top of page
Writer's pictureBook Fest

Violet Grigoryan


Բանաստեղծ, խմբագիր, հրապարակախոս։ 2018 թվականին արժանացել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնի առաջին մրցանակին։


2001 թվականին Վահրամ Մարտիրոսյանի համախմբագրությամբ հիմնել է «Բնագիր», իսկ 2004-ից` արդեն միայնակ` «Ինքնագիր» գրական հանդեսը, որի խմբագիրն է: Վահան Իշխանյանի հետ «Ինքնագիր գրական ակումբի» համահիմնադիրն է:

Հրատարակել է «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» (1991), «Քաղաքը» (1998), «Que cet hiver est rude» («Այս ինչ դժվար ձմեռ է», հայերեն-ֆրանսերեն, 2000), «Սեր» (հայերեն-ֆրանսերեն, 2006), «Հարեմի վարդ» (հայերեն-անգլերեն, 2009), «Կամուրջ դեպի Տանյան» (2012) բանաստեղծությունների գրքերը:


1991թվականին նրա «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» գիրքն Հայաստանի գրողների միության կողմից արժանացել է «Լավագույն պոեզիայի ժողովածու» մրցանակի, իսկ 2000-ին «Քաղաքը» գիրքն արժանացել է «Ոսկե եղեգն» պետական մրցանակի:


Բըզզզ

​ Ա​ լֆրեդի անմահ հիշատակին

Ճերմակ սփռոցի ծալքիկն ուղղեց, վերջին բաժակը,- այո՛, այո, աջ, չէ՛, չի սկսվել,- պը՛րծ, սրբեց դրեց բոյով պլպլան դիքերի կողքին,- տեսնես

կմնա՞- բը՜զզզ1​ ​,

քըշա՛,- համեցեք,- դու էիր պակաս, ինչ բարձրաճաշակ, Լուսոկի պես դուզ` հենց ձկնկիթին, Ճաշիկի ընդկեր, «Կինն ու բըզզանը՝ վերջին ընթրիքին», ի՜նչ դրամատիկ,- չէ, չեք ուշացել, համեցեք աջից,- բայց դե «վերջինը»,- ապե՛, լավ էլի, նոր էի սրբել,- չէ, չե՛մ հավատում՝ կասեր էն մեծը, կուրսայինն անգամ- դեռ կհասցնե՞մ- պիտի համոզես…

Մատնաչափիկներ` փոքր, սիրունիկ բերանիկների, ճերմակ, խնամված ատամիկների մեկ կծի չափով, hռոմեական- հա հա, հարբած փիղ չկա, բայց կլնի շուտով- շարված քանոնով, քառակուսիկներ` գույն-գույն ու ջոկ-ջոկ, Լուսոկը լացեց` գնաս` կմեռնեմ, հա կրակում են, բայց էս ա` պակա՞ս դիրքեր են ինչի, կանգնիր ու շարիր հա շարվեշարան, հա շարվեշարան, հա շարվեշարան, կուգան ու կեր Թա՞ն- համեմագլխի տակ փափկալղոզ սնկախյուսիկով, պանրին չոփված խոզապուխտիկով, ասետրինայի- ո՞նց էր հայերեն, հեռակայի խեր- պտղունցիկներով, փայտաձողերին փայլուն փայլփլող խորոված հավի…,- այո՞, կներեք, համեցե՛ք, խնդրեմ, ահա աջ կողմից- տավարացավի կտորիկներով- տեսնես` կմնա՞…

Մյուսը արդեն լի բաժակներն է մեծ սկուտեղով վարժ ակրոբատիկ պտտապտտեցնում`

կտրելով ալքեր2​ ​ ( ճեմողաց հետգիծ) Նինա Ռիչիի,

Քրիստիան Դիորի, Իվ Սեն Լորանի,

Շանել թիվ հինգի, Քելվին Քլայնի…

– Սերուցքը, հա հա, հասարակության, ի՜նչ նորալեզու- տեսնես` գալո՞ւ ա, ինչքա՞ն կլինի,

հի՞նգ, թե՞ վեց ամիս, իբր նեղացա,- բարև՛, շատ մերսի, այո, հինգշաբթի,- ղադրս իմանա, կարոտի, կանչի, էն էլ լսում եմ- բը՜զզզ- ավետիսը, կլորիկ ռումբը

բա բա բա՛մ` վրես…

Խնայողությո՜ւն, խնայողությո՜ւն, զգացմունքների տնտեսվարություն, մեռելաճաշի կերակուրները պաղ մատուցվեցան հարսնասեղանի հրավիրյալներին,- չէ՛, ես նախագիծ չեմ ներկայացրել, դե էստեղ չէի, դու կաս, հա՞- իաա, զզվեցրեց, քըշա՛, Սո՛լ Պարտր ,- հա, լավն է թեման,- շրթներկիս քաղցրին,- քեզ հաջողություն, կանանց ազատի՛չ,- բա՛ց ատամներդ,- հա՛, հա՛, հինգշաբթի,- տեսնես` գալու՞ ա…

Մի զույգ քառթավոր ճիրան լինեի…

Ահա դեսպանը` ճերմակ ժպիտով` առ հան դուր ջոխա կան ու թի յան, ազա տու թի յան և խախա խախու թիյան նվիրյալների…

Խա խա խա խություն, հա, բա ոնց, լավ էլ հենց կնոջ,

երեխու համար, Հեկտորի ժեշտը, բայց դու արանքում մի հեղինացիր,

քեզ վրա մենակ, քըշա՛, էն էլ` շրթներկիդ, այ էս ա գալիս,

ճարդ ինչ, խելք նիխտ, տեր ու շնորհքին օջախ չունեցար, կամակոր ծյոծյա-

Օ, հավերժական կանացի կական…

Գրողլրագրողարվեստագետերգիչնկարիչդիզայներ,

սերուցքը… իա, էս ինչ շուխուր ա, օ՜, օհո՛, բա ոնց հենց անձամբ ինքը՝ հնին մեծություն- էլ ով դիմանա, սրան կասե՞ս քըշ,-

-պետությունն էլ է գոհ այս ծրագրից

և մասնակցում է, այսպես ձեռք-ձեռքի,- շրջանամատույց բարձրախոսփնջին, Հյուգո Բոս վարսանդ` ԳուչիՊրադաՔոդ Տերևաբույլին,-

մեր ազգի համար, պաշտպանությունը

անպաշտպանությունն է մեր- առ ի սկուտեղ` նեղ արանքներից,- ի՜նչ նորալեզու,- սպիտակ չկա՞,- խոնարհ, կամկատար ու ոսկեժպիտ` հիմա կբերեմ,- ու ալիքների,- ի՛նձ էլ,- ու էլի, էլի ու էլի՜…

Մամադ քունեմ հա՛ մեր ազգի համար…

Գիշերը Լուսոն- էս էլ ա Լուսո- դանդաղ կհանի վերնաշապիկը հոգնած ուսերից ու մինչ լվալը` տ​ եսախցիկին​,- գիտե՞ս, նենց գործ ա՝ միշտ պիտի մաքուր, խնամված լինի,- կհպի քթին` ահ, ինչ հեռավոր աշխարհների բույր, կանաչ հրվանդան, առագաստանավ, աստղաշատ հոթել, սև ձկնկիթով լեցուն սկիհներ, մարջանաջա՛նջա՛ն ավազա… պայքա՛ր,

պայքա՛ր ավազա…

-Հլը, հլը, տե՛ս, էսօր էսի էր` ըս՛-պի՛- տա՛կ չը՛-կա՞,- քիթը կհանի, որ շրջվի նայի հեռուստացույցին, փոքր, սիրունիկ խոսաբերանին, ճերմակ, խնամված ատամնացույցին,- մեր ազգի համար այսպես` ձեռք-ձեռքի,- ձայնն էր զուգահեռ աշխարհի բույրի…

-Ահա և կարմի՛ր,- ճերմակալաքած նուրբիկ եղունգներ, ը​ հը` «Close up»​, ադամանդակուռ միջնամատ-բթով, ճկույթը տնկած,- մերսի՛,

ո՛ւփս, ամա՛ն,- է՛շ, դեռ չսկսած՝ սփռոցին լաքա,- կներեք` թափվեց, վա՛յ, ճապոնական

դրոշ ստացվեց… Ոչի՛նչ,- թարսի… թառ… թառա՛փ` հիշեցի,- դարձ ի շրջանս,- Զառա՛, մի րոպե, ուսից՝ ևս մեկ կներեք-մերսի,- դարձ ի շրջանս,-

գիտե՞ք, Գաուդին հրաշալի էր, սիրահարվեցի, բայց դե շատ շոգ էր, հուլիսին` Փարիզ, ոչ մի թանգարան, սաղ էլ տեսել եմ, միայն զուտ հանգիստ, ախ, ոնց եմ հոգնել էս նախագծից,- բա ոնց, կհոգնես, տարին տասն ամիս եվրոպաներում թրև ես գալիս, գրանտակեր լիրբ, հյուպատոսի հետ` հա սիլի-բիլի,- հուլիսի կեսի՞ն, ես էլ ոնց որ թե ցուցահանդեսի հրավեր ունեմ, գուցե տեսնվենք, ըըըմ, դեռ չգիտեմ հոթելի տեղը,- ա՛ռը հա քեզի, կպչուն բամբասչի,- հա՛,

կասեմ անշուշտ, պաչիկ ու պակա,- Հեկտորին` պակա, պակա` Հեկտորին, պակա` մինչև մահ- ո՞նց ասեց՝ ցմահ ես քո կողմից եմ… ցմահ ցը ցմահ, ցմփա ցա ցմփա, ցնծա ծա ծնծղա, քելեխի քյուֆթան՝ ատամհատիկի դհոլ-զուռնայով…

Մելոդրամա սարքելուց լավ ես,

ամբողջ փաթըռթին քեզ համար ա, հա՛, ուրիշ բան չկա՛,

Հեկտորը քեզ ի՞նչ, կամ դու` Հեկտորին, որ նրա համար արտասուք թափես, մի բոզի նման քո սրտի մաղձը բառերով, բա ռե, ռե ռե, յա՛խք, չափես, հայհոյանք անես մի պոռնիկի պես, աղախնի պես, թո՜ւհ, թո՜ւհ, ամոթ քեզ ամոթ քեզ ամոթ քեզ ամոթ քեզ ա

Մոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոթ- դժոխքը դո՛ւ ես, ի՛նքդ ես քեզ համար- շորիդ աստառին` շիկնած ասեղներ, ճերմակի վրա` պուտ-պուտիկ կարմիր, ուխա՜յ, դե էլի, ավելի սուր-սուր, ավելի խորը… Սրտին` ալիմենտ- ինչ օրինավո՜ր, խա խա խա

խա խու, ու ոչ մի ռումբ-բան, թի յան թումբանի, բաբաթ գըմփ-գըմփը

խփեց չլսված հանրույթիդ, ամա՜ն, չխոսված լեզվիդ, ոնց էի սիրում պարթևերենդ, թսլի՛կ, փոսի մարդ… Ծիծիկ Վաթսոնի բլա-բլայից Շերլոք դառնալու թե հնար լիներ, շպիոն Օնիկի տան հասցեն սաղս չէինք իմանա…

-Այըմ ֆայն, թհանք յու, նաթ յեթ, հոփ` յու ուիլ ջոյն աս,- բա՛ց ատամներդ, բաժակ չխկացրու, իա, քըշա՛, անտե՛ր, լավ ա` շուտ տեսա, թե չէ գինու հետ

զակուսկի կլներ,- դիս ջուլա՞յ, նո, փլիզ…,- էն ո՞նց էր

պայմա…,- լո՛ւյս քեզ տեսնողին,- լավ ա` մոտեցավ, մանկաբլբլոց անգղիերենի

վերջին խազըն էր,- ո՞նց ես, Գագո ջան- սի յու,- հա՝ քա՛նթրաքթ,- դե, նիհարել եմ, դայըթ եմ պահում, հա, մի բան կուտեմ, ըհը, հինգշաբթի, Գայանին ասա,- մի քիչ էլ սրանց ժպտամ բացատամ,- երևի թե դեղձ,- տեսնես` գալու ա՞…

Դևը հարցնում ա թուրքին, վրացուն,

տեսա՞ր Մառայի արևայրուքը, Գաուդի, հի հի, շաաատ շոոոգ էր, հո հո, լսի, Խչոյի փիրսինգը տեսա՞ր, շատ հավանեցի, չէ մի` իրան` չէ, ինքը յար ունի, թազա ծիտ ա, հա՛, մոտ արի` ասեմ, բայց դե աղջիկ չի, հո քյառ չես, ախչի՛, ոչ մեկին չասես, հի հի, հա հա հա, կույս ա, բայց՝ տղա,- շշուկ ու շրշյուն,

շշուկ ու շրշյուն, շշուկ ու շրշյուն, դողում եմ դանդաղ,

պաղ, միապաղաղ,

ձանձրևը լվաց անձև ստվերս, ես էլ դու-ը չեմ,

պուպու եմ, պո՛ւյ-պո՛ւյ, կերա՞ր կոկոսս, ո՞նց էր համը իմ…,- վայ, մերսի, մերսի, կրակվառիչս որտե՞ղ թողեցի,- հռետըռ հարցմունք հրատու յանիմ Պրոմեթևսին…

-Լավ հավաքվել ենք, կարանք սկսենք հեղափոխությու… -Այ մարդ, չեք թողում` մի օր էլ ա հա,- ե՞րբ էր մոտեցել էն մեծությունը,- մենք հանգիստ

շնչենք,- հեղա ձեր, մեղա՜, էդ փոխությունը անտառ չի փախչի,

թող մնա վաղը,- համերաշխ քրքիջ, թուրք ու վրացի,

Զառա ու Մառա, Գագո ու Խչո, դև ու Գաուդի, հեղափախս ու խաբս, շշուկ ու շրշյուն- ախ, ստամոքսս, հա, պիտի ուտել,

գուցե դե՞ղձ, Աֆո՛, գուցե, մի գուցե, գինին թմրեցրեց ու ալիքները էլիտարաբույր, ախ, տեսնես, հիմա ո՞վ է սեղմրտում քո պզուկները, իմ հեղափոխվա՛ծ- դե բարձրախոսը, դեռ կհասցնե՞մ, նոր են պատրաստում- ու այ էն մի մեծ դեղին գլխովը,

որ աջ թիակիդ տակ էր միշտ բսնում,- իա, նկատեցի՞ր կյաժ լիլիպուտին, դեղին գլուխը՝ հազիվ թևի տակ,- վայ, արդեն բա՞րձր եմ ինքս ինձ հետ խոսում,- բայց ո՜նց ա կապել շուգըր դադիին,- թավիշ ու մորթի, ջութակ, դաշնամուր,- հիմա իմացա՞ր՝ ինչի են յոբըռ,- մի չափազանցրու,- էլի՞ բարձր ասի,- տաս մատ ու լեզու, գիշերը լավ էլ սա հատուցում է երախտաճանաչ կեղծ-օրգազմներով` ահ ահ ահ- կուառնիմ, կուառնիմ- էն իր հավանած կահույքի սիրույն,- իմ մահճակալը, հիշո՞ւմ ես՝ ոնց դը՛խկ, ու դեռ չեմ սարքել, Բիբլիա, բառարան, հին արևելքի, նոր արևմուտքի պոեզիա, բան-ման, դե ըստ հաստության… Թավշե տիկինը պզուկ կսեղմի՞…

Կնոջ անկողին՝ ցավով առլեցուն…

Գուցե դեղձ, գուցե, գուցե, մի գուցե, ցմահ դեղձ կուտե՞ս, թե՞ կո

էլի կոս, էլի տռզես, էլի կտռե՞ս, թավշե տիկնոջ մոտ՝ քամակով դհոլ…

Ախ, իմ ջութակի հեկեկանք տրտում…

Ախ, հիմա ո՞վ է մերսում ոտքերդ, ո՞վ է լոսյոնով ճակատդ սրբում, երկու ափերով բռնում մռութդ՝ զույգ բթամատով կոպերդ սեղմած,- ակնոցդ հանի, էսքան մոտիկից տեսնո՞ւմ ես, ասա՛, ու ի՞նչ ես տեսնում,- կարևո՞ր բաներ, աչքո՞վ, չէ մի չէ, ախ, մի քիչ փիսո- փիսո անեիր

Լյուքսեմբուրգ այգում…

Բայց կա՞ աշխարհում Լյուքսեմբուրգ այգի, որտե՞ղ է կարմիր դրոշը խփում ալ-փշոտ վարդը՝ բառերից անդին, որտե՞ղ է մեղուն- որ չի երևում, բայց լսելի է- նրա ականջին

խոսում բըզզզերեն, ու թարգմանելիս քամին պահո՞ւմ է զ-ի զըզյունը, թե՞ քրքրում է հատիկ առ զատիկ ու ամեն մի զ նամակ է տանում խատուտիկներից հեռու դաշտերին… Բայց կա՞ խատուտիկ, բայց կա՞ն դաշտերը բլուրից այն կողմ, կա՞ արեգակը, աստղ ու լուսին կա՞, ջուրը վիժո՞ւմ է գետից առ ձորակ, բայց ձորակը կա՞ բառերից անդին…

Եթե արև կա, հապա ինչո՞ւ են առավոտները սև խավար բացվում, եթե ջուրը կա, ինչո՞ւ եմ ծարավ, եթե կա մեղուն, ինչո՞ւ թառամեց ալ վարդը ձեռքիս,

եթե կա ձորը, էն ո՞վ է գցվում, որ եսը չի, այլ… ախչի, անաստված…

Չէ, ինձ մի՛ խաբեք, չկա ոչ մեկը, էստեղ չեն իրենք, նրանց տեսել եմ զուգահեռ մի տեղ, ուրիշ աշխարհում, էստեղ բառեր կան նրանց վկայող, բայց հիմա արդեն սուտ են վկայում, բայց հիմա արդեն շիրիմն են նրանց, բայց հիմա արդեն մեռել են բուրում, բայց հիմա արդեն…

Զուգահեռ աշխարհն ինչքա՞ն ա հեռու քո սրտի սրտից…

Ուան, թու՝ զուգահեռ, հա, լավ լսվում է՝ երեք մրցանակ` ա. Ամենային,

բ. Ամենային ույո՜ւ ծը. Ամե…

ամենամեկը՛ս, թուրքը՛ս, վրացի՛ս, դևը՛ս, Գաուդի՛ս,-

հուզմունքի ալիք ու քրտինքի հոտ`

ՇանելԳուչիԲոսս արանք-մարանքից…

-Ես մեդալի, մրցանակի համար չէի գործս անում- շամպայնն իմն էր, դա` Նվարդին, նոր էստեղ էր, ա՜յ էն կանաչ-փիրուզագույն- հա՛, ինչ էի ուզում ասել, թող արժանին գնահատվի: -Դե, իհարկե, լավ, ես գնամ մի բան ուտեմ, երևի` դեղձ, դայըթի եմ, Նվուշին էլ կբարևեք՝

թե չտեսա,- ու կտրելով ալիքները, կտրատելով, կտրա-տոտա-տետա-տատի-տուտը-տելով…

Ես կտրեցի ալիքները, որպեսզի քեզ, որպեսզի ես, որ պեսզի դու ահա էսօր վեր համբառնաս` վրես քաքես- ի՜նչ պատճառահետևանքի Հետևություն- քացով խփես էշ քամակիս, գցես գետին ու ոտքերդ վրես սրբես, այ էս շարան, շարվեշարան բարձրասրուն բաժակների բանակի պես

տղերք էին դեմս շարված, է՜հ, թուլություն, անունդ… ի՞նչ- վայ էս կնանիք՝ սեր հա սեր հա սեր հա սեր…

Բա իհարկե, ես մեդալի, մրցանակի համար չէի գործս անում, կարևորը մասնակցելն է, մենք բոլորս նույն կարևոր նպատակի- լսի, տեսա՞ր, էս լրբուշկի էքս-յոբըռը կնգա հետ ա արդեն եկել, սա երևի դեռ չի տեսել, որ ասեցի` մրցանակի համար չեմ ես, քմծիծաղեց, հիմա գնա էնտեղ խնդա, տեսա՞ր` ոնց էր սա նիհարել, Լորել-Հարդի, վայ թե ակտիվ մաստուրբիկից, հի հի, մարզված մատների մեջ՝ միշտ սիգարետ, յա՛խկ, ձևական, յանը տարած ցնդա՛ծ պառավ, կտտցրել ա սրան մաքուր, ինքն իրա հետ խոսալով ա արդեն, ըհը՛, դե զզվցրին, ուան-թու,

ուան-թու, ասինք էլի` լավ լսվում ա, ճանճի պես էլ մեջ ա ընկնում յոբբա՛ խփոն, Նը՛-վո՛ւ-շի՛ն էլ կը-բա-րե-վեք, ասա իսկի Նվուշը քեզ քաքի տեղ ա դնում յանիմ, մի բան ասեմ` իսկականից, կհավատա՞ս, հեչ վեջս չի, ով էլ լինի, մենակ Նվարդը չլինի, հոր պաշտոնով հա ամեն տեղ…

Ես հորս թագը գետնով տվեցի, ոսկե գեղմը՝ քեզ մրցանակ, ես իմ ախպորը պատառոտեցի, ծովը նետեցի, Լքեցի տունս, հարազատ ափս, ես հայրենքիս ջուրը լքեցի,

Ես իմ զույգ երե…

-Երեխա չունե՞ս` պզուկը սեղմես-

դժոխքը դո՛ւ ես, ի՛նքդ ես քեզ համար, երբ քո մեջ նստած մի ուրիշը կա-

ով Բաբելոնի կույս ոռատու դուստր, երանի նրան, ով քեզ հատուցի քո հատուցումը, ու վարվի այնպես, որ դու վարվեցիր ուրիշների հետ, երանի նրան, ով քո երեխան կվերցնի քեզնից ու կջախջախի քարերի վրա,

Վայ, Կիկոս ջան, վայ, Կիկոս ջան…

Միջով ալիքների միջով ալիքների միջով ալիքների,

վայ, զգույշ, ճուտիկ, էս ո՞ւր ես վազում, որտեղի՞ց եկար, անունդ ի՞նչ է, ո՞ւր է եղբայրդ, քո հոտից մամաս, մամաս էլ ունի,

իսկ այ սրանից, սրանից ունի՞- մրցանակ՝ ճնշված կանանց պաշտպանման,- ախ իմ մրցանակ, իմ կարմիր մեդալ՝ ուրիշի դոշին,-

մրցանակ կանանց գտնելու համար, նրանց բերանը լեզու դնելու, էդ լեզվով լեզվին հա տալու համար,- ըհը, ժյուրիի մեջ էիք դուք, չէ՞,

գիտե՞ք, գյուղերում միայն ծեմնատա, ոնց որ միջնադար,

ծեծում են կանանց, պատկերացնո՞ւմ եք, այ էն խեղճերին, որ ամբողջ օրը տքնում են դաշտում, թրիքի մեջ ու, յու նոո՞ւ, դիս բուլշիթ, և խոհանոցում, այ մին էվրիուեր-

սորի, այ Նվա՞րդ, քեզ փնտրում էին- տղամարդիկ էլ հարբում են, գնում տանը ծեծում են էն թշվառներին, որոնց մի կաթիլ

սեր էլ չեն տվել, ոչ մի ջերմություն ու ոչ մի քնքշանք, դա ինչերե՞ն է, ինչո՞վ են ուտում- սեքսուալ օբյեկտ- դաթզ իթ, նաթինգ էլս, էքսքյուզ մի, ասա՛, էդ ի՞նչ ես, ախչի, իրար խառնվել, դեռ մրցա…, իաաա՜, հա, տեսա, տեսա,

էն էլ օբյեկտը, հի հի, սեքսուալ, էս ա` կտեսնի, տես` ոնց գլուխը կախ ա մնացել, իր գլխի ճարը չի կարում անի, ուրիշ կնանոց հարցերն ա լուծում…

Հե՜յ, էշ կնանիք, հե՜յ, Դրիդորյան տաս աչոնիկներ՝ էնտեղ ներքևում, էդ ո՞ւմ համար եք ալ կարմիր ներկվել, թե՞ ավետիսը փոստով ուղարկեմ, էշի ականջում խռմփացողներ, անտեղ

յակ լրբեր, դեռ սպասո՞ւմ եք էն սեգ ճակատին, որի վը րա եք էդպես հաբռգել… Հիմա տեսեք ձեզ ես ոնց եմ փռթում, փռթում ու թափում

ու ասեղ-ասեղ` եղունգնեռի տակ- կառմիռի վռա

կառմիռ պըզըցնում, առռռյունի վռա մի լավ աղղղ, սխտոռռռ ու բիբառռռ անում, ոնց եմ չոքքքա

ցցցնում սուռռ խճճճի վռա, դե գլուխ-գլխի իռառ թև մտած էդպես ողղղբացեք, ձեռ հառռռաչներից

ու շշշուկնեռից թթույն եմ քամմմելու,- -Պարո՛ն նախագահ, ահա սպիտակ,- և մի մարգարիտ` ձեր ողջութ… վա՛յ-վա՛յ, ախչի, վայ, ընկավ…

Միգուցե թելը բարակ էր, ախչի՛, գուցե մի

Գուցե-

դե ոչինչ, մեջը բան չէր մնացել, բայց նոր փոքրիկին, որ պիտի ծնվի, գուցե հերիքեր- հա, լավ փոքրիկ ա` ֆութնոթը հանած` 300 անց… Չէ՜, մրցանակով չխփես, ախչի, յա՛խկ, ոնց լխճեցիր…

Օ՜, հավերժական կանացի բզզոց (երեք հատ 3)…

—————————————————————————————————–

1​ ​Աղմուկ, բամբասանք, բզիկ:

Հուզմունք, գրգիռ, կրքեր առաջացնող ցանկացած բան, խթանիչ:

Անհասկանալի խոսք, ատամների արանքից նետված հայհոյանք: Nirvana ռոք խմբի առաջին սինգլը` Love Buzz:

Երբ Պոլոնիուսը գալիս է Համլետին հայտնելու, որ դերասաններ են եկել, Համլետը պատասխանում է` բը~զզ, բը~զզ, քանի որ դա արդեն նորություն չէր: Այսօր նորությունների ու բարձրաշխարհիկ ասեկոսեների շատ կայքեր «Բըզզ» բառով են ներկայանում:

2​ խորք, ալիք, ներքին կողմ, ընդերք, ծննդկաններին, նորածիններին, երիտասարդներին թշնամի այլանդակ կերպարանքով առասպելական իգական չար ոգի, շատակեր, մարդագող-երեխայագող:


19 views

Recent Posts

See All

Comments


bottom of page