top of page
  • Writer's pictureBook Fest

Կարեն Անտաշյան

Updated: May 6, 2023


Բանաստեղծ, էսսեիստ: 2022թ. արժանացել է Գրքի երևանյան փառատոնի առաջին մրցանակի «պոեզիա» անվանակարգում։ Ծնվել է 1983թ փետրվարի 3-ին, Վանաձորում։ Ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում։ Ունի բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան, մասնագիտանում է առցանց մարքեթինգի ոլորտում։ 2000 թվականից զբաղվում է գրական գործունեությամբ որպես բանաստեղծ, էսսեիստ եւ ժամանակակից գրականության հանրահռչակման ակտիվիստ։


2005 թվականից ի վեր բնակվում է Երեւանում։ Ներկայումս զբաղվում է ներգնա տուրիզմի ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ, այգեգործությամբ, գրում է բանաստեղծություններ եւ ֆեյսբուքյան ստատուսներ։


Հեղինակել է «Վերջից հետո, Սկզբից առաջ» (2004թ.), «Անտաշատ», (2009թ.), «Ծիլի-Ծով. գիրք հմայության» (2014թ․) և «Դզոն» (2021թ․) գրքերը։


Ոնց ասիր


ոնց ասում են՝ Հայաստանից լավ տեղ չկա,

մեր լեռները, մեր ջուրը, մեր ծիրանի համը

ոչ իսպանականն ունի, ոչ՝ թուրքականը,

ոնց ասում են՝ ամերիկան ապրելու տեղ չի,

ինտեռնետը թույլ, բանկերի գերի վիճակ,

գլենդելն էլ մի հայկական գեղ ա սոսկ,

բայց գոնե հասցնենք մի հատ ծով գնանք

մինչ աշխարհի վերջը, էդ էլ ես ասեցի էն օրը

մի չափազանց նեղ կռուգում,

ոնց ասում են՝ կինը ոչ ոքի ոչինչ պարտք չէ

իսկ տղամարդը պետք է իրեն ձիգ պահի միշտ,

ոնց ասում են՝ էդ երեխուն գրկի, հետո

թռիր խարույկի վրայով, որ բախտդ բացվի,

ոնց ասում են՝ քեզ տեսած պահիր,

անգամ եթե չտես ես, մինչև տեսնենք ինչ ա լինում,

ոնց ասում են հետո՝ ըլնելու բանը ըլնելու յա,

իսկ չլնող բանը՝ մեկ ա՝ չի ըլնելու,

ոնց ասում են՝ կարևորը առողջությունն է,

մնացածը կառնենք, կամաց-կամաց,

ու ոնց ասեց մի օր ինձ մի հմուտ խադավիկ՝

սերը կասկածելի վալյուտայա, հոպար,

սաղին չի հերիքում, քիչ ա նախատեսված,

պետք ա փող առնել, քանզի փողն ա

էս խցանված աշխարհի իսկական սմազկեն

ու վաստակեց իրա հալալ չայեվոյը,

ոնց ասում են՝

ինչ լինում ա, թող իրա ժամանակին լինի,

իսկ վերջում՝ հողը թեթև լինի,

ոնց ասում են, բայց վերջից հետո էլ անպայման

ասվում են ահագին բաներ՝

ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի,

գործն է անմահ, որ ապրում է դարեդար,

քանի իրեն հիշում ենք՝ ինքն ապրելու է,

ասում է մեկը, որ ամեն ֆեյսբուք մտնելիս

նորից է գրանցվում, քանի որ մոռանում է

իր գաղտնաբառը՝ astva&ognakan73




Կարոտ


Ինչին դիպչում եմ՝ կարոտվում է․

կարոտ քար, կարոտ արև,

կարոտ ծիծիկ, կարոտ ծով –

այ քեզ անջնջելի դրոշմալաքա,

էս սաղ ե՞ս եմ կարոտել։





Զվյոզդը տարած


Սա էն հռչակավոր օրն է,

որին մոտենում եմ արդեն 346.800 ժամ,

և դրա նախորդ 14․449-րդ օրը

և դրա հաջորդ 14․551-րդը՝ ոչ պակաս հռչակավոր,

սա էն լեգենդար չոռոտ ձմերուկն է,

որին գնեցի, քանի որ վերջինն էր,

ահա էն հռչակավոր արևակեզ շապիկը,

որի հանդեպ իմ կապվածությունը

հռչակավոր, օսկարակիր պատմություն է,

ախ այս հռչակավոր կծածը մոծակի,

ձախ աչքումս լռված ճպուռը հռչակավոր,

սա այն հռչակավոր սուրճն է իմ եփած,

որ միայն կինս է հավանում, որ ինքը չեփի,

ու հռչակավոր վերջին անձեռոցիկը,

հռչակավոր հոտն է ծխախոտի ու դուխու,

որ մնում է լիֆտում անհայտ հարևանից,

սա էն հռչակավոր ասֆալտի հուրն է,

որով հանրահայտ է հերթական օգոստոսը

սա էն հռչակավոր փոսն է՝

Չարենց - Սայաթ-Նովա խաչմերուկի,

սա էն հռչակավոր մոլախոտն է ճամփեզրի,

որ հավանաբար նաև հռչակավոր դեղաբույս է,

սա էն հռչակավոր թախիծն է

ֆրիով բուրգեր մեջ անելուց հետո,

և ահա ապրելու հավեսը մի պահ կորցրած

կուշտ մարդու այն հռչակավոր գղկոցն է՝

ազատագրման տխրահռչակ զգացումով,

սա այն հռչակավոր բիլբորդն է,

ահա, որի վրա երբեմն ծախվող

գովազդների արանքում

Քրիստոս դիմում է իր ֆոլոերներին

հնազանդության ու բարեպաշտության կոչով,

սա այն հռչակավոր հուսահատությունն է,

որը ստիպում է ծխախոտ վառել,

սա այն հռչակավոր լավ բանի սպասումն է

ծխելու ընթացքում,

և այն հռչակավոր հուսահատությունը, ահա

ծխելուց հետոյի,

ու անշուշտ ամենից, ամենից հռչակավոր

զանգը լեգենդար փակ համարից,

որով հեռախոսային ռոբոտը

անանուն հարցում է անցկացնում

սպասարկման որակի մասին

և ում ես բարեպաշտորեն պատասխանում եմ,

որ լավ իմաստով ցնցված եմ

այս մարդակենտրոն վերաբերմունքի

և հոգատարության համար՝ իհարկե

դժգոհների ու անտարբերների բանակում

այլաբանական նշանային համակարգով

վիճակագրական շեղում առաջացնելու համար -

անհայտ հեղինակի ըմբոստ արվեստային ակտ՝

հռչակավոր դառնալու ճանապարհին։


Կառմա


էսէմէս քվեարկությամբ մասնակցեցի

աշխարհում մեծությամբ երկրորդ

Քրիստոսի արձանի ընտրությանը,

քեյէֆսիում աղբարկղի մոտ տարա

կռճոններով լի սկուտեղս

արցախի դրոշ կպցրի երեկ լիֆտում

կենտրոնացա տիեզերքի վրա ու ի սրտե

խաղաղություն մաղթեցի այս աշխարհին

նորաբաց մերսման սրահի

անբարեխիղճ սպասարկման առթիվ

մերկացնող ռեվյու շարադրեցի

անտուն քոթոթների որդեգրման մասին

գրառումը կիսեցի պատիս

վայրի կարմրախայտի փոխարեն

բուծված իշխան գնեցի ու

զոհված տղերքի կենացը

հորդորեցի խմել առաջի՛նը։

կառմայիս բարելավումը

որ էս տեմպերով գնա

միգուցե հաջորդ անգամ

հաջողացնե՞մ չծնվել։


70 views

Recent Posts

See All
bottom of page