր համար ու այստեղ է ցույց եմ տալիս քեզ իմ կուրծքը այստեղ է իսկական աստղը որ ընկավ քո մեջ ու ինչ ինչ տվեց նա քեզ ոչինչ ոչինչ չտվեց նա քեզ ու դու հիմա դանդաղ ապրիր ու ապրիր այն պահը երբ արդեն կզգաս իմ սիրտը որն իր հունով քո սրտի մեջ կսառչի։

 

Մերկ թվարկությունից առաջ ես քեզ համար մսե նամակներ գրեցի գրիչի տեղ օգտագործելով մեկ ձեռքերս մեկ լեզուս մեկ առնանդամս իսկ թանաքի տեղ մեկ արյունս մեկ թուքս մեկ սերմս։

Մերկ թվարկությունից առաջ դու ինձ համար մսե նամակ դարձար թուղթ կրծքով թուղթ փորով թուղթ հեշտոցով ու հանկարծ մենք իրար հետ այրվեցինք ու մենք իրար հետ ամեն մեկս իր հունով սառեցինք։

 

Աստված Բանի Ծրարն է։

 

Ու իմ լեզվին ծվարած ծրարները բառերս են արածում։

 

Ու խորհրդավոր ընթրիքին մենք մեր բառերը կերանք ու մենք մեր գաղտնի նամակագրությանը մինչև աքաղաղի կանչը երեք անգամ ուրացանք ու մենք մեր նամակ-մարգարեին թղթե խաչին գամեցինք ու նամակի գաղտնի կապոց ու մեր գլխավերևում կապույտ երկինք-պ...ց որտեղից ամեն օր մեզ են նայում Ծաղիկների աչքերը ուտող հեքիաթային թռչունների կտուցները։

 

Սիրելիս քիչ էլ համբերիր և կտեսնես որ ամեն աստծո որդի խաչի վրա իր հունով կսառչի։

....

 

Նամակ 5

 

Երկինքը կապույտ թուղթ է որի վրա նայելով ես գրում եմ որովհետև իմ կ...իրը կանգնում է արևին նայելուց և ինչպես իմ առնանդամին նայելով կասեր իմ Գյոթե կարդացող սիրուհին

-Կանգնիր կ...իր դու հիասքանչ ես։

 

Ես հիմա քաշում եմ քթերս իմ գրած նամակները ու ատամներով ծամում այդ տողերը և թուքը թանաքի հետ է խառնվում ու ես կապույտ եմ թքում ու ես երկինք եմ փսխում իմ բերանը հատակ չէ այլ առաստաղ մի հիասքանչ առաստաղարան ու լեզուս լուծ է ծանր բեռ ու ես ծույլ եմ ու դանդաղ քարշ եմ տալիս բերանիս մեջ այդ մսե շղթան ու արևի շողերից փախչում եմ ես ու մտնում ծմակ ու ես իմ ծմակն եմ ու իմ շողքը իմ շղթան է ու ես նամակների նարկոման եմ ու դու իմ ընկեր նկարիչ ներկերի նարկոման ես ու մեկ էլ կնոջ կրծքի ու այն ծմակի որ նրա ոտքերի արանքում է ու ատամը մեկեն ծակում է նամակը ու Ծաղիկներ որոնք աճում են իմ աղիքների մեջ ու տուն որտեղ ես մրսում եմ ու թմրանյութ ու թմրեցնող հյութ որ հոսում է քո ոտքերի արանքից ու ոտքերդ բացվում են ու ես Մովսես մարգարեի պես անցնում են քո ջրերի արանքով ու սերմս եմ բերում դեպի նոր նամակները ու նոր հեշտոցները ու բառեր ու ձայներ ու խելագարություն ու կակոֆոնիա ու նամակոֆոնիա ու մաշկ-աչքը բացվում է երբ ես հպվում եմ քեզ ու նամակ-մաշկը բացվում է երբ դու հպվում ես ինձ ու ես քամվում եմ համբույրներիդ մեջ ու թուղթը քամվում է առանց տառերի ու տառը քամվում է քո թաց արցունքների շողքի տակ ու ես չկամ ու ինձ կանչիր ու ես կգամ ու քեզ նոր նամակ ու նոր սերմ կբերեմ։

 

Աչքերս փակում եմ որ տեսնեմ ու տեսնեն որ ես մեռած եմ։

 

Ու հետո երկինք ու հետո արև դեղին թուղթ ու թղթե ասեղ ու հետո ծմակ ու ծրար ու հետո թղթե երակ հետո նամակներ ու տրաքած երակի հրավառություն ու մի գրաքած որ կարդում է հաշիշ-հեշտոց նամակներս ու ոչինչ չի փոխվում որովհետև ես թանաքի նարկոման եմ կամ նամակոման։

 

Պատրաստեց փոքրիկ տղան

Մի ճերմակ թղթե նամակ,

Իջեցրեց նամակը նա

Հեշտոցի ալիքների վրա:

 

Իմ փոքրի՜կ նամակ,

Իմ փոքրի՜կ նամակ,

Կհասնե՞ս, արդյոք,

Մահին կապուտակ:

 

Նամակս փակում եմ որ տեսնեմ ու տեսնեն որ ես մեռած եմ։

 

Իմ բերանը հատակ չէ այլ իսկական առաստաղ։

 

Նամակ 6

 

Ու պատառաքաղը ես խրում եմ նամակիդ մսի մեջ ու լափում մատներիդ բույրը ու այն բույնը որտեղից ամեն օր քո ներսի կինն է ծնվում։

 

Ու ես տղամարդ եմ ու ես կին եմ ծնում ու մանուկ նամակներ ու մանուկներ ովքեր իրենց ծնողների ծնողն են ու մանուկներ որոնք աստվածներ են ծնում առնանդամներով ու հեշտոցներով ու նաև բազում հերմոֆրոդիտ աստվածներ որոնց նամակները կես տղամարդն ու կես կինն է գրում սուր տառերով որոնցից սերմ է հոսում ու փափուկ տառերով որոնցից ու կին ու սերունդներ են հոսում։

 

Ես քեզ երեկ կարդում էի Արթյուր Ռեմբոյի Հարբած նավը ու մտքիս մեջ գրում իմ ՀԱՐԲԱԾ ՆԱՄԱԿԸ որի մեջ տառերն իրար համբուրում են որտեղ նախադասությունները խրվում են իրար մեջ ինչպես պարանը կախվողի վիզը որտեղ լքված տեսիլքները իրար են գտնում որտեղ էգ օձը նման է հեշտոցով առնանդամի որտեղ փտած կրծքերից ժժմունք է դուրս թափվում ու սերմ-ժահր է լցվում հավերժի դեմքին ու սոված երեխաներ որոնք աղոթում են աղոթքը ուտելով և սադիստ ծնողներ որոնք դասից փախած երեխաների ոտքերն են կտրում ու տոննայով անոտ աչքեր անթարթիչ ու տկլոր աչքեր ու գլորվող մարմին ու Նեմեզիդայի նամակներն եմ ես կարդում ու դառնում Ռեմբոյի պես տեսանող կամ անողոք անողնուցք ու իմ նամակները ուռուցքներ են որոնք տրաքում են ձեր բիբերի դժգույն հրապարակներում։

 

Ասող ասեղ եմ ես ու ես ասում եմ որ իմ տառերը ստեղնաշարեր են որոնք խրվում են ձեր մաշկի մեջ ու բառի երաժշտությունը սրսկվում է ու թափվում ու պրծնում ձեր մեջ։

 

Իմ գրականությունը ու իմ նամակները ժահրաժշտություն են։

 

Ու բառի ժայռը հրաժեշտ է տալիս ձեզ ձեզ որ ամբողջ կյանքում միայն ձեր տան անկյունը կուսումնասիրեք ու ձեր լեզվի կուսությունը ինձ հույս չի ներշնչում։

 

Ու իմ նամակը կարդալուց հետո դու արդեն կույս չես ու ես գրելուց արդեն կույս չէի։

Ես կուշտ եմ կույսերից։

 

Հարբած նամակը դնում են ծրարի մեջ ու այս բութ ու դատարկ խաժամուժ ամբոխի մեջ որը գիրք կարդալուց հետո էլ նույնիսկ բխկում է այս ժժմունքով հեռանում իմ նավը հեռու այս ՀՈՌԻզոնից ու գնում է դեպի այն կղզին որտեղ ինձ սպասում է այն կինը որ կարդում է իմ բոլոր նամակները և կարդալու ընթացքում նրա միջից անվերջ կին ու սերունդներ են հոսում։

....

 

Նամակ 7

 

Լուսինը շնչում է իմ նամակները և լուսինը վերքեր է արտաշնչում։

 

Ես քեզ ուզում եմ այս նամակի մեջ բոդլերյան սնունդ դնել։

Գիտես ինձ համար գրողների անունները սնունդ են ու ես ուտում եմ նրանց անունները և իմ անվան գրականության դղյակն եմ իմ մեջ կառուցում։

Այսօր սպլինն ինձ պատել։

Իմ լեզուն սպլինի սպին է։

 

Այս երեկո լուսինը անրջում է նվաղուն, Գեղեցկուհի մի որպես պառկած փափուկ բարձերին,

Որ մինչև քուն մտնելը կրծքերի հետ է խաղում,

Սահեցնելով ձեռքերը նրանց նրբին ծալքերին:

 

Այս բանաստեղծությունը սիրելիս կոչվում է Լուսնի տխրություն։

Քո որովայնը այն վայրն է որտեղ ապրում է իմ տխուր սաղմը։

Քո կուրծքը պառաված լուսինն է։

 

Վրան քաշած ատլասե ամպերն ինչպես մի վերմակ,

Երկարատև ու անուշ ցնորանքին է տրվել

Ու նայում է անդադար տեսիլքներին այն ճերմակ,

Որ եթեր են բարձրանում որպես փարթամ ծաղիկներ:

 

Մեր երեխան Ծաղիկներ է գրկել։ Նա դեռ չգիտի որ թառամած Ծաղիկների դուստրն է։ Ու սև ու սպիտակ ուսեր հին նկարի մեջ ու անգույն ստինքներ հին նկարի մեջ ու անգույն լեզու ու ողնաշար հին նկարի մեջ ու իմ լեզուն ողնաշարն է իմ բառերի։

Ու հին նկար հին նկարի մեջ։

Ու հին կին հին նկարի մեջ։

 

Երբեմն, երբ իր պարապ թալկության մեջ նա ծածուկ

Գնդի վրա այս թշվառ կաթեցնում է արտասուք,

Մի ոգեշունչ բանաստեղծ, որ երբեք քուն չի գտնում,

 

Քնելը բանաստեղծի համար չէ պարոն բանաստեղծ քնելը նրանց համար է որոնք ծնվել են հանգիստ ու երջանիկ ապրելու համար։ Նրանք նամակներ չեն գրում ամեն գիշեր նրանք ամեն գիշեր լուսնին չեն լիզում նրանք ամեն գիշեր իրենց ծանր անքնությամբ պատուհաններ չեն կոտրում նրանք ամեն գիշեր արև չեն վիժում։

 

Առնում է իր ափի մեջ այդ արտասուքը պղտոր,

Որ ցոլցլում է ինչպես լուսնաքարի մի կտոր, Եվ նետում խորքն իր սրտի, որտեղ արև չի մտնում։

 

Բացիր ազդեցիկ ազդրերդ սև ու սպիտակ իմ սպլին իմ սև ու սպիտակ արևը հիմա քո մեջ մայր կմտնի։

 

Հազարավոր նամակներ լուսնի լեռներից հոսող։

 

Գիշերը նամակներիս մեջ ու նամակներ սնկի պես աճած գիշերներում իսկ իմ սիրտը հավերժ բոդԼեռներում է։

 

Նամակ 8

 

Արենակաթ Ծաղիկը հորանջում է ու կաթ կաթ պոկվում են թերթիկները ու մի մութ տղամարդ կնոջ արյան մեջ լուսավորվող։

 

Իմ արյունը նոր մայրցամաք-նամակով է հոսում ու ես գիտեմ որ երբ դու քնում ես քո հայելին թռչուններն են լիզում։

 

Դու հավաքում ես քո հեքիաթային մազերը և նայելով հայելու մեջ որտեղ երևում է քո նորածին նամակի արտացոլանքը գրում ես

-Ինչն է դուր գալիս քեզ իմ մեջ։

-Ինձ դուր է գալիս որ դու ինձ հետ երբեք չես ուզենա սրճել։

-Էլ ինչն է դուր գալիս։

-Ինձ դուր է գալիս որ ես քո դուրը ակնհայտ չեմ գալիս։ Գիտես երբ ամեն անգամ քեզ տեսնում ու բարևում են ու ժպտում ու հարցնում թե ոնց ես ու դու սիրալիր պատասխանում ես ես այդ ամբողջ ընթացքում անընդհատ մտածում եմ միայն դրա մասին որ ԵՍ ՔԵԶ ԴՈՒՐ ՉԵՄ ԳԱԼԻ ու հետո վերադառնում եմ տուն բացում դուռը ներսից փակում ու նորից նստում դեպրեսիայիս ոսկե նկուղում։

 

Ես փակում եմ վարագույրը ես ծրարում եմ գիշերը։ Գիշերը մի նամակ է որ բացի լուսնից ոչ ոք չի կարող կարդալ իսկ աստղերը ընդհամենը անիմաստ կետադրական նշաններ են դրված չերևացող բառերի ու մտքերի արանքում։

 

Դու իմ հիշողության մեջ այդպես էլ կմնաս։ Գիշեր փողոց ու դեմքի վրա վերքեր։

 

Վերքը և գիշեր է և փողոց։ Վերքը քո դուստրն էր որ մի օր իմացար որ խեղդվել է գետի մեջ։ Նա այնքան լավ է լողում ասում էիր դու ինձ նա դեռ դուրս կգա գետի միջից ասում էիր դու ինձ իսկ գետը հոսում էր ու հոսում իսկ գետը մի քանի օր է դեռ անցել բայց արդեն հասցրել էր մոռանալ թե ում մասին ես խոսում։

Հետո գտան դիակը որը մաքուր էր այնքան մաքուր որ նրա միջից գետը ջնջել էր այն ամենը ինչ մարդկային է ու մնացել էր գեղեցիկ աղջկա պատյան իսկ պատյանի տակ մաքուր ջուր։

Խմիր մահը ու մայրական ծարավդ թող հագենա։

 

Իսկ հետո հազար ու մի նամակ գրեցի ես քեզ ու հետո հազար ու մի լուսին անցան գնացին ու հետո հազար ու մի հայելիներ կոտրվեցին ու հետո հազար ու մի տղամարդ ու անկողին փոխեցիր։

 

Աթոռին անդեմ նստած եմ չնայած այնպիսի տպավորություն է որ աթոռի վրա մեռած եմ բայց մեռնելը ինձ չի խանգարում նստած լինել ու առավել ևս նամակ գրել։ Աթոռին նստած եմ ու վարագույրի հետևում արենակաթ լուսինը հորանջում է ու կաթ կաթ պոկվում են վերքերը ու մի մութ նամակ կնոջ արյան մեջ լուսավորվող։

 

Դու իմ հիշողության մեջ այդպես էլ կմնաս։ Գիշեր փողոց ու դեմքի վրա չգրված վերքեր։

....

 

Նամակ 9

 

Իմ գիշերը սուրճի չորացած մրուր է տիեզերքի սև բաժակի մեջ լցված իսկ քո կրծքի մեջ իմ անքուն գիշերների գետն է հոսում ու ես հիմա նամակիս փոսում եմ ու նամակիս անդունդից խոսում եմ ու ասում որ սիրում եմ ամեն տեղիդ համը որ սիրում եմ ամեն տողիդ համը։

 

Ամպրոպ է ու դու ինձ ասում ես որ ես այս կայծակին եմ նման ես Կայենն եմ ով ծակում է քեզ լեզվով իմ կին ու դու հիմա մեռած ես ու քո աննման մահով դու ինձ ու իմ կայծակին ես նման։

 

Քո ձեռքերում հայելի է ու Ծաղիկ իմ ձեռքերում կուրծքդ ու Ծաղիկդ։ Կուրծքդ իմ հայելին է որի մեջ ես տեսնում եմ իմ սիրտ-երեսը ու լեզուս բաբախում է ու խմում բառ-կաթ ու բարկանում որ ես քո ճաքած հայելին են ու ճաքած ճանապարհդ ու շրթունքներիդ շուրջ քո լեզուն է պտտվում ինչպես լուսինը արևի շուրջ ու շրջում ես արևի էջը ու ահա լուսինը մի ամբողջ շրթունք-էջի վրա ու սուրճ-շրթունքներդ եմ համբուրում ու քո համբույրը հաբ է ինձ համար ու բավ է ես պիտի իմ լեզվով բովեմ լեզուդ ու իմ տաք բառերը լցնեմ քո սառը բերանը լուսին։

 

Իմ սպիտակ նամակները ես լուսնի մաշկից եմ ստանում։ Ես նրան ամեն գիշեր քերթում եմ ու քո նուրբ մատներով դու թերթում ես արյունոտ նամակներս որոնց մեջ ես գրում ես որ տիեզերքը ամեն գիշեր իր սև աչքով շոյում է ինձ ու սրճաչքով ես շոյում եմ քո մուգ ստինքները։

 

Ստինքներակդ կտրեմ ու թող հոսի քո կաթը իմ անքնության կողքով ու թող քո շնորհիվ ես երբեք չքնեմ ու թող քո շնորհիվ ես մեռնեմ ու ես երջանիկ լինեմ իմ թղթե տառապանքի խարույկի վրա։

 

Իմ նամակի վրա սև պատուհան կա բացիր այն այնտեղ կտեսնես իմ կրծքի վրա աճող հայելի դարձած Ծաղիկներ ու փշրված Ծաղկի բեկորներ որոնք աստղերի պես վխտում են սուրճի մրուր դարձած երկնքի վրա։

 

-Կարդա նամակս սիրելիս բայց խնդրում եմ մենակ չլացես ես ուզում եմ միասին արտասվենք։

 

Ես սիրում եմ ամեն տեղիդ համը ես սիրում եմ ամեն տողիդ համը։

 

Նամակ 10

 

Մեն մի նամակ եմ փնտրում սենյակիս մեջ թափված նամակների սարերի մեջ ու գտնում եմ քար-սիրտ ու քարացած մտքեր ու կարծրացած տառեր ու բարձրացած ու գահավիժած մտքեր ու թռչուն վիժած կնոջ ու ոջիլ կերած տառեր ու ոջիլ կերած հեշտոց ու կրծքեր ու չկա այն մի նամակը որի մեջ տիեզերք էր թափված ու մեկ էլ մի բաժին սուրճ քո շրթունքին ծայրին դրած ու ես համբուրում եմ քեզ ու սուրճ ու պռունկ ու կռունկ ու ունկ լիզող բերան ու մի ումպ ու քո կինը քո ներսում մերկ լողում է հավերժ։

 

Ու արևը բողոքում է որ ես չափազանց մարդ եմ ծնվել ու այրում է ինձ ու նեխում է միսս տաք արևի տակ ու միայն սիրտս ու լեզուս է թարմ մնում այս մրում ու մարմնիցս առաջած կրով ես իմ նամակ-դղյակն եմ կառուցում ու դու կարդում ես ինձ ու դառնում այդ աղե դղյակի տիրուհին։

 

Ես հիշում եմ քո ոտքերը որոնք անցնում էին իմ դիմացով ու կետադրում իմ կիրքը ու երեխային որ անհայտ կետադրական նշանի պես պիտի դուրս գար քո շեշտ հեշտոցից իսկ ես ստորակետի պես ծռված ու կախված սեփական մտքերից քնում էի քո կողքին ու երկուսով մենք մի մեծ վերջակետ էինք մեր չգրված ու ավարտվոող անկողնու սպիտակ թղթին։

 

Իսկ հիմա դու հղի ես միջակետով ու ես սպասում եմ թե ինչ պիտի լինի ու առհասարակ ինչ որ բան լինում է բացի չլինումից լինելուց հետո երևի իրոք ոչինչ էլ չի լինում։

 

-Գիտեմ հիմա քո մասին պիտի խոսենք ուղղակի ինձ շատ հուզեց քո նամակը իմ մասին։

-Ոչինչ չէ որ քո մասինն էլ է իմ մասին։

 

Ու ես հիմա նայում եմ քեզ ու մտածում քո մազերի մասին ու իմ մասին թե ինչպես է անցնելու իմ կյանքը այդ մազերի մեջ մազեր որոնք ինձ դրախտ ու դժոխք են խոստանում ու ես քեզ խոստանում եմ որ ես քեզ նամակներ կգրեմ նույնիսկ մեռնելուց հետո ու իմ այդ նամակները Ծաղիկները կլինեն ու ծաղկած աստղերը ու մեկ էլ արևը հարված քո գեղեցկությունից ու ապտակ ու հարված իմ այտին ու կարմիր արև այտիս վրա ու հարված ու հալված նամակներ որոնք ծորում են իմ ու քո մատների ու շրթունքների վրայով։

 

Ու բացվում է նամակը ու ես կրկին նրանում գտնում եմ քար-սիրտ ու քարացած մտքեր ու կարծրացած տառեր ու բարձրացած ու գահավիժած մտքեր ու թռչուն վիժած կնոջ ու ոջիլ կերած տառեր ու ոջիլ կերած հեշտոց։

….

 

 

299 views

Recent Posts

See All

Comments


bottom of page