top of page

Ani Arakelyan

  • Writer: Book Fest
    Book Fest
  • Oct 1
  • 19 min read

 


 

ree

Արժանացել է Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի գրական մրցույթի «Դրամատուրգիա» անվանակարգի «Առաջին մրցանակ»-ին:

 

 

Ճաքեր

/պիես/

 

Տեսարան 1

Տեսազանգ  1

ԱՂՋԻԿ

 

Հայաստան: Սենյակ: Ցերեկ

/Աղջիկը նստած է սեղանի մոտ, նոր է արթնացել: Սեղանին ծաղիկներ են դրված: Աղջիկը հավաքում է մազերն ու զանգում տղային/: 

Ամերիկա: Սրճարան: Երեկո: 

/Զանգում է տղայի հեռախոսը, պատասխանում է զանգին: Տղան ճաշում է/։

 

Տղա

Բարև, քնած մարդ: 

Աղջիկ

Բարի լույս...

Տղա

Էլի ուշ ե՞ս քնել գիշերը...

Աղջիկ

Աչքերս դեռ ուռած ե՞ն...

Տղա

Ըհըն...

Աղջիկ

Մի քիչ ուշ զանգե՞մ /ժպիտով/:

Տղա

Չէ...

Աղջիկ

Ո՞նց ես...

Տղա

Հոգնած... որոշեցի դուրս գամ տնից, մի քիչ ցրվեմ... Երեկ մի քիչ խմել եմ, հաց էլ չեմ կերել... /դադար/: Բա ստեղ չլինեի՞ր, վրաս բարկանայիր...

Աղջիկ

Ի՞նչ ես խմել..

Տղա

Գարեջուր...

Աղջիկ

Առիթ կա՞ր...

Տղա

friday night...

Աղջիկ

Ես էլ եմ երեկ խմել… գինի... ընկերներիս հետ: Հետո երաժշտություն լսեցինք, մի երկու մոմ փչեցի, երազանք պահեցի... /դադար/: Ծնունդս էր... մոռացել ես...

Տղա

Չէ, չէ, չեմ մոռացել... Շնորհավոր...

/Դադար/

Աղջիկ

Խնդրել էի, որ մինչև ծնունդս չգնաս...

Տղա

Ինչի՞ ա էդքան կարևոր քո համար...

Աղջիկ

Դու ես կարևոր... ուզում էի՝ երկուսով նշեինք... անցած տարվա պես... Իսկ դու չզանգեցիր էլ... 

Տղա

Գիտես, որ չէի կարող մնալ... Հազար անգամ խոսել ենք... Նեղանու՞մ ես: 

Աղջիկ

Ես քեզնից չեմ նեղանում... 

Տղա

Ափսոս... /ցածրաձայն/: 

Աղջիկ

Ի՞նչ... 

Տղա

Ի՞նչ /անակնկալի գալով/: 

Աղջիկ

Ի՞նչը՝ ափսոս... 

Տղա

Երեկվանից գլուխս պայթում ա... /փոխելով թեման/: Նենց անկապ ա՝ բոլորը ստեղ միշտ ժպտում են, բայց էնքան ստից ա ամեն ինչ... 

Աղջիկ

Չեմ հավատում, որ ժպիտալուն անուն ես կպցնում...

Տղա

Հավատա... ու դու էլ մեկ-մեկ ժպտա...

Աղջիկ

Ստի՞ց...

Տղա

Չէ...

Աղջիկ

Ուրեմն չի ստացվի...

Տղա

Ո՞նց անցավ ծնունդդ... /ժպտալով/: Պատմի... /ծամելով/:

Աղջիկ

Հավաքվեցինք, պարեցինք, խմեցինք... Մի քիչ հարբեցինք... 

Տղա

Մի քի՞չ... 

Աղջիկ

Հա, էս անգամ իրոք չեմ հարբել... Տղաները տուն բերեցին... /լռություն/: Չես հարցնու՞մ՝ ինչ տղաներ... 

Տղա

Ի՞նչ տղաներ...

Աղջիկ

/Դադար/ ոչ մի տղա էլ չկար... ուզում էի խանդեիր... Չստացվեց:

Տղա

Մի խորացի... 

Աղջիկ

Քեզ միևնույն ա՝ ոնց ա իմ օրն անցնում... ու՞մ հետ եմ տուն եկել.. Ես կարող ա շատ վատ եմ... Ապուշ մտքեր ունեմ... 

Տղա

Շորդ սիրուն ա շատ... Նոր ա՞:

Աղջիկ

Հա, նոր ա... /կոպիտ/: Երեկվանից հագիցս չեմ հանել.. Բայց երևի էլ կյանքում չհագնեմ... որովհետև ամեն անգամ հագնելուց հիշելու եմ, որ ծնունդիս մենակ էի, տխուր... նեղված... ոչ մեկին պետք չէի...

Տղա

Մի ծանրացրու... Հազար մարդ կա, որ քեզ սիրում ա...

Աղջիկ

Իսկ դու՞...

Տղա

Դու թանկ ես ինձ համար...

/Լռություն/

Աղջիկ

Երեկ աղջիկներով էինք... մի երկու ժամ նստեցի, ահագին փողոցով մենակ քայլեցի ու եկա տուն... նենց տպավորություն էր, ոնց որ իմ համար չէինք հավաքվել:

Տղա

Քեզ թվացել ա...

Աղջիկ

Չէ: Գնալս էլ չզգացին....  Ճանապարհին էլ քամի սկսվեց ...   Լացս գալիս էր... Ուզում էի խոսել քեզ հետ...

Տղա

Նենց սոված եմ… /մենյուն թերթելով/:

Աղջիկ

Լսում ե՞ս ինչ եմ ասում... 

Տղա

Ինչի՞ տրամադրություն չունեիր...

Աղջիկ

Որովհետև դու հետս չէիր... Ես մենակ էի.../դադար/ Ես մենակ եմ... 

Տղա

Չեմ ուզում՝ տրամադրությունդ ինձնից կախված լինի... 

Աղջիկ

 Ուշ ա... 

Տղա

Շա՞տ... 

/Դադար/

Աղջիկ

Դու քո մասին ինձ էլ չես պատմում: Դու չես բարդացնում, չես դժգոհում... չես ջղայնանում...... Քո մոտ միշտ ամեն ինչ լավ ա... Դու փոխվել ես... Ես քեզ չեմ ճանաչում․․․

Տղա

Պիտի խոսենք...

Աղջիկ

Խոսում ենք... 

Տղա

Չէ, սենց չէ...

Լռություն:

Աղջիկ

Բա ո՞նց.../կտրուկ տրամադրությունը փոխելով/: Գալու ես ու իրար դիմաց նստենք, խոսե՞նք...

Տղա

Չէ...

Աղջիկ

Ուրեմն ամեն ինչ լավ ա... Ես նեղված էի, չդիմացա... Բանի տեղ մի դիր... Կխոսենք»

/Աղջիկն արագ անջատում է տեսազանգը: Հենվում է աթոռին: Աչքերը լցվում են/: 

 

 

Տեսարան 2

ՏՂԱ

Տեսազանգ  2

 

Ամերիկա: Սրճարան: Երեկո: 

/Զանգում է տղայի հեռախոսը, պատասխանում է զանգին: Տղան ճաշում է/։ 

Հայաստան: Սենյակ: Ցերեկ

/Աղջիկը նստած է սեղանի մոտ/: 

 

Տղա

Բարի լույս, երազումս քեզ եմ տեսել...

Աղջիկ

Դու երազներդ չես հիշում... Մի խաբի... 

Տղա

Հա, էլի չեմ հիշում, բայց դու հաստատ կայիր... ծիծաղում էինք.. Ինչ որ բան ասեցիր, չեմ հիշում ինչ.. Մենակ հիշում եմ, որ դուրս եկանք.. ու ահավոր ցուրտ էր... Առավոտը զարթնեցի, տեսա՝ վերմակս գետնին ա ընկած ա..

/Աղջիկը տխուր ժպտում է/:

Աղջիկ

Երեկ ծնունդս էր, եթե մոռացել ես...

Տղա

Չասես, որ օրը խառնել եմ...

Աղջիկ

Հուսով եմ...

Տղա

Նվեր եմ ուղարկել... չեն փոխանցե՞լ... 

Աղջիկ

Փոխանցել են... Բայց ինձ նվեր պետք չէր... Ինձ դու էիր պետք...

Տղա

Գիտեմ, որ կարևոր էր էդ քո համար...

Աղջիկ

Իսկ քո՞:

Տղա

Նեղանու՞մ ես: 

Աղջիկ

Հա... /չոր/:

/Անհարմար լռություն/:

Տղա

Կներես... /դադար/: Ժպտա:

/Աղջիկը ձևական ժպտում է/:

Տղա

Ո՞նց անցավ, պատմի... /ծամելով/:

Աղջիկ

Լավ, ուրախ... /դադար/: Մի քիչ խմեցինք... Տղաները տուն բերեցին: 

Տղա

Ի՞նչ տղաներ...

Աղջիկ

Սիրուն, բոյով, թիկնեղ... կապույտ աչքերով ու բաց գույնի մազերով... /թեթև ժպտալով/:

/Դադար/

Տղա

Ճաշակդ փոխվել ա՞ /ժպիտով/:...

Աղջիկ

Չէ /չոր/: Լավ, իրականում ոչ մի տղա էլ չկար... Խաբեցի, որ խանդես... Ու՞ր ես կորել, ինչի՞ չզանգեցիր:

Տղա

Ամեն ինչ խառնվել ա իրար.. օր, ամիս... Հետո գիշերը հասկացա, որ ուշացել եմ... ուզում էի զանգել, բայց մտածեցի՝ քնած կլինես...

Աղջիկ

Արթնացնեիր... ես սպասում էի... Ես քնած չէի... 

Տղա

Չուզեցի խանգարեմ... Էս քանի օրը շատ զբաղված եմ եղել... Գործ չկա... Սենց որ շարունակվի՝ չգիտեմ՝ ինչ եմ անելու...

Աղջիկ

Կարող ա՞ հետ գաս...

Տղա

Չէ: չեմ ուզում...

Աղջիկ

Չես կարոտե՞լ ինձ...

Տղա

Համարյա ամեն օր խոսում ենք...

Աղջիկ

Պատմե՞մ՝ իրականում ոնց անցավ ծնունդս... /չսպասելով պատասխանի/: Լացս գալիս էր... Ուզում էի խոսել քեզ հետ... Լսում ե՞ս ինչ եմ ասում... 

Տղա

Հա, լսում եմ... Անտրամադիր էիր... Նեղված իմ պատճառով... Ամեն ինչում ես եմ մեղավոր, ես անուշադիր եմ, ես մոռացել եմ քո մասին, ես վատն եմ, փոխվել եմ...  Ինչի՞ դու չզանգեցիր... 

Աղջիկ

Բոլորը զանգեցին, բացի քեզնից…

Տղա

Մեկ- մեկ ինձ թվում ա, որ արդեն շատ եմ քո կյանքում... 

Աղջիկ

Ինձ մենակ դու ես պետք.../դադար/ Ես մենակ եմ... 

Տղա

Չեմ ուզում, որ տրամադրությունդ ինձնից կախված լինի... 

Աղջիկ

 Ուշ ա... 

Տղա

Շա՞տ... 

/Դադար/

Աղջիկ

Հա, շատ... /նյարդային/:

Տղա

Ես օտար երկրում եմ, մենակ... Ամբողջ օրը նյարդերի վրա եմ... Լարված... տեղս չեմ գտնում... Բայց ես չեմ նվնվում, չեմ դժգոհում...  

Աղջիկ

Դու փոխվել ես... Ես քեզ չեմ ճանաչում․․․

Տղա 

Իրոք ուզում ես խոսե՞նք:

Աղջիկ

Արդեն չէ:

Տղա

Ոչինչ... Արի պատմեմ՝ ինչի չեմ զանգում, ինչի նամակներիդ չեմ պատասխանում... Ինչի ծնունդիդ չզանգեցի...

Աղջիկ

Չէ, պետք չի... Ես սկսում եմ մտածել, որ առանց ինձ քեզ լավ ա... 

Տղա

Չափազանցնում ես:

Աղջիկ

Ես տենց եմ զգում... /դադար/: Ուզում եմ գնամ արդեն... 

Տղա

Գնա..

/Տղան անջատում է հեռախոսը: Տղան նյարդային հեռախոսը մի կողմ է դնում ու շարունակում է ուտել/: 

 

 

Տեսարան 3

ԱՂՋԻԿ

Տեսազանգ 3

 

Հայաստան: Սրճարան: Ցերեկ

/Աղջիկը անտրամադիր նստած է սրճարանում: Թեյ է խմում: Տեսազանգով զանգում է տղային/: 

Ամերիկա: Տուն: Հյուրասենյակ: Գիշեր: 

/Տղան նստած է կիսախավար սենյակում: Պատասխանում է զանգին/:

 

Աղջիկ

Զբաղված ե՞ս:

Տղա

Մի քիչ...

Տղան հեռախոսը ձեռքին գնում է ննջասենայակ:

Աղջիկ

Երեկ մինչև գիշերվա հազարը թարգմանություն եմ արել,  էսօր ինձ գործից հանել են... Ասում են՝ չարդարացրիր քեզ, մեր բոլորի սպասելիքները ու սենց ապուշ բաներ... /պաթոսով/: Բայց դու էլ գիտես, որ չէի սիրում էդ գործը, զզվելով էի գնում... Ամեն օր փորձում էի չուշանալ, որովհետև կտուգանեին, վրաս կխոսեին...  /լռություն/:  

Տղա

Լավ կլինի ամեն ինչ... /իմիջիայլոց/ Հիմա ուղղակի շունչ քաշի ու ժպտա... 

Աղջիկ

Չեմ ուզում ժպտամ... Մի ասա էդ բառը ու մի ասա, որ ամեն ինչ լավ կլինի, ոչ մի բան մի ասա... Ուզում եմ դժգոհեմ ու դու ինձ լսես...

Տղա

Աշխարհի վերջը չի... Քեզ նորմալ գործ էր պետք.../դադար/:

Աղջիկ

Գիտեմ... Բայց գոնե տանից դուրս էի գալիս, ցրվում էի... Մի քանի ժամ քո մասին չէի մտածում... Քանի օր ա չենք խոսել: Մի պահ թվաց՝ խուսափում ես... 

Տղա

Չէ...

Աղջիկ

Չթվա՞ց:

Տղա 

Մենակ ե՞ս:

Աղջիկ

Հա... Այսինքն՝ չէ, դու հետս ես... /քորելով ձեռքի սպին/: 

Տղա

Էդ լավ ա...

Աղջիկ

Որ հետս ե՞ս:

Տղա

Չէ, որ մենակ չես...

Աղջիկ

Ընկերներդ երեկ զանգեցին... ՈՒզում են հավաքվենք էսօր...

Տղա

Գնա...

Աղջիկ

Չեմ ուզում, որ ինձ սենց տեսնեն... /հազում է/: 

Տղա

Մրսել ե՞ս:

Աղջիկ

Չգիտեմ, երեկ տաքություն ունեի... մաման ասում ա՝ կարոտից լինում են տենց բաներ... Ուզում եմ, որ դու էլի պես գիշերվա կեսին փողոցում խմած երգես ու ես ամաչեմ... Նույնիսկ դա եմ կարոտում... /լռություն/: Էն ժամանակ չգիտեի, որ երջանիկ եմ... /լռություն/: Դու էլ էիր չէ՞ երջանիկ... 

Տղա

Ես խմած ժամանակ միշտ երջանիկ եմ...: 

Աղջիկ

Է... լուրջ բան եմ հարցնում... /քորելով ձեռքի սպին/: Մեր սրճարանի լամպերը փոխել են... բաժակներն էլ արդեն առաջվանը չեն.. Ստեղ ոչ մի բան էլ առաջվանը չի... /լռություն/: Իզուր էլ եկա../լռություն/: Հիշու՞մ ես, որ մատուցողին շեղեցի, որ սեղանին արև նկարես... 

Տղա

Հիշում եմ... /պահարանի միջից հանելով երկու շապիկ/:

Աղջիկ

Նայի, մի քիչ մաքրվել ա, բայց դեռ երևում ա... /հեռախոսով նկարը ցույց տալով/: Որ իմանայի՝ սենց վատ ես նկարում, չէի համաձայնվի /ծիծաղում է/... 

Տղան նայում է շապիկներին:

Աղջիկ

Սևը հագի... 

Տղան մոխրագույնը մի կողմ է դնում, հագնում է սև շապիկը: 

Տղա

Երաժշտություն եմ գրել, ուզում եմ նվագեմ, լսես... /վերցնելով կիթառը/:

Աղջիկ

Պարտադիր ա՞ մնալդ: 

Տղա

Չնվագե՞մ /մունաթով/: 

Աղջիկ

Ի՞նչ ես կորցրել էդտեղ... կամ ու՞մ:

Տղա

Ինձ...

 /կիթառը հետ դնելով/:

Աղջիկ

Քե՞զ... 

Լռություն:

Տղա 

Մտածում եմ՝ լավ ա, որ քեզ գործից հանել են... Հիմա քո գիրքն ունենալու մասին կմտածես... Դրանով կզբաղվես... էլ էդ թարգմանությունների ժամանակ քեզնից տողեր չես հորինի, չես ավելացնի...

Աղջիկ

Իմ հորինած տողերի համար էին մարդիկ առնում էդ գրքերը... 

Տղա

Քոնը գրի... Կիսատ պատմություններ ունես... Կգրես, կթեթևանաս... Հետո փող կաշխատես... 

Աղջիկ

Չեմ ուզում կիսատությանս հաշվին հարստանամ... 

Տղա

Ի՞նչ վատ կլինի... իմ մասին կգրես... 

Աղջիկ

Անընդհատ գնում եմ էն տեղերը, որտեղ իրար հետ ենք եղել, որ քեզ չմոռանամ... Կարոտել եմ... /անհարմար լռություն/: Պահի տակ մտածում եմ՝ հորինել եմ քեզ... Ուզում եմ համոզվեմ, որ եղել ես... Խնդրում եմ, ասա, որ եղել ես, որ իսկական ես, որ գալու ես... 

Տղա

Ուզում եմ, որ լավ լինի քո մոտ ամեն ինչ... /լռություն/:

Աղջիկ

Առանց քե՞զ

Տղա 

Նիհարել ես... Մի բան կեր... 

Աղջիկ

Լավ...

Տղա

Ու ժպտա...

/Աղջիկն անջատում է տեսազանգը/:

 

Տեսարան 4

ՏՂԱ

Տեսազանգ 4

 

Ամերիկա: Տուն: Հյուրասենյակ: Գիշեր: 

/Տղան նստած է կիսախավար սենյակում: Պատասխանում է զանգին/: 

Հայաստան: Սրճարան: Ցերեկ

/Աղջիկը թեյ է խմում/:

 

Տղա

Զբաղված եմ, եթե կարևոր չի...

/Տղան հեռախոսը ձեռքին գնում է ննջասենյակ/:

Աղջիկ

Ինձ գործից հանել են... 

Տղա

Ինչի՞...

Աղջիկ

Չգիտեմ...

Տղա

Պատմել եմ չէ՞՝ ինձ քանի անգամ են ինձ գործից հանել... /իմիջիայլոց/: Թեթև տար... Ամեն ինչ անցողիկ ա... 

Աղջիկ

Ես է՞լ: 

Տղա

Ի՞նչ:

Աղջիկ

Ի՞նչ...

Տղա

Մենակ ե՞ս:

Աղջիկ

Հա, այսինքն՝ չէ, դու հետս ես...

Տղա

Էդ լավ ա...

Աղջիկ

Որ հետս ե՞ս...

Տղա

Չէ, որ մենակ չես... Սուրճ կխմենք իրար հետ... Լավ էր, որ զանգեցիր... ինձ ընդմիջում էր պետք... 

Աղջիկ

Ե՞րբ ես գալու... /քորելով ձեռքի սպին/:

Տղա

Կլինի՞ մի բան խնդրեմ...  Էդ հարցը ինձ էլ երբեք չտաս... Ես չգիտեմ՝ վաղը որտեղ եմ լինելու ու ում հետ…./դադար/:

Աղջիկ

/ընդհատելով/: Ում հե՞տ:

Տղա

Ում հետ եմ գործ անելու…  Ես հիմա մենակ էսօրվա մասին եմ մտածում... Վաղը ինձ հետաքրքիր չի...  Լիքը բան ա փոխվել... /դադար/: Ընկերներս զանգեցի՞ն... ուզում են հավաքվեն, ինչ որ բան կա նշելու... Ասել եմ, որ քեզ կանչեն...

Աղջիկ

Հա, խոսել եմ... Կգնամ...

Տղա

Էլի էն նույն սրճարանում ե՞ս: Ամեն անգամ ասում ես, որ չես գնալու, բայց գնում ես...  էդ լամպերը փոխե՞լ են...

Աղջիկ

Հա... 

Աղջիկ

Արևը հիշու՞մ ես...

Տղա

Հիշում եմ... /պահարանի միջից հանելով երկու շապիկ/: Ապուշ միտք էր: Սեղանը փչացրի...

Աղջիկ

Սևը հագի... 

/Տղան մոխրագույնը մի կողմ է դնում, հագնում է սև շապիկը/: 

Աղջիկ

Ո՞ր ես գնում: 

Տղա

Հանդիպման եմ...

Աղջիկ

Գործնակա՞ն: 

Տղա

Տեսնենք...

Աղջիկ

Ծիծաղելի չի... /նեղված/: Խոստացի, որ գաս, ամեն ինչ առաջվա պես կլինի... Դու խմած կերգես, ես կամաչեմ... Կհամոզես, որ ծխեմ քո հետ: Ես վախեցած գլուխս հետ հետ կտանեմ, կասեմ, որ զզվում եմ ծխի հետից... էլի կհամոզեմ, որ թարգես... Դու չես թարգի, ես կնեղանամ... Էդ ժամանակ չգիտեի, որ երջանիկ եմ... /լռություն/: Դու երջանիկ չէի՞ր... /քորելով ձեռքի սպին/:

Տղա

Ես երջանիկ եմ, որ չեմ թարգել ծխելը... /նստելով/: Նոր բան եմ եմ գրել, նվագե՞մ լսես... /վերցնելով կիթառը/:

Աղջիկ

Նվագի... 

/Տղան վերցնում է կիթառը, նվագում է/: 

Աղջիկ

Պարտադիր ա՞ մնալդ: 

Տղա

Ես խնդրել էի, չէ՞ /բարկացած/...

Աղջիկ

Ազնիվ խոսք՝ մինչև տասը հաշվեցի...

Անհարմար լռություն:

Տղա

Ուզում եմ քո գիրքն ունենաս... 

Աղջիկ

Ու՞մ մասին գրեմ... 

Տղա

Իմ /կատակելով/: Հետո փող կաշխատես... 

Աղջիկ

Չեմ ուզում կիսատությանս հաշվին հարստանամ... /դադար/: Պահի տակ մտածում եմ՝ հորինել եմ քեզ... Մեկ-մեկ ուզում եմ համոզվեմ, որ եղել ես... Խնդրում եմ, ասա, որ եղել ես, որ իսկական ես, որ գալու ես... 

Տղա

Արդեն առաջին տողն ունես... 

Աղջիկ

Մի ծաղրի...

Տղա

Ուզում եմ, որ լավ լինի քո մոտ ամեն ինչ... /լռություն/:

Տղա

Պիտի դուրս գամ արդեն... /ձևական նայելով ժամացույցին/: ուշանում եմ... հետո կխոսենք... 

Աղջիկ

Լավ... /նեղված/:

Տղա

Ժպտա...

/Աղջիկը կեղծ ժպտում է/: 

Տղա

Ապրես:

Տղան անջատում է տեսազանգը, մնում է նստած: 

 

Տեսարան 5

ԱՂՋԻԿ

Տեսազանգ 5

 

Երևան: Տղայի ընկերոջ բնակարան: Սանհանգույց: Գիշեր

/Աղջիկը նստած է գետնին, մի քիչ հարբած է: Աչքերը կարմրած են, շպարը՝ լղոզված: Զանգում է տղային/: 

Ամերիկա: Ինչ որ բնակարան: Ննջասենյակ:

/Տղան քնած է: Զանգում է հեռախոսը: Զարթնում է, պատասխանում/:

 

Տղա

Բարի լույս /շշուկով, նայելով կողքն ու դուրս գալով սենյակից/: 

Աղջիկը շփոթված է: Մաքրում է աչքերը:

Տղա

Քանի՞սն ա ըտեղ... Ինչի՞ քնած չես... 

Աղջիկ

Ընկերներիդ հետ եմ...  Իրանց ասա, որ ինձ էլ կյանքում չխմացնեն... 

Տղա 

Լացել ե՞ս: 

Աղջիկ

Չէ /կտրուկ/:  

Տղա 

Ո՞նց ա անցնում...

Աղջիկ

Չեմ ուզում խոսեմ էդ մասին... /հուզված/: 

Տղա

Լացել ե՞ս:

Աղջիկ

Ասում եմ՝ չէ /կոպիտ/: Պիտի էսքան չթուլանայի... Առավոտից բան չէի կերել, գիտես... Հետո շատ ծանր օր էր... Քո հետ խոսելը չօգնեց... Եկա ստեղ, խմեցինք, էնքան ուրախ էր ամեն ինչ... Բայց կոկորդս սեղմվում էր... Ես ճնշված եմ... Ես հիասթափված եմ ինձնից... Պիտի չգայի...

Տղա

Քեզ պետք էր լիցքաթափվել... Էդտեղ հաստատ լավ ա, հանգիստ ա... Բոլորը մերոնք են... քեզ սիրում են...

Աղջիկ

Ես ուրիշի հետ եմ համբուրվել /ընդհատելով ու կտրուկ/: 

Տղա

/Լռություն/

Աղջիկ

Բայց, ազնիվ խոսք, մտքիս դու էիր... ինքը չէր... Չհասկացա՝ ինչ կատարվեց... Էդ պահին զգացի, որ սխալ եմ անում, բայց ուշ էր... կարոտել էի քեզ...  Ատում եմ գինին... /աչքերը լցվում են, դադար/: Էս տունը քո մասին ա... Ինձ դու ես պետք... Ես ոչ մի բան չզգացի... Հավատում ես, չէ՞: /դադար/:

Տղա

/լռություն/:

Աղջիկ

Ձեն հանի... Ջղայնացի, հիասթափվի... Զարմացի... /դադար/: / Ասում եմ՝ ուրիշի հետ եմ համբուրվել... Ընկերոջդ հետ /բղավելով/: 

/Թակում են դուռը/:

Աղջկա ձայն

Լավ ե՞ս: 

Աղջիկ

Չէ, լավ չեմ, իմ վրա ստեղ թքած ունեն... 

Տղա

Հերիք ա... /սաստելով/: 

Աղջկա ձայն

Թող ներս գամ... 

Աղջիկ

Գնա... լվացվեմ, կգամ...  /աղջկան/: Իրանք ամեն ինչ տեսել են.. Գիտեն, որ թուլացա, որ ուզածս էդ չէր... Գիտեն, որ պահի տակ ստացվեց... Զզվում եմ էն տեղերից, որտեղ իրար հետ ենք եղել... 

Տղա

Ես հասկանում եմ քեզ... 

Աղջիկ

Ուզում եմ չհասկանաս... Ուզում եմ, որ նորմալ չլինի սա քո համար... Որովհետև իմ համար նորմալ չի... /դադար/:

Տղա

Վեր կաց գետնից ու լվացվի... տաքսի կանչի ու գնա տուն... Քնի... Առավոտը կխոսենք... 

Աղջիկ

Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց… 

Տղա 

ի՞նչ ես անում…

Աղջիկ

Հաշվում եմ, որ չհարցնեմ՝ երբ ես գալու, որ էդ հարցից չբարկանաս… Հաշվից ընկա… մեկ, երկու, երեք...

Տղա

Տասը… /նյարդային/:

Աղջիկ

Հա, ես խմած եմ, բայց էդ չի նշանակում, որ ոչ մի բան չեմ հասկանում... Ուզում եմ՝ էն, ինչ ուրիշ ժամանակ չէիր ասի, հիմա ասես... 

Տղա

Հիմա դու պիտի տուն գնաս...  

Աղջիկ

Հիմա դու պիտի ատեիր ինձ...

/Աղջիկն անջատում է հեռախոսը ու մնում է նստած/: 

 

 

Տեսարան 6

ՏՂԱ

Տեսազանգ 6

 

Ամերիկա: Ինչ որ բնակարան: Ննջասենյակ: Տղան քնած է ինչ որ աղջկա կողքին: /Զանգում է հեռախոսը: Զարթնում է, պատասխանելով դուրս գալիս սենյակից/: 

Երևան: Տղայի ընկերոջ բնակարան: Սանհանգույց: Գիշեր

/Աղջիկը նստած է գետնին: Զանգում է տղային/: 

Տղա

Ինչի՞ ես էս ժամին զանգել: /շշուկով/: 

/Աղջիկը շփոթված է: Մաքրում է աչքերը/:

Աղջիկ

Ընկերներիդ հետ եմ... Իրանց ասա, որ ինձ էլ կյանքում չխմացնեն... 

Տղա 

Լացել ե՞ս: 

Աղջիկ

Չէ /կտրուկ/:  

Տղա 

Նեղված ե՞ս:

Աղջիկ

Ասում եմ՝ չէ:

Տղա

Ապուշի տեղ ե՞ս դրել:

Աղջիկ

Դեռ ես ե՞մ քեզ ապուշի տեղ դրել...

Աղջիկ

Ո՞րտեղ ես... 

Տղա

Կարևոր չի... Խոսի... /նյարդայնանալով/: 

Աղջիկ

Պիտի էսքան չթուլանայի... Առավոտից բան չէի կերել... Քո հետ խոսելը չօգնեց... Եկա ստեղ, խմեցինք, էնքան ուրախ էր ամեն ինչ... Բայց կոկորդս սեղմվում էր... Ես ճնշված եմ... Պիտի չգայի...

Տղա

...Եթե ուրախ էր, ուրեմն ինչի՞ ես ճնշված... Վերջ տուր էլի... Գոնե հիմա հանգիստ թող քեզ...

Աղջիկ

Ես ուրիշի հետ եմ համբուրվել /ընդհատելով ու կտրուկ/: 

Տղա

Ի՞նչ: 

Աղջիկ

Ուրիշի հետ եմ համբուրվել....

Տղա

Մի կրկնի, լսեցի... / նյարդայնացած/: 

Աղջիկ

Բայց, ազնիվ խոսք, մտքիս դու էիր... Չհասկացա՝ ինչ կատարվեց... Էդ պահին զգացի, որ սխալ եմ անում, բայց ուշ էր... ու կարոտել էի քեզ...  Ատում եմ գինին... 

Տղա

Չեմ ուզում լսեմ քեզ...

Աղջիկ

Թող...

Տղա

/ընդհատելով/: Չեմ հավատում...

Աղջիկ

Թող բացատրեմ... /բարձր/:

Տղա

/ընդհատելով/: Դու էդ մարդը չես...

Աղջիկ

Լսի ինձ... /բղաբելով/:

Տղա

Սուտ ա ամեն ինչ...

Աղջիկ

Թող բացատրեմ... 

Տղա

Ի՞նչ պիտի բացատրես... ՈՒզածդ ի՞նչ ա, սե՞ր...   

Աղջիկ

Հա, ուզածս սեր ա…. Ես ուզում եմ, որ ինձ սիրեն… 

Տղա

Հիմա սիրում ե՞ն...

/դադար/:

Աղջիկ

Ես խոսում եմ, խոսում եմ, բայց դու թքած ունես… դու էգոիստ ես… 

Տղա

Հա, էգոիստ եմ… Հա, վատն եմ.. Մի սիրի ինձ… /դադար/:

Աղջիկ

/դադարից հետո/: Ես քո կարիքը ունեմ... Էս տունը քո մասին հիշեցրեց, ներսս տակնուվրա եղավ... 

Տղա

/ընդհատելով/: Ես չեմ ուզում լսեմ քեզ... Չեմ ուզում հիմա տեսնեմ դեմքդ... Մի շարունակի... Տհաճ ես... 

Աղջիկ

Գիտե՞ս՝ քանի անգամ եմ լվացվել, որ էդ պահը մաքրեմ վրայիցս... Ես զզվում եմ կպնեմ ինձ... Ես ոչ մի բան չզգացի... Շատ կուզեի՝ ինչ որ բան զգայի… էդ ժամանակ սենց վատ չէի լինի երևի… Բայց չզգացի… Ես մեղավոր չեմ... Իրանք ինչ որ ուրախ բաներ էին պատմում, ծիծաղում... իսկ ես ծիծաղելու կարիք ունեմ… /դադար/:

Տղա

Դու իմ ճանաչածը չես... Դու հիմա ինչ որ հասարակ ես, բոլորի նման ես:

Աղջիկ

ես սիրում եմ քեզ … /պոռթկալով/:

Տղա

Պիտի չզանգեիր:

Աղջիկ

Ուզում եմ զգամ, որ կարևոր եմ քո համար...  Ուզում եմ, որ քեզ ավելի ցավոտ լինի.... Կլինի՞ մի անգամ էլ կրկնեմ.... /չսպասելով պատասխանի/: Ասում եմ՝ ուրիշի հետ եմ համբուրվել... Ընկերոջդ հետ /բղավելով/: 

Տղա

Ո՞ր ընկերոջ:

Աղջիկ

/արհամարհելով հարցը/: Ես քո նվիրած վզնոցով էի.. որ ծնունդիս առիթով էիր ուղարկել... Հիմա չի երևում, բայց մազերս քո սիրած ձևով էի հավաքել... Կարմիր շրթներկով էի... Ու հատուկ ուսերս բաց շոր էի հագել, որովհետև դու միշտ մատներով կպնում էիր ոսկորներիս... Ինձ լավ չէի զգում գինուց, գնացինք պատշգամբ: Ու առաջինը ես համբուրեցի իրան... նենց, ոնց քեզ կհամբուրեի... Մտածեցի, որ հետ կքաշվի... Բայց ինքը ձեռքը դրեց կոնքերիս...

Տղա

Չես հասկանու՞մ՝ հերիք ա...

Աղջիկ

Դու ինձ չես լսում... 

Տղա

/ընդհատելով/: Ես քեզ չեմ ուզում լսեմ: Արի համարենք, որ մեղքը իմն ա... որ ես վատն եմ, որ հեռու եմ, որ մոռացել եմ քեզ... Կուզե՞ս միանգամից ասենք, որ ես եմ համբուրվել... 

Աղջիկ

Չես համբուրվե՞լ...

/Տղան չի պատասխանում, շպրտում է հեռախոսը: 

Աղջիկը մնում է նստած/:

 

 

Տեսարան 7

ԱՂՋԻԿ

Տեսազանգ 7

 

Երևան: Բարձր ու քամոտ տեղ: Երեկո

/Աղջիկը նստած է: Նայում է քաղաքին: Թարմացնում է շպարը: Ուղղում է մազերը: Խոր շունչ է քաշում և տեսազանգով զանգում է տղային/: 

Ամերիկա

Այգի: Առավոտ

/Տղան մարզվում է (վազում է): Հեռախոսը զանգում է: Կանգնում է: Շնչառությունը կարգի է բերում, պատասխանում է/: 

Աղջիկ

Բարի լույս: 

Տղա

Բարև... Գիշերվա հազարը չի՞: Էս ու՞ր ես գնում... 

Աղջիկ

Արդեն եկել եմ... Ուզում էի խոսեի իմ հետ... Եկա նենց տեղ, որ քաղաքը երևա... Ժամադրության եմ հրավիրել... ինձ... Հատուկ սիրունացել եմ... հատուկ պատրաստվել... Հատուկ առիթի համար պահած շորս եմ հագել, որ տպավորիչ լինեմ... 

Տղա

Հետո՞: Ստացվե՞ց... 

Աղջիկ

Ստացվեց, բայց մի քանի հարց մեկ ա մնաց... դրա համար եմ զանգել... 

Տղա

Թե՞ դրա համար զանգերիս չէիր պատասխանում... 

Աղջիկ

Պիտի մտածեի... Հիշու՞մ ես՝ օդանավակայանում, որ քեզ ճանապարհում էի, ինչ ասեցիր... 

Տղա

Չէ... Ի՞նչ եմ ասել.. 

Աղջիկ

Լավ, կարևոր չի... 

Տղա

Ի՞նչ եմ ասել: 

Աղջիկ

Ինձ էդ ժամանակ նենց գրկեցիր, որ հասկացա՝ էլ չես գալու... 

Տղա

Բայց ես գալու եմ... 

Աղջիկ

Իմ կյանք էլ չես գալու... 

Տղա

Մի ապուշացի... Գիշերն եկել ա, էլի ամեն ինչ ծանրացնում ես... Գնա տուն, քնի... 

Աղջիկ

Ինչի՞ ա քեզ թվում, որ բոլոր հարցերի լուծումը քնելու ու ժպտալու մեջ ա... 

Տղա

Դու հիմա լարված ես...

Աղջիկ

Լարված եմ, հոգնած եմ, ագրեսիվ եմ, տխուր եմ, գեշ եմ... /դադար/: Ամեն գիշեր նույն երազն եմ տեսնում... Քո տանն ենք, պատշգամբում իրար հետ նստած ենք, խոսում ենք, խմում... Դու էլի էն երգերն ես միացրել, ես էլի աչքերս լցրել եմ, որովհետև չեմ ամաչում քո մոտ թուլանալուց... Բայց հետո, ինչ որ պահի դու սկսում ես չտեսնել ինձ... ու չես էլ նկատում, որ կամ /աչքերը լցվում են/: Ես գոռում եմ, խփում եմ քեզ... Բայց անիմաստ...

Տղա

Էդ ուղղակի երազ ա... 

Աղջիկ

Չէ, երազ չի... դու դեռ ստեղ էիր, բայց արդեն ինձ չէիր տեսնում... Հետո գնացիր: Ես ամեն ինչ անում էի, որ պահեի քեզ... Բայց իմաստ չունի քեզ պահելը... Իմ պատճառո՞վ ես գնացել... Ինձնի՞ց ես փախել...

Տղա

Չեմ հասկանում՝ ինչ ես ուզում, որ քեզ ասեմ.. Դու ուզում ես, որ ես ջղայնանամ նենց բաների վրա, որոնք ինձ չեն ջղայնացնում... Իմ մոտ ոչ մի բան չի փոխվել... Ասում եմ՝ ամեն ինչ լավ ա... Հանգիստ թող ինձ...  

Աղջիկ

Ինչի՞ ենք իրար հետ խաղում... 

Տղա

Ես չեմ խաղում... /դադար/: Ես չեմ ուզում քեզ... /կտրուկ/:

Աղջիկ

Ես գիտեմ... /նյարդային/:

Տղա

Մենք սովորել ենք իրար... Մեզ իրար հետ հեշտ ա, որովհետև ամեն ինչ ծանոթ ա... Բայց էդ արդեն հետաքրքիր չի...  

Աղջիկ

/դադար/: Երեկ աղջիկներով հանդիպել էինք... Հետաքրքիր ա՞: Պատմե՞մ: /չսպասելով պատասխանի/: Սիրտս պայթում էր... Խաբեցի, ասեցի՝ հանդիպման եմ... ու փախա... Ինչ որ հարցեր տվեցին՝ ում հետ... Էլի խաբեցի... ասեցի՝ սիրահարվել եմ... Հավատացին գիտե՞ս... Ու նենց տխուր ա, որ բոլորը կողքից ամեն ինչ հասկանում են... էլ հարցեր չտվեցին... Պահի տակ ես էլ հավատացի... Մտածեցի՝ ինչ լավ կլիներ, որ ինչ որ մեկի հետ նստած գինի խմեի, խոսեինք... Ես ամեն ինչ կանեի, որ իմ պես լինեի, իսկական... Առաջվա նման անկղծ ու ուրախ,... ու կհասկանայի, որ ամեն ինչ էս անգամ ուրիշ կլինի...  /դադար/: Բայց դժվար էդպիսի բան լինի...  

Տղա

Մտածում ես՝ էլ չես սիրի՞: 

Աղջիկ

Չէ, ուղղակի վախենում եմ, որ էդ բոլոր հանդիպումներին դու հետս կլինես ու մեզ մենակ չես թողնի... Ինքը հաստատ սպիտակ գինի չի պատվիրի քո պես... Այլ կհարցնի՝ ինչ գինի եմ սիրում... հետո կարմիրը կընտրենք... Բայց դրա համը ինձ դուր չի գա... Կքայլենք նույն փողոցներով, որտեղ իրար հետ ենք եղել, որովհետև Երևանը փոքր ա շատ... Ու ես էնքան խեղճ կթվամ իմ աչքին... 

Տղա

Դու խեղճ չես... 

Աղջիկ

Դու ինձ չես ճանաչում... /ժպիտով/: Դու ինձ էնքան ասեցիր, որ սևը ինձ չի սազում, որ ես թափեցի բոլոր սև շորերս... սիրեցի քո գույները, քո սիրած ուտեիքները... Սկսեցի քո բառերով խոսել...  Բայց ախր ինձ սևի մեջ էր հանգիստ... Դու սիրում էիր կատուներին ու ես կատու պահեցի... Կերակրում էի, խաղում էի հետը... Բայց տենց էլ չկարողացա սիրել... /դադար/: Տպավորություն ա, որ քեզնից առաջ չեմ ապրել... Բայց ապրել եմ, չէ՞: Ես կորցրել եմ ինձ… /դադար/: Դու ինձ չես ճանաչում...

Տղա

Ճանաչում եմ... /դադար/: Անտառում ապրելը քո երազանքն ա, բայց ձեռքերդ խոնավությունից ու ցրտից ճաքում են ու դա քեզ բարկացնում ա... Երբ ինձնից նեղանում ես, սկսում ես քորել ձեռքիդ սպին, որն իմ պատճառով ա եղել... Ու կողքից նենց տպավորություն ա, որ ուզում ես պոկել ինձ քո վրայից... Դու թեյ չես սիրում, բայց սիրում ես էդ մեծ բաժակով ձեռքերդ տաքացնել... Երբ լարվում ես, աչքերդ մի քիչ շեղվում են... Դու ամաչում ես դրանից... Բայց էդ էնքան սիրուն ու բնական ա... 

Աղջիկ

Էնքան կուզեի, որ ինձ էսքան լավ չճանաչեիր... Ու փոխարենը սիրեիր... 

Տղա

/լռություն/: 

Աղջիկ

Դու ինձ չես ներել... 

Տղա

Դու ոչ մի վատ բան չես արել...  

Աղջիկ

Լավ: Զանգել եմ՝ խնդրեմ, որ ինձ բաց թողնես... /դադար/: Ուզում եմ, որ էլ չլինես.. ու ուզում եմ, որ ինձ օգնես...

Տղա

Կներես...

Աղջիկ

Ե՞րբ սկսեցի շատ լինել քո կյանքում... 

/Աղջիկը սկսում է քորել ձեռքի սպին, հետո նկատում է, ձեռքը հետ է տանում/: 

Տղա

Ես ինչ որ պահի ուղղակի հոգնեցի...  ամեն ինչ սկսեց չհերիքել, քիչ դարձավ ու սովորական... Հիշում ե՞ս, որ քաղաքից դուրս էինք գնացել... Ես էդ օրը ճանապարհին նորից սիրահարվեցի քեզ... Էն քո սիրած տեղում սուրճ էինք խմում ու դու էնքան սիրուն էիր, բնական... Գանգուր մազերով... Հետո զգացիր, որ սուրճը քթիդ ա քսվել, միշտ քթիդ ա քսվում.. չգիտեմ՝ ոնց ես հաջողացնում: Շորիդ ծայրով մաքրեցիր ու ժպտացիր, որովհետև գիտեիր՝ ինչ եմ ասելու... Բայց կարևորը՝ ժպտում էիր... Ինչ որ մոգական բան կար քո մեջ... Բայց հետո անցավ... Չգիտեմ՝ ոնց, բայց մեկ դարձավ... /դադար/: Չեմ ուզում հիմա նենց բաներ ասեմ, որ քեզ ավելի ցավոտ լինի... 

Աղջիկ

Ուշ ա... 

Տղա

Շա՞տ: 

Աղջիկ

Հա... 

/Տղան ուզում է ինչ որ բան ասել, աղջիկն անջատում է հեռախոսն ու նայում քաղաքին/: 

 

 

Տեսարան 8

ՏՂԱ

ՏԵՍԱԶԱՆԳ 8

 

Ամերիկա: Այգի: Առավոտ

/Տղան մարզվում է (վազում է): Հեռախոսը զանգում է: Կանգնում է, պատասխանում է/:

Երևան: Բարձր ու քամոտ տեղ: Երեկո

/Աղջիկը տեսազանգով զանգում է տղային/:

 

Աղջիկ

/Լռություն, մի քանի վայրկյան նայելով տղային/: Կներես, որ զանգերիդ չէի պատասխանում... Ինձ ժամանակ էր պետք...

Տղա

Պարզ ա... /դադար/: Մենակ ե՞ս:

Աղջիկ

Չես ուզու՞մ ասես, որ սիրուն եմ էսօր... Հատուկ սիրունացել եմ... հատուկ պատրաստվել, որ տպավորիչ լինեմ...

Տղա

Ու՞մ համար...

Աղջիկ

Էս անգամ՝ իմ... Ժամադրության եմ հրավիրել... ինձ... Մտածեցի՝ հերիք ա կռվեմ հետս, ժամանակն ա, որ խոսեմ...

Տղա

Ստացվե՞ց...

Աղջիկ

Չգիտեմ… Չէ...... /դադար/: Ինչ լավ ա, որ հիմա չենք գոռում իրար վրա...

Տղա

Ուզում էի խոսեի հետդ... Զանգում էի... Բոլորին խառնել էի իրար... ընկերներիդ... Իմ ընկերներին... Գժվում էի արդեն.. Մի պահ մտածեցի՝ վեր կենամ, գամ... Գնացի օդանավակայան.. Բայց էդ պահին ինքնաթիռ չկար... Պիտի սպասեի...

Աղջիկ

/ընդհատելով/: Լավ ես արել, որ չես եկել... Պետք չէր իմ համար գալ... Հիշում ե՞ս՝ օդանավակայանում ինչ ասեցիր...

Տղա

Հա, հիշում եմ… /նյարդային/: Խոստացա, որ հեռավորությունը բան չի փոխի... Խոստացա, որ երկար չեմ մնա… Խոստացա, որ չեմ թողնի, որ քեզ մենակ զգաս…

Աղջիկ

Խոստացար...

Տղա

/ընդհատելով/: Հետո ինձ նենց գրկեցիր, որ հասկացա՝ էլ չեմ ուզում հետ գամ...

Աղջիկ

Զանգել էի, որ ես խոսեմ, բայց երևի քո խոսելն ավելի ճիշտ ա...

Տղա

Խմած ե՞ս:

Աղջիկ

Քաջության համար...

Տղա

Գնա տուն, քնի... Դու հիմա լարված ես...

Աղջիկ

Լարված եմ, հոգնած եմ, ագրեսիվ եմ, տխուր եմ, գեշ եմ... Բայց ես եմ: 

Տղա

 Ես ուղղակի զգացի, որ մենակ քո զգացմունքներն են շարունակվում... Սկսեցի խուսափել… /դադար/: Հիշում ե՞ս՝ մի օր մեքենայի մեջ ասեցիր, որ վախենում ես շատ լինելուց ու աչքերդ լցվեցին... Ես ասեցի, որ չվախենաս... 

Աղջիկ

Հա...

Տղա

Տենց  ասեցի, որովհետև էդ էիր ուզում լսեիր...

Աղջիկ

Ինչի՞ էիր խաղում իմ հետ...

Տղա

Ես չեմ խաղացել... Ես չեմ խաբել... Ես անկեղծ եմ եղել... Էդ պահին ես տենց եմ զգացել... Մենք սովորել ենք իրար... Մեզ իրար հետ հեշտ ա, որովհետև ամեն ինչ ծանոթ ա... Բայց էդ արդեն հետաքրքիր չի... 

/Լռություն/

Աղջիկ

Կներես... /հեգնանքով/: /դադար/: Երեկ աղջիկներով հանդիպել էինք... Հետաքրքիր ա, արի՝ պատմեմ... Սիրտս պայթում էր... Խաբեցի... ասեցի՝ սիրահարվել եմ...

Տղա

Ինչի՞ համար...

Աղջիկ

Ուզում էի տեսնեի՝ ոնց կարձագանքեն... Ուզում էի ես էլ հավատայի... Ուզում եմ մտածես, որ առանց քեզ էլ ինձ վատ չի...

Տղա

Մտածում ես՝ էլ չես սիրի՞:

Աղջիկ

Կսիրեմ.. Հաստատ: Ու ամեն ինչ կանեմ, որ ինքը քեզ նման չլինի... Սկզբում համբույրների ժամանակ մեզ մենակ չես թողնի… Բայց էդ էլ կանցնի: Ես երջանիկ կլինեմ... Հետո կքայլենք նույն փողոցներով, որտեղ իրար հետ ենք եղել, բայց դրանք արդեն ուրիշ կդառնան...

Տղա

Դու խեղճ ես...

Աղջիկ

Հա, ես խեղճ եմ... /նյարդային/: Ես շատ խեղճ եմ... /ժպիտով/: Բայց դու ինձ չես ճանաչում...  

Տղա

Ես ճանաչում եմ քեզ... Դու երազում ես… 

Աղջիկ

Պետք չի... Էլի անտառների, թեյի ու աչքերիս մասին ես պատմելու… Էդ բոլորը գիտեն /դադար/: Ինչի՞ ինձ չսիրեցիր... /աչքերը լցվում են/:

Տղա

Չստացվեց...

Աղջիկ

Դու սիրում էիր կատուներին ու ես սկսեցի կատու պահել… Ձեռքերս ու ոտքերս միշտ վերքոտ էին, բայց դա քեզ դուր էր գալիս…  Մենակ քեզ… Հետո սկսեցի սիրել քո գրած երգերը, բայց անկեղծ, դրանք բանի պետք չեն...  Ես կորցրեցի ինձ…

/Աղջիկը սկսում է քորել ձեռքի սպին, հետո նկատում է, ձեռքը հետ է տանում/:

Տղա

էն օրը, որ քաղաքից դուրս էինք գնացել... Ես էդ օրը ճանապարհին նորից սիրահարվեցի քեզ... Էն ապուշ տեղում սուրճ էինք խմում ու դու էնքան սիրուն էիր... Գանգուր մազերով... Հետո զգացիր, որ սուրճը քթիդ ա քսվել, ձեռքով մաքրեցիր ու ժպտացիր... Ինչ որ մոգական բան կար քո մեջ... Բայց հետո անցավ... Չգիտեմ՝ ոնց, բայց մեկ դարձավ... /դադար/: Չեմ ուզում հիմա քեզ ավելի ցավոտ լինի...

Աղջիկ

Ուշ ա...

Տղա

Շա՞տ:

Աղջիկ

Հա... Կանցնի... /մաքրելով աչքերը/:

/Տղան ուզում է ինչ որ բան ասել, աղջիկն անջատում է հեռախոսը/:

 

 

Տեսարան 9

ՏԵՍԱԶԱՆԳ 9

 

Աղջիկը ակումբում է:

Տղան փողոցում:

/Զանգում է աղջիկա հեռախոսը, պատասխանում է, շփոթված ու զարմացած է/:

 

Տղա

Ծնունդդ շնորհավոր:

Աղջիկ

Չեմ լսում...

Տղա

Շնորհավոր ծնունդդ/ավելի բարձր/:

Աղջիկ

Սպասի դուրս գամ:

Աղջիկը դուրս է գալիս ակումբից:

Աղջիկ

Բարև:

Տղա

Շնորհավոր:

Աղջիկ

Ըըը.. ապրես:

Տղա

Նշում ե՞ս...

Աղջիկ

Հա, թեթև... մոտիկներով...

Տղա

Ո՞նց ես...

Աղջիկ

Անկե՞ղծ... Զարմացած:

/Լռություն/:

Տղա

Մտածում էիր՝ մոռացել ե՞մ:

Աղջիկ

Չէ, հիշում ես, բայց չես զանգի...

Տղա

Փաստորեն իմ մասին մտածել ես էսօր... /ժպիտով/:

Աղջիկ

Ըըը... Հա /ժպիտով, անակնկալի գալով/: Մաման ուզում էր, որ էս տարի գոնե հարազատներով հավաքվեինք տանը... Սկզբում համաձայնվեցի... Հետո բոլորն եկան... ու զգացի, որ ուզում եմ դուրս գամ...

Տղա

Առանց բան ասելու փախել ե՞ս տնից..

Աղջիկ

Հա..  /ծիծաղում է/: Ու հիմա բոլորը մեր տանն են.. առանց ինձ... /լռություն/: Շատ վատն ե՞մ:

Տղա

Չէ.. Ծնունդդ ա, էսօր կարելի ա...

Աղջիկ

Ո՞նց ես.. 

Տղա

Ստուդիա եմ բացել... Թիմ եմ հավաքել... Նվագում ենք, Երգեր գրում...

Աղջիկ

Շնորհավոր... Միշտ ուզում էիր տենց մի բան անեիր...

Տղա

Ու համարձակություն չէի ունենում... Բայց... /դադար/ մեկը կա... հավատաց ինձ, ասեց, որ ռիսկի գնամ... Որ կստացվի... ինձ էլ էդ պահին տենց բառեր էին պետք...

Աղջիկ

Ես էլ եմ միշտ հավատացել քեզ... /անհարմար զգալով/:

Տղա

/անհարմար զգալով/: Երեկ մի ֆիլմ եմ նայել.. էդքան էլ նոր չի, բայց երևի տեսած չես լինի... Նայի.. քո սիրածներից ա.. Հեսա կուղարկեմ... /ուղարկում է/:

Աղջիկ

Հասավ /թեթև ժպիտով/: Կհարմարացնեմ, կնայեմ..

Լռություն:

Աղջիկ

Էնքան տարօրինակ ա էս ամեն ինչը...

Տղա

Ինչի՞:

Աղջիկ

Չգիտեմ.. Միշտ էնքան լարված եմ պատկերացրել էս խոսակցությունը... Ինչ որ տեքստեր եմ պատրաստել, որ անպայման պետք ա ասեմ քեզ...  քո պատասխաններն եմ հորինել... դրանցից ջղայնացել եմ, հետո մտքումս բարիշել... ու հիմա հասկանում եմ, որ լրիվ անիմաստ... /լարված ժպտալով/: Շատ անկեղծացա ոնց որ... /նյարդային ծիծաղով/: Գինին ա մեղավոր...

Լռություն:

Տղա

Ինչի՞ բաժանվեցինք...

Աղջիկ

Չգիտեմ...

Տղա

Առաջին օրվանից քեզ ինչ որ մեկին եմ նմանացրել...

Աղջկա դեմքը փոխվում է, լրջանում է:

Լռություն

Աղջիկ

Թե՞ կարևոր մեկին:

Տղա

Կարևոր..

Աղջիկ

Դեռ սիրում ե՞ս իրան...

Տղա

Հա... Չգիտեմ.. չէ: /կտրուկ/:

Լռություն

Աղջիկ

Դու ինձ երբեք չես ասել, որ սիրում ես...

Տղա

Ասել եմ... /անակնկալի գալով, նյարդայնացած/:

Աղջիկ

Չես ասել... /դադար/: Ընկերներիցդ մեկը մի օր ասեց, երբ նախաճաշում էինք... իսկ ես ու դու ուղղակի մեր հայացքները փոխցրինք իրարից, որովհետև դրա մասին երբեք չէինք խոսել.. Հետո դու ձևացրիր, իբր չլսեցիր... ես էլ նույնն արեցի, բայց ինձ լավ զգացի, որ կողքից նկատվում ա...

Տղա

Ես դրա նախորդ օրն եմ քեզ ասել.. պատշգամբում...

Աղջիկ

էդ հաշիվ չի... էդ պահին ցանկացած մեկն էլ լիներ իմ փոխարեն, նույնը կասեիր..

Տղա

Ցանկացած մեկը չէր լինի...

/Լռություն/:

Աղջիկ

Ցրտեց ոնց որ... /կուչ գալով/: /Տրամադրությունը կտրուկ փոխելով/: Նոր ակումբում ինչ որ բան էի ուտում, զգացի, նայեցի կեղտոտ մատներիս ու հիշեցի՝ ոնց էի դժգոհում, որ միշտ անհարմար ուտելիքներ ես պատվիրում:

Տղա

Բա որ կենդանիներից խոսեցինք, հարցրեցիր՝ ուրեմն էստեղ ապրող շներն ու կատուները հա՞յ են /ժպիտով/:

Աղջիկ

Հաա... /երեսը ամոթից ծածկելով/:

Տղա

Չէի սպասում, որ էդքան միամիտ հարց կտաս...

Աղջիկ

Մի հիշացրու, խնդրում եմ... /ծիծաղելով/:

Տղա

Էդ վզնոցը դեռ կրում ես՞...

Աղջիկ

Հա... /թաքցնելով հագուստի տակ/:

Տղա

Քիչ էր մնում մոռանայի... Շնորհավոր... Որ կիսատությանդ մասին վերջապես գրեցիր... 

Աղջիկ

Գրքիս մասին որտեղի՞ց գիտես:

Տղա

Դեռ Ամերիկայում էի, երբ թարգմանությունն էնտեղ էլ հասավ... Բոլոր գրախանութներում դու էիր...

Լռություն

Տղա

Ես հետ եմ եկել...

Աղջիկ

Գիտեմ... Բայց չզանգեցիր, երբ եկար...

Տղա

Էնքան ժամանակ էր անցել.. Ո՞նց նորից հայտնվեի...

Աղջիկ

Չգիտեմ...

Տղա

Սպասում էի՞ր...

Աղջիկ

Չէ: Գիրք էի գրում...

Տղա

Ամեն տողդ մի քանի անգամ կարդացել եմ: Փորձել եմ գոնե մի բառ գտնեմ իմ մասին: Էնքան հույս ունեի, որ իմ մասին գոնե ինչ որ ակնարկ կլինի, ինչ որ դրվագ, պահ... ու որ էդ մենակ ես կհասկանամ... ու էդ գիրքը մեր երկուսի գաղտնիքը կլինի...

Աղջիկ

Գիրքը անձնական ա, իսկ դու արդեն՝ չէ...

Տղա

Ես իրոք քեզ գրելու պատմություն չեմ տվե՞լ:

Աղջիկ

Դու թանկ ես իմ համար:

Տղա

Ուզում ես ասես՝ իմ մասին ա՞... Չէ լուրջ, քո կարծիքով ես էդքան.. /բորբոքված/:

Աղջիկ

Այ սրա համար բաժանվեցինք երևի... /ժպիտով/: Մի քանի րոպեից ավել չենք կարողանում առանց վիճելու խոսենք... /ժպիտով/:

Անջատվում է տղայի տեսախցիկը:

Տղա

Ես ուզում եմ նենց չլինի, որ էլ իրար չսիրենք... ուշ ա՞:

/Աղջիկն ուզում է պատասխանել: Գալիս է տղան:/

Տղա

Բարև...

/Աղջիկը թեքում է հայացքը, տեսնում է տղային՝ իր դիմաց կանգնած/:

 

 

 

 

 

 

ՎԵՐՋ

 

 
 
 

Comments


bottom of page