top of page
  • Writer's pictureBook Fest

Ալիս Հովհաննիսյան


Գրող, հրապարակախոս, խմբագիր։ 2023 թվականին «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում արժանացել է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի գրական մրցույթի «Առաջին մրցանակ»-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Որպես խմբագիր աշխատել է մի շարք ամսագրերում և թերթերում՝ «Էկրան», «Գեղարվեստ», «Ֆիլմ», «Հայություն»։ 1968 թվականից տպագրվել է հայաստանյան մամուլում։ Բազմաթիվ գրականագիտական, կինոգիտական, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Հայաստանի գրողների միության արձակի բաժնի վարիչն է։ Պատմվածքները հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, ռումիներեն, պարսկերեն, ուկրաիներեն, վրացերեն և այլ լեզուներով։ Տասից ավելի գրքերի հեղինակ է։ Արժանացել է մի շարք մրցանակների և պարգևների, այդ թվում՝ «Տարվա լավագույն գիրք» (ՀԳՄ մրցանակ, 2018), ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ» (2014)։



ՏԻԿԻՆ ՍԻՐԱՐՓԻԻ ԱԳԱՐԱԿԸ



Ճանապարհ առանց հայրիկի


Րաֆֆին այն երեխաներից չէ, որ վախենում են վարար անձրևից, երբ հեռու ճանապարհ են գնում, և ղեկին ոչ թե հայրիկն է նստած, այլ՝ մաման. ամպերի որոտն էլ գիտի ինչից է, կայծակն էլ չի կարող սարսափեցնել նրան, որքան էլ ուժգին փայլատակի:

Մաման ձևացնում է, թե շատ հանգիստ է, բայց աչքի պոչով նայում է իրեն, ինքն էլ նրան հանգստացնում է հայացքով. «Դու ավելի լավ է՝ աչքդ Աննայի վրա պահես: Նա է փոքրիկը, վախեցողը, իսկ ինձ համար ամեն ինչ հետաքրքիր է, երբ առաջին անգամն է»:

- Առաջին անգամն է, որ առանց հայրիկի ենք ճամփորդում,- տխուր ասում է մաման: Րաֆֆին ձայն չի հանում, այլ բռնում է Աննայի թաթիկը, ինչպես հայրիկն է անում: Հայրիկի ու մամայի նախորդ օրվա վեճը դեռ նրանցից ոչ մեկին չի ներել: Հայրիկը ծով է սիրում, մաման՝ անտառ ու լեռ: Կարծես չէին կարող այդքան հասարակ բանը պարզել մինչև ամուսնանալը: Հայրիկը դեմ չէ, որ Րաֆֆին ժամերով համակարգչային խաղերով զբաղվի, իսկ մաման՝ ոչ: «Արգելի՛ր»,- ասում է հայրիկին, քանի որ ինքը չի կարողանում կարգին արգելել: «Ո՞նց արգելեմ,- ասում է հայրիկը,- ինչո՞վ զբաղվի երեխան»: «Մտի՛ր ինտերնետ, իմացի՛ր, թե հայրը ինչպե՞ս պետք է դաստիարակի իր տղա երեխային»: Հայրիկը ինտերնետ է մտնում, բայց Րաֆֆին տեսնում է, որ նա էլի մխրճվեց տանկերի ու զրահամեքենաների նոր մոդելների կայքը: Մի քիչ նայում է կողքից, հայրը գիրկն է առնում Րաֆֆիին, որ նա էլ նայի, բայց տղան չի ուզում:

«Էկոգյուղակ» բառը, որ մաման այնքան երանությամբ էր արտաբերում, սկզբում հայրիկի ծիծաղն էր շարժում: Մաման միշտ ավելի համոզիչ է խոսում, քան հայրիկը, այնպես որ, եթե անգամ չգիտես՝ ինչ է «էկոգյուղակը», ուզում ես լինել այդ անհասկանալի տեղում:

«Ոչ մի էկոգյուղակ,- ձեռքը սեղանին խփեց հայրիկը,-ինտերնետով բաներ են ռեկլամում, դու էլ հավատում ես: Առանց ինձ ոչ մի տեղ չեք գնա»:

«Կգնա՛նք,- ասում է մաման,- մի քանի օր ապրի՛ր առանց մեզ, հանգստացի՛ր»:

«Չե՛ք գնա»:

«Կգնա՛նք»:

Անձրևը ավելի առատ է թափվում, իսկ մաման անխռով վարում է մեքենան: Դե, իհարկե, վախենալու ոչինչ չկա, բայց հայրիկը իրենց հետ չէ, և դա անսովոր է: Աննան չի վախենում, ծիծաղում է, ծափիկ է անում, քրքջում է անձրևին ու կայծակներին:


Ահա և էկոգյուղակը


Րաֆֆին դեռ չի հասկացել, թե ո՞րն է այստեղ էկոգյուղը: Գուցե դեռ չե՞ն հասել, կիսաճանապարհին կանգ են առել մի տան մոտ, որի տանիքը շոկոլադե սալիկներից է: Մեծ ծառին նստած ագռավն էլ երևի կուշտուկուռ շոկոլադ ուտելուց հետո՝ կտուցն է մաքրում ճյուղին: Դեպի մեքենան է գալիս մի ուրախ տատիկ՝ երկու ձեռքերով բարձր պահած կանաչ պաստառը. «Բարի գալուստ Էկոգյուղ»: Րաֆֆին հիասթափված է: Ուրեմն սա՞ է էկոգյուղը: Տատիկը ոլորելով փակում է պաստառը, փայտիկների հետ խցկում գոգնոցի մեծ գրպանն ու մամայից վերցնում է ճամպրուկները, խրոխտ քայլում դեպի երկհարկանի տան աստիճանները: Րաֆֆին տանում է երկու մեծ ուղեպայուսակները:


Տիկին Սիրարփին


Սենյակում հարմար տեղավորվեցին: Դռների մեջ կանգնել է տիկին Սիրարփին. պաստառի փոխարեն՝ հիմա ձեռքերն են գոգնոցի մեծ գրպանում: Կանգնել է ուղիղ՝ իր ամբողջ բարձր հասակով մեկ, տարօրինակ սանրվածքով, ինչպես անգլիական հին հեքիաթների մուլտիկներում է լինում ու հիացած ժպտում է. գլուխը շարժելով՝ հավանություն է տալիս մամայի բոլոր գործողություններին:

- Սա դնե՞մ պահարանի մեջ,- հարցնում է մաման՝ ինչ-որ տաք հագուստ ձեռքին. չգիտես՝ ո՞ւմ է դիմում։

- Ինչպես ուզում ես,- ժպտում է տիկին Սիրարփին,- ձեզ լա՛վ զգացեք: Այստեղ ոչ մի բանից չպետք է նեղվեք: Էլ ի՛նչ էկոգյուղակ, եթե մարդիկ իրենց ուզածի պես չեն շարժվում և ուրախ չեն:

Մաման այնուամենայնիվ շվարած է ու նեղվում է կարծես, թեև Րաֆֆիից շուտ պետք է գլխի ընկներ, որ արդեն տեղ են հասել, և ընդամենը սա՛ է էկոգյուղակը: Տիկին Սիրարփին անհետանում է դռների միջից ու քիչ անց նորից հայտնվում՝ նույն հիացած ժպիտը դեմքին, ձեռքին պարանի մի մեծ կծիկ: «Երևի մենք շատ լավն ենք,- մտածում է Րաֆֆին,- իսկ մեր տան վեճե՜րը, դե, ո՞ւմ տանը վեճեր չեն լինում»:

Բազմոցին նստած Աննան ծափիկ է անում ու փորձում բերանը խոթել ամբողջ չխկչխկանը: Երևի նա Էկոգյուղակը հենց այսպիսին էր պատկերացնում ու լրիվ գոհ է շուրջը կատարվող ամեն ինչից:

Մամայի երկար, գեղեցիկ մազերը մեկ այս, մեկ այն կողմ են թափվում: Դրանից նա ավելի անճարակ է երևում: Բայց երևի տիկին Սիրարփին խելացի է, հասկացել է, թե ինչքա՜ն լավն է նա:

Մինչ մաման ու տիկին Սիրարփին պարանով ինչ-որ բան էին անում, Րաֆֆին դուրս եկավ պարտեզ, որից քիչ այն կողմ անտառն է: Մեծ տանձենու տակ՝ սեղանի մոտ, նստած է պապիկը, որ, իհարկե, տիկին Սիրարփիի ամուսինն է: Նրա նման արագաշարժ չէ, այլ՝ կզակը հենել է ձեռնափայտին ու ժպտում է: Ծառի ճյուղերը կախվել են տանձերի ծանրությունից: Իսկ պապիկի ու ծառի միջև հարմարեցված պաստառի վրա գեղեցիկ տառերով գրված է. «Պտղատու ծառի գլուխը կախ կլինի»: Ամեն ինչ ճիշտ է՝ ծառը պտղատու է, տանձերը ուղղակի կարծես հրավառություն լինեն: Եվ ճյուղերն էլ բերքի ծանրությունից կախվել են: Միայն թե՝ ո՞րն է տանձենու գլուխը:

Աստիճաններով իջնում է մի աղջի՞կ, թե՞ կին: «Եթե երեխաներ ունի, ուրեմն՝ կին, եթե չունի, ուրեմն՝ աղջիկ»,- որոշում է Րաֆֆին: Գորտի նման դուրս ցցված աչքեր ունի, երկա՜ր, ուղիղ, ցախավելի նման շեկ մազեր: Ժպտալով մոտենում է Րաֆֆիին ու խառնում տղայի գանգուրները. «Parle tu francais»? Րաֆֆին նույնպես ժպտում է՝ մտածելով, որ կհասցնի հասկանալ, թե ի՞նչ ասաց նա և, թե ինչո՞ւ են այստեղ բոլորը ժպտում:

Ծաղիկներն էլ են ժպտում: Նա ընդամենը մի ծաղիկ է պոկում թփից, որ ցույց տա Աննային ու ասի. «Սա ծաղիկ է, քույրիկս, դու դա պետք է իմանաս»: Իսկ ծաղկաթմբի մոտ ամրացված պաստառին կարդում է. «Ծաղիկները դրախտի մնացորդներն են երկրի վրա»: Րաֆֆին փորձեց պատկերացնել հրեշտակների խումբը, որ հավաքել են դրախտը՝ իր բոլոր ծաղիկներով ու տանում են դեպի երկինք: «Լավ է՝ գոնե բոլորը չեն տարել»,- մտածում է ու գնում մամայի ու Աննայի մոտ՝ սենյակ: Աննայի քթիկին է մոտեցնում ծաղիկը: Քույրիկը բաց է անում բերանը, թաթիկները պարզում առաջ ու անհասկանալի է՝ ուզում է բռնե՞լ ծաղիկը, հո՞տ է ուզում քաշել, ուտե՞լ է ուզում, թե՞ ուզում է այդ բոլորը միանգամից անել:

- Ծաղիկը ուտելու համար չէ,- ասում է Րաֆֆին ու խո՜րը հոտ է քաշում ծաղկից,-ուխա՜յ, այսպես, ծաղիկներով հիանալ է պետք, դրանք դրախտի մնացորդներն են երկրի վրա: Հիմա իմ ձեռքում դրախտի մի շա՜տ պուճուրիկ մասն է: Պատկերացրի՞ր:

Մաման ու տիկին Սիրարփին մի գեղեցիկ ճոճ էին կապել սենյակում: Րաֆֆին օրորելով համարյա թե քնեցրել էր Աննային, իսկ մաման ցածր ձայնով խոսում էր բջջայինով:

- Հայրիկի հե՞տ էիր խոսում:

- Չէ՛, տատիկի,- տխուր պատասխանեց մաման: Րաֆֆին չի հավատում, թե հայրիկի ու մամայի միջև պատահածը լուրջ է: Իսկ սենյակի պատին փակցված փոքրիկ գրությունը կարծես հաստատում է այն, ինչ Րաֆֆին մտածում էր մամային նայելիս. «Տխրության մեջ էլ գեղեցկություն կա»:

- Պապային չենք զանգում,- շշուկով ասաց կիսաքուն Աննային, - որովհետև երեկ մաման նրան ասաց. «Չենք զանգելու»: Բայց պապան կզանգի տատիկին, կիմանա մեր հասցեն ու շուտով կգա: Մենք միասին սար կգնանք:

- Պա-պա, պա-պա,- քնի մեջ ասաց Աննան՝ կարծելով, թե մինչև զարթնելը պապան իր կողքին կլինի:


Մադլենը, Հակոբը


Երեկոյան Րաֆֆին մամայի, Աննայի ու տանտերերի հետ բակի մեծ սեղանի մոտ ճաշի էր նստել: Նրանք բոլորը մի տեսակ այլ էին երևում լամպի կապտամանուշակագույն լույսի տակ: Պապի անունը Տիգրան է, իսկ աղջիկ-տիկինը Մադլենն է: Րաֆֆիի կոպերը ծանրանում էին, բայց քնելու ցանկությունը հաղթահարելը նույնպես հաճույք է: Նա կիսախուփ աչքերով մի կերպ կարդաց Տիգրան պապի աջ կողմի պաստառը, որ ստուգի իր արթնությունը. «Եթե ուզում ես բարի ծերություն ունեալ, ի՛նքդ պատվիր ծերերին»:

Մադլենը իրիկնային լույսի տակ գեղեցկուհու էր նման: Նրա շարժումները մի տեսակ դանդաղել էին ու խոսքերն էլ կարծես ալիքվում էին: «Իբր թե մենք բոլորս նավի վրա ենք ու լողում ենք մեծ ծովում»,-մտածո՞ւմ էր, թե՞ քթի տակ երգում էր Րաֆֆին: Իսկ կոպերն ավելի էին ծանրանում:

- Րաֆֆիին ես այս օրերին ֆրանսերեն կսովորեցնեմ,- ասում էր Մադլենը

մամային, ու նրա ձայնը լողում էր՝ ցրվելով ծովի ալիքների մեջ: Ինքն էլ ասես տարուբերվում էր նավի տատանվելու հետ:

- Ասա un, deux, trois, quatre, sinq:

- Un, deux, trois,- կրկնում էր Րաֆֆին:

Իր ձայնը հեռվից, կարծես վաղուց լսված հեքիաթից էր գալիս: Մաման անուշ ժպտում էր, կկոցել էր աչքերը, կարծես նավի տատանվելուց հաճույք էրստանում: «Իբր թե մաման ու Մադլենը նավի գեղեցկուհիներն են»:

Տիկին Սիրարփին հորանջում էր ու անուշ ժպտում: Իսկ նրա որդի Հակոբը, որ նստել էր Րաֆֆիի կողքին, բոթում էր նրան ու աչքով անում: «Իբր թե Հակոբը ուրախ նավաստի է: Իսկ նավապե՞տը ո՛վ է»: «Լա՛վ, քանի որ պապան այստեղ չէ, քեզ նշանակում եմ նավապետ»,- փնթփնթում էր՝ միայն ինքը հասկանալով իր ասածը:


Առավոտը էկոգյուղակում


Րաֆֆին արագ-արագ հագնվում էր ու միաժամանակ փորձում պատկերացնել, թե հիմա որտե՞ղ են մաման ու քույրիկը, հետո գնալ, ստուգել, թե ճի՞շտ էր պատկերացրել: Իր կարծիքով հիմա մաման նստած է գեղեցիկ բակում՝ ծառի տակ դրված սեղանի մոտ, քույրիկը նրա գրկում թաթիկներով ուրախ թփթփացնում է սեղանին, Տիգրան պապը նստած է ձեռնափայտին հենված, աչքերը կկոցած ժպտում է ու երևի մտածում. «Տեսնո՞ւմ եք՝ բախտներդ ոնց է բերել, ինչ լավ տեղավորեցինք ձեզ»: Իսկապես էլ նրանք շատ լավն են: Իսկապես բախտները բերեց, մանավանդ որ տնից անտառ երկու քայլ է: Եթե հայրիկն էլ իրենց հետ լիներ... Բայց ափսոս, որ նա ոչ թե անտառ ու սար է սիրում, այլ՝ ծով: Թեև, երբ դեռ քույրիկը չկար, նրանք սար էլ են բարձրացել: Հայրիկը սարերի վրա նկար ունի՝ զենքը ձեռքին: Նա 15 տարեկան է եղել, որ փախել է տնից ու մի ջոկատի հետ մեկնել պատերազմելու թշնամու դեմ:

Ինքը սովորաբար բազմում է հայրիկի ուսերին և հպարտանում, որ այդքան ուժեղ, հերոս հայրիկ ունի: Ինքն էլ որ մեծանա, բանակ կգնա, հետո, երբ էլի մեծանա, կամուսնանա, իր տղային կդնի ուսերին ու իր կնոջ ձեռքից բռնած, իր ետևից քաշելով՝ սար կբարձրանա:


Պլանշետը չկա


Րաֆֆին նայեց մամայի հարդարված անկողնուն, քրքրեց ճամպրուկը, բայց ոչ մի տեղ չկար ու չկար իր սիրելի պլանշետը: Նայեց իր ճմրթված անկողնուն, որոշեց հարդարել, թեև պլանշետի չլինելը նեղացրել էր իրեն:

Մինչև տանձենու մոտ հասնելը՝ Րաֆֆին հասցրեց այս ու այն կողմ կախված մի երկու պաստառ կարդալ: «Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի»: Մյուսը՝ «Ստի տոպրակի բերանը բաց է»:

Նայեց հեռուն, որտեղ սարերն էին: Նայելով՝ շարժման մեջ դրեց մեծ ու փոքր երկու սարերին: Նրանք երկու կոկորդիլոսներ լինեին կարծես, որ շարժվում էին մեկը մյուսին ընդառաջ, բայց փոքրը հանկարծ շեղեց ուղին, սկսեց ետ դառնալ: Այդ տեսնելով՝ մեծը արագացրեց ընթացքը, հասավ փոքրին, կուլ տվեց նրան: Երևի սուտը մի կոկորդիլոս է, որ իրեն տոպրակ է ձևացնում և բերանը բացած՝ վազում է, որ կուլ տա՝ ինչ պատահի:

«Ո՞ւր է իմ պլանշետը»,- ուզում էր խիստ զայրացած ձևանալ, երբ նկատեց, որ սեղանի մոտ ոչ մեկն էլ ուրախ չէ: Մաման լաց է լինում, իսկ քույրիկը խելոք կուչ է եկել մամայի գրկում: Տիգրան պապը հենվել է ձեռնափայտին, ժպտում է: Թե դա ի՞նչ ժպիտ է՝ տեղին-անտեղի:

- Ի՜նչ հիմարություն արեցի,- ասում էր մաման՝ ինքն իրե՞ն, թե՞ Տիգրան պապին, որ շարունակում էր անուշ ժպտալ,- մարդ էլ երկու փոքրիկ երեխաների հետ մենակ էսքան հեռու տարածություն կգա՞:

Րաֆֆին հասկացավ, որ մաման հեռու անտառին նայելով՝ մեկ ուրիշի համար է խոսում: Եթե ինքն իրեն խոսեր, հայտնի չէ, թե ինչ, բայց ուրիշ բառեր կգործածեր: Մի քիչ նեղացավ, բայց բանի տեղ չդրեց, քանի որ այստեղ կարևորը ոչ ինքն է, ոչ էլ մանավանդ՝ պլանշետը: Ինքը միշտ քույրիկին օրորում է, որքան պետք է, խաղացնում է՝ հատակին նստած, ու երբ մաման իր գործերն անում, վերջացնում է, միշտ պաչիկ է անում իրեն ու ասում. «Ապրե՛ս, ձագո՛ւկս, ինչ էի անելու առանց քեզ»: Իսկ հիմա՝ «Մենա՜կ եմ»: Րաֆֆին պատահածի էությունն իմանալուց առաջ ուզում է իմանալ, թե մաման ինչո՞ւ է սկսել բացահայտ ստել: Րաֆֆին բռնեց քույրիկի թաթիկը: Նա թույլ ժպտաց եղբորը ու ավելի պինդ սեղմվեց մամային:

- Իսկ ամուսինդ ո՞ւր է,- ժպտալու մասին երբեք չմոռանալով՝ հարցրեց Տիգրան պապը:

- Արտասահմանում է՝ գործուղման մեջ։- Րաֆֆին ապշահար նայեց մամային: Նա առանց պատճառի արդեն երկրորդ անգամ է ստում: Հո չի՞ հիվանդացել սուտ ասելու հիվանդությամբ: Հայացքով շուրջը նայեց, որ տեսնի՝ մոտակայքում չի՞ թաքնվել բերանը բացած «ստի տոպրակ» կոկորդիլոսը: Գուցե մամայի թիկունքից նա՞ է հուշում այս ստերը:

- Ո՞ր երկիրն է գնացել հայրիկդ, իր մշտական ժպիտով Րաֆֆիին դիմեց Տիգրան պապը:

- Պորտուգալիա,- ինքնիրեն բացվեց ստի տոպրակը: Որ կասկածներ չառաջացնի, Րաֆֆին ավելի սեղմվեց մամային: Տիգրան պապը շարունակում էր ժպտալ: Տեսնես հավատո՞ւմ էր իրենց ստերին:


Աննան հիվանդ է


- Հիմա՝ ուր որ է, կգան,- հևալով ու սարսափած աչքերը թաքցնելով՝ դեռ հեռվից ասաց տիկին Սիրարփին: Մաման շնորհակալություն հայտնեց, սրտնեղությունից կզակով շոյելու պես դիպավ Րաֆֆիի մազերին: Տղայի մարմնով սարսուռ անցավ:

- Աննան լուծով է հիվանդացել,- ասաց մաման՝ արագ-արագ շոյելով տղայի գլուխը, բարձր ջերմություն ունի:

- Ինչքա՞ն,- հարցրեց Րաֆֆին, ինչպես հայրիկը կհարցներ:

- 38 ու կես:

- Դա այնքան էլ բարձր չէ,- փորձեց համոզիչ ստել: Եթե նույնիսկ մաման է ստում, ուրեմն այսօր իրենց ընտանիքի համար ստեր դուրս տալու օր է: Մաման որ՝ միշտ դեմ է ստին: Ուղիղ հայրիկի աչքերի մեջ նայելով, նրա ձեռքերն իր ափերի մեջ առած՝ նա երբեմն ասում է. «Միայն թե առանց սուտ խոսելու»: Դրանից հետո նա, մի քանի հարցեր տալով, հեշտությամբ ի հայտ է բերում ճշմարտությունը՝ որ հայրիկը ոչ թե ինստիտուտում է գործով երկար մնացել, այլ մտել է ընկերներից մեկի տուն, հանդիպել է համակուրսեցի մի կնոջ, նստել, խոսել են: Այդ ընթացքում հայրիկը մոռացել է իրենց մասին, գոնե Աննային հիշեր: Ում ում, բայց Աննային մոռանալը հոր կողմից մեծ սխալ է: Ինքն ու մայրը ամբողջ օրը զբաղվում են Աննայով, տան գործերն արվում են այն ընթացքում, երբ Րաֆֆին արդեն արել է դասերը, օրորում է Աննային: Ու ամբողջ օրը բոլորն էլ՝ նաև Աննան, սպասում են հոր վերադարձին: Երբ մոտենում է հայրիկի վերադառնալու ժամը, ավելի անհամբեր են դառնում: Րաֆֆիի սրտիկն այնքան ուժգին է թպրտում, որ իրեն նետում է բակ, առանց երկար-բարակ ընտրություն կատարելու միանում խաղացողներից որևէ խմբի ու գոռում-գոչում բոլորի հետ: Ինչքան կարողանում է, շատ է աղմկում, որ պատշգամբից մամայի առաջին, երկրորդ ու երրորդ կանչը չլսի:

Արդեն երկրորդ օրն է՝ իրենք էկոգյուղակում են, հայրիկը դեռ չի զանգել: «Մի քանի անգամ զանգել է,- ասաց մաման,- չեմ պատասխանել»: Երևում է, որ հայրիկը զղջում է արածի համար, բայց չի ուզում ընդունել սխալը: Արժե՞ր միայն նրա համար, որ մեկը ծով է սիրում, մյուսը՝ սար, այդքան լուրջ խռովեին իրարից: Չարժեր:

- Մա՛մ, ինչո՞ւ դու չես զանգում իրեն:

- Այս ժամերին նա դասի է, ցածրացրել է հեռախոսի ձայնը, չի լսում:

«Ուրեմն՝ զանգել է»:

- Մա՛մ,- կամաց, որ ոչ ոք չլսի, ասաց Րաֆֆին,- քո կարծիքով հիմա Պորտուգալիայում շախմատի մրցումներ կա՞ն:

Մաման զարմացած նայեց իրեն ու չհասկացավ:

- Դե ես կարող եմ ասել, որ հայրիկը շախմատիստ է, մրցումների է գնացել:

- Դու ամեն ինչ ճիշտը ասա,- ասաց մաման ժպտալով, ու հիմա արդեն նման էր ինքն իրեն,- բացի Պորտուգալիայից: Մեր հայրիկը լուրջ գիտնական է, ազատամարտիկ. կարիք չկա, որ նրան միջազգային գրոսմայստեր դարձնենք:

Այդ պահին բակի դարպասի մոտ կանգնեց «Շտապ օգնության» մեքենան:

Մաման վաղուց պատրաստ էր, վերցրեց պայուսակը, Րաֆֆիին կարգադրեց.

- Բռնի՛ր պայուսակիցս ու շտապի՛ր:

Հենց այստեղ էլ կատարվեց այն, ինչին Րաֆֆին ամենևին չէր սպասում: Տիկին Սիրարփին մամայի ձեռքից պոկեց տղային. «Ուզում ես երեխային հե՞տդ տանել հիվանդանոց: Մեղա, մեղա,- ասաց նա, երբ արդեն Րաֆֆիի ձեռքը պինդ-պինդ բռնել էր ու սեղմում էր փափուկ կրծքին: Ուրեմն մի երեխա չե՞նք կարող պահել, որ քարշ տաս հիվանդանոցները: Աստված տա, աղջիկդ շուտ լավանա, Աստված տա, ասեն՝ ոչինչ չունի ու հենց այսօր էլ դուրս գրեն, բայց եթե, Աստված չանի՝ մի քանի օր պահեն, եթե Աստված չանի՝ լուծը վարակիչ լինի՞:

Մաման հանկարծ խեղճացավ: Րաֆֆին տեսավ՝ մամայի աչքերից հասկացավ, որ եթե գոնե մի րոպե մտածելու ժամանակ տային, նա ավելի խելացի մի բան կորոշեր, բայց «Շտապ օգնության» բժշկուհին արդեն իրար էր անցել, տեղավորվել էր մեքենայի մեջ ու այնտեղից գոռգոռում էր.

- Տիկի՛ն, շուտ արեք, պետք չէ՛ ժամանակ կորցնել: Երեխային ո՞ւր եք քարշ տալիս հետներդ: Արագացրե՛ք:

Այդ ճղճղացող կինը երևի չի հասկանում, թե Րաֆֆիի՝ նրանց հետ լինելը, որքան կարևոր է: Առանց իրեն մաման ի՞նչ է անելու հիվանդանոցում: Բայց մաման չփորձեց անգամ Րաֆֆիին ազատել տիկին Սիրարփիի ձեռքից, որ ամուր բռնել էր նրա արմունկն ու ասում էր.

- Գնա՛, գնա, աղջի՛կս, այսքան տարվա կին եմ, երկու երեխա եմ մեծացրել, մի քանի օր չե՞մ կարող տղային պահել: Գնա՛, հանգիստ սրտով գնա՛: Մադլենիս խելքը գնաց այս մանչուկի համար, տղաս էլ սիրեց սրան, կզբաղեցնենք: Գնա՛, Աստված հետներդ:

Այս վերջին բառերը նա շատ անուշ ու վճռական ասաց, երբ մաման ու Աննան արդեն մեքենայում էին: Մաման համբուրեց Րաֆֆիին: Բուժքույրը ներսից այնքան արագ քաշեց բռնակը, որ տղան հազիվ փախցրեց գլուխը:

Նրան անմիջապես պատկերացավ «Գառնիկ ախպոր» որբուկ քույրիկը՝ առանց եղբայրիկի:

Երբ տիկին Սիրարփին Րաֆֆիի ձեռքը բաց թողեց ու շարունակ «մեղա, մեղա» ասելով գնաց դեպի խոհանոց, ակամա գնաց նրա ետևից, ուզեց գրկել նրան, չհամարձակվեց, բայց շատ ցանկացավ, որ տիկին Սիրարփին նորից բռնի իր ձեռքը, մոտեցնի իր սրտին:


Տիկին Սիրարփիի սիրտը. հաց, կարագ ու մեղր


Տիգրան պապը բոլորովին էլ անախորժ տեսք չունի: Գուցե լա՞վ է, որ անընդհատ ժպտում է:

Տիկին Սիրարփին արագ-արագ մի մեծ կտոր հացի վրա հաստ շերտով կարագ քսեց, դարակից իջեցրեց մի փոքրիկ պուլիկ, ինչպիսին Վիննի Թուխինն էր, գդալով մեղրը վերցնելով՝ նույնպես քսեց հացին ու Րաֆֆիին նստեցրեց սեղանի մոտ.

- Կե՛ր, պստիկս:- Հետո մի քիչ հեռվից նայեց տղային, ինչպես լուսանկարիչն է նայում նկարվողին ու ասաց.

- Այս սեղանը քեզ համար շատ բարձր է: Հենց հիմա կիջնենք քաղաք, քեզ համար սեղանիկ ու աթոռակ կգնենք: Դե՛, կե՛ր, գնանք:

Րաֆֆին ասաց՝ ինքը կարագ ու մեղր չի սիրում:

- Այդ մասին ոչ մի խոսք,- ասաց տիկին Սիրարփին,- եկել ես Էկոգյուղ, պետք է իմանաս իմ պատրաստած կարագի ու մեր մեղուների՝ իսկական մեղրի համը: Փոքրիկ երեխան պետք է անպայման մեղր ու կարագ ուտի:

Րաֆֆին կծեց, բայց հացը չէր ծամվում: Շատ էր ուզում տիկին Սիրարփիի հետ խանութ գնալ, որ իր համար սեղանիկ ու աթոռակ գնեն: Րաֆֆիին տիկին Սիրարփին շատ կարևոր մարդ է համարում, եթե հատուկ իր համար այդպիսի գնումներ է ուզում անել:

- Իսկ Տիգրան պապը չի՞ բարկանա,- հարցրեց տղան: Տիկին Սիրարփին զարմացած նայեց տղային.

- Տիգրան պապը թող իր հայկական ասացվածքները հիշի, գրի պաստառներին: Դա է նրա գործը մեր գյուղակում: Թեև գրելուց հետո էլի ես պետք է որոշեմ, թե որը որտեղ կախենք:

Րաֆֆին մի կերպ կերավ հացի կեսը ու գաղտագողի նայեց կարտոֆիլ կճպող տիկին Սիրարփիին: Նա բռնեց տղայի հայացքն ու ասաց.

- Համով է, չէ՞: Կեր, որ մի շերտ էլ տամ:

- Ես սեղանիկ ու աթոռակ չեմ ուզում,- ասաց Րաֆֆին, հացը դրեց ափսեի մեջ ու դիմեց դեպի դուռը: Այստեղ տիկին Սիրարփին մի ճիչ արձակեց ու բռնեց սիրտը: Րաֆֆին վախեցավ:

- Դու ուզում ես, որ ի՞նձ էլ հիվանդանոց տանեն,- նվաղած ձայնով ասաց նա: Ո՛չ, Րաֆֆին չի ուզում, որ նրան հիվանդանոց տանեն, ավելի լավ է՝ Տիգրան պապին տանեն:

- Ի՞նչ անեմ Ձեզ համար,- ասաց նա ու այս անգամ առանց մտածելու մոտեցավ, բռնեց տիկին Սիրարփիի ձեռքը:

- Ի՞նչ պիտի անես, պստ՛իկս, կե՛ր կարագով հացը մինչև վերջ ու մի քիչ սպասի՛ր, մինչև հանգստանամ:

Տղան մեծ-մեծ պատառներով կծեց կարագով-մեղրով հացն ու առանց ծամելու կուլ տվեց: Փորն սկսեց ցավել, բայց ուշադրություն չդարձրեց: Ափսեն բռնած մոտեցավ տիկին Սիրարփիին:

- Եթե կարելի է, մի կտո՛ր էլ քսեք, միայն խնդրում եմ՝ հացը ավելի մեծ,- ասաց:

Տիկին Սիրարփին, սիրտը բռնած, չգիտես ինչու՝ կաղալով, մոտեցավ պուլիկին ու մի խոշոր կտոր հացի վրա սկսեց քսել կարագն ու մեղրը: Րաֆֆին սարսափեց հացի մեծությունից, կարագի շերտի հաստությունից, բայց ձեռքերը կանթել էր ու իբր անտարբեր տեսքով սպասում էր իր հաց, կարագ, մեղրին:

Արագ-արագ կուլ տվեց հացն ու խոհանոցից դուրս սլացավ, որ էլի հանկարծ հիմարություն չանի ու չխնդրի երրորդ կտոր կարագով, մեղրով հացը:


Րաֆֆին փող է գտնում


Տիգրան պապիկը, մի կերպ շարժվելով, բակի ծորակի տակ երկու շների՝ Ֆիդելի ու Աժաքսի կերամաններն էր լվանում, երևի՝ որ նոր ճաշ տա նրանց: Րաֆֆին իր ոտքերի տակ մի ճմրթված թղթադրամ տեսավ: Մի պահ ուրախացավ, որ փող է գտել, հետո գլխի ընկավ, որ սա տնեցիներից մեկի գրպանից է ընկել: Տիկին Սիրարփիի՞ն տա, թե՞ Տիգրան պապին: Քանի որ չէր ուզում խոհանոց վերադառնալ, մոտեցավ, տվեց Տիգրան պապին: Նա թաց ձեռքով վերցրեց դրամն ու դրեց գրպանը: Նա ժպտում էր, բայց կարծես այնքան էլ գոհ չէր: Երևի չէր ուզենա, որ ուրիշներն իր ցրվածությունը նկատեն:


Ինքը փոքր, լեզուն՝ մեծ


Խանութ գնալու ճանապարհն իջնում էր Էկոգյուղակից:

- Շուտով Մադլենի հետ այս ճանապարհը ձիով ես գնալու,- ասաց տիկին Սիրարփին: Րաֆֆին երբեք իսկական ձի չէր տեսել: Նայեց նրան որևէ պարզաբանում լսելու համար, բայց նա ուրիշ բան ասաց.

- Չտխրե՛ս, ամեն ինչ լավ է լինելու:

- Տխրության մեջ էլ գեղեցկություն կա,- ասաց Րաֆֆին՝ առանց հասկանալու, որ այս բառերով մեկընդմիշտ գերելու է արդեն տիկին Սիրարփիին: «Եթե իմանա, որ այնքան էլ չեմ տխրում, երևի հիասթափվի ինձնից: Քույրիկս ու մայրիկս հիվանդանոցում տանջվում են, իսկ ես կարծես թե շատ էլ չեմ տխրում»: Ու իրեն ստիպեց, որ տխրի: Կարծես ստացվում էր:

- Երեկոյան կգան Մադլենը՝ դպրոցից, Հակոբը՝ ֆերմայից, կզբաղվեն քեզնով, սրտի՛կս: Մենք երեխա շատ ենք սիրում: Աստված չկամեցավ, որ մեր տանը երեխա լինի, բայց մեր էկոգյուղակ այցելողներից շատերը երեխաների հետ են գալիս: Ուրախ ենք լինում մինչև ցրտերն ընկնելը: Կգա՞ս մեզ տղա դառնաս,- ժպտաց տիկին Սիրարփին: Րաֆֆին ձայն չհանեց, բայց համոզված էր, որ արժեր մի քնքուշ խոսք ասել այս տիկնոջը, որին Աստված զրկել էր թոռներ ունենալու ուրախությունից:

- Դուք սրանք կպահեք,- ասաց տուն վերադարձի ճանապարհին, հազիվ զառիթափով քարշ տալով աթոռակը (սեղանիկը մի քիչ հևալով, բայց խրոխտ տանում էր տիկին Սիրարփին),- երբ Աստված Ձեզ թոռնիկ տա, կնստի այս աթոռակին ու ճաշ կուտի այս սեղանիկից:

Տիկին Սիրարփին հուզվեց ու կարծես նույնիսկ ուրախացավ:

- Ինքը փոքրիկ, լեզուն՝ մեծ…- ասաց ինքն իրեն, բայց Րաֆֆին լսեց, դուրս հանեց լեզուն, փորձեց տեսնել նրա երկարությունը, բայց հազիվ ծայրը տեսավ: Ինքն իրեն ասաց. «Այնքան էլ մեծ չի իմ լեզուն: Տեսնես մե՞ծ լեզուն է լավ, թե՞ փոքրը»:


Տխրությունը


Րաֆֆին ձեռքերը խոթեց գրպաններն ու որոշեց շրջել պարտեզում, մոտենալ անտառին․ գուցե հաջողվի ծառերի մեջ շրջող մի եղջերու կամ գոնե այս ու այն կողմ ցատկոտող նապաստակ տեսնել․․․ Խնձորենիների ճյուղերը կախվել էին, ծիծաղելի տեսք ընդունել, կարծես կատակախառն, չարաճճի մի պար պարելուց հետո ռևերանս անող աղջիկներ լինեին։ Իսկ բները հոգնատանջ, կնճռոտված մայրեր էին, որոնք հազիվ էին դիմանում իրենց երեխաների թեթևսոլիկություններին։ Կլորիկ խնձորները Աննայի թուշիկների նման վարդագույն էին, ծիծաղկոտ ու փայլփլուն։ Ու հենց նրանցից մեկի ճյուղից կախված պաստառին Րաֆֆին կարդաց․ «Տաշած քարը գետնին չի մնա»։ Նայեց շուրջը ու տեսավ մի փոքրիկ, տափակ, գուցեև հատուկ այս բառերի համար տաշած քար, վերցրեց, ցատկոտեց, իբր ինչ - որ մեկի հետ «կլաս» է խաղում, փորձում էր առանց տրորելու շրջանցել միայն իրեն տեսանելի գծերը։ Կարծես թե արդեն ինչ-որ մեկին խոստացել է ոչ մեկից ոչինչ չխնդրել, թեկուզ՝ կավճի մի փոքրիկ կտոր։ Պետք չէ նեղություն տալ իր հետ այսքան լավ վարվող մարդկանց։ Հենց անտառակողմ խրձերից մեկի մոտ էլի մի թղթադրամ գտավ։ Մի ոտքի վրա ցատկոտելով՝ մոտեցավ ձեռնափայտին հենված Տիգրան պապին, դրամը մեկնեց, բայց թվաց, թե ժպիտը թռավ նրա դեմքից։ Ցատկոտելու տրամադրությունը կամացուկ հեռացավ իրենից, ու նա մնաց մենակ։ Ձեռքերը մտցրեց գրպանը ու չգիտեր, թե հիմա ո՞ր կողմը շարժվի։ Կարելի էր տիկին Սիրարփիի հետ մի քիչ զրուցել, բայց անհարմար էր խոհանոց խցկվելը։ Տիկին Սիրարփիին կարող էր թվալ, թե շնիկի պես իր շուրջն է պտտվում ու ինչ-որ քաղցր բան ակնկալում, ասենք՝ կոնֆետ կամ թխվածք։ Նստեց տաղավարում ու զգաց, որ տխրությունը նոր միայն սկսում է ծնվել իր մեջ, ու սա արդեն իսկական տխրություն է, նույնիսկ՝ փորիկը ցավեցնող տխրություն։ Նա փորձեց բարձրաձայն արտասանել տխրության ու գեղեցկության մասին իրենց սենյակի պատին գրված բառերը, բայց հերթականությունը չհիշեց։ Տիկին Սիրարփին կարծես զգացել էր, որ արդեն բավական ժամանակ է, ինչ չի զբաղվել տղայով ու անմիջապես վրա հասավ «քըըշ» ասելու տխրությանը։

- Տղա՛ս, քեզ մի փոքրիկ գործ եմ հանձնարարելու։

Տխրությունը կարծես չէր վախեցել տիկին Սիրարփիից ու շարունակում էր հանգիստ պտտվել Րաֆֆիի շուրջը։

- Նախ՝ ձեռքերդ գրպանիցդ հանի՛ր,- ասաց տիկին Սիրարփին։ Թվաց, թե հիմա կասի․ «Էկոգյուղում ես և ո՛չ թե պարզապես գյուղում»։ Րաֆֆին գրպանից հանեց ձեռքերը, դրեց ծնկներին։ Այստեղ մատներն իրենց համար գործ գտան՝ փորձեցին պլոկել նոր լավացած վերքերի կեղևները։

- Մի՛ խաղա վերքերիդ հետ, կարյունոտես,- ասաց տիկին Սիրարփին նույն անուշ, քնեցնող ձայնով։ Րաֆֆին խաչաձևեց ձեռքերը, գրկեց իր երկու ուսերն ու երևի շատ ծիծաղելի տեսք ստացավ։

- Արի՛, սպասի համար մի քիչ ձավա՛ր մաքրիր, հետն էլ կզրուցենք, - ասաց, բռնեց տղայի ձեռքից, տարավ խոհանոց։ Գեղեցիկ մատուցարանի մեջ մի բաժակ ձավար լցրեց։ Ձավարի հատիկները շխկշխկալով ծածկեցին վարդագույն շորերով, խնձորի պես կարմիր այտերով ճապոնուհու փայլուն սանրը, մազերը։ Հետո ձավարի մաքրվելու հետ ի հայտ եկան ճապոնուհու շեղ աչքերից մեկը, մազերը։

- Դե, ինչի՞ մասին զրուցենք, հարցրեց տիկին Սիրարփին։- Նա այնպես էր բռնել կարտոֆիլը, որ կարծես նրա բռունցքից էր հանվում երկար ու բարակ կճեպը։

- Մադլենի մասին,- ասաց Րաֆֆին, այդ ընթացքում բացելով ճապոնուհու մյուս աչքը։ Ճապոնուհին կարծես ուրախ աչքով արեց իրեն։

- Ի՞նչ խոսենք Մադլենի մասին։ Ֆրանսերենի ուսուցչուհի է, դպրոցում շատ սիրված է։- Հետո հառաչեց, ու Րաֆֆիին թվաց, թե շարունակությունն արդեն ինքն իր համար է պատմում տիկին Սիրարփին։- Աղջկաս բախտը չբերեց։ Երբ շուրջդ ես նայում, կարծես թե վատ մարդիկ այնքան էլ շատ չեն, բայց ի՞նչ իմանաս, որ այդ քչերից մեկը հենց քեզ է հանդիպելու։- Հետո դարձավ Րաֆֆիին, ուրեմն չի մոռացել, որ այստեղ փոքրիկ երեխա կա, հիշեց, որ չարժե նրան տխուր բաների մասին պատմել, նա առանց այն էլ տխրելու պատճառ ունի։- Մադլենը հիմա քո տարիքի երեխա կարող էր ունենալ։ Բայց ես դեռ հույսս չեմ կտրել։- Նա մեղավորի պես ժպտաց։

Րաֆֆին թափեց աղբը, ավլեց խոհանոցի սալիկապատ հատակը։ Աղբյուրից փոքրիկ դույլով ջուր տարավ հավերի համար։ Ու կարդաց հավաբնի ցանցից կախված պաստառը․«Հավը որ հավ է, ջուր խմելուց երկնքին է նայում»։ Ոչ մի սխալ բան չկար։ Գրվածի ճիշտ լինելը ստուգվում էր իր աչքի առաջ։ Հավիկներն իրենց կտուցով ջրամանից առնում էին ջուրը ու երկնքին էին նայում։ Հավանոցի մոտ էլի մի ծալված թղթադրամ գտավ, վազելով հանձնեց Տիգրան պապին։

Եկավ իրենց տրամադրված սենյակը, պառկեց անկողնուն ու նորից կարդաց պատից կախված պաստառը․«Տխրության մեջ էլ գեղեցկություն կա»։ Բայց Մադլենը իրեն տեսնելիս ուրախանում է ու գեղեցկանում։ Ուրեմն ինքը Մադլենի տխրության մեջ է հայտնվում ու գեղեցկացնում նրան, ուրեմն ինքը գեղեցիկ է, ուրեմն Մադլենը միշտ պետք է տխրի, որ նրա մեջ գեղեցկություն լինի, ուրեմն․․․ Րաֆֆին ննջում էր ու մինչ աչքերը փակվում էին գլխում պտտվում էին Մադլենի սովորեցրած բառերը՝ d’laue, le moushoiar․․

․un, deux, trois, quatre…sinq, նշանակում է հինգ, կարծես լսվում է մամայի շշշշշ-ը Աննային քնեցնելիս, արևի շողերը նայում են ներս՝ ուղիղ Րաֆֆիի աչքերին, ուզում են իմանալ մինչև հինգը հաշվել սովորե՞լ է․․․


Երեկո, որը երբեք չի մոռանա Րաֆֆին


Զարթնեց։ «Էս որտե՞ղ եմ»,- ճմլկոտվեց։ Շատ լավ էլ գիտի, թե որտեղ՝ էկոգյուղում։ Մաման ասում է, որ իրենց տնից այնքան էլ հեռու չեն։ Բայց քանի՞ քաղաք ու գյուղ անցան մինչև էկոգյուղակ հասնելը։ Մի խոսքով ինքը մոռացկոտ չէ, թե՞ ավելի ճիշտ կլինի ասել՝ ինքնամոռացկոտ չէ․․․ Մի խոսքով, էկոգյուղակն ու այս մարդկանց տունը լավն են։ Ինքը անտառ սիրում է, մայրիկը՝ նույնպես, քույրին էլ կարծես ծաղիկների ու խոտերի համար գժվում է․ հենց ծաղիկ է տեսնում, բերանը բաց է անում, թաթիկները պարզում առաջ։

Մոտենում է Մադլենի գալու ժամը։ Րաֆֆին նորից սկսեց տխրել։ Չի հասկանում՝ Մադլենի՞ն է սպասում, թե՞ կարոտել է մամային ու քրոջը։ Ի՜նչ լավ ամեն ինչ հունի մեջ էր ընկել։ Ի՜նչ լավ ճոճ էր պատրաստել մաման Աննայի համար։ Իսկ հորն ու մամային չի կարող պատմել թե ինչպես է ինքը կուլ տալիս այն ամենը, ինչ տիկին Սիրարփին հերթով շարում է նոր գնված սեղանիկին։ Որ Տիգրան պապիկը դանդաղ շրջում է ժպտալով ու անվերջ կորցնում իր ծալծլված թղթադրամը, ու ամեն անգամ ինքը գտնում, տալիս է նրան։

Մադլենից առաջ վերադարձավ Հակոբը։ Նա խոհանոցում կանգնած հերթով ուտում էր մոր նոր տապակած կարտոֆիլները ու լսում մամայի ու Աննայի հետ պատահածի մասին։

- Երեխային աչքիս լույսի պես եմ պահում,- ասում էր տիկին Սիրարփին,- դու էլ ուշադի՛ր եղիր, զբաղվի՛ր հետը, թող իրեն մենակ չզգա։ Մադլենն էլ կզբաղվի, բայց դե, գիտես, տղա երեխայի հետ ավելի լավ է տղամարդը զբաղվի։ Նրան տղամարդկային դաստիարակություն է պետք։ Մտի՛ր ինտերնետ, տե՛ս ինչ են ասում, սովորի՛ր, հետագայում քեզ էլ է պետք գալու։

Այս ամենն ասվում էր Րաֆֆիի ներկայությամբ, կարծես ինքը կամ խուլ ու համր է կամ հայերեն չի հասկանում։

Հակոբը լսեց, մի քանի տաք կարտոֆիլ էլ գցեց բերանն ու հանկարծ անսպասելի շրջվեց Րաֆֆիի կողմը, հայացքով չափեց նրա հասակը, «Ալե՜ հո՛պ» ասելով՝ նրան գետնից պոկեց, նստեցրեց ուսերին։

- Է՜յ, կամա՛ց, սա քո ուլերից չի, ո՞ւժդ ես փորձում,- ճչաց տիկին Սիրարփին՝ չմոռանալով ձեռքը տանել դեպի սիրտը։

Մի քանի քայլից արդեն մարզաձողի մոտ էին։

- Բռնվի՛ր,- կարգադրեց Հակոբը։- Դա դատարկ բան էր։ Հակոբի ուսերին նստած նա մարզաձողից էլ բարձր էր։ Բայց հենց որ Րաֆֆին ձեռքով բռնեց մարզաձողը, Հակոբը բաց թողեց նրան։ Տղան սարսափահար կախված մնաց օդում։

- Մամաաա․․․

- Բաց չթողնես,- հրամայեց Հակոբը,- դիմացի՛ր։ Ես քեզ կբռնեմ, չվախենա՛ս։

«Դու հեռու ես, չես կարող ինձ բռնել»,-ուզում էր ճչալ, բայց ձայնը փորից դուրս չէր գալիս։ Վերջին ուժերով պահում էր իրեն, որ չընկնի։ Հակոբը լուրջ հայացքով, հանգիստ նայում էր իրեն, ձեռքերը վեր պարզած, ինչպես բասկետբոլիստն է սպասում ցանցի մեջ իր նետած գնդակին։

«Նա չի հասցնի ինձ բռնել»,- ձեռքերն արդեն թուլացել էին։ Ու հենց այն պահին, երբ արդեն ընկնում էր, Հակոբը օդի մեջ որսաց նրան։ «Ալե՜ հո՛պ»:

«Սա տղամարդկային դաստիարակություն է»,- հպարտ մտածեց Րաֆֆին, երբ արդեն ոտքերի տակ զգաց գետնի ամրությունը։

- Ճաշենք վերջացնենք, հանտելներով վարժություն կանենք,- ասաց Հակոբն ու, սրբիչը սպորտսմենի պես ուսին գցած, գնաց դեպի բակի ծորակը։ Մինչև գոտկատեղը լվացվեց սառը ջրով, սրբվեց, խնամքով չորացրեց ականջները։ Ընթացքում երբեմն նայում էր հեռվում կանգնած Րաֆֆիին ու երևի մտածում էր, թե էլ ինչ կարելի է անել նրա տղամարդկային դաստիարակության համար։

Ճաշին Րաֆֆին տիկին Սիրարփիին ու Մադլենին հաճույք պատճառելու համար երեք բաժին իր մաքրած ձավարով սպաս կերավ։ Նրանք, անասելի հրճված, գովեցին տղայի ախորժակը։

- Երբ առավոտից լավ ես կերակրում,- ասաց տիկին Սիրարփին,- ամբողջ օրը երեխան լավ է ուտում։

Րաֆֆին փորձեց հիշել, թե առավոտյան իրեն ինչպես էր կերակրում մաման, ու դա ինչպես էր անդրադառնում իր ախորժակի վրա, բայց չհասցրեց, որովհետև տիկին Սիրարփին Մադլենին խնդրեց․

- Ամանները ես կլվանամ, դու տղային տար ձիերի մոտ։

Ձիերի±։ Երևի խոսքը կարուսելի ձիուկների մասին է։ Մադլենը գնաց իր սենյակը, վերադարձավ իսկական կրկեսի ձիավարի հագուստով ու կովբոյական գլխարկով։ Նա փոքրիկ, համարձակ աղջկա էր նմանվել։ Րաֆֆին նույնիսկ ուզեց հիացմունքից հառաչել։

- Արի՛ գնանք ձեր սենյակը, տեսնենք ի՞նչ հարմար բան ունես հագնելու,- ասաց նա Րաֆֆիի գլուխը շոյելով։ Րաֆֆին նրա առաջ բացեց իրենց ճամպրուկներից մեկը։ Մադլենը ընտրեց իր կարծիքով ամենալավ հագուստը: Սա Րաֆֆին հագել էր դպրոցի դիմակահանդեսում՝ որպես հրացանակիր ծպտվելու համար։ Ասաց, որ լավ կլինի՝ պատից կախված ծղոտե գլխարկն էլ դնի։ Րաֆֆին չհակաճառեց, թե՝ հիմա արդեն երեկո է, որ դա մայրիկը գնել է արևի համար։ Այդքան գեղեցիկ աղջիկը չի կարող ամեն ինչ իրենից լավ չիմանալ։ Մադլենը բռնեց տղայի ձեռքն, ու նրանք դուրս եկան դեպի անտառի ճանապարհը։

- Բա հանտելենե±րը,- նրանց ետևից կանչեց Հակոբը, որ ծալվող աթոռի մեջ ընկղմված, թերթ էր կարդում։

- Կգնանք-կգանք՝ հետո,- Րաֆֆիի փոխարեն պատասխանեց Մադլենը։


Եզնիկ ձին, սարը, հեռունե՜րը


Րաֆֆին ոչ միայն երբևէ ձի չի նստել, այլ դեռ մոտիկից չի տեսել այսքան մեծ ձիեր։ Կենդանաբանական այգու պոնիները սրանց մոտ թզուկներ են։ Րաֆֆին արդեն պատրաստել էր պատասխանը, եթե Մադլենը հարցնի՝․«Վախենո՞ւմ ես, փոքրի՛կս»։ «Չէ՛, չեմ վախենում։ Ես միայն այլմոլորակայիններից եմ մի քիչ վախենում, մեկ էլ գայլից, և այն էլ՝ գիշերով ու միայն մութ անտառում»։ Բայց Մադլենը միտք չուներ իրեն հարցեր տալու։

- Քեզ քանի՞ անգամ եմ ասել, Սուրո՛, որ այս ժամին Եզնիկին շատ չկերակրես։ Բե՛ր մոտիկ։ Նա թեթևորեն ձախ ոտքը դրեց ասպանդակին, գրեթե նույն ակնթարթում աջը Եզնիկի մարմնի մյուս կողմում էր։

- Երեխային տո՛ւր ինձ,- ասաց Սուրոյին։ Սուրոն, առանց մի խոսք ասելու, գետնից պոկեց Րաֆֆիին, ու նա արդեն թամբի վրա էր՝ Մադլենի հետ։

Եզնիկը կարմրագույն էր, իսկ մյուս երկուսը, որ հայացքով կարծես մի պահ ուզում էին բարի ճանապարհ մաղթել հեծյալներին՝ Այլիկն ու Քուռկիկն էին։ Այլիկը երևի այլմոլորակայինի կրճատ ձևն է՝ երկնագույն, սև պուտիկներով, իսկ Քուռկիկը մի ամեհի նժույգ էր իր ընկերների համեմատությամբ։

Մադլենը թեթևակի մտրակեց Եզնիկին, նա տեղից պոկվեց: Այս կարճ ընթացքում Րաֆֆին հասցրեց կարդալ ձիարանի պատին փակցված պաստառը. «Ով որ հանդարտ սիրտ ունի, ամեն ինչ ունի», բայց չհասցրեց մտածել, ինքը հանդարտ սիրտ ունի, թե՞ ոչ:

Մադլենը պինդ գրկել էր Րաֆֆիին, քանի դեռ նրա փորիկը վախից մի քիչ խլվլտում էր, ուզում էր ցավել, բայց չցավեց։

- Բռնի՛ր սանձը,- ասաց Մադլենը, թեև ինքը սանձով ղեկավարում էր ձիուն, տղայի ձեռքերը հարմարեցրեց սանձին,- պի՛նդ բռնիր, որ չփախչի։

Րաֆֆին պինդ բռնեց, ու երբ արդեն արագ սլանում էին իրենց առջև բացված դաշտով, հասկացավ, որ Մադլենը իրեն գրեթե բաց է թողել գրկից, իսկ ինքը կախված է սանձից ու չի վախենում։ Չորս կողմը ծաղիկներ էին՝ գույն-գույն։ Այստեղից դրախտ տեղափոխվածները երևի քիչ էին, և լավ է, որ այդպես էր ստացվել։ Րաֆֆին ուզում էր իջնել, վազվզել նրանց մեջ, բայց Մադլենը կտրուկ քաշեց սանձը։ Եզնիկը գլուխը ետ թեքեց, կարծես հարցնում էր՝«Հիմա ի՞նչ անեմ»։

- Մի քիչ դանդաղ՝ դեպի անտառի արահետ,- խոսեց Մադլենը նրա հետ այնպես, որ Րաֆֆին չհասկացավ՝ դա հայերե՞ն էր, թե՞ ձիերեն։

Անտառի արահետով Եզնիկը հեծյալներին հասցրեց մինչև սարի գագաթը, որտեղից երևում էր ամբողջ աշխարհը։ Րաֆֆիի շունչը կտրվել է անսպասելիությունից։ Նա դեռ չէր հավատում, թե ինքը իրականում է տեսնում այս ամենը և ոչ թե՝ հեռուստացույցով։ Փորիկը խլվլտում էր, բայց ոչ թե ցավից, այլ մի ուրիշ բանից, որի անունը ինքը չգիտի, բայց կարելի է դրան ուրախություն ասել։


Րաֆֆին ուրախ է և հպարտ


- Տեսնում եմ՝ դու ուրախ ես,- ասաց Մադլենը։

- Ես հպարտ եմ,- ասաց Րաֆֆին, առանց իմանալու, որ այս բառերը՝ «հպարտ եմ», ինքը առաջին անգամ է արտասանում իր կյանքում և այն էլ՝ ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում։

- Հպա՞րտ,- ծիծաղեց Մադլենը։ Րաֆֆիին թվաց, թե ամբողջ աշխարհը լսում է իրենց, ու ամենուրեք տարածվել է Մադլենի ծիծաղը։ -Դու հպա՞րտ ես, ուրեմն ես էլ եմ հպարտ՝ քեզ նման հպարտ մանչուկի հետ այս հպարտ բարձունքում։

Րաֆֆին նայում էր շուրջը ու չէր հագենում, հևում էր ու հիացմունքի բացականչություններ էին թռչում կոկորդից, որ չէին վերջանում։

Ի վերջո Րաֆֆին ետ կուլ տվեց դրանցից մեկին ու պինդ փակեց բերանը։

- Ինչո՞ւ ձայնդ կտրվեց,- անհանգստացավ Մադլենը։

Րաֆֆին չպատասխանեց։ Նա ուզում էր իրեն մեն-մենակ կարծել սարի գագաթին։ Ուզում էր մեն-մենակ բռնել Եզնիկի սանձը։

Վերադարձին, երբ Եզնիկը զգուշորեն սմբակները ճանապարհի քարերին դնելով, իջնում էր դեպի Էկոգյուղակ, Րաֆֆիին արդեն թվում էր՝ ոչ թե Մադլենն է ուղեկցում իրեն, այլ՝ ինքը Մադլենին, և որ ինքն է սանձը ձգում այնպես, որ Եզնիկը ճիշտ ճամփով գնա։


Երեկոն դեռ չի ավարտվել


Երբ տուն հասան, գրեթե մթնել էր։ Րաֆֆին այսքան երկար ճանապարհ, այն էլ ձիով, երբեք չէր կտրել։ Երբ իրեն տանում էին կարուսել, միշտ իրեն թվում էր, թե դեռ երկա՜ր կարող է պտտվել ու չհոգնել, որ ինչ-որ բան կիսատ մնաց։ Իսկ հիմա արդեն մամային է ուզում և իրենց տան փափուկ անկողինը։ Բայց պարզվեց, որ Հակոբը ձեղնահարկում գտել է հանտելները, լվացել, մաքրել ու իրեն է սպասում։ Րաֆֆին մի քիչ տխրեց, հիշել էր հայրիկին, որ խոստացել է իր համար հանտելներ գնել, բայց՝ մի քիչ էլ մեծանալուց հետո միայն․«Որովհետև դու դեռ ոսկոր չունես, քոնը կրճիկ է»։

- Քանի՞ անգամ կարող ես բարձրացնել,- հարցրեց Հակոբը, հանտելները ձեռքերի մեջ խաղացնելով։

- Հազար,- առանց մտածելու պատասխանեց Րաֆֆին։

- Դե՛, սկսի՛ր՝ տեսնենք,- շատ լուրջ դեմքով, ինչպես բոքսի ռինգի մոտ կանգնած մարզիչն է նայում իր մարզիկին, ասաց Հակոբը ու սկսեց բարձրաձայն հաշվել։ Հինգ անգամ բարձրացնելուց-իջեցնելուց հետո պարզվեց, որ Րաֆֆին շատ հոգնած է այսօր, գուցե վա՞ղը շարունակեն, հը՞։

- Ո՛չ, ո՛չ, շարունակի՛ր, մարդկային հնարավորություններն անսահման են։ Արդեն 20-ին ես հասել։

- Գուցե վա՞ղը, հը՞։

- Ո՛չ, ո՛չ շարունակի՛ր՝ 24, 25։ Հը, ի՞նչ եղավ, դու տղամա՞րդ ես, թե՞ չէ, 28, 29, արդեն 30։ Ապրե՛ս, շարունակի՛ր։ Րաֆֆիին թվում է, թե հիմա ուր որ է կընկնի։ «Ես քնե՜լ եմ ուզում», բայց ձայնը փորիկից դուրս չէր գալիս 33, 34։ Րաֆֆին հավաքեց իրեն ու վճռեց հանտելները դեն նետել։ Դա ավելի քիչ ամոթ էր, քան, եթե հանկարծ ի՛նքը փռվի գետնին։ Նա ամոթահար նայեց Հակոբին։ 1000-ի փոխարեն 34։ Իսկ Հակոբը երևի մի քանի հազար անգամ կարող է բարձրացնել, իջեցնել։ Պարզվեց՝ Հակոբը դժգոհ չէ իր արդյունքներից։ Գուցե մխիթարո՞ւմ է, ասելով, որ իր տարիքի երեխայի համար, այն էլ՝ առաջին անգամ, 34-ն էլ բավական շատ է։ Այստեղ մութ արահետից հայտնվեց տիկին Սիրարփին՝ մի մեծ բաժակ կաթ ձեռքին։ «Չէ՛, դա արդեն չեմ կարող»,- մտքում որոշեց Րաֆֆին ու նույնիսկ մի պահ խոժոռեց դեմքն ու արդեն պատրաստվում էր լաց լինել՝ առատ արցունքով, ինչպես անում էր մամայի կամ հայրիկի պարտադրանքներին դեմ գնալու համար: Բայց հիշեց, որ խոսքը տղամարդկային դաստիարակության մասին է, որի մեջ կարծես թե ուրիշ բան փնտրելու կարիք չկա: Պարզվեց, որ ոչ միայն այդ կաթն է հնարավոր խմել, որ քիչ առաջ էին կթել Էկոգյուղակի ամենասիրուն կովից, այլև մի խնձոր ու երկու թուզ ուտել: Ուրեմն, Հակոբը ճիշտ էր ասում, որ մարդկային հնարավորություններն անսահման են: «Տեսնես ինձ ո՞վ կտանի քնելու»,- մտածում էր Րաֆֆին ու անձկությամբ նայում մութի մեջ թաղված երկհարկանի տան լուսամուտներին, որոնք կախարդական ամրոցի խորհրդավոր խոռոչներ էին հիշեցնում:

Վերջապես Մադլենը եկավ՝ երկար խալաթը ծածանելով, մազերը մի գեղեցիկ ժապավենով հավաքած:

- Արի՛, փոքրի՛կս, այս գիշեր որտե՞ղ ես ուզում քնել:

Րաֆֆին չգիտի, թե որտեղ, բայց սաստիկ քնել է ուզում: Ու դեռ չգիտի, որ նման պարագայում կա մի հիանալի պատասխան. «Ինձ համար միևնույնն է»: Հոգնած աչուկները մի կերպ բաց պահելով՝ նա դեռ փորձում է կռահել, թե ո՞րն է ավելի տղամարդավարին:

- Ես ուզում եմ քնել,- վերջապես ասաց նա հորանջելով:

- Լավ, այս գիշեր ձեր սենյակո՛ւմ քնիր: Եթե վախենաս, վաղը իմ սենյակում կքնես: Մադլենը Րաֆֆիի ձեռքից բռնած տանում էր աստիճաններով ու կարծես քնի մեջ լսեց տիկին Սիրարփիի ձայնը.

- Մադլե՛ն, հեռախոսը տո՛ւր երեխային, մայրն է զանգել: Թող խոսի: Րաֆֆին քայլում էր ու ափսոսում, որ մամայի հետ երկար խոսել չի կարող, ուզում է շուտ հասնել անկողնուն ու գլուխը դնել բարձին:

- Ո՞նց ես,- հեռախոսից լսվեց մամայի սիրելի ձայնը:- Րաֆֆին մի պահ աշխուժացավ, ուզեց պատմել, թե այսօր ինչե՜ր է արել, թե ինչ տոկունությամբ է տարել տղամարդկային ամենադժվար փորձությունները, բայց ուժ չուներ: Դրա փոխարեն մայրիկն ասաց, որ ինքը ամեն ինչ գիտի: Ապրի՛ Րաֆֆին, որ այդքան լավ է կերել: Խնդրում է, որ ոչ ոքի չվշտացնի:- Լսող բալի՛կ եղիր: Աննան մի երկու օրից կլավանա, ու իրենք էլի միասին կլինեն:


Գիշերը


Գիշերվա կեսին Րաֆֆին զարթնեց ու փորձեց կողմնորոշվել, թե ինչպես պիտի զուգարան հասներ: Ապշեց, մի քիչ էլ վախեցավ՝ տեսնելով, որ իր գլխավերևում՝ ցածլիկ աթոռին, նստել է մի կին ու նայում է իրեն: Պատին ամրացված վարդանման փոքրիկ լամպը հազիվ իր շուրջն է լուսավորում: Ուզեց Մադլենին կանչել բարձր ձայնով, բայց Մադլենի ձայնը լսվեց հենց իր կողքին: Երևի արթնացել է, տեղից վեր է թռել ու եկել է, որ փրկի իրեն: Այն սպիտակազգեստ կնոջ փոխարեն արդեն նստած է Մադլենը՝ նույնպես սպիտակազգեստ, երկա՜ր, գեղեցիկ մազերը ուսերին թափված: Րաֆֆին ուրախությունից ճչաց.

- Մադլեն, ո՞ւր գնաց այն կինը:

- Դուրս վռնդեցի,- հանդարտ ասաց Մադլենը,- դու քնիդ մեջ անընդհատ խոսում էիր: Ուզում էի հասկանալ՝ ի՞նչ ես ասում, բայց ոչինչ չհասկացա:

Հիմա արդեն Րաֆֆիին մի ուրիշ հարց էր տանջում՝ ինչպե՞ս Մադլենին խնդրի, որ ուղեկցի իրեն: Այն կինը չէ՞ որ կարող է մի տեղ թաքնված լինել: Որոշեց հարցնել, թե ինչպե՞ս կարող է զուգարան գնալ: Մադլենը, այդ հրաշք Մադլենը, որ ոչնչից չի վախենում ու այդ զազրելի կնոջից նույնպես, բռնեց Րաֆֆիի ձեռքն ու միջանցքում մի շարք լույսեր միացնելով՝ հասցրեց լավ ծանոթ զուգարանը: Րաֆֆին նախ դռնից ներս նայեց: Այնտեղ ոչ մի կին էլ չկար:

Մադլենը խոստացավ, որ ահա այսպես կնստի իր մահճակալի կողքին՝ մինչև լույսը բացվի:

- Դու հանգի՜ստ քնիր,- ասաց նա քուն բաժանող բարի կախարդուհու ձայնով: Բայց Րաֆֆին Մադլենի ձեռքը պինդ բռնած, հազիվ էր մի քիչ աչքերը փակել, ու արդեն տեսնում էր ամեհի Եզնիկին՝ դաշտով վազելիս, երբ սենյակում մի ուրախ ձայն սկսեց աղմկել.

- Էս ի՜նչ է, ձկնորսը այսքան երկար կքնի՞: Զարթնի՛ր, տեսնեմ, թե չէ վրադ սառը ջուր կլցնեմ:

Րաֆֆին շփոթահար վեր թռավ տեղից:

- Երևի ես եմ, հա՞, այդ ձկնորսը:

- Իհարկե, դո՛ւ,- առույգ, կարծես ոչ թե ձկնորսության էր գնում, այլ հանկարծ Րաֆֆիին ու տղամարդկային դաստիարակությունը հիշելով, Հակոբը կիսատ էր թողել ձկնորսությունն ու եկել էր իր ետևից: Րաֆֆին արագ-արագ հագնվում էր ու փորձում վանել քունը, մտաբերել, թե երեկ երեկոյան ձկնորսության մասին որևէ խոսք եղե՞լ է, թե՞ ոչ: Ի վերջո, դա՛ չէ կարևորը ու սխալ-մխալ կապելով կոշկակապերը, կազմ ու պատրաստ կանգնեց ճմլկոտվող Մադլենի ու Հակոբի առջև: Հակոբը նման էր իր հրամանատար հոր նկարին, միայն թե զենքի փոխարեն նրա ձեռքին կարթաձող կար: Մադլենը կռացավ, քանդեց Րաֆֆիի սխալ կապած կոշկակապերն ու սիրուն կապեց:


Ձկնորսությո՞ւն, թե՞ դու հեքիաթի մեջ ես


Դրսում մութ էր ու մի քիչ էլ ցուրտ: Բայց Հակոբը այնքան աշխույժ, ուրախ տեսք ուներ, այնքան վարպետորեն էր սուլում, որ Րաֆֆին էլ ուրախացավ ու սկսեց ցատկոտել նրա շուրջը:

- Շուտ, շո՛ւտ արի,- ասում էր Հակոբը,- քանի ձկները գլխի չեն ընկել, որ մե՛նք ենք մոտենում»:

Նա հանկարծ ընդհատեց սուլոցն ու կանգ առավ.

- Ահա այս շենքում են քո մաման ու քույրիկը,- ասաց նա,- ահա սա էլ նրանց պատուհանն է: Արի՛ քեզ բարձրացնեմ, նե՛րս նայիր, տես ինչ են անում:

Սա արդեն իսկական հեքիաթ է: Ինչպե՞ս թե, քայլում ես կիսամութ փողոցով, հանկարծ բարձրանում, նստում ես մեկի ուսերին, պատուհանից ներս ես նայում ու տեսնում մամայիդ, որ նստել է մահճակալին, երկարել ոտքերը, հենվել պատին, իսկ գրկում Աննան է: Մաման ձեռքով թփթփացնում է Աննային, որ քնի: Իսկ ինքն էլ խռիվ մազերով, հայտնի չէ՝ քնա՞ծ է, թե՞ արթուն: Շատ ուզեց ձայն տալ մամային, մի քիչ խոսել հետը, բայց վախեցավ, որ կարթնանա հեքիաթից: Սուսուփուս իջավ Հակոբի ուսերից, նրա ձեռքից վերցրեց կարթաձողը, բայց տեսավ, որ չի կարողանում տանել, վերադարձրեց:

Գետափին դեռ մութ էր: Հակոբը մանրամասնորեն հարմարեցնում էր կարթաձողի հատվածները, թելն էր ձգում: Րաֆֆին, որդերի բանկան ձեռքին, անհամբեր սպասում էր, թե երբ է Հակոբը ասելու՝ «Դե հիմա տո՛ւր որդը»: Ինքը բռնելու է լպրծուն որդերից մեկին ու մեկնելու է նրան: Բայց դրա փոխարեն նա հրամայեց.

- Այն պայուսակի միջից հանի՛ր հանտելները: Երեկ 34 անգամ ես բարձրացրել, այսօր պետք է գոնե 40-ի հասցնես:

Րաֆֆին փորիկում ըմբոստության խլրտոց զգաց, բայց սուսուփուս գնաց դեպի պայուսակը: Հանտելների կողքին մի տոպրակ կար, որից հենց քիչ առաջ տապակած ինչ-որ կարկանդակի անուշ ու տաք բույր էր գալիս: Րաֆֆին հաճույքով այդ տոպրակի ամբողջ կարկանդակը կուտեր, միայն թե Հակոբը չստիպեր հանտելները բարձրացնել: Այնպես էր կարոտում մամային ու այնպես էր ուզում քնել:

Այս անգամ մինչև 10-ն էլ չհասավ: Արմունկները չէին բացվում, իսկ մի կերպ բացվելուց հետո՝ չէին ուզում փակվել:

- Քանի՞ անգամ բարձրացրիր,- հարցրեց Հակոբը՝ չնայելով իր կողմը:

- 10,- Րաֆֆիի փոխարեն պատասխանեց ստի տոպրակ կոկորդիլոսը:

- Ոչի՛նչ, ոչինչ, մի՛ հուսահատվիր: Մենք մինչև 100-ն ենք հասնելու, բայց այսօր դեռ 10-ն էլ չանցանք:

Ձուկ բռնելու ընթացքը հեքիաթի շարունակությունն էր: Մինչ Հակոբը կարթաձողերից մեկին որդ էր ամրացնում, Րաֆֆին սուսուփուս հանտելները տարավ, տեղավորեց տոպրակի մեջ: Դրանք կարծես ոչ մի կապ չունենային հեքիաթի հետ: Իսկ փայլփլուն ձկնիկներից երկուսին Հակոբը արդեն հանել էր կարթից ու գցել դույլի մեջ: Նոր բարձրացող արևի տակ փայլփլող նրանց փորիկների լույսը ուրախություն էր տարածում շուրջբոլորը: Ձկնիկները կարծես չէին տխրում, որ իրենց բռնում են, անտրտունջ թրմփում էին դույլի մեջ ու ագահորեն կուլ տալիս ջուրը: Կարծես իրենց բացի այդ մի պուտ ջրից՝ էլ ուրիշ ոչինչ պետք չէր: Իսկ մի գորտիկ, ջրափոսում նստած նայում էր, թե ինչ են անում այս մարդիկ: Հակոբը շատ ուրախ էր: Այդ հսկա մարդը նմանվել էր փոքրիկ տղայի: Րաֆֆին ուզում էր նմանվել նրան ու չմտածել ձկնիկների՝ հետզհետե սարսափից չռվող, կլոր աչքերի մասին:


Կարկանդակ ուտելու ժամը


Ահա և հասավ կարկանդակ ուտելու ժամը:

- Արի՛ մի քիչ էլ հանտել բարձրացնենք ու նստենք ուտելու,- ասաց Հակոբը ձեռքերը իրար շփելով: Րաֆֆին նույնպես ուրախ-ուրախ շփեց ձեռքերը ու վազելով դուրս բերեց հանտելները: Այս անգամ բարձրացրեց մինչև 20-ը, ու ձևացնելով, թե գոհ է ինքն իրենից, հանտելները նետեց գետնին: Այս հնարն օգնեց: Հակոբը կարծես մոռացել էր, որ նախորդ օրը Րաֆֆին 34 անգամ է բարձրացրել, և որ իրենց նպատակակետը ամենասկզբում 1000-ն էր: Նրանք նորից շփեցին ձեռքերը ու իսկական որսորդների նման հարձակվեցին ուտելիքի վրա: Բայց Րաֆֆիի ախորժակը հանկարծ չգիտես ուր չքացավ: Նա մտքում հաշվեց կարկանդակները: «Եթե ես երկու հատ ուտեմ, Հակոբը չորս, այնտեղ բան չի մնա: Իսկ եթե ես չուտեմ, իմ բաժինը ճանապարհին պատուհանից կարող եմ մամային տալ, գուցե Աննան էլ ուզենա ուտել»:

Հակոբը լիքը բերանով փորձում էր հասկացնել, որ շատ համով է, Րաֆֆին էլ սկսի ուտել: Րաֆֆին միայն թուքն էր կուլ տալիս:

- Ես ուտել չեմ ուզում,- վերջապես իր փոխարեն խոսեց «ստի տոպրակ» կոկորդիլոսը.- Կարելի՞ է իմ բաժինը ճանապարհին տանք մամային ու Աննային: Հակոբը ուրախ սուլելով փոքրիկ տղայի պես թռավ տեղից, մյուս պայուսակից դուրս քաշեց մի մեծ տոպրակ.

- Արի՛ այստեղ: Նայի՛ր: Սա էլ՝ նրանց կարկանդակները:

Րաֆֆին հասկացավ, որ եթե մաման ու Աննան այդքան սիրելի են տիկին Սիրարփիին, ինքը իրավունք չունի այս ընտանիքի անդամներից որևէ մեկին, նույնիսկ Տիգրան պապին դուր չգալու: Ուրախ ու անհաջող սուլելով՝ Րաֆֆին մոտեցավ հանտելներին, բարձրացրեց մինչև 30-ը ու ձեռքերը շփելով՝ հարձակվեց իր բաժին կարկանդակների վրա:

Կարթերից մեկի վրա ուրախ ղողանջեց զանգակը:


Ինչքան ասես կոտլետներ, բայց ՝ոչ ձկնիկ


Տանը բոլորը հիացած էին իրենց որսով: Իսկ Րաֆֆին փորձում էր չնայել ծանր շնչող ու հետզհետե ուշաթափվող ձկնիկների կողմը:

Մինչ տիկին Սիրարփին ճաշի պատրաստություն էր տեսնում, Տիգրան պապը մի քանի անգամ կորցրեց 1000 դրամանոցը, իսկ Րաֆֆին գտավ, հանձնեց նրան: Հետո 10 անգամ Հակոբի հրահանգով կախվեց մարզաձողից, ձգվեց, հինգ անգամ հաղթահարեց մինչև պարտեզի ծայրը, գրեթե մինչև անտառ ու ետ վազքը ու Մադլենի հիացմունքից փայլող ժպիտի տակ նստեց սեղան: Իր սեղանիկի ու աթոռակի մասին այսօր ինչ-որ պատճառով մոռացել էին: Երևի մտածում են արդեն տղամարդկային դաստիարակությունը կատարել է իր դերը, և չարժե իր հետ քաղցր-մեղցրություններ բանեցնել: Մադլենին նայելով՝ մտածում էր.«Տեսնես ինչո՞ւ չի ամուսնացել: Ի՜նչ գեղեցիկ է Մադլենը»: Այսպիսի գեղեցկություն չի տեսել կյանքում: Իսկ երբ առաջին անգամ տեսավ նրան, թվացել էր, թե գորտի պես դուրս ընկած աչքեր ունի՝ շատ նման Տիգրան պապի աչքերին, որ ատամները ցից-ցից են, որ ձեռքերը շատ ոսկրոտ են: Իսկ հիմա այդ ամենից հետք էլ չի մնացել: Մադլենը կապո՜ւյտ-կապո՜ւյտ աչքեր ունի, որոնցով ժպտում է: «Իմ կինը անպայման կապույտ աչքերով թող լինի»,- չգիտես ումից խնդրեց նա, ու կարծես այդ մեկը համաձայնողաբար գլխով էր արել: Հիմա էլ սկսեց դիտել Հակոբին, որ դանակ-պատառաքաղով լրջորեն մասնատում էր ձկնիկին և ուտում: Թվում էր, թե նա իր գեղեցիկ շարժումներով հաճույք է պատճառում ուտվողին:

- Ես ձուկ չեմ սիրում,- ասաց Րաֆֆին, բայց տեսավ, որ տիկին Սիրարփին իր առջևից արդեն հեռացրել է ապուրի դատարկ ափսեն, ուրիշ ափսեի մեջ երկու մեծ կոտլետ է դրել:

- Եթե ձկից հրաժարվում ես, կոտլետ պիտի ուտես,- ասաց նա: Րաֆֆին անուշ ժպտալով մեկը մյուսի ետևից կուլ տվեց կոտլետներն ու սկսեց դիտել Տիգրան պապին, որ հաճույքով ձուկ էր ուտում: Նրա մատները յուղոտվել էին, շրթունքն ու կզակը՝ նույնպես: Նա ձկան ողնաշարի վրայից լեզվով պոկում էր սպիտակ միսն ու հաճույքից չփչփացնում, հետն էլ ծուռ-ծուռ նայում էր կոտլետներին:

Այս ընթացքում Րաֆֆիի ափսեի մեջ կաղամբով աղցան էր հայտնվել և մի մեծ կտոր պանիր: Նա առանց ժամանակ կորցնելու կուլ տվեց այդ բոլորը, կաթով լի բաժակն էլ դատարկեց ու ասաց.

- Շնորհակալություն:

Տեսնելով, թե սա ինչ հեշտությամբ անցավ վերջաբանի տեղ՝ շատ ափսոսաց.«Ինչո՞ւ առաջին կոտլետը ուտելուց հետո չխմեցի կաթը ու չասացի «Շնորհակալություն»: Փորիկն էլ չէր ցավի:

Այս անգամ ինքը նախաձեռնեց պարտեզի շավղով վազելը: Վազեց 15 անգամ ու արժանացավ Մադլենի հիացմունքին:

- Առավոտը շատ վաղ ես արթնացել, գնա՛, մի քիչ քնի՛ր:

Հենց իրենց սենյակի դռան մոտ գտավ Տիգրան պապի կորցրած հազարանոցը ու ետ վազեց պարտեզ, որտեղ ձեռնափայտին հենված նստել էր ժպտացող պապը. տվեց նրան:

Կեսօրվա այս քունը հիանալի էր, մանավանդ որ հանտելներն ու մարզաձողը իր տեսադաշտից հեռու էին:


Հորաքույրը, որ ոչ թե ժպտում է բոլորի նման, այլ…


Արթնանալով՝ Րաֆֆին չէր ուզում շրջվել պատից: Երազում տեսել էր հորը: Մտածեց՝ «Կարո՞ղ է հանկարծ կատարվի երազս: Իջնեմ բակ ու տեսնեմ՝ պապան այնտեղ է»: Այնքան հավատաց իր երազին, որ զգուշորեն ետ տարավ պատուհանի վարագույրը, որ եթե պապան այնտեղ լինի, իրեն միանգամից չտեսնի, կամ էլ, եթե այնտեղ չլինի, ինքը դա միանգամից չիմանա: Պատուհանից բակի սեղանի մի մասն էր երևում միայն: Տիգրան պապն էր երևում, որ ձեռնափայտին հենված՝ խոսում էր ինչ-որ մեկի հետ: Րաֆֆիի սրտիկն սկսեց արագ-արագ բաբախել: Վազելով իջավ աստիճաններից ու պապայի փոխարեն տեսավ մի ծեր կնոջ, որ նստել էր Տիգրան պապի դիմաց ու ուշադիր լսում էր նրան: Րաֆֆին դեռ չէր տեսնում նրա դեմքը: Բակում բացի նրանցից ոչ ոք չկար: Նայեց խոհանոցի բաց դռնից ներս, տիկին Սիրարփին այնտեղ չէր: Րաֆֆին ոտքը կախ էր գցում: Բայց ի վերջո զգուշորեն մոտեցավ ու ասաց.«Բարև ձեզ»: Ու հենց այստեղ էլ տեսավ ծեր կնոջ դեմքը: Դա մի վհուկ էր: Տեսնես ո՞վ է: Չպատասխանեց իր բարևին, երևի ծանր է լսում: Նայեց իրեն բարկությամբ, ու երբ հայացքը դարձրեց Տիգրան պապին, Րաֆֆին տեսավ, որ նույն զայրույթով նայում է նրան: Իսկ Տիգրան պապը իր մշտական ժպիտով նրան սկսեց բացատրել, թե ով է այս փոքրիկ տղան, որ նա քնած էր ու, ահա, նոր արթնացավ: Ծեր կինը մի անգամ էլ զայրույթով չափեց տղային ու Տիգրան պապին ինչ-որ հարց տվեց սվսվացող ու խզվող ձայնով, որին Տիգրան պապը իսկույն սկսեց պատասխանել: Իսկ երբ Րաֆֆին է նրան որևէ բան ասում շատ հասկանալի, հատ-հատ հայերենով, նա տասը անգամ հարցնում է. «Հը՞, հը՞, հը՞»: Րաֆֆին հեռացավ ու սկսեց մի կենդանի շունչ փնտրել այս տանը ու ցախանոցի մոտ լսեց տիկին Սիրարփիի ու Հակոբի ձայնը: Ուղղվեց դեպի ցախանոցի ետևի մասը, բայց հենց այստեղ՝ ոտքերի մոտ, ընկած էր Տիգրան պապի հազարանոցը: Րաֆֆին ստիպված էր ետ դառնալ ու նրան տալ իր փողը: Այս անգամ Տիգրան պապը կարծես շատ գոհ էր տղայի արարքից, նույնիսկ բավականությամբ նայեց ծեր կնոջն ու հազարանոցը տեղավորեց իր փոքրիկ, դուրս ցցված փորի վրա՝ գոտու տակ գտնվող գրպանում:

- Շատ լավ տղա է,- ասաց նա, բայց կարծեմ հայրը լքել է սրանց:

Սեղանին փռված էր մի նոր պաստառ, որի վրա Րաֆֆին կարդաց. «Մինչև առուն ջուր գա, գորտի աչքերը դուրս կգան»:

Րաֆֆին բանի տեղ չդրեց Տիգրան պապի ասածը: Որոշեց ծեր կնոջն էլ կարևորություն չտալ ու չվախենալ նրա տգեղությունից:

- Էլի եկավ,- ասում էր Հակոբը:- Երևի էլի որդիների հետ կռվել է:

- Մի՛ ասա,- ասում էր տիկին Սիրարփին,- խեղճ հայրդ ազգականներով չի լցվել, միակ քույրն է: Տարին մի անգամ գալիս է, պիտի հանդուրժես, ի՜նչ պիտի անես:

Երբ Րաֆֆին մոտեցավ նրանց, պարզվեց, որ Հակոբը հավ է մորթում: Տիկին Սիրարփին իսկույն իրար անցավ, ձեռքի մաքուր, սպիտակ սրբիչը գցեց դեռ թպրտացող հավի վրա:

- Քեզ ասացի՝ մի քիչ շուտ արա: Այնքան դնդնացիր, մինչև տղան զարթնեց,- ասում էր տիկին Սիրարփին ու արագ-արագ հողով ծածկում էր արյան հետքերը: Իսկ հավը դեռ թպրտում էր սրբիչի տակ:

- Մադլենը ո՞ւր է,- հարցրեց Րաֆֆին:

- Նա հյուրասենյակում է, հեռուստացույց է նայում:


«Խնդրում եմ, ինձ մի բաժակ ջուր տվե՛ք»


Րաֆֆին վազեց հյուրասենյակ: Մադլենը թագուհու պես նստել էր բազկաթոռի մեջ: Նա մի գեղեցիկ խալաթ էր հագել: Գրկեց, համբուրեց Րաֆֆիին, նստեցրեց ծնկներին:

- Ի՞նչ անենք,- ասաց նա, մի քիչ ֆրանսերեն չսովորե՞նք:

Իհարկե, իհարկե սովորենք: Ինչպես որ ասես, միայն թե դու հրամայի՛ր, թագուհի՛, և ես ամեն ինչ կանեմ:

- Դե՛, ասա տեսնեմ՝ ի՞նչ է նշանակում «S’il vous plait, donnez moi un verre d’eau.»:

- Խնդրում եմ, ինձ մի բաժակ ջուր տվե՛ք,- անմիջապես պատասխանեց Րաֆֆին ու շաքարի կտորին սպասող շնիկի պես նայեց Մադլենին: Ժպտո՞ւմ է: Նա ժպտում է, ծափ է տալիս.

- Կեցցե՛ս, փոքրի՛կս, դու հիանալի լեզվական ընդունակություններ ունես: Իսկ ո՞ւր է իմ մի բաժակ ջուրը:

Րաֆֆին կյանքում չի մոռանա, Մադլե՛ն, թե ինչպես են փոքրիկ երեխաներից թագուհիները ֆրանսերեն մի բաժակ ջուր խնդրում, և թե՝ ֆրանսերեն քանի՞ տարեկան է ինքը, թե ի՞նչ է իր անունը: Իսկ մինչև տասը հաշվելը մեզ համար արդեն խաղ ու պար է: Պարզվեց, որ երկու ժամ է անցել: Եվ բացի այդ, մորթված հավիկին իրենք չեն ուտելու՝ Րաֆֆին ու Հակոբը դրանից պատրաստված ճաշը տանելու են հիվանդանոց:


Հորաքույրը


Ճաշի սեղանի մոտ Րաֆֆին փորձում էր չնայել հորաքրոջ կողմը, բայց չէր ստացվում: Գողունի, հայացքը նրա վրա սահեցնելով, ուզում էր ուրիշ կողմ նայել, բայց դա հնարավոր չէր: Հորաքույրը կարծես բռնում ու պահում էր իր հայացքը վհուկի իր աչքերով: Նա առաջվա պես բարկացած էր նայում Րաֆֆիին ու նրա ափսեին: Տիկին Սիրարփին էլ կարծես վախենում էր նրա զայրացկոտ հայացքից ու նորանոր պատառներ չէր ավելացնում Րաֆֆիի ափսեի մեջ: Րաֆֆին կերավ իր ապուրը, շնորհակալություն հայտնեց: Իսկ ծեր վհուկ հորաքույրը ագահությամբ կուլ էր տալիս ձեռքի տակ ընկածը: «Նա հեշտությամբ մի փոքրիկ երեխա էլ կարող է ուտել»,- մտածում էր Րաֆֆին՝ նայելով նրա առջևի երկու միայնակ ժանիքներին: Իսկ Տիգրան պապը ժպտում էր ու ծամծմելով վայելում իր առջև դրված երկու կտոր միսը:

- Ես էլ մեր հորաքրոջ հետ նույն սեղանին չեմ նստելու,- խոհանոցում մոր ականջին շշնջում էր Հակոբը՝ մինչ տիկին Սիրարփին խնամքով պատրաստում էր մամայի ու Աննայի ուտելիքի տոպրակը: Երբ Հակոբի հայացքն ընկավ Րաֆֆիի վրա, ծիծաղեց ու ասաց.

- Սրանից հետո ես ու դու քո սեղանիկից կօգտվենք: Թույլ կտա՞ս:

- Իհարկե,- հրճվեց Րաֆֆին:- Իսկ Մադլե՞նը:

- Մադլենին էլ հրավիրի՛ր:


Աննան լավանում է արդեն


Մաման պատուհանից ասաց, որ Աննան դեպի լավն է գնում: Այս շաբաթն ու կիրակին եթե մեջ չընկնեին, գուցե հենց այսօր էլ դուրս կգրվեին: Երկուշաբթի օրը մի անգամ էլ կստուգեն, եթե ամեն ինչ լավ լինի, կգան Էկոգյուղակ, միասին կլինեն:

Մաման խնդրում էր տիկին Սիրարփիին համոզել, որ այսքան նեղություն չկրի:

- Չգիտեմ, ինչպե՞ս պիտի երախտահատույց լինեմ:- Քիչ էր մնում լաց լինի: Իսկ Հակոբը պատասխանեց.

- Րաֆֆիին մե՛զ տվեք:

Ծիծաղեցին:

Աննան, պատուհանի գոգին նստած, ճչում էր, օդային պաչիկներ էր ուղարկում եղբորը, իսկ Րաֆֆիի սիրտը ճմլվում էր: Նա ուզում էր ժամ առաջ գրկել քույրիկին, ամուր-ամուր թուշիկը սեղմել նրա թուշիկին:

Հակոբը Րաֆֆիին արդեն նստեցրել էր իր ուսերին, ու մաման ու Աննան արդեն շատ մոտիկ էին: Մաման ձգվեց, համբուրեց Րաֆֆիին, իսկ Աննան փամփլիկ թաթիկով մի երկու հատ թփթփացրեց ապերիկի գլխին:

Ուզում էր հարցնել՝ պապան չի՞ զանգում, բայց մաման այնքա՜ն հոգնած տեսք ուներ: Արագ-արագ պատմեց, թե երեկ՝ դեռ լույսը չբացված, ինքն ու Հակոբը ինչպես էին գնում ձկնորսության, ու թե ինքը այս պատուհանից տեսել է մամային ու Աննային: Մաման ննջում էր, ու մազերն էլ սանրված չէին: «Մազերդ միշտ սանրի՛ր»,- ասաց Րաֆֆին:


Կինո, հետո՝ էլի հանտելնե՜ր

- Հիմա գնում ենք կինո,- ասաց Հակոբը,- Մինչև տուն հասնենք, մեր հորաքույրը քնած կլինի: Իսկ առավոտյան՝ էլի ձուկ բռնելու, չէ՞:

Րաֆֆին կինոյում միայն մի անգամ էր եղել դասարանով:

- Իսկ Մադլե՞նը:

- Մադլենին զանգի՛ր, ահա հեռախոսը, դո՛ւ հրավիրիր:

- Ինչպե՞ս,- հուզվեց Րաֆֆին,- ես նրա համարը չգիտեմ:

- Ես համարը կհավաքեմ, իսկ դու կասես. «Ալլո՞, Մադլեն, եթե գործ չունես, խնդրում եմ միացի՛ր ինձ ու Հակոբին: Ժամը 7-ն անց 30-ին եղի՛ր կինոթատրոնի մոտ:

Կինոթատրոնի մոտ նա՝ այդ հրաշալի Մադլենը, կրունկների վրա գեղեցիկ ծաղկի նման ճոճվելով, հայտնվեց կինոթատրոնի մուտքի մոտ:

Րաֆֆին նայեց շուրջը, որ տեսնի, թե Մադլենի հայտնվելը ի՞նչ տպավորություն գործեց հավաքված մարդկանց վրա: Դե, իհարկե, մի պահ բոլորը, կիսատ թողած իրենց խոսակցությունները, լռեցին, նայեցին Մադլենին: Իսկ Մադլենի պետքն էլ չէր: Ուրախ մոտեցավ իրենց ու կռանալով համբուրեց Րաֆֆիին: Րաֆֆին էլ իր հերթին էր ձգվել ոտնաթաթերի վրա. համբուրեց Մադլենին:

Մադլենի օծանելիքի բույրով արբեցածած՝ երեքով մտան կինոթատրոն, տեղավորվեցին:

Ֆիլմը շատ ուրախ էր: Մի ուրախ տղա ու շատ ուրախ, գեղեցիկ աղջիկ սիրում էին իրար, հեծանիվով ճամփորդում էին, անվերջ ծիծաղելի արկածների մեջ էին ընկնում: Րաֆֆին երջանիկ կչկչում էր իր երկու բարեկամների հետ:

Երբ վերադարձան, ծեր հորաքույրը քնած չէր: Նա նստել էր բակի սեղանի մոտ՝ լույսի տակ, ու կտրուկ շարժումներով գուլպա էր գործում: Հենց որ տեսավ իրենց, սուսուփուս վեր կացավ տեղից ու փնթփնթալով հեռացավ:

- Նա մեզ շատ է սիրում,- բացատրեց Հակոբը,- անհանգստացել է մեզ համար, քունը չի տարել:

- Արի՛ լողացի՛ր, որ քնես,- ասաց Մադլենը:

- Իսկ հանտելնե՞րը,- լրջորեն հարցրեց Հակոբը:

Րաֆֆին նայեց Մադլենին՝ հույսով, որ նա կխղճա իրեն: Իսկ Մադլենն այդ հայացքն ուրիշ ձևով հասկացավ ու զիջելով ասաց.

- Դե լավ, գնա՛ մինչև բաղնիքը պատրաստեմ, դու քո սիրելի հանտելներով զբաղվիր: Րաֆֆին հոգնած ոտքերը քարշ տվեց մարզաձողի կողմը: Հիշում էր, որ այնտեղ է թողել հանտելները: Շոշափեց գետինը, գտավ հանտելները, դրանց հետ մեկտեղ՝ մի ծալած թղթի կտոր, որ շատ լավ ծանոթ էր Րաֆիին. Տիգրան պապի հազարանոցն էր: Այնքան էր զայրացել հանտելների վրա, որ ոտքով մի կողմ հրեց հազարանոցը: Կարող էր, չէ՞, մութի մեջ տեսած չլինել: Հետո հինգ անգամ բարձրացրեց հանտելներն ու վազեց Հակոբի մոտ:

- 25,- հայտարարեց նա:

- Շատ լավ է,- ասաց Հակոբը,- Հիմա գնա՛, լողացի՛ր ու քնի՛ր: Վաղը կգնանք հիվանդանոց:


Աննան ու մայրիկը վերադառնում են Էկոգյուղ: Նոր մարդիկ Էկոգյուղում


Րաֆֆիի սիրտը ուրախությունից ցատկոտեց, ոտքերն էլ ցատկոտեցին: Նա ուզում էր սեղմվել մամային, բռնել Աննայի թաթիկը ու պաչիկներ տեղալ նրա թուշիկներին: Բայց հանկարծ կանգ առավ ցատկոտող սիրտը: Րաֆֆին համրացած ու անթարթ արդեն նայում էր ոչ թե Աննային գրկած մամային և ոչ էլ քիչ այն կողմ կանգնած կին վարորդին, այլ՝ նրա կողքից դեպի բակ եկող վարդագույն շորերով պստլիկ աղջկան, որի անունը տարօրինակ էր շատ՝ Սերլի: Նա անմիջապես բռնեց Րաֆֆիի ձեռքը: Աննան թնկթնկում էր, ձգվում էր Րաֆֆիի կողմը: Րաֆֆին տեսնում էր, որ Աննան զարմանում է, թե ինչու ապերիկը չի բռնում իր առաջ մեկնած թաթիկները, չի գրկում իրեն: Իսկ ինքը վախենում էր բաց թողնել Սերլիի ձեռքը:

Տիկին Սիրարփին առաջ եկավ, գրկախառնվեց մամայի հետ, գրկեց Աննային, իսկ Սերլիին ու նրա մամային հրավիրեց ներս գնալ:

Սերլիի թաթիկը հեշտությամբ ազատվեց Րաֆֆիից, և նա՝ առանց մի բան ասելու, մոր հետ քայլեց տիկին Սիրարփիի ետևից՝ դեպի իրենց հատկացված սենյակը:

Մաման երջանիկ տեսք ուներ: Կարծես Էկոգյուղ գալու իր ցանկությունը ոչ թե երեք օր առաջ, այլ հենց այս պահին էր իրականացել:

Նա ամեն ինչ գիտեր իր փոքրիկ Րաֆֆիի արկածների մասին ու հպարտ էր, որ դաստիարակության իր նախընտրած ձևը արդեն իր պտուղներն է տալիս: Ափսո՜ս, հայրիկը ուշանում էր…

Աննային ճոճի մեջ օրօրելիս՝ միայն ու միայն այն մասին էր մտածում Րաֆֆին, թե ինքը ի՞նչ կարող է անել այսքան գեղեցիկ աղջկա՝ Սերլիի համար. «Ուզո՞ւմ ես, քեզ ֆրանսրեն մինչև հարյուրը հաշվել սովորեցնեմ»,- ասաց նա գրեթե բարձրաձայն, ու այդ նախադասությունը ինքնիրեն կրկնվեց մտքում այնքան, մինչև բակում նորից տեսավ Սերլիին: Նա աղեկտուր լաց էր լինում: Մայրը հանգստացնում էր նրան.

- Դու ինքդ էլ գիտեիր, որ Էկոգյուղ գալու պայմանը պլանշետ չունենալն է: Ես քո տիկնիկներին եմ բերել: Ճամպրուկից հանե՞նք:

Սերլին առանց պատասխանելու բռնեց մամայի ձեռքը և առանց Րաֆֆիին նկատելու՝ ուղղվեց դեպի իրենց սենյակը:

Րաֆֆին ուրախանալու էլի շատ պատճառներ էր ունենալու այդ օրը: Մաման աստիճաններով արագ իջնելով՝ հեռախոսը տվեց Րաֆֆիին: Հայրիկն էր: Նա արդեն գիտեր որդու էկոգյուղակային նոր կյանքի բոլոր մանրամասները: Հայրիկը խոսում էր, իսկ Րաֆֆիին թվում էր, թե ինքը նստած է նրա հաղթ ուսերին ու այդ բարձունքից է տեսնում Էկոգյուղակի բակը. Եթե շատ ուզենա, կարող է նայել Սերլիի պատուհանից ներս, տեսնել, թե ինչով է զբաղված, որ չի իջնում բակ: Հայրիկը ուրախ է, որ Աննան ու մաման եկել են հիվանդանոցից, ուրախ է, որ իր քաջ որդին ձի է վարել, որ ձկնորսության է գնացել, որ ձգման վարժություններ է կատարում, որ հարյուր քսան անգամ բարձրացնում-իջեցնում է ծանր հանտելները: Հարյուր քսա՞ն, ինքը դեռ հարյուրին էլ չի հասել: Բայց հայրիկին չասաց ճշմարտությունը: Եվ սուտ էլ չասաց: Ոչինչ չասաց: Այլ միայն հարցրեց.

- Գալո՞ւ ես Էկոգյուղակ:

Հայրիկը ասաց, որ զորավարժությունների մեջ է, հենց ավարտվեն՝ կգա, միասին ծով կգնան:

Րաֆֆին ուրախ էր հայրիկի ձայնը լսելով, խոստացավ ավելի լավ ուտել, թեև արդեն այնքան էր ուտում, որքան ամբողջ կյանքի ընթացքում չէր կերել: Եթե լավ է համարվում այն, որ ինքը կուլ է տալիս տիկին Սիրարփիի՝ հատուկ իր նման նվազ երեխային կազդուրելու համար պատրաստվող ամեն ինչ, որ չնեղացնի նրան, որ հանկարծ տիկին Սիրարփին չբռնի սիրտը ու չուշաթափվի:

Հայրիկը շատ է սիրում Րաֆֆիին.

- Դե՛, ձեզ լա՛վ նայեք, որպես տղամարդ՝ քեզ եմ հանձնում Աննային ու մայրիկիդ:

Ահա աստիճաններվ պարան ցատկելու պես իջնում է Սերլին: Կանգնում է հեռվում: Երևի սպասում է, որ Րաֆֆին ինքը մոտենա: Դե, ինքն էլ երևի պետք է պատրաստ լինի նրան ընդառաջ գնալու: Րաֆֆիի համար նա արդեն արքայադուստր է, իսկ ինքն էլ… երևի արքայազն է՝ հարևան թագավորությունից:

Սերլին բռնում է Րաֆֆիի՝ իրեն մեկնված ձեռքն ու սկսում վազել: Րաֆֆին չգիտի, թե Սերլին ինչո՞ւ է հատկապես այն կողմը վազում, որտեղ Տիգրան պապն ու Հորաքույրն են նստած: Բայց վազում է հևիհև:

Սերլին, առանց մի խոսք ասելու, ժպտում է միշտ ժպտացող Տիգրան պապին, լեզու է ցույց տալիս խոժոռ Հորաքրոջը, առանց Րաֆֆիի ձեռքը բաց թողնելու՝ շարունակում է վազքն ու հանկարծ կանգ է առնում ծաղիկների մեծ, վառվռուն թմբի մոտ: Նրա աչքերը շողշողում են հիացմունքից: Նրա հայացքը հարցական կանգ է առնում ցուցանակին. «Ծաղիկները դրախտի մնացորդներն են երկրի վրա»:

«Ի՞նչ կա չհասկանալու»,- իր փոխարեն խոսում է Րաֆֆիի ժպիտը:

Սերլին դեռ ոչ մի րոպե բաց չի թողել Րաֆֆիի ձեռքը: Հիմա էլ վազում են անտառի ուղղությամբ: Այստեղ նրանց ճանապարհը կտրում է Մադլենը՝ ծաղկեպսակը գլխին, անտառից դուրս եկող բարի կախարդուհու նման: Նրա ձեռքի զամբյուղից, իրենց գլուխները դուրս հանած, Րաֆֆիին ու Սերլիին են նայում խոշոր սնկերը:

- Անտառ չգնա՛ք,- լուրջ դեմք ընդունելով՝ ասում է Մադլենը:- Հենց նոր մի մեծ արջ ինձ ասաց, որ բոլորին զգուշացնեմ՝ ինքը շատ սոված է ու պատասխան չի տա իր արարքների համար: Շատ լավ սնկերի տեղ եմ գտել,- շարունակում է Մադլենը,- վաղը միասին կգնանք հավաքելու: Իսկ այս փոքրիկ փերիի անունն ի՞նչ է:

- Սերլի՛,- հուզմունքից շառագունած վրա է տալիս Րաֆֆին:

- Առաջին անգամ եմ լսում, բայց կարծես վատ անուն չէ:

Մադլենը ազատ ձեռքով շոյում է Սերլիի գլուխն ու գնում դեպի խոհանոց: Շրջվում է, Սերլիին է նայում, հարցնում է.

- Սունկ սիրու՞մ ես:

Սերլին չգիտի. թոթվում է ուսերը: Ու երբ արդեն Մադլենը խոհանոց էր մտել, հարցնում է.

- Քո անունն ի՞նչ է:

- Րաֆֆի:

- Րաֆֆի՛, դու սունկ սիրո՞ւմ ես:

Րաֆֆին ճիշտ Սերլիի նման թափ է տալիս ուսերը:

- Դու պլանշետ ունե՞ս,- շշուկով հարցնում է Սերլին:

- Ունեմ, բայց մայրիկս թաքցրել է, որ չխաղամ:

- Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ չխաղանք:

Րաֆֆին ուզում է բացատրել, բայց հասկանում է, որ պլանշետի դեմ անձամբ ինքը ոչինչ չունի:

- Մեծերը մեզ չեն հասկանում,- նույնպես շշուկով խոսում է Րաֆֆին:- Նրանք ուզում են, որ մե՛նք հասկանանք իրենց:

- Բայց դա անհնար է,- կամացուկ, բայց բարկացած բողոքում է Սերլին՝ համարելով, որ միանգամայն վստահելի համախոհ ունի արդեն:

- Դժվար է, բայց անհնար չէ,- ասում է Րաֆֆին, համոզված, որ եթե Տիկին Սիրարփին լսեր իր այս միտքը, անպայման կասեր. «Ինքը փոքր, լեզուն՝ մեծ»: Բայց Սերլին ինքն էլ փոքր է ու չվախեցավ ցույց տալ իր լեզուն, նույնիսկ մի քիչ ավելի երկարացրեց, քան կար:

- Ի՞նչ ենք անելու առանց պլանշետի,- խորը հոգոց հանեց Սերլին:

- Մադլենը մեզ կտանի ձիարան,- չգիտեր՝ իսկապե՞ս այդպես էր կոչվում այն տեղը, որտեղ Մադլենի հետ հանդիպեցին Եզնիկին, Սուրոյին, որտեղից Եզնիկին հեծած սար բարձրացան: Րաֆֆին մի պահ աչքը կտրեց Սերլիից, որ տեսնի, թե մոտակայքում էլ ի՞նչ կա ցույց տալու, բացատրելու: Հենց ծառերից մեկի վրա տեսավ, որոշեց բարձրաձայն կարդալ. «Բնության մեջ խաղաղություն կգտնես»: Սերլին թեև ոչինչ չհասկացավ, բայց գլխով համաձայնության նշան արեց, հետո ասաց.

- Համաձայն եմ:

Րաֆֆին արդեն չէր վախենում Սերլիի ձեռքը բռնելուց: Նրան տարավ այն ծառի մոտ, որի վրա ամրացված պաստառին Տիգրան պապը սիրուն տառերով գրել էր. «Ճշմարիտ բարեկամը ամենամեծ երջանկությունն է»:


Ճշմարիտ բարեկամը ամենամեծ երջանկությունն է

- Ամենամե՞ծ,- մի քիչ զարմացավ Սերլին:- Դու ճշմարիտ բարեկամ ունե՞ս:

Րաֆֆին առանց տատանվելու ասաց.

- Հակոբն ու Մադլենն արդեն իմ ճշմարիտ բարեկամներն են: Ուզո՞ւմ ես դու էլ դառնալ մեր ճշմարիտ բարեկամը:

- Ուզում եմ, բայց՝ վաղը:

- Ինչո՞ւ վաղը և ոչ թե, ասենք… ը՜… վաղը չէ մյուս օրը:

- Չէ՛, ինձ մի օրը լրիվ բավական է կարևոր որոշումներ ընդունելու համար:

Րաֆֆին հիացել էր այս աղջկա պատասխանից: Կյանքում չէր տեսել, որ Սերլիի չափ փոքրիկ մի աղջիկ այսքան գեղեցիկ լինելուց բացի, նաև այսքան խելացի լիներ: Եվ մտքում արդեն որոշել էր. «Դու մտածի՛ր, իսկ ես արդեն գիտեմ՝ ես քո ճշմարիտ բարեկամն եմ: Ես նաև Աննայի, մամայի, հայրիկի, տիկին Սիրարփիի, Հակոբի ու Մադլենի ճշմարիտ բարեկամն եմ: Նրանք էլ ՝ իմ: Ինչքա՜ն շատ ճշմարիտ բարեկամ ունեմ: Ուրեմն՝ ինչքա՜ն մեծ է իմ երջանկությունը: Ծովի չափ է: Չէ՛, օվկիանոսի չափ է»:

- Սերլիի՜,- կանչեց մայրիկը: Նա Գնաց: Րաֆֆին նոր միայն զգաց, թե ինչքան է կարոտել Աննային ու մայրիկին: Իսկ երբ Սերլին իրենց սենյակի դուռը փակելուց առաջ ետ նայեց ու լեզու ցույց տվեց, հասկացավ, որ արդեն կարոտել է նրան:

Աննան չի մոռացել իր ապերիկին: Մեկնեց թաթիկները, ինչպես միշտ է անում Րաֆֆիին տեսնելիս: Րաֆֆին գրկեց նրան, բարձրացրեց թևերի վրա ու պտտեց սենյակով մեկ: Աննան ուրախ կչկչում էր, իսկ Րաֆֆին զարմացել էր: Դեռ երեք օր առաջ ինքը հազիվ էր Աննային մի րոպե պահում գրկի մեջ, իսկ հիմա նրան գրկած վազում է պատշգամբ, այնտեղից էլ՝ աստիճաններով ցած:

«Էս Աննա՞ն է թեթևացել հիվանդությունից հետո, թե՞ իմ մկաններն են ուժեղացել»:

Աննան թաթիկներով պինդ գրկել էր ապերիկին ու պաչիկ էր անում:

- Չէ՛, ես ուժեղացել եմ,- ասաց նա Աննային,- Այսօր մինչև Հակոբի գալը կպարապեմ, ու երբ գա միասին պարապելու ժամը, արդեն հարյուր անգամ կբարձրացնեմ-կիջեցնեմ հանտելները:

Մայրիկը դուրս էր եկել պատշգամբ, նայում էր ու աչքերին չէր հավատում: Րաֆֆին, քույրիկին գրկած, հանգիստ քայլում էր մեծ բակի երկայնքով: Աննան ուրախ շուրջն էր նայում:

Այստեղ Րաֆֆու աչքն ընկավ ծառին ամրացված պաստառին. «Եթե ուզում ես բարի ծերություն ունենալ, պատվի՛ր ծերերին»: Հենց այդ պահին էլ հիշեց Տիգրան պապին: «Տիգրան պապը իմ ճշմարիտ բարեկա՞մն է: Չգիտեմ»:

- Բայց ես կփորձեմ նրա համար ճշմարիտ բարեկամ լինել,- ասաց Րաֆֆին բարձրաձայն, թեև բացի Աննայից իրեն ուրիշ լսող չկար:

Աննան թաթիկը մեկնել էր տերևիկին: Րաֆֆին պոկեց տերևիկը, տվեց քույրիկին, բայց աչքը վրան էր, որ հանկարծ բերանը չտանի: Որոշեց հավիկների մոտ տանել Աննային: Ցանկապատից ներս՝ խոտերի մեջ նկատեց մի ձու: Աննային կանգնեցրեց գետնին՝ ցանկապատի մոտ, ինքը ձեռքը մեկնեց, վերցրեց տաքուկ ձուն, որ ցույց տա Աննային: Ու երբ արդեն գրկել էր քույրիկին՝ դեմ հանդիման կանգնած էր Տիգրան պապը: Նա, հենված իր ձեռնափայտին, ժպտում էր: Րաֆֆիի ձեռքից վերցրեց ձուն: Ցուցամատը թափ տվեց ու խորհրդավոր ժպտալով ասաց մի բան, որ անհասկանալի էր Րաֆֆիին:

- Ձու գողացողը ձի էլ կգողանա:

Րաֆֆին հասկացավ, որ իրեն տղամարդու պես պետք է պահի: Լացը զսպեց, քույրիկին ամուր սեղմեց իրեն ու ասաց.

- Ինձ քո ձուն պետք չի:

Քույրիկին գրկած՝ առանց ժամանակ կորցնելու, գնաց խոհանոց: Այնտեղ տիկին Սիրարփին արդեն պատրաստել էր Րաֆֆիի մեծ բրդուճները, Աննայի շիլան:

- Ի՞նչ է եղել իմ քաջ Րաֆֆիին:

Վերցրեց Աննային նրա գրկից ու շարունակեց հարցական նայել:

- Ես ձու չեմ գողացել,- հազիվ հեկեկոցը զսպելով խոսեց Րաֆֆին,- և չեմ պատրաստվում ձի գողանալ, եթե նույիսկ ինձ շատ պետք լինի:

Տիկին Սիրարփին անմիջապես գրկեց Րաֆֆիին, իր գրկի մեջ՝ Աննայի կողքին, նրան էլ տեղավորեց ու ծիծաղեց.

- Այդ ծերուկ հիմարը քե՞զ էլ է ծուղակը գցել:

«Ծերուկ հիմար» բառերը շփոթեցրին Րաֆֆիին: Նա երբեք իրեն թույլ չեր տվել Տիգրան պապի մասին որևէ վատ բան մտածել: Այս երկու բառերը միայն լսելով՝ հանգստացավ, բայց շատ խղճաց Տիգրան պապին: Նա ի՞նչ մեղավոր է, որ ծերուկ է ու հիմար: Հիշեց, որ առավոտյան բակում գտած հազարանոցը մոռացել է հանձնել նրան: Վազեց դեպի Տիգրան պապի սովորական տեղը՝ տանձենու տակ, սեղանի մոտ: Հորաքույրն էլի նրա կողքին էր, արագ-արագ գործում էր հերթական գուլպան՝ զինվորներին ուղարկելու համար: Տիգրան պապը մի տեսակ՝ ավելի ծերուկ ու ավելի հիմար տեսք ուներ: Րաֆֆին նրան մեկնեց հազար դրամանոցը ու տղամարդու նման ասաց.

- Վերցրե՛ք: Առավոտյան եմ գտել, բայց ժամանակ չունեի ձեզ տալու:

Այստեղ հանկարծ մի շատ անսպասելի բան պատահեց: Տիգրան պապը բռնեց Րաֆֆիի ձեռքն ու քաշեց դեպի իրեն: Րաֆֆին շատ վախեցավ: Իսկ Տիգրան պապը նրան առավ իր գրկի մեջ ու անուշ ձայնով ասաց.

- Այս դրամը քեզ եմ նվիրում: Դու շատ ազնիվ տղա ես:

- Ինձ պետք չի ոչ մի դրամ:- Րաֆֆին դուրս պրծավ Տիգրան պապի գրկից: Ու տեսավ, որ Տիգրան պապը լաց է լինում: Այլևս ետ չնայեց, վազեց իր քույրիկի մոտ: Տիկին Սիրարփին ճշմարիտ բարեկամի նման փոքրիկ գդալով Աննային շիլա էր ուտեցնում:



131 views

Recent Posts

See All
bottom of page