top of page

Mher Arshakyan

  • Writer: Book Fest
    Book Fest
  • Oct 1
  • 2 min read

ree

Արժանացել է Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի գրական մրցույթի

«Պոեզիա» անվանակարգի Առաջին մրցանակի:

 

 

SPOIL

Կյանքը գժանոց ա...

 

Երկու օր առաջ Աստծո հետ էի խոսում:

 

Ասում եմ՝ քո արածը քո դուրն եկա՞վ:

 

Ասում է՝ կոնկրետ ի՞նչը: Ասում եմ՝ կոնկրետ կյանքը:

 

«Ավել պակասի համար կներես»,-ասում է Աստված:

 

Հետո հարցնում է՝ ուրիշ կյա՞նք ես ուզում:

 

Հարցրի՝ ո՞րն է տարբերությունը:

 

Ասեց՝ տարբերություն համարյա չկա,

էն մի կյանքում էլ դու ես Աստված:

 

ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Մի առավոտ արթնացա

տագնապալի երազից

ու հայտնաբերեցի,

որ վերածվել եմ մի սովորական

ՄԱՐԴՈՒ:

 

ԹԵՐԻՆ

 

Թերին երկու պատերազմ է

տեսել:

 

Ոչ մեկից հետ չեկավ:

 

Պատերազմն ինքն է Թերիին տանում

աջ ու ձախ՝ մեր բակի մեջ:

 

Նա ամեն օր քնում է

խաղաղության հետ

Կուստուրիցայի հերոսների նման՝

տեղում չսթրվելով:

 

Երբ հավաքվում ենք,

Թերին էլի հարցնում է.

-Տղես ո՞ւր է:

 

FUCK YOU...

Երբ ոչ ոք չի լինի,

ի՞նչ իմաստ այն ամենի մեջ,

ինչ կա:

 

Ես բանաստեղծություն եմ գրում,

երբ սպանողը սպանում է,

երբ Գրեգորի Քորսոյին չիմացողը չի էլ իմանում,

երբ «իբր ի՞նչ» ասողների մեջ

 

ես արդեն չկամ,

երբ պատերազմի առաջին օրն է ու

երբ պատերազմի վերջին օրն է,

երբ ամեն բառը մեկ իմաստ ունի, քանի դեռ

մեղադրանք է:

 

Հիմա, երբ Թրամփն ինդուլգենցիա է բաժանում

ռուսներին,

Էզրա Փաունդն էն աշխարհից

ասում է՝

դե եկեք հերթով,

fuck you…

 

ԱՐՄԱԳԵԴՈՆ

Ամեն գիրք մի տող է հանում

իմ

բանաստեղծությունից:

 

Ու դա դեռ առանց գիրքը բացելու...

 

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑԱԾՆԵՐԻՆ

Ես ձեր եղբայրն եմ

կյանքի հակառակ ծայրից,

բայց չգիտեմ՝ ինչ եք զգում,

երբ չկաք:

 

Ես գալիս եմ ձեզ մոտ՝

էսօր-էգուց է...

 

Կարոտել եմ կյանքի բացակայությանը:

 

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑ

Բոլոր անապատների

բոլոր կամուրջներով անցա:

 

Եղա հաջորդ օրերի

հաջորդ փլատակներում:

 

Ի՜նչ ագահ է ապրվում այս օրը,

երբ բոլորն արդեն բոլորին գիտեն

դեմքով:

 

Եթե անգամ ոչ ոք չի խոսում,

Լռողը մեկն է:

 

ՉՈՐՍ ՊԱՏ

Ես ծնվել եմ արևին հակառակ

 

(մարդիկ ատելություն էին խաղում

առանց ցավի):

 

Ես չունեմ ապրելու նախապայմաններ

 

(ինձ չվերաբերող գեղեցկուհին

թող ինձնից հեռու ինձ չվերաբերի):

 

Ես չորս պատ եմ

 

(եթե սերը չի ծփում,

ուրեմն նրանից օտարվել են ոչ թե

ալիքները,

այլ՝ խորությունը):

 

Այս ամենից լեռան գագաթի հոտ է փչում

 

(թունելում անձրև էր գալիս...):

 

ՇԱՂԿԱՊԸ

Ես ամաչում եմ,

երբ ապրում եմ...

 

ԴԱՍԱԿԱՆԸ

Ես մի բանաստեղծություն գրեցի՝

առանց հաջորդ տողի,

առանց նախորդ տողի,

առանց միակ տողի...

 

Ու հիմա ամեն անկյունում լսում եմ,

թե ինչպես են ցիտում ինձ...

 

 
 
 
bottom of page