top of page
  • Writer's pictureBook Fest

Արտավազդ Եղիազարյան


Արձակագիր, լրագրող, խմբագիր։ 2018 թվականին արժանացել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնի երկրորդ մրցանակին։

«Երևան» քաղաքի ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Նրա պատվածքները սկսել են տպագրվել հայկական գրական մամուլում 2004 թվականից։ 2006-ին ու 2014-ին լույս են տեսել նրա պատվածքների ժողովածուները («Ժամադրություն», «Քաղաքը լուսնի տակ»), 2018-ին Եվրամիության ՀՀ պատվիրակության հետ համատեղ լույս է տեսել նրա «Պատումներ Հայաստանից» ժողովածուն (հայերեն և անգլերեն տարբերակներով), իսկ 2020-ին լույս է տեսել նրա առաջին ֆենթըզի վեպը՝ «Վիշապաքարի գաղտնիքը»։


ՄԵՐԺՎԱԾԸ

Նույնիսկ բանկոմատը մերժեց: Այդ անհոգի, անսիրտ, ստոր ժեշտի կտորը առանց թարթելու բռնեց ու Տիգրանի երեսին շպրտեց անբավարար միջոցների մասին հերյուրանքը: Հետո էլ չվարանեց հետ թքել քարտը, որը, փաստորեն, դատարկ էր, ինչպես կինո «Մոսկվան»` Գոռ Վարդանյանի հերթական ֆիլմի երկրորդ ցուցադրության ժամանակ: «Ժամանակն է, որ Ժան-Գոռ Վան Դանյանը նկարահանի «Մերժվածը» հոգեբանական ռազմահայրենասիրական մարտաֆիլմը», մտածեց Տիգրանը և այդպիսով փորձեց մի փոքր զվարճացնել ինքն իրեն: Վիճակը լուրջ էր: Տիգրանը նայեց դրամապանակի մեջ ու հասկացավ, որ ճակատագիրը նրան մետրոյից օգտվելու բացառիկ հնարավորություն է ընձեռում: Դե, ինչ արած, պետք է գետինը մտնել: Երեսին փչեց մետրոյի խոնավ, զով օդը, որը մի փոքր կարգավորեց Տիգրանի տրամադրությունը: Մինչև որ «Բարեկամության» մետրոյի մուտքի մոտ նա հայացքներով հանդիպեց ծերունի մուրացկանի հետ, որը ձեռքը պարզեց և հուսահատ ինչ-որ բան շշնջաց` փող էր աղերսում: Տիգրանն անսպասելիորեն կանգնեց տեղում, մի փոքր տվայտվեց, հետո սեփական աչքերին չհավատալով՝ ծերունուն պարզեց ձեռքում պահած երկու հարյուր դրամանոցը` վերջին փողը, որ պեղել էր դատարկ դրամապանակից: Եվ ուշադրություն չդարձնելով մուրացկանի անգիր արած շնորհակալական ճառին, մտքում ինքն իրեն հայհոյելով նորից դուրս եկավ փողոց: Քայլելիս գրպանից հանեց ձեռախոսը և զանգահարեց ընկերոջը.

- Բարի ցերեկո, ի՞նչ օրի ես… ե՞ս, ես` ոռի: Հին գործից վերջին աշխատավարձս դեռ չեն փոխանցել, նորը՝ էսօր չընդունեցին… դե տենց էլի, ասեցին` լավ մասնագետ եք երևում, բայց շատ սուր մրցակցություն էր, բլա-բլա, հաջորդ անգամ… դե հա, ես էլ եմ կարծում, որ իրանց ավելի վատ, բայց դե… լսի, կարա՞ս մի քիչ փող տաս հիմա, կես ժամից ժամո եմ, լրիվ անասուն իրավիճակում եմ հայտնվել… Չէ՞, ընդհանրապե՞ս… Դե ոնց ասեմ, մինչև վաղը կդիմանամ, ուղղակի էս ժամադրությունը… Լավ, լավ, մերսի, վաղը կերևամ ուրեմն: Դավայ, ցը:

Կարմիր լույսը ստիպեց Տիգրանին կանգ առնել խաչմերուկում: «Է՞լ ինչ կարող են մերժել»,- մտածեց նա: Եվ հիշեց` դեռ անցյալ շաբաթ պետք է պատասխան ստացած լիներ Շվեդիայում այն միջազգային կոնֆերանսի կազմակերպիչներից, որին մասնակցությունը պետք է որ դռներ բացեր իր մեծ գիտական աշխատանքի համար: Դե, չհաշված, որ Երևանի փոշուց ու փոշոտ երևանցիներից մեկ շաբաթով պոկվելը ինքնին մեծ հաջողություն կլիներ: Բայց հիմա նա վախենում էր ստուգել էլեկտրոնային փոստը` վերջին օրերի տրամաբանությունը հուշում էր, որ Գյոթեբուրգից ստացված նամակում շատ քաղաքակիրթ, դիվանագիտական լեզվով շարադրված մերժում է լինելու: Իսկ եթե նույնիսկ լինի դրական պատասխան և հրավեր, ապա դեսպանատունը կգտնի մի պատրվակ իր սեփական մերժումը անձնագրի մեջ խփելու համար:

Վերջապես` կանաչ լույս: Զեբրով անցնելիս Տիգրանն այդուհանդերձ հիշեց, որ ամեն ինչ այդքան ահավոր չէ, քանի որ երեկ երեկոյան «Կալումեում», որտեղ նա վատնում էր, ինչպես քիչ առաջ պարզվեց, իր վերջին փողերը, նրան հաջողվեց երկար բանակցություններից հետո համոզել այն գեղեցիկ լուսանկարչուհուն այսօր ցերեկն իր հետ սրճել: Եվ սա պետք է միայն սկիզբը դառնար բավական խոստումնալից ռոմանտիկ հարաբերությունների: Իսկ մնացածը` հեչ:

Նա որոշեց ստուգողական զանգ կատարել լուսանկարչուհուն` աղջկա ձայնը լսելու և հայտնելու, որ նա շուտով կհասնի պայմանավորված սրճարանը: Հանեց ձեռախոսը և ցանկի մեջ գտավ նրա անունը: Սեղմեց կոճակը, սարքավորումը դրեց ականջին: Եվ ռոբոտի ձայնը ասաց, որ նա սիկտիր լինի: Ավելի ճիշտ, ընդամենը նկատեց, որ բաժանորդն անհասանելի է և վատ չէր լինի, փորձել մի փոքր ուշ, բայց այդ առաջին հայացքից նեյտրալ խոսքերում Տիգրանը զգաց, ինչպես է Տիեզերքը մերժում նրան հերթական անգամ: Նա կանգնեց, փակեց աչքերը, խոր շունչ քաշեց, բացեց աչքերը և շարունակեց քայլել:

Մնացել էր անցնել երկու խաչմերուկ, թեքվել աջ ու մի կանգառ էլ քայլել: Հա, մինչ այդ դեռ պետք էր լուծել դատարկ դրամապանակի հարցը: Որովհետև դատարկ դրամապանակով շատ սուրճ չես խմի ու առավել ևս չես հյուրասիրի: Մնում էր երկու տարբերակ` աղջկանից աննկատ խոսել մատուցողի կամ մենեջերի հետ և խնդրել իր անունով հաշիվ բացել: Իսկ եթե մերժեն` ինչը շատ հնարավոր էր, փորձել բախտը և լուսանկարիչ աղջկան համոզել գնալ իր բնակարան, որտեղ կար և սուրճ, և թեյ, և նույնիսկ գինի: Այդ առաջարկի պատասխանն էլ Տիգրանը բավական հստակ էր տեսնում, բայց նա միշտ հայտնի է եղել որպես լավատես և կենսուրախ անձնավորություն, այնպես որ նման մանրուքներով նրան թևաթափ չէիր անի: Երբ անցնում էր իր մշտական այցելության ռեստորաններից մեկի մոտով, ձեռախոսը ճանաչեց վայ-ֆայի ազդանշանը, հիշեց գաղտնաբառը, կպավ համացանցին և ծլնգոց արձակեց, որը հուշում էր Տիգրանին այն մասին, որ նոր նամակ է եկել: Նա մի պահ կանգ առավ: Աչքի տակով նայեց: Երևում էր նամակն ուղարկողի էլեկտրոնային հասցեի մի մասը, որից պարզ էր, որ այն Գյոթեբուրգից է: Ստուգե՞լ: Չստուգե՞լ: Պատասխանը կամ կշտկի իրավիճակը կամ վերջնականապես ամեն ինչ քաքմեջ կանի: Տիգրանը հավաքեց կամքի ուժի բոլոր պաշարները և անտեսելով ձեռախոսը, շուտ քայլեց առաջ, որպեսզի դուրս գա ռեստորանի վայ-ֆայի տարածքից: Սրճարանի դուռն արդեն երևում էր: Մի անգամ էլ փորձեց զանգահարել լուսանկարչուհուն: Նույն ռոբոտի ձայնը նույն բանը ասաց: Տիգրանը թափահարեց ուսերը և մտավ սրճարան` գուցե իրենից շուտ է հասել, պարզապես հեռախոսը լիցքաթափվել է: Նայեց շուրջբոլորը` ժամադրության երկրորդ մասնակիցը դեռ չէր եկել: Լավ է, ուրեմն ժամանակ կա փորձելու կազմակերպել հաշիվ բացելու ծրագիրը:

- Բարև ձեզ, ի՞նչ կցանկանաք,- նրան դիմավորեց մատուցողուհին:

- Բարի ցերեկո: Դեռ ոչինչ, մարդ եմ սպասում, թող գա` հետո կասենք: - Լավ:

- Բայց ճիշտն ասած մի խնդրանք ունեմ: Ճանապարհին մոտս տեխնիկական խնդիր առաջացավ` պարզվեց քարտիս վրա փող չկա, իսկ քեշը տանն եմ թողել, էնպես որ` կարող ե՞ք մենեջերին խնդրել` իմ անունով հաշիվ բացել, ես մեկ ա` էս կողմերում հաճախ եմ լինում:

- Վստահ չեմ, բայց կհարցնեմ:

- Ահա, շնորհակալություն:

Մատուցողուհին հեռացավ հարցը պարզելու: Տիգրանը չդիմացավ և որոշեց ստուգել Գյոթեբուրգից ստացված նամակը:

- Կներեք, վայ-ֆայի փասվորդը չեք ասի՞,- նա գրեթե բացականչեց հեռացող մատուցողուհու ետևից:

- Էսօր ինտերնետը չի աշխատում,- լսվեց պատասխանը:

Տիգրանը չզարմացավ (միայն մտածեց` «Դիմիր և մերժվիր» աննախադեպ ամառային ակցիան շարունակվում է) ու ստիպված օգտագործեց ձեռախոսն իբրև ժամացույց. լուսանկարչուհին ուշանում էր արդեն յոթ րոպե:

Իսկ եթե «նիսյային» չմահաձայնվե՞ն, լուսանկարչուհին էլ մերժի տուն գնալու առաջա՞րկը, մտածեց Տիգրանը: Իրականում, դեռ կարելի է պարզապես փախչել, մի տեղ փակվել ու սպասել, մինչ մոլորակները ճիշտ դիրք ընդունեն և իրավիճակը կարգավորվի: Տիգրանը զգաց, ինչպես լարվածությունից ճակատին գոյացան քրտինքի կաթիլներն ու սկսեցին հոսել, ափերը խոնավացան: Նրա գլխում սկսեցին մեկը մյուսի հետևից առաջ գալ իր կյանքի երեք տասնամյակների ընթացքում տեղի ունեցած այլ տհաճ մերժումները: Յոթ տարեկանում ուզում էր ֆուտբոլ պարապել, ինչպես բակի բոլոր ընկերները, ծնողները մերժեցին, ասացին, որ պետք է անգլերենի ու դաշնամուրի գնալ: Տասնչորսում կիթառ նվագել սովորեց, որպեսզի հարևան շենքում ձևավորված ռոք-խմբի անդամ դառնա, բայց նրան ասացին, որ նրանից լավ նվագողի են գտել: Տասնհինգում եղավ առաջին «չէ»-ն աղջկանից` համադասարանցի Անին հրաժարվեց իր հետ կինո գնալ և ընդհանրապես հարաբերվել: Հետո նմանատիպ դեպքեր եղան համալսարանում, Ամերիկայի դեսպանատունը մերժեց նրա վիզա ստանալու խնդրանքը, որովհետև անքննելի են ԱՄՆ դեսպանատան գործերը, բանկը մերժեց հիփոթեկի իր դիմումը` ուզում էր սեփական, նոր կյանք սկսել

առանց ծնողների, մերժեցին նաև առաջին երեք աշխատանքային հարցազրույցներին… Տիգրանի մերժումների ներգլխային հետահայաց ցուցադրությունը ընդհատվեց ձեռախոսի ծլնգոցով` այս անգամ սարքավորումը հայտնում էր, որ նրա մարտկոցը գրեթե սպառվել է ու մի քանի րոպեից կանջատվի: Տիգրանը վերադարձավ անցյալ և հիշեց, որ, այդուհանդերձ, չորրորդը հարցազրույցը լավ էլ հաջող ստացվեց: Ու Ամերիկա էլ վերջը գնաց հասավ` առաջին գիտական կոնֆերանսն էր արտասահմանում, առաջին չմերժումը այնտեղ ծանոթացած մի աղջկանից, առաջին դրամաշնորհը, որը թույլ տվեց Հայաստանում գիտությամբ զբաղվել: «Դե հա, լավ ժամանակներ էլ են եղել, բան չասեցի»,- Տիգրանը հասավ նրան, որ երկխոսության մեջ մտավ ինքն իր հետ,- «բայց նաղդ, հիմա, հենց հիմա, երբ որ ես երեսուն չորս տարեկան յեքա էշ եմ, կյանքիս կեսը հաստատ արդեն գնացած, ո՞նց ա ստացվում, որ ոչ մի բան չի ստացվում»: Պատասխան չեղավ: Ավելի ճիշտ, պատասխան եղավ, բայց այլ հարցի դիմաց.

- Գիտե՞ք, մենք էդպիսի պրակտիկա չունենք ու հաշիվ բացել չենք կարող,- հայտնեց մենեջերից վերադարձած մատուցողուհին:

- Դե լավ, հիմա մտածեմ` ինչ անել, շնորհակալություն,- Տիգրանը ժպտաց և փորձեց ցույց չտալ, որ պատրաստ է հենց այս պահին իջնել գլոբուսից ու երբեք չվերադառնալ:

Երբ մատուցողուհին գնաց սպասարկելու այլ, ավելի վճարունակ հաճախորդներին, նա մտածեց, որ եթե հենց հիմա ընդունելություն հայտարարեն «Տարվա մերժվածը» մրցանակաբաշխությանը հավակնելու համար և նա փորձի դիմել, ապա նրան կմերժեն և նույնիսկ չեն հայտավորի և առավել ևս ոչ մի մրցանակ չեն տա: Ձեռախոսը հավաքեց վերջին ուժերը և զանգեց: Տիգրանը նայեց էկրանին, մտածեց` «գոնե արդեն չզանգեիր, էլի», բայց պատասխանեց.

- Այո… Ողջույն, ողջու՜յն, ես էլ քեզ էի փնտրում: Մեր սուրճը ուժի մեջ ա, չէ՞… ա, հո լու՞րջ չի… Դե լավ, իհարկե, ոչ մի խնդիր… Ահա, լավ, դե քեզ լավ նայի, հուսամ դեռ կհանդիպենք… ահա, ցը:

Փաստորեն, երեկ պետք էր էն գերմանացի կամավորականի վրա կենտրոնանալ, մտածեց Տիգրանը: Կամ Գուգոյենց հետ եկած Լիլոյի: Նա դեռ մտքում պտտում էր երեկվա հեռանկարային աղջիկներին, որոնց տեսել էր ակումբում (թեպետ, բոլորի հետ էլ այսօր նույն խնդրի առջև էր կանգնելու), երբ լսեց սեփական անունը: Շրջվեց ու տեսավ Արտակին:

- Հե՜յ, ո՞նց ես,- ասաց Տիգրանը՝ ողջունելով կողքի սեղանին արդեն հաշիվ փակող իր լավ ծանոթին:

- Զարմանալիորեն լավ,- ուրախությամբ հայնտեց Արտակը,- էն օրը «Հայնրիխ Բյոլի» գրանտն ենք շահել, նենց որ կյանքը ուրախ ա գնում:

- Դե շնորհավոր,- հառաչեց Տիգրանը,- իսկ մեզ «Բյոլից» մերժեցին, բյուջեն սպառվեց ու օֆիսը ստիպված փակեցինք:

- Վայ քու: Ոչինչ, չդնես: Մի տեղից «չէ» են ասում, մյուսում հաստատ «հա» կասեն: Հա, ի դեպ, քեզ մի քիչ ուրախացնեմ` հիշում ե՞ս մի երկու ամիս առաջ քեզնից պարտք էի վերցրել: Հիմա կարամ վերադարձնեմ:

- Չէ, ճիշտն ասած, չէի հիշում, բայց չեմ վիճի:

Արտակը դրամապանակից հանեց ճռճռան քսան հազարանոցը (ինչպես այդ պահին ենթադրեց Տիգրանը՝ բանկոմատը Արտակին չէր մերժել) և շնորհակալական խոսքերով հանձնեց Տիգրանին: Վերջինս ոչ պակաս երախտագիտությամբ ընդունեց այդքան ժամանակին վերադարձվող պարտքը: Արտակը գնաց՝ թողնելով Տիգրանին քսան հազար դրամով և Շվեդիայից ստացած, բայց դեռ չբացած նամակով:

Այդ պահին նորից մոտեցավ մատուցողուհին.

- Կներեք, ինչ-որ բան կպատվիրե՞ք,- նրա ձայնից հասկանալի էր, որ ուզում է ասել` եթե Տիգրանը ոչինչ չի պատվիրելու, ապա հեռանալու ժամանակն է: - Մեծ հաճույքով կպատվիրեմ, որովհետև հենց նոր իմ տեխնիկական խնդիրը ժամանակավորապես լուծվեց, չնայած, որ ինձ մենակ թողեցին,- ժպտալով հայտնեց Տիգրանը, որի ներսում պայքարում էին լուսանկարչուհու ժամադրությանը չգալու տխրությունը և ճիշտ պահին վերադարձված պարտքի հրճվանքը,- էնպես որ ինձ մի հատ սառը ամերիկանո բերեք` կաթով ու առանց շաքարի:

- Է՞լ:

- Հըմ… Նաև` էսօր երեկոյան կգա՞ք հետս ջազ լսելու:

- Ոչ:

16 views

Recent Posts

See All
bottom of page