top of page

Karine Hayrapetyan

  • Writer: Book Fest
    Book Fest
  • Oct 1
  • 20 min read

ree

Արժանացել է Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի գրական

մրցույթի «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգի «Առաջին

մրցանակ»-ի:

 

Փչացած վերելակը


-       Այսօր կարելի է ֆի՜լմ դիտել, վաղը ուրբաթ է։

Ոգևորված տուն էր վազում Վահրամը՝ իրենից հինգ անգամ մեծ պայուսակն ուսին։ Նոր դպրո՜ց, նոր տո՜ւն, նոր բա՜կ, նոր, նոր, նոր… ամեն ինչ դեռ նոր էր։ Նոր, բայց ինչ-որ անհայտ պատճառով՝ ոչ ոգևորող, այլ հակառակը՝ մի փոքր վախեցնող։ Եվ լավ է, որ գոնե հեռուստացույցը կար, թե չէ ինչ էր անելու․․․

Ծանր պայուսակը քարշ տալով, ուսերի վրա աջ ու ձախ անելով, Վահրամը վազեց դեպի վերելակն ու սեղմեց կոճակը, բայց․․․ վերելակը չկար ու չկար։ Մի քանի րոպե այդպես կանգնեց, էլի սեղմեց կոճակը, բայց վերելակը չկար ու չկար։

-       Վերելակն է փչացել։

Վահրամը հայացք գցեց բարձրահարկ շենքին. «յոթ հարկ պետք է բարձրանալ, ես մենակով չեմ կարող»։

Նա երբեք ոտքով չի բարձրացել, այն էլ մի ամբողջ յոթ հարկ։ Եվ ընդհանրապես, Վահրամը շենքին բոլորովին անծանոթ էր, միայն գիտեր վերելակը՝ իր բազմաթիվ գովազդային պաստառներով, և իրենց բնակարանը։ Ով ասես կլիներ այդ շենքում, ինչ ասես կլիներ։ Մի խոսքով Վահրամը վախենում էր: Ինչ արած, հո դուրսը չէր մնալու, պետք էր բարձրանալ։

Վահրամը դրեց իր առաջին քայլերը և հետաքրքրության համար սկսեց ուսումնասիրել չորս բոլորը։ «Փաստորեն վախենալու շատ բան չկա»,- մտածեց տղան, ում ճակատից արդեն սառը քրտինք էր կաթում։ Յուրաքանչյուր նոր երևույթ տղայի մտքում պատված էր խիտ սարդոստայնների ցանցով, թվում էր, թե բոլորովին մաքուր շենքի միջանցքներում էլ էին վխտում սարդերն իրենց գործած ցանցերի վրայով:

Վահրամը մի պահ կանգ առավ, տրորեց աչքերը, որ համոզվի՝ տեսածը իրական է, թե՞ ոչ։

-       Ա՛յ քեզ բա՜ն։

Շենքի պատերի ծեփոնները՝ հնացած ու տեղ-տեղ պոկոտված, ստեղծել էին պատկերներ, որոնք շարժվում էին պատի երկայնքով։ Սկզբում Վահրամը նկատեց փոքրիկ արարածիկների ուրվագծեր՝ պոզերով և պոչերով, նման չարաճճի փիքսիների։ Իսկ նրանց հետևից ծանր ու մեծ քայլերով առաջ էր շարժվում փռչոտ, մեծ ձին։ Ձիու մազերը կարծես բրդյա թելեր լինեին, որ կախվել էին մարմնից վար ու ճոճվում էին նրա դանդաղ քայլերի հետ։

Ձիու վրա մի աղջնակ էր նստած՝ փքված զգեստով և փայլփլուն, փարթամ մազերով։ Սակայն անչափ փոքրիկ դեմքով ու ցցված քիթիկով։ Վահրամը զգույշ քայլերով հետևեց շարժվող ծեփոններին։ Չնայած դրանք ընդամենը պատի ծեփոնների ճեղքերից առաջացած պատկերներ էին, բայց տղան պարզ տեսնում էր յուրաքանչյուր մանր դետալ։


Այդ մեծ ու փռչոտ ձիուկի որովայնին պատուհան կար, պատուհանի ներսից ևս մեկ աղջիկ էր երևում, նա գլուխը դուրս էր հանել պատուհանից ու մազերը տվել էր քամուն։ Վահրամն այնքան քայլեց ծեփոնների հետևից, մինչև նրանք պատի վրա սողալով ներս մտան Վահրամենց հարևաններից մեկի տուն։ «Ախր ես այստեղ ոչ ոքի չեմ ճանաչում»,- մտածեց նա, բայց երբ ևս մեկ փիքսի դռնից ներս սողաց, նա ձեռքը երկարեցրեց կոճակին ու հնչեցրեց զանգը։ Հաճելի ծըվ-ծըվոցներով երաժշտություն հնչեց ու դուռը վերջապես բացվեց։

-       Ա՜հ,- ճստաց Վահրամը՝ տեսնելով կապտավուն ու պոզավոր արարածին, որ կանգնած էր դռան առաջ։ Արարածը դուռը բաց թողեց ու հեռացավ՝ չարաճճի ձայներ արձակելով։ «Դե՜, երևի կարելի է ներս մտնել․․․»

Ներսում մի քանի տասնյակ այդպիսի չարաճճի ծվծվոցներ էին արձագանքում։ Պատերին գալարված բույսերից ու ծաղիկներից կախվել էին փիքսիները, ծառից թուփ էին թռնում, գլխիվայր կախվում ու զրնգուն ձայնով քրքջում։ Սենյակում բացի գալարավուն ու ծաղկազարդ բույսերից ալևս ոչինչ չկար, իսկ առաստաղից մի մեծ ջահ էր կախված՝ շքեղ ու լուսավոր։ Սենյակի կենտրոնում կանգնած էր այն մեծ ծեփոնե ձին, միայն թե այն արդեն իսկական էր։ Սպիտակ ու ահռելի ձին զբաղեցնում էր ամբողջ սենյակը։

-       Բարև, անծանո՛թ, ի՞նչ ես անում մեր տարածքում,- ջղայնացած, բայց ծլվլան ձայնով հարցրեց աղջիկը, որ նստած էր ձիու վրա։ Նրա մազերը, փաստորեն, շեկլիկ էին, իսկ փքված զգեստը վարդագույն էր՝ նման քաղցր զեֆիրի։

-       Ես․․․ ես․․․ ուղղակի․․․ դե տարօրինակ․․․ ի նկատի ունեմ․․․ ըմ․․․ անսովոր բաներ նկատեցի,- ու մինչև Վահրամը կմկմում էր՝ ձիու որովայնի պատուհանից մի գլուխ դուրս թռավ ու առույգ ձայնով բացականչեց.

-       Անունդ ի՞նչ է, ի՞նչ ես էդպես ապշել։

Այս մեկն ավելի սևուկ էր , և ոչ պակաս փքված մի կապույտ զգեստ էր հագել՝ նման կապույտ ամպիկի, իսկ շագանակագույն մազերը երկու կողմից հավաքել էր ականջների շուրջը՝ գալարների նման։

-       Վահրամն եմ, ես Վահրամն եմ, իսկ դո՞ւք։

-       Ես՝ Նարեն,- պատասխանեց սևուկը,- իսկ նա՝․․․

-       Դո՛ւրս գնա մեր տարածքից,- նորից ծվծված շեկլիկը։

-       Դե լա՜վ, Մարիանե՜, թո՛ղ միանա մեզ, ավելի լավ կանցնի։

-       Ո՛չ, ոչ մի դեպքում։

-       Մեծը ե՛ս եմ, ի՛մ ուզածով է լինելու։

-       Իսկ ձին իմն է, ուրեմն դո՛ւրս արի ձիուս միջից։

Աղջիկները միմյանց լեզու ցույց տվեցին, կանթեցին թևերն ու նստեցին, իսկ Վահրամն արդեն ձիու ներսում էր։

-       Այս ձին ձեզ որտեղի՞ց,- զարմանքից բաց մնացած բերանը հազիվ փակելով հարցրեց Վահրամը։ Ձիու որովայնի պատուհանից կարելի էր նայել ներս ու տեսնել իսկական հեքիաթային տեսարան։ Թեյի սեղան էր փռված՝ ծաղկազարդ ու ոսկեզօծ թեյնիկներով ու բաժակներով։ Մոմերով զարդարված սեղանին ամեն տեսակ քաղցրավենիքներ կային։ Պատերից կախված էին գունազարդ շրջանակներ, իսկ շրջանակների մեջ ո՛չ թե նկարներ էին դրված, այլ հազար տեսակ նախշազարդ ձկներ, որ հանգիստ լող էին տալիս նկարների շրջանակների մեջ։

Մարիանեն արդեն մոռացել էր, որ մի քանի րոպե առաջ ուզում էր վռնդել Վահրամին։ Նա արագ-արագ վայր էր ցատկել ձիուց, մտել էր պատուհանից ներս ու ժպիտով խոսում էր հյուրի հետ։

-       Այս ձին իմն է,- ուրախ հայտարարեց նա։

-       Ո՛չ, մե՛րն է,- ուղղեց Նարեն։

-       Հայրս ինձ է նվիրել, իմն է։

-       Սո՛ւս մնա․․․ թեյ կխմե՞ս, Վահրամ։

-       Այո, քաղցրավենիքներից էլ օգտվիր, նստի՛ր։

Վահրամը ձուկիկներից աչքը կտրել չէր կարողանում․

-       Սրանք գուպինե՞ր են, այդ ձկներին շատ եմ սիրում։

-       Ահա՛, լավն են, չէ՞,- ոգևորվեց Նարեն։

-       Անչափ։ Տանը ես էլ ունեի, մեր հին տանը, մեր հին քաղաքում… Ամեն օր կերակրում էի նրանց, բայց այսքան զանազան գույներ երբեք չէի տեսել: Կարոտել եմ իմ ձկներին։

-       Քեզ ի՞նչն է բերել այստեղ, Վահրա՛մ,- հարցրեց Նարեն, թեյ լցնելով Վահրամի բաժակի մեջ։              

-       Շենքի վերելակը փչացել է, ստիպված ոտքով եմ բարձրանում տուն։ Երբեք չէի մտածի, որ այսքան սիրուն տուն կա մեր շենքում։ Երևի մեր ամենակախարդական հարևաններն եք։

-       Ի՞նչ գիտես,- ճըստալով ընդհատեց Մարիանեն,- եղե՞լ ես մնացած տներում, սա դեռ ընդամենը առաջին հարկն է, իսկ շենքում մի ամբո՜ղջ ինը հարկ կա։

-       Մնացած հարկերում ավելի՞ հետաքրքիր տներ կան,- ոգևորված հարցրեց Վահրամը։

-       Մենք ի՜նչ իմանանք, մենք այստեղ ենք ապրում, միայն այստեղ էլ եղել ենք։

-       Ուրեմն ես շարունակեմ ճանապարհս, արդեն մթնում է։ Պետք է տուն հասնել․․․

Վահրամը վեր թռավ տեղից՝ կիսատ բիսքվիթը ձեռքում։ Ճարպիկ փիքսիները նրան ճանապարհ դրեցին, ձեռքի հետ էլ թռցրին Վահրամի կիսատ բիսքվիթը։

Վահրամը դեռ նոր էր իր հետևից փակել Նարեի ու Մարիանեի անսովոր տան դուռը, երբ մի շշուկ լսեց։ Շրջվեց, բայց ոչ ոք չկար․

-       Փը՜ս։

Նորից լսվեց նույն ձայնը։ Շուտով Վահրամը նկատեց, որ պատի ծեփոնն էր խոսում։ Մարիանեն էր․

-       Այս շվին տեսնո՞ւմ ես,- նրանց դռնից մի փայտե ձուկիկ էր կախված, որը ինչպես պարզվեց շվի էր,- սա վերցրո՛ւ, պահի՛ր մոտդ, եթե ճանապարհին մեր կարիքն ունենաս՝ փչիր, ձկները մեզ իմաց կտան, և մենք քեզ օգնության կհասնենք.

-       Շնորհակալ եմ,- ուրախացավ Վահրամն ու թռվռուն քայլերով շարունակեց ճանապարհը։ Արդեն երկրորդ հարկ էր հասել,երբ նրա ուշադրությունը գրավեց պատշգամբից այն կողմ երևացող պատկերը։

Դրսում ցայտաղբյուր կար, ցայտաղբյուրի կողքին ֆուտբոլ խաղացող տղաներն էին վազվզում, իր հին ընկերներն էին։ Տների դարպասները գունավոր էին ու տարբեր ձևերի։ Իրար չսազող, իրար հետ չխոսող, ճիշտ և ճիշտ Վահրամենց հին բակի տների նման։ Իրենց բակի շունը՝ Միկին, հանգիստ պառկել էր արևի տակ, իսկ Օլյա տատը քթի տակ փնթփնթում էր աղմկոտ երեխաների հետևից։ Կեռասի ծառե՜րը, որքա՜ն շատ էին ու բերքառատ, ճիշտ և ճիշտ իրենց հին բակի նման։ Վահրամը արդեն կանգնել էր պատշգամբի ծայրին ու պատրաստվում էր ցատկել։

-       Ի՞նչ ես անում,- նրա ձեռքը մեկը բռնեց ու հետ քաշեց։

-       Չե՞ս տեսնում, մեր բակն է, ուզում եմ այնտեղ գնալ, թո՛ղ, ցատկում եմ։ Եթե ուզում ես՝ դու էլ արի, քեզ իմ ընկերոջ հետ կծանոթացնեմ,- առաջարկեց Վահրամը ինչ-որ տեղից հայտնված անծանոթ տղային։

-       Ես այդտեղ ոչինչ էլ չեմ տեսնում, հե՛տ արի, քեզ գաղտնիք կասեմ։ Համ էլ ինձ մի՛ ծանոթացրու քո ընկերների հետ, արի՛ մենք ինքներս ընկերանանք։ Ես Աշոտն եմ, իսկ դո՞ւ։

-       Բարև՛, ես Վահրամն եմ, այդ ի՞նչ գաղտնիք էիր պատմելու։

-       Արի մեր տուն, տանն էլ կպատմեմ․․․ այստեղ չի կարելի,- շշնջաց թմբլիկ ու կարմրաթուշիկ Աշոտը։

Վահրամը հետևեց Աշոտին դեպի նրա տուն։ Աշոտի տանն այնքան տաք էր, բայց Վահրամին ավելի շատ դուր եկան տան հատակը, պատերն ու առաստաղը։ Ամեն ինչ այնքան փափուկ էր ու ճգվող, որ կարծես տունը մի մեծ բատուտ լիներ։

-       Ի՜նչ հրաշալի տուն է, կարելի է ամբողջ օրը թռվռալ,- հևալով ասաց Վահրամը, քանի որ թռչկոտում էր աջից ձախ,- արի՛ միասին թռվռանք։

-       Ես թռնել չե՛մ ուզում, ես միայն սիրում եմ պառկել այս փափուկ պատերի մեջ ու ուտել։

Վահրամը վերջապես հանդարտվեց։

-       Իսկ այդ ի՞նչ գաղտնիք ունեիր ասելու։

-       Օ՜, այո՛, ուզում էի ասել, որ այդ պատշգամբի կողքով անցնելիս նրան ընդհանրապես ուշադրություն չդարձնես։ Այդ տեսարաններն իսկական չեն։

-       Այսի՞նքն։

-       Յուրաքանչյուրն այդտեղ տեսնում է անցյալից իր ամենասիրելի հուշը կամ մարդուն։ Եվ որ ամենակարևորն է,- Աշոտի ձայնը կամաց-կամաց նվազեց,- այն պատրաստել է տիկին Սուսաննան, նա իսկական կախարդ է… Նա ո՛չ տեսնում է, ո՛չ էլ՝ լսում, իսկ երբ մարդիկ ցատկում են պատշգամբից, ընկնում են նրա թակարդը։ Եվ այդժամ նա կարողանում է խլել նրանց տեսողությունն ու լսողությունը՝ մի քանի ամիս կարգին ապրելու համար։ Այնպես որ անցյալի պատշգամբից հեռու մնա։

-       Լա՜վ,- վախեցած շշնջաց Վահրամը,- կգա՞ս խաղանք,- հարցրեց շշուկով։

-       Չէ՛, ես ուտել եմ ուզում, ի՜նչ խաղ․․․ Բայց տե՛ս, եթե ինձ հետ ուտել ուզենաս, գիտեցիր, որ ես քո լավ ընկերն եմ, կարող ես հանգիստ դիմել նման հարցերով։

Վահրամը իր ճանապարհը շարունակելու համար մի լավ կշտացավ, իսկ համեղ ուտելիքները մոռացնել տվեցին տիկին Սուսաննայի սարսափների մասին, նա հրաժեշտ տվեց Աշոտին ու շարունակեց իր ճանապարհը դեպի տուն։

Մինչ նա մեկ առ մեկ բարձրանում էր աստիճաններով դեպի երրորդ հարկ՝ մութը շտապ-շտապ վրա էր հասնում, իսկ Վահրամն ամենաշատը դրանից էլ վախենում էր։

-       Մամա՜։

Վահրամը գրպանից հանեց իր փոքրիկ, կոճակավոր հեռախոսն ու միացրեց նրա թույլ ու աղոտ լույսը։

-       Բռնվեցի՜ր, անպատկա՛ռ ոզնի, հիմա ես քո վերջը կտա՜մ։

 Արձագանքող  ձայն հասավ Վահրամի ականջին։ Պատի վրա ստվերոտ մե՜ծ հրեշ էր կանգնած՝ ահռելի գազան, ոզնու սուր փշերով։ Կողքին էլ մի չարագույժ ու կուզիկ կախարդ էր կանգնել՝ գլխի փոխարեն մի մեծ գանգ, իսկական գանգ՝ աչքերի փոխարեն անցքերով։ Նրանք պարզել էին իրենց չանչերն ու դանդաղ քայլերով․․․

-       Ինձ մոտ են գալի՜ս, հիմա կո՜ւլ կտան, մամա՜,- Վահրամը կուչ եկավ, պինդ խփեց աչքերն ու որպես վերջին հույս փչեց Մարիանեի նվիրած շվին։

-       Հիմար բան է, ձայն չի տալիս,- նվնվաց Վահրամը։

 Չանցավ անգամ մի րոպե ու ձիու քրքջոց լսվեց։

-       Վահրա՜մ, չմտածե՜ս, մենք այստե՜ղ ենք։

 Ձիու պատուհանից ու աչքերից տաք դեղին լույս էր արձակվում, որ լուսավորում էր գրեթե ամբողջ շենքը։

-       Աաա՜յ, հիմարնե՜ր, կա՜ռ-կա՜ռ, ի՜նչ արեցիք, ամբողջ երեկոն փչացրիք։

 Վահրամը, Նարեն ու Մարիանեն ապշած նայեցին ձայնի կողմը։ Դա մի փոքրիկ մարդուկ էր՝ ագռավի թևերով ու կեռ կարմիր քթով։ Նա կանգնած էր գազի դեղին հաշվիչներից մեկի մեջ։ Դեղին արկղիկի դուռը կիսաբաց արած և զայրացած նայում էր անկոչ հյուրերի կողմը։

-       Անջատե՛ք այդ կուրացնող լույսը, հենց հիմա՛․․․ Շնորհք, մշակույթ, հարգա՜նք՝ բացակայում է ամեն ինչ․․․ Փչացրի՛ք։

-       Ի՞նչը փչացրինք, և ո՞ւր են այն սարսափելի հրեշները։

-       Ի՞նչ հրեշներ, դմբո՛, մենք այստեղ ներկայացում ենք խաղում, իսկ դուք․․․

 Բացվեցին մյուս գազի հաշվիչները, և նրանց մեջ կանգնած բոլոր փոքրիկ մարդուկները զայրացած հայացք գցեցին երեխաների վրա։

-       Ներեցեք, իսկ ո՞վ է ձեր հանդիսատեսը։

-       Իհարկե ագռավները։

Գազի հաշվիչների գլխին նստած տասնյակ ագռավները կըռռացին։

-       Օ՜ ներեցեք մեզ, պարո՜ն․․․

 Փոքրիկ մարդուկները ծիծաղ առաջացրին երեխաների մոտ։ Նրանց քթերն այնքան զվարճալի էին։

-       Եթե ուզում եք, կարող եք ձեր ներկայացումը խաղալ մեր ձիուկի մեջ,- առաջարկեց Նարեն։

-       Այո՛, ի՛մ ձիուկի մեջ,- ավելացրեց Մարիանեն։

-       Սա սովորական ներկայացում չէ,- քիթը ցցած ասաց մարդուկը, ով հավանաբար ռեժիսորն էր,-  սա ստվերների՛ թատրոն է։ Այդ հիմար լույսն անջատեք, և մեզ ձեր բեմը հարկավոր չէ,- տաքացավ նա՝ թափ տալով իր սև թևերը,- եթե ծպտուն չհանեք․․․ ,- մի փոքր հանդարտվելով շարունակեց մարդ-ագռավը,- կարող եք նստել մի անկյունում և նայել ներկայացումը,- երևի նրան էլ էր հաճելի նոր հանդիսատես ունենալը։

-       Ուռա՜, ստվերների թատրո՜ն։

Վահրամը մի թեթևացած արտաշունչ արեց, և նրանք երեքով տեղավորվեցին ձիուկի վրա, անջատեցին լույսերն ու հայացքները հառեցին պատին, որտեղ էլ խաղում էին ստվերները։ Ագռավանման մարդուկները գազի հաշվիչների փոքրիկ պատուհաններից արձակում էին լույսն ու իրենց, հավանաբար գողացված զարդարանքներով ու թրերով, անհավատալի պատկերներ էին ստեղծում։

-       Բրավո՜։

Շենքը լցվեց ծափերով և կըռկըռոցներով, գազի հաշվիչների դռները բացվեցին, դերասանները խոնարհվեցին հանդիսատեսի առաջ։

 Շնորհակալ ենք, շնորհակալություն, ինչպիսի պատիվ, ես հուզված եմ։ Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց։

-       Ո՞վ եք դուք, բալիկներ,- հարցրեց մարդուկներից մեկը։

-       Մենք ձեր հարևաններն ենք,- պատասխանեց Մարիանեն։

-    Հաճելի է, մենք էլ՝ ձեր, պարզվում է,- կռկռաց մարդուկը։

-    Ի դեպ, ես և Նարեն թեյախմություն ենք ուզում կազմակերպել վաղը, առաջին հարկում։ Վահրա՛մ, դո՛ւ, և դուք, պարոններ։

-    Քլոուներ,- ուղղեց մարդուկը։

-    Այո, պարոն Քլոուներ, հրավիրված եք թեյախմությանը։ Դե ինչ, բարի գիշեր։

Մարիաներն ու Նարեն նորից թռան պատի մեջ՝ վերածվելով ծեփոնների, և իջան ներքև։

 -   Տղա՛, արդեն մութ է։ Խնդրեմ, քեզ լույս, որ այլևս չվախենաս և տակդ հանկարծ չմիզես։ 

-    Շնորհակալ եմ, պարոն Քլոու,- Վահրամը կարմրեց, բայց և ուրախացած վերցրեց իր նվերը՝ փայլուն քարը, որը պայծառ լույս էր արձակում:

Նա շարունակեց իր ճանապարհը դեպի չորրորդ հարկ։

-  Նույնիսկ լույսի կարիքը չունեմ, այլևս մթից ընդհանրապես չեմ վախենում,- մտածում էր Վահրամը։

Չորրորդ հարկի աստիճաններին տղան նստեց, որ շունչ քաշի, ճանապարհը հոգնեցուցիչ էր, գնալով աստիճանները մեծանում և երկարում էին։

Վահրամի ոտքերի տակ աստիճանները հանկարծ սկսեցին դղրդալ՝ թափահարելով Վահրամին։ Նա հետ-հետ գնաց, գլուխը դանդաղ բարձրացավ վերև, մինչև վիզը ծռվեց, տեսնելու համար այն արարածին, որ վեր էր խոյանում իր առաջ։ Չորրորդ հարկից հինգերորդ հարկ տանող աստիճանները տեղից պոկվել էին ու ոտքերի վրա կանգնել էին Վահրամի դիմաց։ Այդ մի քարե հսկա էր՝ տձև և ահարկու դեմքով, անհարթ, փոշոտ ոտքերով, և որ ամենակարևորն է՝ կորացած մեջքով, որի վրա նստած էին աստիճանները՝ մեկ առ մեկ, մեջքի ողերի նման։ Կուզիկ հսկան այնքան ծանր ու աղմկոտ էր շնչում։ Նա փորձեց մեջքը ձգել, ուղղել, բայց ցավից ոռնաց ու նորից կորացավ։


-       Հե՜յ, այս ո՜ւր,- արդեն ամեն ցնդաբանության սովոր Վահրամը ձայն տվեց հսկայի հետևից, ով վեր կացել ու հեռանում էր,- ախր ես պետք է վեր բարձրանամ, իսկ աստիճանները մեջքիդ վրա տանում ես քո հետ։

-    Աստիճաններն իմ մեջքն են, որ կան, տհասի՛կ, իսկ դու վերելակով բարձրացիր, ես հեռանում եմ, արդեն լրիվ հոգնել եմ։

-    Վերելակով բարձրանալ չեմ կարող, վերելակը փչացել է։

-    Դե լավ է՝ գոնե մեկ-մեկ մարդիկ հիշում են ինձ․․․ չէ՜, այսպես ինձ ձեռք չի տա, ես գնում եմ։

-    Խնդրում եմ, մնացեք, ես պետք է վեր բարձրանամ ախր։

-    Դու կբարձրանաս ու ես էլի կմնամ այստեղ պառկած՝ մեջքս կորացած, ցավերի մեջ։ Առաջ՝ մարդիկ, հոպ-հոպ-հոպ, բարձրանում ու իջնում էին մեջքիս ողերի վրայով, իսկ ես պառկած վայելում էի այդ մերսումը։ Ա՜խ որքան լավ էր․․․ իսկ հիմա լրիվ ժանգոտվել եմ, մեջքս բռնվել է։ Պետք է գնալ մի օգտակար տեղ պառկել։ Կպառկեմ որևէ այգու մեջ, որտեղ մարդիկ վերելակից չեն օգտվում։

-    Պարո՛ն Աստիճան, վստահե՛ք ինձ, պառկե՛ք, ես ձեզ մի այնպիսի մերսում կանեմ, որ միանգամից կջահելանաք։

Նաև ամեն օր ոտքով կիջնեմ դուրս ու կթռվռամ ձեր մեջքի ողերի վրայով, խոստանում եմ, միայն թե մի՛ հեռացեք։ Ի՞նչ ենք անելու բոլորս առանց Ձեզ։

-    Ես էլ հավատացի՛… Տիկին Կարինեն էլ ամեն անգամ բարձրաձայն ինքն իրեն խոստանում է, թե այսօրվանից աստիճաններով եմ բարձրանալու, որ մարզեմ ոտքերս, բայց տեսնում է այդ հիմար կոճակն ու նորից սեղմում։

-    Պարոն Աստիճա՛ն, ախր դուք մեզ պետք եք…

-    Դե լավ,- իր բամբ ձայնով դանդաղորեն ասաց պարոն Աստիճանն ու հետ պառկեց իր տեղում։

Վահրամն ամբողջ ուժով թռավ նրա առաջին ողի վրա։

-    Վա՜խ։

Հետո երկրորդ։

-    Այո՜։

Հետո երրորդ․

-    Լա՜վ էր․․․

Եվ այդպես նրա ամբողջ մեջքի երկայնքով Վահրամը վեր ու վար արեց։

-    Դե լավ, բավական է, մի լավ թուլացա,- լսվեց Աստիճանի ձայնը։

-    Պարոն Աստիճան, ձեզ հաջողություն, մինչ վաղը։

-    Հաջողությո՜ւն, շնորհակալ եմ մերսման համար։

Վահրամը ցատկոտեց դեպի հինգերորդ հարկը։ «Մյուս անգամ պետք է ուշադիր լինել՝ գուցե պարոն աստիճաններն ամենուր են»։

Դեպի հինգերորդ հարկ աստիճաններով բարձրանալիս Վահրամը նկատեց, որ իր ոտքերի տակ ՝ քարե հատակի մեջ զմռսված հայելու փոքրիկ կտորներ կային, որոնք իր լուսատու քարի ճառագայթների ներքո փայլատակում էին և ընդունում քարի գույնը՝ վառ նարնջագույն։ Այդ տեսարանը, մթության մեջ, լուսնի աղոտ լույսի ներքո, շատ տպավորիչ էր։

Հինգերորդ հարկի բնակարաններից մեկի դռան դիմաց՝ հատակին, մի մեծ հայելի էր դրված, դռան չափ մեծ։ Չնայած նրան, որ դա ֆիզիկայի կանոններին դեմ էր, հայելին արտացոլում էր ո՛չ թե առաստաղի պատկերը, այլ դռան։ Բայց Վահրամը դպրոցում դեռ ֆիզիկա չէր անցնում, այնպես որ ամեն ինչ կարգին էր։ Նրան հետաքրքրեց այդ արտասովոր բնակարանը, և Վահրամը՝ արդեն անծանոթների նկատմամբ վախը կորցրած, հնչեցրեց դռան զանգը։

-    Ո՞վ է այս ժամին։

Դա անսպասելի էր, տանտերը դուրս հանեց գլուխը ո՛չ թե դռնից, այլ դռան արտացոլանքից՝ հայելու միջից։

-    Ի՞նչ է պատահել, տղա՛, ո՞վ ես։

-    Ես ձեր հարևանն եմ, ուղղակի անցնում էի տան կողքով և ինձ հետաքրքրեց, թե այս հայելին ձեր ինչին է պետք․․․ հիմա տեսնում եմ։ Իսկ այս դո՞ւռն ինչի համար է ձեզ պետք, այ դա չեմ հասկանում։

-    Դուռն ինձ տուն է տանում, իսկ դռան արտացոլանքը՝ ուրիշ տեղ։

-    Ու՞ր։

-    Նե՛րս արի, եթե ուզում ես։

Վահրամը, մի փոքր շփոթված, բայց նաև ոգևորված ներս մտավ դռան արտացոլանքից։ Տան տերը մի տղա էր, Վահրամից տարիքով մեծ, բայց ոչ շատ։ Նա կապույտ, գանգուր մազեր ուներ ու փայլուն, թուխ մաշկ։ Անընդմեջ ժպտում էր հեգնական ու ծաղրական ժպիտով, որը Վահրամին մի փոքր վախեցնում էր։

Նրանք, հո՛պ, ներս թռան տան առաստաղից ու թըմփացին սենյակի հատակին։ Շուրջբոլորը՝ պատերին, գետնին, առաստաղին, հայելու մեծ ու փոքր կտորներ էին ամրացված։ Շրջանակներով և առանց շրջանակների, փայլուն և փոշոտ, հին ու նոր, կոտրված և սարքին, ամեն տեսակի։ Բայց հայելիները ոչ թե սենյակի պատկերն էին արտացոլում, այլ բազմաթիվ այլ վայրերի պատկերներ։ Որոշներում տարբեր տների խոհանոցներ էին, հյուրասենյակներ, փողոցներ, դահլիճներ, մարդիկ։

-    Սրանք ի՞նչ վայրեր են,- հարցրեց Վահրամը։

-    Ես չափից դուրս ալարկոտ եմ, շա՜տ, և այս սենյակի հայելիներն ինձ տանում են ուր որ ցանկանամ։ Ճիշտ է, կարելի է ասել, որ նաև շատ աշխատասեր եմ, կամ էլ հնարամիտ, սրանք պատրաստելն ինձանից ամիսներ է խլել, բայց արդյունքում ես այնպիսի ձանձրալի ու միապաղաղ կյանքով չեմ ապրում, ինչպիսին՝ դու, հա՜-հա-հա- հա՜,- և նա քրքջալով թռվռում էր սենյակով մեկ։ Վահրամը կարծեց, թե կապտամազ տղան ինչ-որ կատակ էր անում, և սկսեց նրա հետ քրքջալ։

-    Իսկ ունե՞ս այնպիսի հայելի, որը ինձ միանգամից տուն կհասցնի։

-    Հա՜-հա-հա-հա՜,- շարունակում էր քրքջալ տղան,- այո՜, հա՜-հա-հա-հա՜, իհարկե ունեմ, ես ամեն տեսակի հայելի ունեմ։

-    Ուռա՜,-  ծափ տվեց Վահրամը,- խնդրում եմ, կօգնե՞ս շուտ տուն հասնեմ։

-    Արի իմ հետևից։

Կապտահեր տղան Վահրամին ուղեկցեց մի կապույտ հայելու մոտ։

-    Ահա և վերջ, թռի՛ր ու տուն կհասնես։

Վահրամն աչքերը խփած ցատկ կատարեց, ու՝ վայրէջք։

-    Մա՜մ, ես տա՜նն եմ,- բայց պատասխան չկար,- մա՞մ։

Վահրամը վազեց իր սենյակ, որտեղ պատին մի մեծ հայելի էր կախված։

-    Սա՞ որտեղից հայտնվեց իմ սենյակում։

Վահրամը առաջ թեքվեց ու ուշադիր ուսումնասիրեց իրեն անծանոթ հայելու մեջ իր արտացոլանքը ու․․․ սկսեց հոնգուր-հոնգուր արցունքի առուներ թափել աչքերից։

-    Ամեն ինչ կորած է, այս ի՜նչ է ինձ հետ կատարվում, ես աշխարհի ամենատգեղն եմ, ամենատձևը։ Քիթս ծուռ,  եղունգներս տգեղ, իսկ մատներս՝ մեծ ու փոքր, կարճ ու երկար․․․ Մազերս՝ ցախ-ցախ ավելներ, աչքերս՝ վերուվար, ոտքերս՝ բարակ։

Արցունքները կրկին դուրս հոսեցին ջրվեժների պես։ Վահրամն այդպես այնքան լացեց, մինչև ուժասպառ եղավ և նորից վեր կացավ ու ձայն տվեց մայրիկին, քրոջը, եղբորը, բայց պատասխան չկար։

Չնայած՝ տանն ամեն ինչ այնպես էր, ինչպես իրենց տանը, բայց Վահրամի սրտում կասկած ընկավ։ Նա վազեց սենյակից սենյակ։ Բոլոր սենյակների պատերի մեջ զմռսված հայելիների փոքրիկ կտորներ կային, որոնց մեջ տղան տեսնում էր իր տձևացած արտացոլանքը։

-    Սա մեր տունը չէ։

Գլխի ընկավ Վահրամը։

-    Սա իմ տունը չէ՛։

Եվ վազեց մուտքի մոտ, բայց դուռ չկար։ Նա հիշեց իրենց տարօրինակ հարևանի մուտքի դռան մասին և նայեց վերև՝ տան առաստաղին։ Նա ճիշտ էր կռահել՝ դուռն այնտեղ էր՝ առաստաղի վրա, բայց թե ինչպես էր առաստաղին հասնելու․․․ Վահրամը երկար մտածեց և․․․

-    Մտածեցի՜։

Նա արագ վազեց իր սենյակ, որտեղ կախված էր մեծ ու անհեթեթ հայելին։ Նա փորձեց ուշադրություն չդարձնել իր անճոռնի արտացոլանքին, ուժով պոկեց հայելին պատից, զգուշորեն դրեց մեջքին։ Այն ամեն  վայրկյան կարող էր սայթաքել ու կոտրվել, բայց Վահրամը ճոճվելով հասավ դռան մոտ։ Հայելին դրեց գետնին ու իրենից գոհ ժպտաց։ Հայելու մեջ արտացոլվեց առաստաղի դռան պատկերը։ Տղան արտացոլանքի դուռը բացեց ու դուրս եկավ։

Նա ուրախ քրքջաց, ամեն ինչ ստացվել էր, նա նորից կանգնած էր հինգերորդ հարկում՝ իր հարևանների դռներով շրջապատված։ «Քիչ մնաց»,- մտածեց Վահրամն ու շարունակեց ճանապարհը։

«Որքա՜ն տարբեր են մեր հարևանները, ով ասես՝ կա, իսկ ես մտածում էի՝ նրանք բոլորն էլ նույնն են»։ Ոտքը պատրաստվում էր դնել դեպի վեցերորդ հարկ տանող  վերջին աստիճանին, երբ հանկարծ տեսավ ուղիղ աստիճանների դիմաց կանգնած մի ծեր կնոջ՝ սպիտակ, թոռոմած մաշկով և մի մարմնով, որի վրա ո՛չ ոտք ու ձեռքն ես տարբերակում, ո՛չ վիզն ու փորը։ Ծեր տատիկը խամրած ձայնով հազիվ հազ խոսեց.

-    Վերջապես ինչ-որ մեկը։ Տղա՛ս, խնդրում եմ, կօգնե՞ս գնումներս տուն հասցնեմ, մենակ տեսնես՝ ինչ ծանր են պայուսակներս։

-    Որտե՞ղ ես ապրում, տատի։

-    Ի՞նչ։

-    Որտե՞ղ է քո տունը։

-    Ի՞նչ, չեմ լսում, ի՞նչ․․․

-    Հիմա․․․

Վահրամն իր դպրոցական ահռելի պայուսակից գրիչ հանեց ու գրեց. «որտե՞ղ է Ձեր տունը» ու տվեց ծեր կնոջը.

-    Խնդրե՛մ, կարդացեք։

Կինը թուղթը քթածայրին մոտեցրեց, կկոցեց աչքերը։

-    Չեմ տեսնում, չեմ տեսնում, տղա՛ս, մենակ օգնի՛ր իրերս հասցնեմ մինչև տուն, մի հարկ է մնացել, որ բարձրանամ, ընդամենը մի հարկ, իսկ ուժերս արդեն սպառվել են։

Վահրամին ահ ու սարսափ պատեց, նա հիշեց Աշոտի խոսքերը. «Մի կախարդ կա, նա ո՛չ լսում է, ո՛չ էլ՝ տեսնում, և եթե երեխաներն ընկնում են նրա թակարդը՝ գողանում է նրանց տեսողությունն ու լսողությունը»։

-    Միևնույնն է, դու էլ յոթերորդ հարկ ես բարձրանում, այնպես չէ՞։

«Այդ ինչպե՞ս իմացավ»,- մտածեց Վահրամը։ Վախենալով, որ եթե չօգնի կախարդին՝ կանիծվի, վերցրեց տատիկի իրերն ու օգնեց նրան բարձրանալ։ Նրանք այնքան դանդաղ էին բարձրանում, որ Վահրամին թվաց, թե ուր որ է լույսը կբացվի։ Առանց այն էլ նա ամեն վայրկյան սպասում էր, որ չար պառավը կհարձակվի մեջքին, կպոկի իր ականջներն ու կհանի աչքերը, սակայն նա միայն տնքալով ու քըստ-քըստացնելով ոտքերը բարձրանում էր աստիճաններով։

Վահրամի ոտքերն անկախ իրենցից սկսեցին ուրախ թըպրտալ, երբ տեսավ իրենց տան դուռը, բայց նախ պետք էր զգուշորեն օգնել չար կախարդին։ Կախարդը քայլում էր դեպի Վահրամի տան դիմացի դուռը։ Տղան ապշեց. «փաստորեն մեր տան դիմաց չար կախարդի տունն է»։

-    Շնորհակալ եմ, տղաս, տուր իրերս, ես կտանեմ խոհանոց։ Ուզո՞ւմ ես առա՛ջ արի, քեզ համեղ կոնֆետներ հյուրասիրեմ։

«Ահա և մյուս թակարդը»,- մտածեց Վահրամն ու անհարմար ժպտաց։

-    Շնորհակալ եմ, կախար․․․ ը՜,  բարի՛ տատիկ, ինձ մայրիկս սպասում է տանը։

Ու պո՛ւկ փախավ, արագ տվեց դռան զանգը, մեկ, երկու, երեք անգամ, և վերջապես մայրիկը բացեց։ Վահրամը նետվեց նրա գիրկը, հետո վազեց սենյակ՝ ստուգելու իրոք տանն է, թե ոչ։

-    Տա՜նն եմ․

-    Ո՞ւր էիր այսքան ժամանակ,- անհանգստացած էր մայրիկը։

-    Մա՛մ, դու չես հավատա, երբեք չես հավատա, տե՛ս՝ ինչ գեղեցիկ քար են ինձ նվիրել։ Վահրամը բացեց իր պայուսակը, որ հանի քարը, և պայուսակից, ժայթքող հրաբուխի նման դուրս թափվեցին կլոր կոնֆետներ՝ կոնֆետի թղթին հատուկ ճրճռոցով։ Վահրամի եղբայրը վազեց, մի բուռ վերցրեց, մեկը բացեց ու գցեց բերանը։

-    Չէ՜, դրանք կախարդված են,- գոռաց Վահրամը, իսկ եղբայրը թոթվեց ուսերը։

-    Ի՞նչ ես խոսում, համեղ կարամել է, լրիվ ես ցնդել։

Վահրամը մի րոպե շփոթված մնաց, իսկ հետո արագ-արագ ամեն ինչ պատմեց մայրիկին, մինչև վերջապես քունը նրան այցելեց։

Առավոտյան հնչեց Վահրամենց դռան զանգը։ Մայրիկը բացեց։ Դռան մոտ մարդ չկար, բայց դռան փեղկից թելով մի թղթե գունավոր ձկնիկ էր կախված։ Մայրիկը վերցրեց թղթիկն ու կարդաց. «Վահրամին՝ Մարիանեից։ Չմոռանաս այսօրվա թեյախմության մասին»։

-    Վահրա՛մ, քեզ նամակ են ուղարկել։

-       Ուռռա՜, մա՛մ, ես վազեցի։

Վահրամը վերցրեց Սուսան տատիկի կոնֆետները, վզից կախեց ձկնիկ-շվին, գրպանը դրեց լուսատու քարն ու վազեց դուրս։ Առանց թակել ներս մտավ Սուսան տատիկի տուն, նրան առավ թևի տակ ու իջավ ներքև։ Հինգերորդ հարկում թակեց դուռն, ու հայելու միջից դուրս եկավ կապտահեր տղան։

-    Արի՛ մեզ հետ թեյախմության։

-    Ե՞ս, բայց ես ստորի պես եմ քեզ հետ վարվել։

-    Հա-հա-հա՜, գիտեմ։

Ծիծաղեց Վահրամն ու նրանք երեքով շարունակեցին քայլել դեպի չորրորդ հարկ։ Վահրամն այնտեղ մի լավ թռվռաց պարոն Աստիճանի մեջքի ողերին։

-    Պարո՛ն Աստիճան, արթնացե՛ք, գնում ենք թեյախմության։

-    Բայց ես թեյ չեմ խմում։

-    Ուրեմն կոնֆետ կուտեք․․․ և տեսեք, թե ինչքան մերսող եմ բերել Ձեզ համար։

Պարոն Աստիճանն էլ միացավ նրանց։ Երրորդ հարկում Վահրամը մոտեցավ գազի դեղին հաշվիչներին ու բացեց նրանց դռները։

-    Կներեք, որ անհանգստացնում եմ, պարոն Քլոուներ, բայց կցանկանայի՞ք միանալ մեր թեյախմությանը։

-    Ձևականությունների կարիքը չկա, այստեղ էլ կարող եմ ստորագրությունս թողնել, բայց ինչ խոսք, մեկ բաժակ լավ թեյը չէր խանգարի։

Երրորդ հարկում Վահրամը չմոռացավ Աշոտի մասին, ով ավելի շատ ոգևորված էր․․․

-    Ուտե՜լ, իհարկե կգամ։

Եվ առաջին հարկում, պատի շարժվող ծեփոնների ուղեկցությամբ Վահրամը և իր հարևանները հասան Նարեի ու Մարիանեի տուն, որտեղ ձիու որովայնի ներսում ունեցան հեքիաթային թեյախմություն։

-    Եվ բոլորս չէինք էլ ծանոթանա, եթե այդ անիծյալ վերելակը վերջապես չփչանար,-  գոհունակությամբ հայտարարեց պարոն Աստիճանը՝ իր բամբ ու խռպոտ ձայնով։


Նամակներ խատուտիկներից

-       Խատուտիկները սովորական ծաղիկներ չեն, գիտե՞ս, նրանք նամակներ են։

-       Նամակնե՞ր։

-       Այո։

Փոքրիկ աղջնակը շփոթված նայեց իր մայրիկին։ Մայրիկը կռացավ դեպի իրենց ոտքերի մոտ աճած երեք փոքրիկ խատուտիկները։ Նրանք կարծես ընտանիք լինեին։ Մեկը փոքրիկ էր ու դեռ չծաղկած գլխիկով, մյուսը ցուցադրում էր իր ոսկեգույն մազերը, իսկ երրորդի գլուխը պատված էր սպիտակ ու փափլիկ փետուրներով։

Մայրիկը քաղեց սպիտակահեր խատուտիկին, փակեց իր նուրբ կոպերն ու սկսեց բացատրել իր շփոթված աղջկան.

-       Պետք է մտածել բարի ու ջերմ խոսքերի կամ մաղթանքների մասին, շշնջալ խատուտիկի ականջին այն մարդու անունը, ում ուզում ես այդ խոսքերն ուղարկել, և… Մայրիկը օդ հավաքեց ու մեղմորեն փչեց խատուտիկի մազերին։ Ծաղիկի գանգուրները թռնելով տարածվեցին երկնքում։

-    Հիմա խատուտիկի թերթերը կգնան տատիկի մոտ, նա կլսի այն բոլոր ջերմ խոսքերը, որ ես նրան ուղարկել եմ, և ամենակարևորը՝ նա իրեն հիշված կզգա։

-    Մա՛մ,- վախեցած հարցրեց փոքրիկ խատուտիկը՝ կանաչ աչքերով նայելով իր սպիտակամազ պապիկին,- ի՞նչ պատահեց պապիկին, այդ ո՞ւր գնաց։

-    Հիմա պապիկը կարող է պարել և խոսել մարդկանց հետ,- ժպտաց խատուտիկի մայրիկը։

-    Ի՞նչ ի նկատի ունես, մա՛մ։

-    Նայի՛ր, վերև՛ նայիր։

Փոքրիկ խատուտիկը նայեց երկինք ու տեսավ իր պապիկին։ Նա կարծես քնած լիներ՝ աչքերը խփած պառկել էր մի կնոջ ձեռքում։ Պապիկի գլխին մազեր չէին մնացել, նա բոլորովին ճաղատ էր, բայց նրա մազերը… Դրանք ամեն մեկը վերածվել էին մի փոքրիկ էակի՝ սպիտակ շրջազգեստով և բարակ ոտքերով։ Նրանք ձեռք-ձեռքի տված շուրջպար էին բռնել և անդադար քրքջում էին՝ քամու հետ ճոճվելով։ Այդպես պարելով ու շողալով նրանք թռան հեռու՝ դեպի արևի շողերը։

-    Անհնար է, մա՛մ,- ոգևորվեց փոքրիկ խատուտիկը,- այսինքն՝ երբ ես մեծանամ կկարողանամ այդպես պարել երկնքում և մարդկանց նամակներ տանել։

-    Այո, սիրելիս։

-    Ես կկարոտեմ պապիկին…,- շշնջաց փոքրիկ խատուտիկը։

Փոքրիկ աղջիկը դեռ հետևում էր հեռացող թերթիկներին ու մտածում. «որքա՜ն բախտավոր եմ ես, մեր տան կողքին շատ խատուտիկներ են աճում»,- Կարինեն մտածում էր՝ ում ուղարկի իր առաջին նամակը, և հանկարծ հիշեց իր միայնակ Ջեմմա տատիկին։

«Որքա՜ն ժամանակ է անցել այն օրվանից, երբ վերջին անգամ գնացինք Ջեմմա տատիկի տուն՝ իր այգուց խնձոր հավաքելու»,- մտածեց աղջիկն, հառաչեց ու սկսեց մտածել Ջեմմա տատիկի մասին, ով հավանաբար փաթաթված էր իր փափուկ շալերի մեջ ու նստած գուլպաներ էր գործում իր երեխաների, թոռների ու ծոռների համար։ Նրա գործած գուլպաներն այնքան նուրբ էին, որ կարծես հենց խատուտիկներից էլ գործում էր։ Կամ էլ քաղում էր իր սպիտակ, փայլուն մազերը ու հենց նրանցով էր գործում, քանի որ նրա մազերն էլ նման էին խատուտիկի սերմերի խրցի։

Ամեն ամառ Ջեմմա տատի հյուրընկալ այգին՝ մանուշակագույն իրիսներով, տանձի ու խնձորի ծառերով, իր մեծ տունն ու պատշգամբը լցվում էին իր թոռներով ու ծոռներով։ Նրանք ավելի շատ էին, քան Ջեմմա տատի այգում աճած բոլոր ելակները միասին։ Նրանք ծիծաղ ու պատմություններ էին բերում տուն, հավաքում էին տատի մրգերն ու ելակները, մաքրում էին այգին։ Ծեր Ջեմմա տատի կնճռոտ աչքերն ուրախ ժպտում էին, մինչև նորից նրա ընտանիքը ցրվում էր ու նա մնում էր մենակ իր մեծ տանը։ Իհարկե Սևուկը հաչում էր այնքան, մինչև Ջեմմա տատին նրան կերակում էր, իսկ փիսոն նստում էր նրա ուսին ու հետևում, թե ինչպես է նորից գործում ու գործում։ Հարևանուհի Դոլորեսն էլ նրան մենակ չէր թողնում, միասին նարդի էին խաղում, ու Ջեմմա տատը միշտ պարտաճանաչ հաղթում էր։

«Ջեմմա տատիկը հավանաբար կարծում է՝ մենք մոռանում ենք նրան, կամ էլ հիշում ենք միայն քաղցր մրգերի ու գեղեցիկ այգու համար։» Այս միտքը տխրեցրեց փոքրիկ աղջկան, և նա հասկացավ, թե այսուհետև ում է ուղարկելու իր բոլոր նամակները։

-       Սիրելի՛ խատուտիկ, գնա՛ Ջեմմա տատիկի մոտ և ասա՛ նրան, որ շատ եմ կարոտում։

Երբ խատուտիկները վեջապես անհետացան, աղջիկը վազեց տուն։

-       Մա՛մ, մա՛մ, կզանգե՞ս Ջեմմա տատիկին, ես նրան նամակ եմ ուղարել, ուզում եմ իմանալ՝ ստացե՞լ է։

-       Կզանգեմ՝ ինքդ էլ հարցրու։

-       Ալո՞, Ջեմմա տատի՜կ, քեզ նամակներ եմ ուղարկել, ստացե՞լ ես։

-       Ի՞նչ նամակներ, անուշս։

-       Խատուտիկներից նամակներ, իհարկե։

-       Ախ խատուտիկների՜ց, այո՛, ստացել եմ, և պահել եմ իմ պահարանի դարակում, այնքան ուրախացա այդ նամակներից։

Աղջիկն ուրախությունից թռվռաց ու նորից դուրս վազեց։

Ջեմմա տատիկին խատուտիկից նամակներ ուղարկելը Կարինեի սիրելի ամառային զբաղմունքն էր դարձել։ Ամռանը՝ երբ խատուտիկների դեղին գլուխները Ջեմմա տատի մազերի պես սպիտակում էին, աղջիկը նրանց քաղում ու փչում էր՝ շշնջալով ջերմ խոսքեր։ Իսկ հետո պատկերացնում էր այն պահարանը, որտեղ Ջեմմա տատիկը պահում էր իր նամակները։

-       Ջեմմա տատիկն ասել է, որ պահարանը լիքն է ծաղիկներով,- պատմում էր աղջիկը մայրիկին,- տե՜ս, նա նույնիսկ պատասխան նամակ է ինձ ուղարկել,- օդից բռնելով խատուտիկի սերմը գոռաց Կարինեն։

Մի սովորական ամառային օր էր, երբ Կարինեն խատուտիկների հետևից վազելու փոխարեն սկսեց մտածել նրանց մասին։ «Եթե խատուտիկները գնում են Ջեմմա տատիկի տուն, ապա պետք է գնան այն ճանապարհով, որով մե՛նք ենք գնում հայրիկի մեքենայով»,- մտածեց նա ու կռացավ դեպի իրար կողք աճած զույգ խատուտիկները։

Փոքրիկ խատուտիկն էլ մեծանում էր իր մայրիկի հետ։ Ամեն ամառ նրա ոսկեգույն մազերը ավելի վառ էին փայլում, իսկ ծեր մայրիկի մազերն արդեն սպիտակ էին ու փափուկ։ Նրանք միասին սիրում էին նայել բակի մյուս ծաղիկներին ու խոսել նրանց հետ, իսկ երբեմն-երբեմն լուռ հետևում էին այլ խատուտիկների թռնող մազերին։

-       Իսկ դու վախենո՞ւմ ես թռնելուց,- հարցնում էր խատուտիկը մայրիկին։

-       Ոչ, բացարձակ չեմ վախենում,- ժպտում էր մայրիկը, իսկ խատուտիկը անդադար երազում էր երկնքում թռնելու ու նամակներ հասցնելու մասին։

«Տեսնես ի՞նչ զգացողություն է՝ հասկանալ մարդկանց» մտածում էր նա, երբ հանկարծ իր մտքերը ընդհատվեցին։ Մի աղջիկ մոտեցավ իր մայրիկին, պոկեց նրա ոտքերը հողից ու փչեց նրա մազեը։

-       Ո՜չ,- վախեցած գոռաց ծաղիկը ու փակեց աչքերը, նա լացեց,- հիմա ես լրիվ մենա՞կ եմ։

Խատուտիկը բացեց աչքերը, որ տեսնի օդում պարող փոքրիկ էակներին, բայց ոչինչ էլ չտեսավ․․․ դրանք ուղղակի իր մայրիկի մազերն էին, որ քամու հետ թռնում էին։ Խատուտիկը զայրացավ ինքն իր վրա։

-       Հիմարությո՜ւն, մանկական հեքիա՛թ․․․ և ինչպե՞ս ես հավատացի․․․,- խատուտիկը որոշեց, որ նա արդեն ամեն ինչ գիտի։

Կարինեն վազեց թռնող սերմերի հետևից ու հիասթափված կանգնեց։ Սերմերը թռնում էին ճիշտ հակառակ ուղությամբ, Ջեմմա տատիկի տուն այդպես չէին գնում։ Նա փորձեց ևս մեկ անգամ, բայց նորից նույնը․․․ Աղջիկն իր տեսածին չէր ուզում հավատալ։ Նա նստեց քարին, դունչը առավ ափերի մեջ ու սկսեց մտածել։ Նա նայում էր քամու հետ օրորվող ծառերին, ծաղիկներին և փոշուն ու հանկարծ հասկանալով տեղից վեր թռավ։

-       Որքան հիմար էի ես, որ այսքան ժամանակ չէի նկատել։ Ամեն ինչ գնում է քամու ուղությամբ, և խատուտիկները՝ նույնպես։

Աղջիկը խորը հառաչեց, երբ հասկացավ, որ ո՛չ նամակները կան, ո՛չ էլ մեծ պահարանը, ո՛չ էլ պատասխան նամակները, որ նա բռնում էր օդից։ Նա ևս մեկ անգամ հառաչեց, և այդ ամռանից հետո աղջիկն այլևս մոռացավ խատուտիկներից նամակների մասին։ Ահա և վերջ, նա այլևս երեխա չէ, մի փոքր մտածելը բացահայտեց ամբողջ ճշմարտությունը։

Ամառներն անցնում էին մեկը մյուսի հետևից, և Ջեմմա տատիկը շարունակում էր գուլպաներ գործել՝ օգտագործելով իր սպիտակ ու փափուկ մազերը, որ խատուտիկի էին հիշեցնում։ Շուտով նա այդ մազերով այնքան գործեց, որ իր գլխին ընդամենը մի քանի սերմ մնաց։ Քամին որոշեց այդ ամենավերջին սերմը փչել և ուղարկել նամակներ Ջեմմա տատիկի երեխաներին, թոռներին ու ծոռներին։ Նամակներ, որ պատմում էին նրա մահվան մասին և նրա մասին, թե որքան է նա կարոտելու իր սիրելիներին։

Ջեմմա տատիկն իր հետ կարծես տարավ նաև աղջկա մանկությունը։ Ոչ ոք այլևս չգնաց Ջեմմա տատի այգի՝ խնձոր հավաքելու, ծաղիկ քաղելու, ելակ ուտելու․․․ Սևուկի հաչոցը կտրեց աղջկա ականջներում, նա այլևս չէր ներշնչում ելակի բույրը, հիանում իրիսներով, կամ լսում նարդու հաճելի ձայները։ Նույնիսկ արևն այնքան ջերմ չէր, որքան՝ առաջ։

Իսկ խատուտիկները շարունակում էին աճել ու ծաղկել։ Փոքրիկ խատուտիկն այլևս փոքրիկ չէր, նա իր պապիկի նման սպիտակ մազեր ուներ։ Աղջիկն էլ էր մեծացել, նա այնքան էր բոյովացել, որ այլևս չէր նկատում ծաղիկներին։ Լավ է, որ երբեմն կռանում էր՝ կոշիկի քուղերը կապելու․․․ Եվ նա նկատեց ծերացած փոքրիկ խատուտիկի սպիտակ գլուխը։ Նա քաղեց խատուտիկին ու մոտեցրեց իր շուրթերին։ Իր իսկ երեխայական ձայնը արձագանքեց ականջներում։

-       Մամ, զանգի՛ր Ջեմմա տատիկին, տես՝ ստացե՞լ է նամակներս։

Աղջիկը ժպտաց ու քրքջաց։

-       Խատուտի՛կ, գնա՛ Ջեմմա տատիկի մոտ, գտի՛ր նրան ու ասա՛, որ շատ եմ կարոտում, - նա շշնջաց խատուտիկի ականջին, ում աչքերը կամաց-կամաց փակվում էին ու փչեց․․․

Խատուտիկի մազերը հերթով պոկվեցին ու դարձան փոքրիկ արարածներ, որ պտտվում էին, քրքջում ու ճոճվում օդում։

-       Ամեն ինչ ճի՛շտ էր,- ուրախ բացականչեց խատուտիկը՝ աչքերը փակելուց առաջ։

Աղջիկը հանկարծ նկատեց, որ քամին սկսում է ավելի ուժգին փչել, և իր հետ բերում է ավելի ու ավելի շատ խատուտիկներ։ Շուտով երկնքում այնքան խատուտիկի սերմեր կային, որ նրանք բոլորը միասին գրկեցին աղջկան և հանեցին վերև։ Աղջիկը, փաթաթված խատուտիկների վերարկուի մեջ, թռավ քաղաքի տների կտուրների վրայով, և օդում կախված լվացքների վրայով։ Նրանք անցան մեքենաների, հեծանիվների վերևով, և տարօրինակ, թռնող աղջկա հետևից հաչող շների վրայով։ Նրանք թռան կողք-կողքի թռչունների հետ և վերջապես հասան ինչ-որ անհայտ տեղ։ Աղջիկը չէր հասկանում, թե որտեղ էին նրանք։ Ամենուր խատուտիկներ էին մշուշի նման։ Նա սողաց առաջ, առաջ, առաջ, առաջ և…

-       Ա՜խ,- գլխով խփեց ինչ-որ դռան։

Նա դուռը բացեց և պարզեց, որ այն ոչ-մի տեղ չի տանում, այն պահարանի դուռ է, որ նույնպես լցված է խատուտիկներով։ Խատուտիկները սկսեցին դողալ և շարժվել աղջկա ոտքերի տակ։ Նրանք ինչ-որ խոսքեր շշնջալով կուլ տվեցին Կարինեին օվկիանոսի ալիքների նման։ Նրանք աղջկա հետ լողացին հեռու։ Շուտով նրանք կրկին օդում էին, իսկ աղջիկը նայում էր ներքև արցունքոտ աչքերով։ Արցունքոտ աչքերով, քանի որ տեսնում էին Ջեմմա տատի այգին՝ ծառերից վերև։ Երևում էին պատշգամբն ու տունը, բոլորն էլ խատուտիկի սերմերի մեջ կորած։

-       Ես նրան գտա և փոխանցեցի քո նամակը,- խոսեց փոքրիկ խատուտիկը։

Խատուտիկի կույտի տակից խուլ հաչոց լսվեց, սևուկն էր։ Արևը կրկին ջերմ էր ու տաք, իսկ խատուտիկները սկսեցին խոսել քաղցր ու մեղմ, մի քիչ էլ տխուր ձայնով։ Ճիշտ և ճիշտ Ջեմմա տատի ձայնն էր․․․

-       Քամին երբեք չի քայլում այն ճանապարհով, որով քայլում են մարդիկ, այն ի՛ր ճանապարհն ունի։ Կան վայրեր, որտեղ քո միտքը չի կարող հասնել, այդժամ ուղղակի վստահի՛ր խատուտիկներին ու լսի՛ր քամուն։

Խատուտիկները իրար գլուխ հավաքվելով Ջեմմա տատիկի կերպարը ստացան՝ շալերի մեջ փաթաթված։ Խատուտիկներից կազմված Ջեմմա տատը պինդ գրկեց աղջկան։

Տան ու այգու պատկերը կամաց-կամաց փոքրանում էր հեռվում, շուտով այն վերացավ։ Խատուտիկները աղջկան զգուշորեն ցած դրեցին։ Մութ գիշեր էր, միայն լուսինն էր փայլում երկնքում, իսկ լուսնի լույսի ներքո նաև սկսեցին փայլել հազարավոր խատուտիկների սերմերը, որ ճոճվելով թռան դեպի երկինք` նմանվելով աստղերի։

 
 
 
bottom of page