top of page
Writer's pictureBook Fest

Մարիամ Հերգնյան


Արժանացել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգի «Առաջին մրցանակ»-ին:

 

Ավարտել է ՀՀ ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը՝ «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտությամբ: Սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ ստանալով «Հոգեբանություն» մասնագիտության մագիստրոսի աստիճան։ Աշխատել է «Ժեստ» հոգեբանական Կենտրոնում՝ որպես հոգեբան: Վիսբանդենյան ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղում ստացել է WAPP հոգեթերապևտի որակավորում։ Զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով, վերլուծությունները, հոդվածները և գրախոսականները տպագրվում են հանրապետական մամուլում: 

 

 

-Ի՞նչ է լինում այն մարդու հետ, ով ապրում է իր գլխում։

-Անկե՞ղծ, չգիտեմ․․․

-Լավ, իսկ ի՞նչ է լինում, երբ սկսում ես պատմությունը և ինքդ էլ չգիտես, թե ինչպես այն կավարտվի։

-Ուղղակի կարդում ես ․․․

 

Գաղտնիքը վերջում կիմանաս․․․

 

Միտք 1 - Ա՜խ այդ մեծ ամպերը

 

Գիշերվա ժամը 4:00-ն է: Հիմա լույսը կբացվի։ Երանի՜ վաղը տանը լինեի․ չէի մտածի, որ դարձյալ հոգնած դասի կգնամ: Բայց եթե տրամաբանենք, որքան շուտ քնեմ, այնքան շուտ դասի կգնամ։ Թերթում եմ հերթական հետաքրքիր տեսանյութը: Չեմ ուզում թերթել, բայց շարունակում եմ նայել և արթուն մնալ:

Վերջապես ուժ եմ հավաքում, որ հեռախոսը մի կողմ դնեմ, բայց․․․ 

«Իսկ ինչպե՞ս կարելի է գտնել»... «Այսօր լավ օր էր ճամփորդելու համար»․․․ նայում եմ հաջորդ reels-ները, story-ները․ կարծես անհնար է դառնում հեռախոսը մի կողմ դնելը: 

-Աղջի՛կ ջան, վերջապես քնի՛ր,- լսում եմ մայրիկիս ձայնը դռան մոտից:

-Մա՛մ, գնա՛ այստեղից։ Ի՞նչ ես ուզում։

Իմ ամենաատելի պահերից է, երբ ես սենյակումս եմ, և մայրս գոռում է, որ հեռախոսը մի կողմ դնեմ ու քնեմ։ Ե՞րբ պետք է հասկանան․ որ ես արդեն մեծ մարդ եմ, և ինքս կորոշեմ, թե երբ քնեմ։ Ու այդ պահին մայրիկի խոսելը հակառակն անելու ցանկությունս արդարացրեց: Ի՜նչ գեղեցիկ է... ուզում էի նայել հերթական հետաքրքիր լայֆհակ, հանկարծ սենյակ ներխուժեց մայրս ու իմ ձեռքից խլեց հեռախոսը։ Այդ ամենն այնքան անսպասելի էր, որ զայրույթից սկսեցի գոռալ․

-Տո՛ւր․ իմն է, իմ անձնական իրն է։ Ամեն երեկո նույնն ես անում։ Ոչ մեկի ծնողներն այդքան վատը չեն, որքան դու։ Ես ատում եմ քեզ։

Մայրս հանգիստ նայում է ինձ, քանի որ նման երևույթները մեր կյանքում հաճախ էին տեղի ունենում, հատկապես՝ վերջին շրջանում, և, խոսքը մեր մեջ, ես ամեն անգամ գտնում էի հիմք ինձ արդարացնելու համար։

-Խնդրում եմ, կամաց,- փորձում էր հանգստացնել մայրս,- բոլորը քնած են, կարթնանան։

-Տո՛ւր, իմն է,- գոռացի ես և սկսեցի լաց լինել։

Մորս նյարդերը տեղի տվեցին, նա հեռախոսը նետեց մահճակալի վրա և սենյակից դուրս եկավ:

Սկսեցի հեկեկալ և միացնելով իմ հեռախոսը՝ փորձեցի ընկերներիս մեջ գտնել գոնե մեկին, ով արթուն է։ Ես այնքան դժբախտ ու միայնակ էի ինձ զգում։ Հերթով թերթեցի նամակներս, տեսա, որ որևէ մեկն արթուն չէր, իսկ ես այնքա՜ն կցանկանայի խոսել ինչ-որ մեկի հետ։ Ամեն երեկո այդ նույն տեսարանն էր․ ի՞նչ են ուզում ինձնից։

Մի կերպ լույսը բացվեց։ Արթնացա ուռած աչքերով և մեծացած գլխով։ 

Տանից դուրս գալով՝ հանդիպեցի իմ հարևանուհուն, ում բոլորը Աղավնի մայրիկ էին ասում, և նրա 15 ամյա թոռանը։ Այդ տղան իրականում մի փոքր տարօրինակ էր։ Երբ փոքր էի, խաղում էինք միասին, հիմա այլևս հետաքրքիր չէ։ Իր տատիկին թվում է, որ իր թոռը շատ խելացի է։ Մայրս սիրում է նրանց, իսկ ես այդ սիրո հետևանքով ավելի եմ ատում նրանց։ Հրայրն այսպիսինն է, Հրայրն այնպիսինն է, սա արեց, նա արեց․․․

Այսօրն անցավ շատ դժվար։ Ես կասեի՝ լավ կլիներ առհասարակ մի աղետ լիներ՝ դպրոց չհասնեի։

-Մա՛մ, պա՛պ,-գոռալով մտա տուն այդ ատելի պարապմունքից հետո․ ծնողներս են որոշել, որ ինձ համար լավ կլինի դաշնամուր պարապել։

Եթե բարձրախոս ունենայի, բարձր կասեի՝ ես ատում եմ ձեր դաշնամուրը։

Փորձեցի լույս վառել․ պարզվեց, որ մեր լույսերը անջատել են․ հիմա էլ վթար էր տեղի ունեցել՝ մութ էր ու ցուրտ: 

-Վառարա՛ն, գոնե դու վառվեիր։ Հասկացե՛ք՝ մրսած, հոգնած և սոված եմ,- դժգոհելով սկսեցի փնտրել մոմ, իսկ մեր բուխարին կուլ էր տվել վերջին փայտի կտորը:

Լուցկին վառելով՝ բարձր արտասանեցի․

-Վառվի՛ր, փոքրի՛կ էակ,- և խղճալով նայեցի գրեթե կորացած փոքրիկ մոմին, որ հոգնել էր մեզանից:

Մի կերպ վերջացնելով «Մթան մեջ աշխարհը փնտրելու» գրքի առաջին մասը, գնացի փայտ բերելու:

-Վա՜յ, Աստվա՛ծ իմ, գոնե մի քիչ տաք լիներ,- հետո ասածիս վրա սկսեցի ծիծաղել․-Դե որ տաք լիներ, փայտը ինչի՞ս էր պետք։ Ծառերն էլ մի քիչ երկար կապրեին: Առհասարակ շատ եմ մտածում՝ տեղին ու անտեղին: Ըհը՜, լսեցի՞ք․ հերթական բողոքը: Վերջապես ապահովեցի սենյակի ջերմությունը: Հիմա մնաց հաջորդ քայլը, գտնել ծնողներիս, մի՞թե ինձ լքել են։ Չէ՛, չեմ կարծում։ Այդքան վա՞տն եմ, որ ինձնից փախել են։ Չնայած ի՞նչ իմանամ:

Վերջին ծնողական ժողովին ահագին քննարկեցին իմ արկածները դպրոցում։ Թեև կային նաև գովեստի խոսքեր՝ որպես գերազանցիկ, սակայն դասից փախչելու, դասարանը ծխով պատելու և կռիվներ սարքելու համար կարելի էր ինձ պարգևատրել: Լավ, մի խոսքով․ տխուր մտքերը փորձում էին ինձ կուլ տալ: Հիշեցի դրսի ցուրտը, ծնողներիս հետ ունեցող անդադար վեճերը, ուսուցիչներին: Ու անկախ ինձնից՝ մի խորը հոգոց դուրս թռավ կոկորդիցս։ Այնքան ուժգին էր օդի տատանումը, որ քիչ մնաց՝ մոմը հանգի:

-Սոսե՛, Սոսե՛, արդեն եկե՞լ ես,-լսեցի մայրիկիս ձայնը: 

-Հա՛, մա՛մ ջան, իսկ որտե՞ղ էիք:

-Գնացել էինք Աղավնի մայրիկին տեսնելու, մի ափսե տաք ճաշ տարա։ Դե միայնակ կին է, հետն էլ թոռանն է մեծացնում։

-Մա՛մ, սոված եմ,- խոսակցության թեման փոխելու համար ասացի ես:

-Մի՞թե քեզ ոչինչ չի հետաքրքրում,- սառը հայացքով նայեց մայրս և գնաց խոհանոց:-Ինչպե՞ս կարող ես այդպես վերաբերվել, միասին եք մեծացել։

-Փոքր էի․ չէի հասկանում,-հետ դարձրի ես։

Այդպես հաճախ էի վարվում, երբ ցանկանում էի փախչել այդպիսի թեմաներից, իսկ մերոնց թվում էր, թե ես սառը մարդ եմ, և ինձ ոչինչ չի հետաքրքրում, սակայն միայն ես գիտեմ, թե որքան եմ տառապում տարբեր մտքերից: 

-Ես Ձեզ երբեք էլ չեմ հետաքրքել, իմ մտքերը՝ առավել ևս,-ինձ ու ինձ խոսելով՝ գնացի սենյակս։

Ամեն ինչ լուռ էր, մտա սենյակս, վառեցի մոմը և նստեցի գրասեղանի մոտ: Այսօր մնացի մոմի լույսի հույսին․ ոչ ինտերնետ, ոչ էլ հեռախոս․ գժվել կարելի է։ Չէ՞ որ ես էլ իմ խնդիրներն ունեմ, և ինձ տարբեր հարցեր են անհանգստացնում: Իսկ նրանց թվում է․․․ զայրույթս մի կերպ զսպեցի։ Այդպես էլ մտածեք։ Ես սառն ու անհոգի եմ։ Լսվում էր դրսի քամու ձայնը, որ կարծես ուզում էր հանգցնել իմ միակ լուսատուին: Այդպիսի պահերին ինձ պատում էր մի անբացատրելի տագնապ, ու ներսս մթնում էր: Ցուրտ ձմեռ, մթություն, մտքեր… Այս չորս բառերն էին առավել շատ լսվում այս պահին իմ ներսում։ Տեսնես ընկերներս հիմա ի՞նչ խաղ են խաղում։ Ինձ թվում է՝ աշխարհի բոլոր խնդիրներն ինձ են տվել։ 

Մութ էր սենյակում, շատ մութ: Տագնապն ու ցուրտը մի տեսակ մտել էին ոսկորներիս մեջ։ Ես փորձում էի գտնել ինչ-որ ուրախ զգացողություն, սակայն չէր ստացվում: Մեզ՝ երեխաներիս, հաճախ ասում են․ «Դու երեխա ես, չես հասկանում»։ Երբ խոսում են սեփական մտքերից և վախերից, կրկնում են․ «Դու քո տեղը մնա, մեկ է, չես հասկանա»: Հետո էլ ասում են․ «արդեն մեծ ես․ մի՞թե չես հասկանում»։ Փաթաթվել էի վերմակովս, որը սակայն չէր օգնում։ Իսկ ովքե՞ր են այդ մեծահասակները։ Իրենք էլ իրենցից գլուխ չեն հանում, իսկ ինձ քննադատում են։ Իմ մեջ այնպիսի բողոք էր առաջացել, որ անգամ հաց չկարողացա ուտել։ Ինչո՞ւ պետք է ինձ հետաքրքրեն օտար մարդիկ, ինչի՞ս են հարկավոր իրենք․ մեծահասակներ՝ մեծ երեխաներ, ովքեր ինձնից ու քեզնից առավել շատ վախեր ունեն: Տեսնես նրանք վախենո՞ւմ են մթությունից: Մտածում էի և ինքս ամեն անգամ վեր թռչում իմ սեփական ստվերից, երբ այն հատնվում էր պատի վրա: Ու նստած իմ փոքրիկ մութ սենյակում՝ սկսեցի խաղալ մոմի հետ: Ես եկել էի սենյակ դասերս անելու նպատակով, սակայն, ինչպես նկատում եք, ահագին մտքեր ունեի, որոնց մասին մտածում էի ողջ օրը և չէի կարողանում կողմնորոշվել: Ճիշտ է, բոլոր մեծահասակները, ինչպես իրենք են իրենց անվանում, ասում են, որ կրակի հետ պետք չէ խաղալ, սակայն լուցկիով հալված մոմի հոսքը փոխելու գայթակղությանը ես չկարողացա դիմանալ ու տեսնում եմ լույսի տարածումը սենյակում, իսկ վառված մոմը կարծես կախարդական լույս է սփռում այդ համատարած գորշության մեջ: Եվ այդտեղ, կարծես սկսվում է հեքիաթը: Զգում եմ, որ մի բան այն չէ, ինչո՞ւ ենք հայտնվել այնպիսի անորոշ վիճակում, որ յուրաքանչյուր կողմից կա ճնշվածություն: Բոլորիս կյանքում էլ լինում են այդպիսի պահեր, երբ ամեն ինչ սև է, բայց այժմ կարծես մի ամբողջ աշխարհ է դարձել այդ գորշությունը։ 

Կարծում եմ՝ դուք էլ եք զգում, որ ինձ մոտ տխուր և սև շրջան է՝ դպրոցից բողոք, տանը բողոք, հեռախոսս ու պլանշետս վերցնում են․ թողե՛ք ինձ հանգիստ։

-Դասե՛րդ արա,- լսեցի մորս ձայնը։

-Վա՜յ, Աստվա՛ծ իմ,- քթիս տակ ասացի ես ու բացեցի դասագիրքս: Այնպիսի ժամանակներ են, որ ամեն բան խառնվել է իրար, բայց կարծես այդ մթության մեջ սահում էր իրականությանը զուգահեռ մի այլ աշխարհ: Ես զգում եմ, որ մի բան այն չէ, որ սխալ է, որ այսքան թեմաներ ինձ համար մի փոքր շատ են, ինձ շատ բան է անանգստացնում, բայց լուծում չեմ գտնում: Միաժամանակ զգում եմ իմ սեփական տարօրինակությունը, չեմ ցանկանում խոսել, միևնույն է, ինձ ոչ մեկ չի հասկանում ու իմաստ չունի ինչ-որ բան բացատրել: 

Ես, մտքերով ընկած, փնտրում էի հերթական մոմի կաթիլային ճանապարհը: Չզգացի, թե որքան ժամանակ էի նստած, երբ հանկարծ մոմի լույսը ճռճռաց և սլացավ վեր՝ այնքան վեր, որ իմ սեփական ստվերը սկսեց պարել սենյակումս, ու ես վախից կուչ եկա մի անկյունում և պինդ փակեցի աչքերս: Հանկարծ մի նուրբ ձեռք իմ ձեռքերը զգուշությամբ տարավ մի կողմ, ու ես, շունչս պահած, սպասում էի, որ այդ լույսը ինձ կուլ կտա: Ցանկանում էի հասկանալ՝ դարձյալ իմ մտքերում եմ, թե իրական է այս ամենը: 

Սակայն հանկարծ այդ լույսը վերածվեց մի հետաքրքիր էակի, ում առաջին անգամ էի տեսնում, ու սկսեց ինձ այս ու այն կողմ քաշքշել: 

Ինձ խուտուտ տվեց այնքան, որ քիչ էր մնում՝ ծիծաղից մեռնեի, ու սկսեցի գոռգոռալ ծիծաղից: Նա նման էր կլոր ոսկե գնդի, ով ուներ աչքեր ու բերան․ դատելով տեսքից՝ հասկացա, որ հազիվ մի երկու տարեկան լիներ: Ու հանկարծ ձեռքիցս քաշեց, ինձ պոկեց մեր տնից, անցանք պատուհանի հաստ ու թափանցիկ շերտով, ու սլացանք մութ, ցուրտ երկնքով դեպի անհայտ ուղղություն: Այնքան արագ տեղի ունեցավ այդ ամենը, որ չհասցրի մտածել: Թավ ամպերն անցնելով՝ հասանք երկինք, անցանք աստղերի միջով։ Ես կուլ տվեցի ահագին աստղափոշի ու հասանք ախր չգիտեմ, թե ուր։ Ինչպե՞ս ասեմ, ախր ես չեմ սիրում ստել, չնայած որ մայրս անդադար կրկնում է, որ սուտասան եմ: Այս միտքն էլ է հաճախ ինձ տանջում․ ինչո՞ւ է ինքն այդպես մտածում։

Հիմա կասեք, թե ժամանակ եմ գտել այդ մասին մտածելու․ ի վերջո որոշեցի հետ դառնալ իրականություն։

-Հե՜յ, կարելի՞ է իմանալ, թե մենք որտեղ ենք,- ձայն տվեցի ես:

Փոքրիկ արարածը հետ պտտվեց, ծիծաղեց, ծիծաղեց և վերացավ:

Մնացի միայնակ հսկակայական մեծ սենյակում, որտեղ պատեր չկային ու միայն դռներ ու պատուհաններ էին, իսկ հատակը շատ փափուկ էր: Այդ վայրում երկնքից կախված էին մեծ ջահեր: Ու հանկարծ ներս մտավ երկար ոսկեփայլ զգեստով մեկը: Նա մի բարձրահասակ կին էր՝ հրե, ոսկեգույն մազերով, մոտավորապես իմ մայրիկի տարիքի:

- Տեսնո՞ւմ ես այս դղյակը,- հանգիստ ձայնով ասաց նա:

Նայեցի շուրջս և մի կերպ ծիծաղս զսպելով՝ պատասխանեցի․

-Այո՛, իհարկե տեսնում եմ։

Այնտեղ, որտեղ մենք էինք գտնվում բացարձակապես նման չէր դղյակի, կամ, ավելի շուտ, իմ պատկերացմամբ դղյակի, և կինը շարունակեց. 

-Ժողովուրդն աստղերը դիտում է որպես երկնքի կանթեղներ, որոնք, իբրև ջահեր, առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն և անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Դրանց մի մասը բարի է, մյուսը՝ չար: Երկնակամարը պտտվում է, աստղերը ծագում են ու մայր մտնում: Ամեն մարդ աշխարհ է գալիս մի աստղի տակ: Այն աստղը, որի տակ կանգնում է մարդը ծնվելիս, իր բախտն է՝ «Բախտի կամ երջանկության աստղ»։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե նրա աստղը չար է, նա անբախտ է:

Ես լսեցի ու շարունակեցի մի կերպ պահել ծիծաղս: Կինը, նկատելով իմ խաղացող աչքերը, ասաց.

-Իսկ Դու գիտե՞ս, որ ինքդ էլ Չար աստղի տակ ես ծնվել: 

-Ես՞,-ժպտալով հարցրի ես։

-Այո՛, լավ կլինի լրջանաս ու ինձ լսես,-բարկացավ այդ կինը։

-Չար աստղ չգիտեմ, բայց որ սա չար կատակ է, դա արդեն զգացի, ես կարո՞ղ եմ հետ դառնալ տուն կամ գոնե արթնանալ, քանի որ չար երազներ նույնպես լինում են:

Դե ինչպես մայրս էր ասում, որ չպատասխանեմ, սիրտս կտրաքի:

-Տո՞ւն։ Քո տունն այստեղ է, դու իմ զավակներից մեկն ես,- կարծես ասածս չնկատելով՝ պատասխանեց կինը: - Դու միակն էիր, որ ծնվել էիր չար աստղի տակ, և ըստ աստղային օրենքների՝ այստեղ մնալ չէիր կարող, և ես քեզ տվեցի քո մորը։ Նա շատ բարի է, և յուրաքանչյուր առավոտ՝ լուսաբացին, արևի առաջին շողերից խնդրում էր իրեն փոքրիկ պարգևել։

-Ե՞ս,- տարօրինակ նայելով հարցրի:

-Փորձի՛ր առանց ընդհատելու ինձ լսել, գոեն մինչև վերջ,- շեշտակի նայեց կին: -Դու չես նկատում, թե քո շուրջը ինչ է կատարվում: Ամեն բան խառնվել է իրար, իսկ դուք այնքան միասնական չեք, որ հասկանաք, որ ձեր աշխարհը փլուզվում է: «Հայա» աշխարհամասը փլուզվում է։ Դուք հայտնվել եք համատարած խավարի մեջ: Ու գիտե՞ս՝ ինչո՞ւ: Որովհետև իմ դուստր արեգակին գողացել են, ու դու միակ կապող մասնիկն ես այս երկու աշխարհների միջև։ Ես լուսավորում եմ, բայց ջերմություն չկա, ու իմ սերը պակասել է։ Դա ազդում է մարդկանց վրա․ նրանք չարացել են: Իսկ այժմ ցանականում են գողանալ իմ տղային, և նա ստիպված է շատ քիչ դուրս գալ՝ մի քանի րոպե, արագ սահում և անցնում է։ Դուք երևի անգամ չեք էլ նկատում։ 

- Սպասե՛ք։ Ես ոչինչ չհասկացա։ Ինչո՞ւ են գողացել Ձեր դստերը: Ու ևս մեկ հարց, գուցե ուրիշի՞ն գտնեք, որ ձեր ու մեր աշխարհը փրկի։ Ես այդքան բարի չեմ, ու ինչպես մայրս է ասում, էգոիստ եմ: Վա՜յ, կներեք։ Դուք ասացիք, որ Դուք եք իմ մայրը․ գժվել կարելի է։ Ինձ նոր միտք տվեցիք․ փաստորեն, գուցե իմ մայրը իմ մայրը չէ՞։

-Արի՛ իմ հետևից,- խիստ տոնով ասեց կին:

Եվ նա գնաց երկար արահետով: Նա բնակվում է արևի պալատում, որը գտնվում է արևելքում՝ աշխարհի ծայրին, ուր չկան ոչ սպիտակ, ոչ սև մարդիկ, ոչ էլ թռչուններ են երևում:

-Գիտե՞ս, որ այստեղ գալու համար պեսք է հագնել երկաթե կոշիկներ և ձեռքին վերցնել երկաթե գավազան, ուր կմաշվեն կոշիկներն ու կկոտրվի գավազանը, այնտեղ էլ կլինի արևի պալատը, բայց քանի որ դու իմ դուստրն ես, քեզ հարկավոր չեն դրանք։Այստեղ իրար հետևից շարված են 12 գավիթ: Դրանք կառուցված են կապույտ մարմարից և կամարապատված են: Այստեղ չկան ծառ ու խոտ, ոչ էլ թռչուններ կամ այլ էակներ: Ցերեկը, երբ արևն իր օրական ուղևորության մեջ է, այստեղ մեծ լռություն է տիրում։ Միլիոնավոր աստղեր են այնտեղ հանգստանում: Նրանց անդորրը վրդովում են միայն ցայտաղբյուրները, որոնք ցայտում են յուրաքանչյուր բակի մեջ: Մեջտեղի բակի աղբյուրի վրա կառուցված է մի ոսկե տաղավար: Նրա մոտ մարգարտապատ մի մահիճ է բացված, եզրին՝ լույսերի մեջ, նստած է արևամայրը և իր որդուն է սպասում: Եվ ահա նա՝ բոցավառված վերադառնում է իր պալատը՝ հոգնած օրվա իր ուղևորությունից: Աստղերը ոտքի են կանգնում, ողջունում նրանց ու երկնակամար բարձրանում: Արև-հերոսը լողանում է զուլալ ջրի մեջ։ Մայրը գրկում է իր Արև-Հերոս զավակին, հանում ջրից, տեղավորում մահճում՝ իր գրկի մեջ: Վերջինս հանգստանում է, որպեսզի հաջորդ օրն առավոտյան վաղ վերսկսի իր երթուղին։ 

Ես ուշադիր լսում էի։

-Սոսե՛, արթնացի՛ր,-լսեցի մայրիկիս ձայնը;

-Մա՛մ, դե թող քնեմ, այսօր չեմ ցանկանում դպրոց գնալ։ Ուզում եմ քնել, բացի այդ շատ ցուրտ է։

-Վե՛ր կաց․ ամեն օր նույն պատմությունն է:

Մորս գնալուց հետո մի կերպ բացեցի աչքերս ու փորձեցի ուշքի գալ: Երբ արդեն կանգնած էի հայելու մոտ, հասկացա, որ ինչ որ մի բան փոխվել է․ ես փոխվել եմ: Սթափեցնող սառը ջրից հետո հիշեցի երեկվա դեպքը։

«Լավ, երևի երազ եմ տեսել»,- հանգստացրի ինքս ինձ։ 

-Արի՛ հաց ուտելու։

-Վա՜յ, Աստվա՛ծ իմ,- դարձյալ մայրիկիս ձայնն էր։ Գուցե, եթե նա այսքան ինձ վրա բարկանում է, իսկապես իմ մայրը չէ։ Ու սկսեցի ծիծաղել ինքս իմ մտքի վրա։

Չեմ ուզում, և ես արդեն մեծ եմ, իսկ նա անդադար փորձում է ինձ կառավարել: 

Չեմ անելու, չեմ ուզում ու սովից մեռնեմ՝ չեմ ուտելու:

Կեսօր էր։ Դասընկերներներիս հետ ծիծաղելով՝ մենք դպրոցից դուրս եկանք։ Քայլում էինք դեպի հերթական պարապմունք, տեսա՝ մեր հարևանն ինչպես է միայնակ նստել խաղահրապարակում: Ինքս իմ մեջ կռիվ տալով, հիշելով նրան ուղղված մայրիկիս գովեստի բոլոր խոսքերը՝ որոշեցի մոտենալ։

-Ի՞նչ է պատահել:

-Ոչինչ,- և աչքերի տխրությունից հասկացա, որ ոչինչն այն դատարկությունն ու տխրությունն էր, որ հաճախ կուլ է տալիս մարդկանց:

-Այդ ոչնչից ես էլ ունեմ,- ասացի ես: -Իսկ իրականում ինչն է տխրությանդ պատճառը։

-Հիշել եմ նրանց։

Ու մենք լռեցինք, մեղմ ձյունը դարձյալ սկսեց թրթռալ: Նա սկսեց դողալ

-Արի՛ գնանք․ դու մրսում ես,- ասացի ես:

-Չէ՛, չեմ ուզում: Ինձ մենակ կթողնե՞ս։

-Իհարկե, ո՛չ

-Դե ուրեմն միասին կմրսենք:

Նա նայեց դեմքիս, վեր կացավ ու սկսեց քայլել դեպի տուն։

Հասնելով մեր տան հատվածը՝ պատճառ բերեցի տետրը, խանութը և փախա։

Վազելով տուն մտա, ծնողներիս պահարանի միջից վերցրի մի քանի հաստ շոր, որ մայրս պատրաստվում էր նվիրել մեր ազգականին, ու ուզում էի դուրս գալ, մայրիկիս հանդիպեցի։

-Այդ ո՞ւր։ Դու պարապմունքի չե՞ս:

-Ե՞ս։ Մա՛մ, ճիշտն ասած՝ այս հագուստ ուզում եմ տալ Հրայրին։ Նա այսօր մրսում էր,- կմկմացի ես: Մտածում էի՝ վերջ․ հիմա մայրս կգոռգռա, բայց ի զարմանս ինձ՝ մայրս ժպտաց․

- Արի՛ գոնե գեղեցիկ դասավորենք,- ու տեսա, թե մայրս ինչպես խնամքով ծալեց և ինձ տվեց շորերը,- բայց դրանք մեծ են նրա հագին:

-Ոչինչ,-ավելացրի ես ու տնից դուրս թռա։

Ճանապարհին դարձյալ սկսվեց իմ մեջ ապրող պայքարը․ ի՞նչ մի բարիացել ես։ Մոռացա՞ր, թե ինչքան են իր պատճառով քեզ վրա ջղայնացել։

Ես շորերը տարա և զգուշությամբ դրեցի այնտեղ և փախա:

Դարձյալ եկավ գիշերը։ Չեմ կարողանում քնել․ այս անգամ հեռախոսը թերթելն անգամ չի օգնում։ Եվ հանկարծ տան մեջ լսվեց անհայտ և բարձր շնչառության ձայնը ու թեփուկների խշշոց, իսկ գույնզգույն փայլը տարածվեց դռնից այն կողմ: Նրա պոչը պատերին թողնում էր արծաթափայլ հետք, վերածվում էր գեղեցկազարդ հարթաքանդակների, սակայն նրա խուլ մռնչոցն ակամայից տագնապ էր առաջացնում։ Ես թաքուն նայում էի դռան արանքից ու վախից կուչ էի եկել։ Ես նրան չեմ ճանաչում․ կարելի է նաև վախենալ, ինչն ինձ հույս էր տալիս և արդարացնում իմ վախը: Նա պտտվեց, պտտվեց և հայտնվեց կողքիս դրված ջրով բաժակի մեջ։ Ո՞վ էր նա՝ չհասկացա, սակայն իր պոչի թողած հետքի վրա սկսեցի նշմարել հետևյալ գրվածքը (ջրի վրա փայլում էին այդ տառերը)․

«Իսկ Առասպելը պատմում էր, որ․․․․

Արևամայր թագուհի Զապելն անդադար պայքարում էր Գիշերամայր Անդալարի հետ։ Եվ արգելել էր նրանց իր որդու ներկայությամբ դուրս գալ երկրի երեսը։ Գիշերամայրերը, որ տարածում էին ցավ ու տառապանք և այրվում էին արևի լույսից, թաքնվում էին խոր վիհերում և լքված հողմաղացների մեջ։ Նրանք անդադար բազմապիսի պլաններ էին կազմում, որպեսզի կուլ տան արևի թագավորությունը, որն արդեն քանի աստղային դար տիրում էր աշխարհի վրա։ Արևամոր իմաստությունը սնում էր արևի զավակներին և յուրաքանչյուր օր առավել իմաստուն դարձնում նրանց։ Սակայն օրերից մեկ օր գիշերամայրերը գողանում են արևի զավակներից մեկին, և այդ օրվանից արևամայրը սկսում է մնալ երկարատև խավարի մեջ, և ցավն ու տխրությունը տիրում են աշխարհը։

«Հայա» աշխարհը խավարի մեջ էր»։

Ինչպես հայտնվել էր այդ կախարդական արարածը, այնպես էլ անհետացավ։ Որքան հնարավոր էր, վախից և սարսափից սկսեցի ավելի խորը ծածկվել։ Լավ, ի՞նչ է կատարվում։ Չէ՛, ես հաստատ խելագարվում եմ։ Իմ երազի կինը մի բան պատմում էր, սակայն այդպես էլ ես ուշադրություն չդարձրի։ Եվ այսպես մտքերիս մեջ ընկած՝ չզգացի՝ քնած եմ, թե արթուն․ լույսը բացվում էր։ 

-Լավ, որքա՞ն կարող եմ այսպես վախից թաքնվել, հարկավոր է հասկանալ՝ կամ անվերջ վախենում ու թաքնվում եմ այս մտքերի ու տեսարանների ձեռքը, կամ ի վերջո հաղթում նրանց բոլորին։

Մտքերս խառնվեցին իրար, և սկսեցին արշավել իմ դեմ, իսկ ես, մենակ կանգնած իմ մահճակալի կողքին, նավապետի նման պայքարում էի նրանց դեմ։

Իմ պատկերացրածից սկսեցի ծիծաղել։ Տեսնես ո՞վ է լինելու հաջորդ հերոսը։

Անցավ մեկ-երկու շաբաթ։ Ես գրեթե մոռացել էի իմ տեսիլքների մասին։ Չնայած որ մի անբացատրելի վախ էր ինձ պատել․ վախենում էի ամեն ինչից։ Կոկորդս հաճախ խեղդվում էր, ու ես չգիտեի, թե ինչ էր ինձ հետ կատարվում։ Սկսեցի հաճախ հիվանդանալ, և ամեն անիմաստ երևութի պատճառով լացում էի կամ ընկնում հիսթերիայի մեջ, գոռգոռում։ Ամեն ինչ այնքան խորացավ, որ ծնողներս ստիպված ինձ տարան բժշկի։

Պարզվեց, որ ես առողջ եմ, բայց և հիվանդ․ համենայն դեպս ինձ այդպես էի զգում։ 

-Սոսե՛, Հրայրն է քեզ հարցնում։ Ուզում է քեզ տեսնել,- ասաց մայրս։

-Միայն նա՞ է,- տխուր հարցրի ես։

-Այո՛, իսկ ինչո՞ւ տխրեցիր։ Ասե՞մ՝ մոտենա։

-Այո՛։ 

Եվ տխուր մտքերը պատեցին ինձ, փաստորեն ինձ ոչ-ոք իմ ընկերներից չհիշեց և հյուր չեկավ։ Ես այդքան վատն եմ։ Միայն նա է գալիս, ում ես այդքան արհամարհում ու խղճում էի։ Ես այդ պահին որոշում կայացրի, որ այդքան վատն եմ և արժանի եմ, որ միայն այդ խղճուկ արարածը ինձ այցելի։ Մտքերիս շարքը խառնեց նա՝ մեծն բարեգութ Հրայրը։

-Ինչպե՞ս ես։

-Արդեն լավ,- սառը պատասխանեցի նրան։ Ես այդ պահին հասկացա նրա հանդեպ իմ ատելության իրական պատճառը։ Թվացյալ միշտ ուրախ տեսակիս միայն նա էր հասկանում, որ ես իրականում այլ եմ: Եվ գուցե նրանից խուսափելու իրական պատճառը հենց դա էր։

Մենք նստած սկսեցինք խոսել, երբ հանկարծ նա տեղից վեր թռավ և գոռաց․

-Տե՛ս, նայի՛ր։ Այնտեղ՝ պահարանի մոտ, ընկած է։ Նայի՛ր, այն ի՞նչ է փայլում։

Ես ապշած նայում էի փայլուն հաստ թեփուկին, որ նման էր երկաթե թիթեղի։ Փաստորեն այն, ինչ ես տեսել եմ ու երկար-բարակ տառապել, իրականում երազ չէր, այլ իրականություն։ Սկսեցի ավելի վախենալ ու ակամայից լացել, իսկ եթե այդ արարածը ցանկանա վնասել ինձ, իմ սիրելի մարդկանց։

-Քեզ ի՞նչ պատահեց։ Սա ի՞նչ է,- հարցրեց Հրայրը։

-Չգիտեմ, չգիտեմ, թե ինչպես պատմեմ։

Եվ ես սկսեցի երկար-բարակ պատմել նրան այդ երկու դեպքերը։ Բայց մայրս կամ հայրս, որ ամեն օր այդ հատվածով են անցնում, ինչպես չեն նկատել, իսկ Հրայրը նկատեց։

Դարձյալ մտքեր, որ սկսեցին ներխուժել իմ փոքր գլուխը։

Հրայրը վերցրեց թիթեղը և որոշեց փորձեր կատարել։ Սկզբից փորձեց այրել, հետո դրեց սառնարանը։ Մի խոսքով այն ամենը, ինչ այդ պահին անցավ մտքով, բայց ոչինչ տեղի չունեցավ․ դարձյալ փայլում էր ու այդ փայլը տարածում սենյակով մեկ։

-Ասում ես՝ ջրի միջից եկավ ու դարձյալ անհայտացավ։ Սպասի՛ր, ո՞նց չէի մտածել։ Արի՛ դնենք ջրի մեջ։

-Չէ՛, սպասի՛ր։ Ես վախենում եմ․ էլի կգա այդ հրեշը։

-Շատ լավ, ես այն կտանեմ ինձ հետ և կդնեմ ջրի մեջ։

Արդեն երեկո էր, երբ Հրայրը գնաց ու ինչ որ քաղցր զգացողություն՝ մի տեսակ ջերմություն իր հետ տարավ, և ես դարձյալ մնացի մենակ։ 

Քնած էի, երբ դռանս մոտ դարձյալ զգացի թեփուկների խշշոցը և ծանոթ շշուկը․

-Ո՞վ կա այդտեղ։

- Ես եմ և իմ նոր ընկերը,- պատասխանեց Հրայրը։

Եվ ես մթության մեջ նկատեցի հրաշագեղ արարածին, որ օձի էր նման և փայլփլում էր, ու այդ լույսը ընկնում էր Հրայրի դեմքին։ 

Վիշապը պոչը շարժեց, և պատին հայտնվեց գրություն․

«Եկեք Ձեզ տանեմ իմ աշխարհն, այնտեղ շատ հետաքրքիր է»։

Եվ ես ու Հրայրը, նստելով Վիշապի պոչին, սլացանք աստղազարդ երկնքով։ Շատ հեռուներ թռանք, և ես չգիտեմ՝ որքան գնացինք ու հանկարծ հեռվում սկսեցինք նկատել մի աշխարհ, որն ամբողջությամբ կազմված էր խիտ ամպերից, որոնք ջրի վրա էին լողում։ Երբ ցանկանում էինք մոտենալ ամպերին, նրանք սկսում էին ձևափոխվել։ 

-Այս ի՞նչ է կատարվում,- հարցրեց Հրայրը,- ինչո՞ւ են ամպերը ձևափոխվում, երբ մոտենում ենք նրանց։ Վա՜յ, նայի՛ր․ այս մեկը կարծես ընտանիք լինի, Սոսե՛,- բարձր ասաց Հրայրը,- իսկ մյուսը քեզ է նման,- սկսեց ծիծաղել նա։

-Իսկ իմ ամպիկները սև են ու փոքրացած, ու երբ կպչում եմ նրանց, նրանք այրում են, իսկ այս մեկն էլ ցավ է պատճառում։ Ա՜խ, թո՛ղ ինձ, մի՛ քաշքշի։

Ու միայն հեռվում ես նկատեցի Կարմիր գնդի նմանվող ամպին։ 

Վիշապը ժպտաց բարեհամբույր․

-Բարի գալուստ իմ աշխարհ։ Հավատացե՛ք՝ այսուհետ ես ձեր լավագույն ընկերն եմ։- Այստեղ մենք հասկանում էինք նրա մռնչյունները։

-Փաստորեն դու հանդիպել ես մեծն թագուհի Զապելի հետ,- նայելով ամպին ասաց նա։

Ես ոչինչ չպատասխանեցի, բայց երկուսս էլ նայում էինք Արևամոր տեսքով ամպին։ 

Մենք երկար վազվեցինք ամպերի միջով, խաղացինք փոքրիկ կայծակների հետ, որոնք պահը բաց չէին թողնում միմյանց հարվածելու համար։ Այնքան երազային էր ամեն ինչ և գեղեցիկ։ Իմ ուրախանալու և բարի մտքերի հետ մեկտեղ ամպերը սկսեցին սպիտակել և փարթամանալ, իսկ երբ ես սկեցի բարձր երգել փոքր ժամանակ տատիկիս սովորեցրած մի երգ, նրանք սկսեցին փարվել ու գրկել ինձ։

«Նա՜, Նա՜, Նա՜»․․․․ 

Մենք ինքներս էլ չիմացանք, թե ինչպես այդ օրն անցավ։ Արդեն շատ ուշ էր, երբ վիշապն իր ամպերի աշխարհից մեզ հետ բերեց մեր տուն։ 

Ճանապարհին չդիմացա և հարցրի Վիշապին․

-Ի վերջո Դուք ի՞նչ եք ուզում, որ մենք անենք։ Ինչպե՞ս կարող ենք փրկել փոքրիկ Արեգակին։

-Ժամանակը կգա և դուք կիմանաք,- պատասխանեց Վիշապը և անհետացավ։

 

Միտք 2-Ապակե վարագույրից այն կողմ

 

Այդ օրն իմ դաշնամուրի պարապմունքը շատ երկար և ձանձրալի էր, հատկապես, երբ նախորդ օրը ոչինչ չես արել, հաջորդ օրը կարծես այլ մոլորակից եկած լինես ու ոչինչ չես հասկանում: Ուսուցիչը բարկացավ, կրկնեց, որ ես անտաղանդ եմ և ևս մեկ անգամ զարմացավ, թե ինչու են ծնողներս վճարում, բայց ես, միևնույն է, ոչինչ չեմ անում:

Մինչ ես կհասնեի տուն, մայրս արդեն գիտեր իմ և ուսուցչի պայքարի մասին, սակայն ի սկզբանե նախընտրեց լռել։ Ես դա հասկացա իր մի տեսակ ձևափոխված հայացքից, որ ամեն կերպ փորձում էր թաքցնել: Մենք հաճախ սովորում ենք կարդալ մեր ծնողների մտքերը՝ ըստ դեմքի արտահայտության, բայց նախընտրում ենք նրանց խոսքերը։

-Ինչ-որ բա՞ն է պատահել,-հարցրեց մայրս։

-Ո՛չ,-ի զարմանս ինձ՝ հանգիստ պատասխանեցի ես և անհետացա սենյակումս:

Մի փոքր անց մայրս եկավ, և ես մտածեցի, որ դարձյալ սկսվեց: Ես չէի մտածում, թե ամեն բան այլ կլինի, ես սովորել էի։

-Ինչո՞ւ ես այդպիսին դարձել,- գլուխս շոյեց մայրս, և ակամայից հիշեցի արևի մորը և փափուկ ամպերին։ Մյուս անգամների նման մայրիկիցս փախչելու փոխարեն լուռ նայեցի նրա աչքերի մեջ:- Ես հասկանում եմ, որ մեծացել ես և կարծում ես, որ մենք քեզ չենք հասկանում, որ մենակ ես քեզ զգում։ Որքան էլ քեզ վրա խոսենք, միևնույն է, իմացի՛ր, որ քո կողքին ենք: Քեզ համար այլևս այդքան կատարյալ չենք, որքան այն ժամանակ, երբ դու փոքր էիր։ Այժմ այլ է ամեն ինչ, մռայլ և մի տեսակ խավար, քանի որ մեծերի աշխարհը շատ հաճախ այդպիսինն է: Դու փորձի՛ր գտնել քո աշխարհն ու քո հեքիաթը, բայց հիշի՛ր, որ երբ մեզ հետ անկեղծ խոսես, մենք քո կողքին կլինենք: Մի՛ ստիր և մի՛ փորձիր փախչել մեզանից և ինքդ քեզանից։ Երբ որևէ բան քեզ դուր չի գալիս, խոսի՛ր այդ մասին, քեզ կհասկանաք: 

Այդ պահին նրան ցանկանում էի պատմել ամեն ինչ, բայց լռեցի ու միայն մի միտք իմ բերանից դուրս թռավ․

-Մա՛մ, ինձ թվում է, որ իմ մասին միայն վատն եք մտածում:

-Վա՜յ, իմ խելա՛ռ աղջիկ, իհարկե ո՛չ,- ժպիտով ինձ պատասխանեց մայրս։

Տեսնես ինչ է կատարվում մայրիկիս հետ․ կարծես նա էլ ինձ հետ ամպերի թագավորություն եկած լիներ։ Հետո ես հիշեցի այն բոլոր փորձերը, որ մայրս էր կատարել ինձ հետ խոսելու, իսկ ես՝ կարծես ապակե վարագույրից այն կողմ․ չէի ցանկացել, ոչ խոսել, ոչ լսել։ ԱՊԱԿԵ ՎԱՐԱԳՈՒՅՐ․․ Ինչ էլ բառեր եմ գտնում, ոնց որ հեռուստասերիալի վերնագիր լինի։ Ու մտքիս մեջ սկսեցի ժպտալ։

-Տե՛ս, մի բան ասեմ քեզ։ Երբ դու արթնանում ես, քեզ կարգի ես բերում, հարդարվում ես ու նոր միայն դուրս ես գալիս տնից։ Այդպիսին էլ քո ներաշխարհն է։ Հարկավոր է, որ հարդարես, մաքրես այն, ու երբ տեսնում ենք, որ դու հագել ես շոր, որի վրա կան հետքեր, ասում ենք, որ դա հարկավոր է փոխել: Մենք, միևնույն է, սիրում ենք քեզ, քանի որ քո սխալները դրանք քո արարքներն են, որոնք կարող ենք ուղղել, այլ ոչ թե քո անձը՝ մեր փոքրիկ աղջիկը,- փորձում էր ինձ բացատրել մայրս։-Լուսավոր պահի՛ր քո անձը, հիշի՛ր, որ դու արևի զավակներից ես: Իմ փոքր արևն ես,-այս խոսքերն ասելով՝ մայրս հեռացավ:

Ապշած լսում էի մորս խոսքերը, ու ինչ-որ մի բան մեջս շուռ եկավ: Հասկացա, որ մի սրտաբաց զրույց կարող է փոխել շատ բան: Ինչ էր կատարվել մայրիկիս հետ՝ այդպես էլ չհասկացա։ Նա ինձ անվանեց արևի զավակ։ Իսկ ինչո՞ւ։ Մի՞թե նա ինչ-որ բան գիտի։

 Ծնողներիս հետ կապված առաջվա ծանր մտքերս ավելի քիչ էին ինձ անհանգստացնում․ մի ջերմություն էր վառվել իմ մեջ։ Օրն անցավ։

Երեկոյան մեզ հյուր եկավ Հրայրը, և երբ մենք զրուցում էինք, հանկարծ որոշեցի նրան ասել այն ամենը, ինչ իմ մեջ կուտակվել է․

-Գիտե՞ս՝ ես ատում եմ քեզ,-առանց երկար-բարակ բացատրելու ասացի ես,- քանի որ դու շատ բարի ես, քեզ բոլորը սիրում են։ Դու ճանաչում ես ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Դե գիտես, որ բոլորս ենք փախչում այն մարդկանցից, ում համար կարծես առանց ապակի պատուհան լինենք և այնքան խոցելի ենք։ 

Լռեցինք։ Նա տխուր նայում էր ինձ։ 

Հետո նկատեցի, թե ինչպես են սենյակիս կանաչ երկարող տերևները շարժվում։

Նայեցի, թարթեցի աչքերս, նորից նայեցի, և հանկարծ տերևը երկարեց-երկարեց ու սկսեց ոտքիցս քաշել։

-Ա՜յ, թողե՛ք ինձ, թողե՛ք ինձ, մա՛մ, պա՛պ։

Թվում էր, թե վերջ․ էլ փրկություն չունեմ։ Բարձր սկսեցի կանչել Հրայրին․

-Հրա՛յր, Հրա՛յր, օգնի՛ր ինձ։

Այդ պահին այդտեղ հայտնվեց Հրայրն ու փորձում էր ինձ ազատել տերևի ճյուղի ճիրաններից, բայց չէր ստացվում։ Վարագույրից այն կողմ երևաց արևի գունդը։ Նա հրամայեց․

-Բացվե՛ք բոլոր տեսանելի և անտեսանելի ապակե վարագույրներ։ 

Իրական լուսնի շողն ընկավ վրաս և ծաղկի այդ ճյուղը լրիվ դեղնեց։ Ես հայտնվեցի գետնին։

Վեր կացա, գնացի, սկսեցի պտտվել ամբողջ տան միջով․ բոլորը հանգիստ քնած էին։ Ի՞նչ անեմ, պատմե՞մ բոլորին, իսկ եթե ընդամենը մղձավանջ էր։ Հրայրը և գունդը մնացել էին դրսում։ Ես այնքան էի վախեցած, որ մոռացել էի նրանց տուն կանչել։

 

 

236 views

Recent Posts

See All

Comments


bottom of page