top of page
  • Writer's pictureBook Fest

Անահիտ Հայրապետյան


Բանաստեղծ, արձակագիր, ֆոտոլրագրող։ 2019 թվականին արժանացել է Գրքի Երևանյան երրորդ փառատոնի առաջին մրցանակին։

2002-ին տպագրել է «Բանաստեղծություններ», 2005-ին՝ «Թաբու», 2015-ին «Սիրուն» ժողովածուները։ Թարգմանվել է սերբերեն, թուրքերեն, իսլանդերեն, բուլղարերեն, ռումիներեն, անգլերեն ու այլ լեզուներով։ Մասնակից է տարբեր գրական ու լուսանկարչական թառատոնների։ Մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի՝ լուսանկարների շարքի համար։ Նրա լուսանկարները տպագրվել եւ ցուցադրվել են բազում երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բուլղարիա, Մոզամբիկ, Լիտվա ու այլուր։



Չունեմ


ես ունեմ զգացմունքներ որոնք արտագրել որեւէ լեզվով հնարավոր չէ դրանք հաչում են օրնիբուն երեսնիվար դրանք հաչում են ու լռում ես ունեմ բողոքներ որոնք ասելու չեն ոչ մեկի մեծարում եմ մեծարում մեծարում հետո քանդում էդ ամենը հատիկները դնում հոսացող ջրի տակ գնում ծառեր են դառնում ծառերը տալիս են պտուղներ դառնահամ կամ քաղցր մի մասը կարմրավուն են պտուղների իսկ մյուսը պտուղներ չեն բնավ դրանք կախարդական հատիկներ են որ կպչում են ուտողի բերանին ու ոսկիներ են թափվում բերանից ու բարիանում են մարդիկ ու մերկանում են ստերը ու բորբոքվում են կրքերը ու ծնվում են երեխաներ սիրված ու սիրելի երեխաներ հետո թափվում են հյուսքերն ուսերին ու հոսում են բառերը վարսերով ու դառնում են դրանք տեքստեր ու բուժում են բուժում են վերքերից իսկ վերքերը չեն լավանում երբեք դրանք մի օր չոր են իսկ մի այլ օր բուրում են տհաճ նայած թե ինչ խորությամբ լող կտաս ու արդյոք կկարողանաս մոռանալ թե չէ ու արդյոք կներես մի օր իսկ գորտերը կռռում են ոսկեգույն իսկ սաթե դաշտերը օրնիբուն միանում են համերաշխ միտինգին

ու ծփում են ուղղակի փրփրագույն անիմաստ անիմաստ թեթեւ



Կրկին լաց

երբ այնքան շատ լացեմ որ էլ լացելու բան չունենամ

ու արցունքներս վտառներ առած լցվեն գետերը ու ծառերը ջրվեն ու աղի պտուղներ տան երբ այնքան շատ լացեմ որ կոպերս էլ բաց չլինեն ու գլուխս ծանրացած լինի ու էլ ջուր չթափվի աչքերիցս այլ միայն բյուրեղյա ասեղներ որոնք ամեն անգամ ավելի ուժեղ կցավեցնեն ինձ որ ես այլեւս ցավ չեմ զգա ու ես դժբախտից դխբախտ կլինեմ միգուցե դու գոհ ժպտաս

ինչու դու սիրում ես ինձ ցավեցնել ու հետո փորձում հասկանալ թե որտեղից կուտակվեցին այսքան շատ ասեղները

որ խրվել են բարձերի մեջ ու չեն թողնում գիշերը սիրուն երազներ տեսնել եւ ամենեւին ոչ ցուցադրաբար ասում եմ քեզ մնաս բարով սիրելիս բլուրը որի հետեւում ես սիրում եմ սրբել արցունքներս մաշվել է ընկերներիս կորցրել եմ ու երազել էլ չի ստացվում ես ինչ էի ուզում դառնալ հանրահայտ լուսանկարիչ թե լավ պոետ անձրեւներն ու գետերը լցվել են տունս

ոտս ոտի առաջ չեմ կարող դնել ու թրջվել են գրքերս բոլոր օբյեկտիվներիս մեջ լույս չի թափանցում ու ես այլեւս անկողին չունեմ

այն թացից թաց է ու ես չոր երազ անգամ տեսնել չեմ կարողանում ես գիշերները նավով սենյակից սենյակ եմ գնում փնտրելու ինձ որ ժպտում էր միշտ ու երջանիկ էր միշտ ես թաքուն բացում եմ հայելիները ու միջից տնտղում իմ նոր եսը գիրացած մարմին սթրեսից խունացած աչքեր թարթիչներս սեւ եմ քսել ու աչքերս արի ու տես ժպտում են դեռ ես քեզ չեմ ուզում ես քեզ չեմ սիրում դու իմը չես էլ

ազատ ես սիրելիս գնա ու գտիր քո երջանկությունը տուր դրան գույներ ու թեւեր ինչպիսիք ուզում ես ունեցեք երեխաներ ու տվեք անուններ որոնք ուզում եք ես այլեւս տեղ չունեմ գնալու ես խունացել եմ ու գետը առատորեն հոսում է ներս ես այլեւս գոյություն չունեմ ինձնից բան չի մնացել

ես քեզ բաց եմ թողնում սիրելիս գնա ու եղիր երջանիկ ես չեմ կարոտելու քեզ ես չեմ կարոտելու ինձ քո գրկում

26 views

Recent Posts

See All
bottom of page