Բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս։ 2017 թվականին արժանացել է Գրքի երևանյան առաջին փառատոնի առաջին մրցանակին։
Հեղինակել է «Մարդու որդիները» (պոեզիա, 1996), «Լուսանցքի մարդիկ» (պոեզիա, 2003), «Սևագրություններ» (պոեզիա, 2004), «Միայնակ շան լուսնահաչը» (գեղարվեստական արձակ, 2013), «Տան դուռը» (բանաստեղծություններ, պոեմներ, էսսե, 2015) և այլ գրքեր։
Արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում՝ ԱԺ երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն երիտասարդ բանաստեղծ» (2008), Պարույր Սևակի անվան պոեզիայի մրցանակ (2008), ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան հրապարակախոսության մրցանակ (2010), Հայերի համաշխարհային կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության սահմանած «Հայը 21-րդ դարասկզբին» անտիպ գեղարվեստական արձակին տրվող մրցանակ (2011), ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան պոեզիայի մրցանակ (2012), Գրանիշ պոեզիայի համար տրվող մրցանակ 2019 և 2020 և այլն։
Ամբողջ երկիրը քեզ հետ տարար
Դու չես կրկնվի,
որովհետև այդպես իմ սիրտն է ցանկանում:
Փնտրեցի ու չգտա նմանակը բառի՝
միակս,
որ ասել եմ քեզ:
Գույների մեջ մինուճարը
դու ես,
որ առաջինն էր ու վերջինը.
իմ աշխարհից տարար քեզ հետ:
Ես չեմ ասում՝ քո գնալուց թող լույս մնա,
որովհետև այդ ճանապարհով ուրիշ մեկը չի հեռանալու:
Անիմաստ է աշխարհում ամեն բան,
ինչն առանց քեզ է.
օդը չունի շունչ,
ջուրը չունի ընթացք,
հացը չունի բուրմունք,
և գույն չունի լույսը,
ու տիեզերքի երկու կողմն էլ մութ է:
Քեզ չեմ ասում ցտեսություն,
որովհետև էլ երբեք ու նորից չենք տեսնվելու:
Միայն
իմ երկրի հնամենի արքայի նման
ողբում եմ ողբը ունայնության.
երբ դու գնացիր՝
ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
ես այս ավերակների վրա
ինչպե՞ս թագավորեմ:
Դրախտ և դժոխք
Ի՞նչ պիտի ասեմ այնտեղ` երկնքում, որ քե՞զ էի շփոթել Աստծու հետ երկրի վրա. ու պիտի դատե՞ն ինձ:
Իմ ընկերոջ փոխարեն սիրեցի քեզ` ինչպես իմ անձը, որովհետև իմ մերձավորը դու ես: Երկնքի նմանությամբ ու երկրի և ջրերի մեջ եղածների մաքրությամբ քեզ կուռք սարքեցի:
Որպեսզի
զուր տեղը չտամ մեր տեր Աստծու անունը, ես ամեն առիթով քո անունը կանչեցի:
Չպահեցի շաբաթը, որովհետև այդ օրը չկարողացա քեզ հանել ինձնից, իսկ իմ հորը և մորը քեզ ունենալով պատվեցի:
Գողացել եմ քո ծառի արգելված պտուղը և մարդկանց հոգնությունը հանձնել, որ աշխարհում գեղեցիկը չպակասի: Սպանել եմ ինձ, որ իմ փոխարեն էլ դու լինես. երկու դու ու ոչ մի ես:
Արդյո՞ք ստել եմ ասելով` դու ես լույսը և խավարը դու ես սկիզբը և վերջը, դու ես կյանքը և մահը:
Եթե քեզ սիրելը շնանալ է. ես այդ դժոխքը չեմ փոխում դրախտի հետ:
հ. գ. Աստծու հետ էի շփոթել քեզ, իսկ դու սատանային մատնեցիր ինձ:
Comments