top of page
  • Writer's pictureBook Fest

Լուսինե Եղյան


Բանաստեղծ, էսսեիստ։ 2021 թվականին արժանացել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնի առաջին մրցանակին։

Տպագրվել է հայաստանյան մի շարք պարբերականներում։


«Մագմա» և «Ինքնահոսի» բանաստեղծական ժողովածուների հեղինակն է։ 2013 և 2014 թվականներին արժանացել է «Գրեթերթի» պոեզիայի մրցանակին։ 2014 թվականին արժանացել է Լևոն Անանյանի հիշատակին նվիրված «Մուտք» ամենամյա գրական մրցանակաբաշխության «Պոեզիա» անվանակարգի երկրորդ մրցանակին։



երկիր - պատ

ինչ խաղաղ են մայրամուտները ու ինչ ընթացիկ ջղաձգումները էս փոքր մայրուղիներում, էս մեծ տարակուսանքների ու հրետակոծված բախումների մեջ:

խոսել սիրո մասին, երբ շուրջդ խորացող պատերազմ է ու զբոսաշրջային ավտոբուսներ,

որոնք շարունակ, շարունակ երգող տղաների են տանում առաջնագիծ․ այնտեղ, ուր ղարաբաղն է,

այնտեղ, ուր պատերազմեց, հետո արագ ծերացավ հայրս, այնտեղ, ուր պատերազմում են եղբայրներս, այնտեղ, ուր հյուծվեց մայրս,

այնտեղ, ուր խաղաղ ենք սահմագծել մեր նյարդաթելերը․ ապրել առմիշտ, ապրելու առմիշտ, մի ձև ապրել

ինձ սուզում եմ քո մեջ,

որ հակահարձակ լինես, որ արնաքամ լինեմ, որ խեղվեմ, որ ջուր ու կրակ դառնամ, որ քո մեջ քարանամ, քեզանից հատվեմ, որ երկաթե սարդոստայն դառնամ, ու չճկվես ամեն հակառուսաեվրոպական քամուց։

էն որ բաց ու անտուն եմ քո մեջ աճելու ու լայնարձակվելու համար․ քեզ բուժելու, երկուսով ախտահարվելու,

գնալու-գալու-մնալու․ բիզնես, ստարտափ, ինովացիոն կենտրոն, ձեռներեցություն, խելապակաս հկ-ներ,

քարտեզի վրա նշեմ էն կետերը, ուր ժինգյալով հացի կանաչիներն են աճում, ու որոնք այլևս ուրիշ գծերում են։

ուզում եմ արնաքամ չլինես էս ականապատ դաշտում կլաս խաղալուց, ու անօդաչուները սկան անեն մեր հաղթական հոգնածությունը՝ բաց-բաց աչքերով, բաց-բաց վերքերով սահմանագծելու ջուրը,

որ հոսում է քրիստոնեական երկրից դեպի մուսուլմանական։

ջղաձգված, անտեր, խելակորույս, գրավված, հերձված հիշողությամբ, հերձված սահմաններով։ ի՞նչ անել։

մահը խիստ կարևոր շտրիխ է էս հակաճգնաժամային հիստերիան վերաձևակերպելու համար ու նորից չլինելու, ծնկելու, այլալվելու, չգիտեմ, չգիտեմ։

թող մեկը լինի, որ գոնե հստակեցնի, փասթաթղթավորի, ձևակերպի, ասի՝ սա քո տունն ա, քո հայաթն ա, քո լիբերալ ուղեղն ա, քո դրամով, հենց դրամով վարձավճարներն ա, քո սիրածն ա, ի վերջո․ շարունակիր՝ վարունգ ու լոլիկ ցանել, շարունակիր, գրողը տանի, շարունակիր, շարունակիր

թող մեզ հետգաղութային դրոշներ ու պոստմոդեռն ածելիներ չբաժանեն՝ վերաջնջելու մեր հնդեվրոպական ցեղը,

որ ներքին խիզախում ունի՝ անընդհատ փոքրացնել իր նախահայրենիքը ու պատերը սեփական սենյակի։

ինքնամփոփ ու բամբասկոտ, խեղված ու անբոհեմ, անսեր ու չարչրկված, ինքնիշխան ու անսահման։ —

այս կծկումը փոքր, կետային հոգեվարք է՝ սահմանազատելու համար խորը խուճապը հիշողության, որ պայթում է ամեն մեծ ու փոքր մեդիակտտանքներից․

էս մոլորակը խաղաղորեն ու թեթև թմրությամբ հանդուրժում է դեպի բարձունքը քայլող, հետո դրանից գլորվող մարդկանց՝

իբրև զոհաբերություն իր մարմնում բույն դրած վարակի, որ մանուշակագույն ցան է առաջացրել նստվածքային ապարներում։

իմ տեղադիրքը ազգային գրադարանի գիտական ընթերցասրահի չորրորդ շարքի երկրորդ նստատեղն է, օրը՝ արձակուրդիս վերջին ուրբաթը,

որ շռայլորեն օգտագործում եմ բանաստեղծություն գրելու համար, իսկ որտե՞ղ է քո տեղադիրքը․ գրավված, սահմանային, բուֆերային, կահավորված, նոր փորվող խրամատո՞ւմ,

հուսահատ, անտեր, տանջահար, տանջահար, չարությունից բռնված, մանկական կոմպլեքսներով խցանված իմ ընկեր, մի ածանցվիր,

մի սերտաճիր մեր մեջ իբրև վատագույն համավարակ, ուղղակի պատուհանից նայիր՝

ինչպես է քամու մեջ մտած արևի շողը խաղում նոր բողբոջած ծառի տերևների հետ, որ մաքրվես, որ մաքրվենք

իմ հոգեկան խեղումը ու հուսալքումը լիուլի ոչինչ է․

քեզ եմ թողնում շամխորից երևանի ծայրամաս հասած տատիկիս կարի մեքենան, որն անկախ ամենից անհրաժեշտ է տարին երկու անգամ յուղել, մաքրել փոշին, ատրճանակի պես։

անտեսանելի կճուճներ բոլոր կանանց ուսերին

ու մեծ, գուցե սրծայր մանգաղներ նրանց երազած տղամարդկանց ձեռքերում։ նրանք գալիս են, որ հենարանեն շարունակությունդ՝ արիական, հինավուրց, քրտնած, վարկերի մեջ ճզմված, բանան-ելակի համից փսխող

չկան բարիկադներ ու բուրժուական խեղկատակներ, չկան ինքնաշեն շներ՝ երթեր ուղեկցող,

չկա մեր սահմանամերձ հոգնածությունը՝ իրար սմս գրելու մեր ինքնիշխան ու պոստմոդեռն լարվածության մասին

բաց-բաց ձեռքերով, բաց-բաց ոտքերով, բաց-բաց նյարդաթելերով, ստամոքսի խոցով, կրծած եղունգներով, եվրոպական դիպլոմով,

ճանապարհներ փակելու վարպետությամբ՝ պառկած եմ բուսաբանականում, խոտը ծակում է ձեռքերս․ իմ մեջ չկան բեկորներ ու փամփուշտներ․ ես պարտված ու զոհաբերված եմ հիմնովին:

125 views

Recent Posts

See All
bottom of page